RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1873, Տպվել է` 26, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԸՆԴԴԵՄ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՕԼԻԳԱՐԽԻ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Խոսելով Ուկրաինայում մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրությունների մասին` Ուկրաինայի արդեն նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ ինքը հարգում է իր ժողովրդի կամքը` «Ուկրաինայի համար այս դժվարին պահին` ընտրություն կատարելու»: Այսպիսով Յանուկովիչը լեգիտիմացրել է նախագահ ընտրված Պյոտր Պորոշենկոյին, նախագահական ընտրություններն առհասարակ: Սա նշանակում է, որ Ռուսաստանն այլեւս չի կարող օգտագործել, ինչպես մինչեւ վերջերս էին Մոսկվայից նշում` «Ուկրաինայի միակ ընտրված, լեգիտիմ նախագահ Յանուկովիչի» գործոնը` սեփական դիվիդենտներն ուկրաինական տարածքում պահպանելու եւ ավելացնելու համար. Յանուկովիչն ինքը փաստացի ընդունել է երկրում նոր նախագահական ընտրությունները, հետեւաբար` նոր նախագահի առկայությունն ու լեգիտիմությունը:

Այսպիսով անցյալ տարի Ուկրաինայում սկիզբ առած հեղափոխությունն` ընդդեմ կոռուպցիայի, գործող` կոռումպացված իշխանությունների եւ օլիգարխիայի ավարտվեց Պյոտր Պորոշենկոյի հաղթանակով, որն հայտնի է նաեւ «շոկոլադե մագնատ» անունով, եւ հանրահայտ` «Ռոշեն» շոկոլադ արտադրող ընկերության որպես հիմնադիր նախագահ:

Օդեսացի ձյուդոիստը

Գալիք սեպտեմբերին Պորոշենկոն կդառնա 49 տարեկան: Նա ծնվել է Օդեսայի շրջանի Բոլգրադ փոքրիկ քաղաքում, ամուսնացած է մասնագիտությամբ սրտաբան, 52-ամյա Մարինայի հետ, 4 երեխաների հայր է, մասնագիտությամբ` տնտեսագետ: Ոչ խաղաղ եւ Կիեւի կենտրոնական իշխանությունների հետ խիստ լարված ժամանակներ ապրող Օդեսայի երբեմնի բնակիչ Պորոշենկոն, չնայած նշել է, որ նախասիրությունների համար ժամանակ շատ չի ունենում, բայցեւայնպես ասել է, որ սիրում է թենիս խաղալ, սիրում է գեղանկարչություն (գուցե ուկրաինացի հեղափոխականները շտապեցի՞ն նախկին նախագահ Յանուկովիչի տնից հեռացնելով շքեղ գեղանկարչական գործերը- Հ. Ա.), իսկ երիտասարդ տարիքում ակտիվ զբաղվել է սամբոյով եւ ձյուդոյով: Պորոշենկոն չի ասել, բայց մենք հասկանում ենք, որ գոնե տատամիում նա լեզու կգտնի նախագահ Պուտինի հետ, ով եւս ակտիվորեն զբաղվել է ձյուդոյով:

Նախագահական ընտրությունների արդյունքները մոտավորապես պարզ լինելուց հետո, Պորոշենկոն հայտարարեց, թե իր առաջին այցը` նախագահի պաշտոնում, լինելու է Դոնբաս, իսկ առաջնահերթություններից կարեւորագույները լինելու են` «Ուկրաինայի բոլոր շրջաններում խաղաղության ու կայունության հաստատումը» եւ, որքան էլ պարադոքս լինի` «Ղրիմի վերադարձը` Ուկրաինային»:

Պորոշենկոն սեփական ֆինանսական միջոցներով հովանավորել է հեղափոխական Մայդանը, հետեւաբար Մայդանի հաղթանակը նրա հաղթանակն է, իսկ նրա հաղթանակը` նախագահական ընտրություններում, Մայդանի հաղթանակի արդյունքը:

Ռուսները

Պաշտոնական Մոսկվան ուկրաինական ընտրություններին անմիջապես հաջորդող որեւէ հայտարարությամբ հանդես չեկավ: Միայն կապված Պորոշենկոյի` Ղրիմը վերադարձնելու մասին հայտարարության հետ, Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարեց, թե «Ղրիմը ռուսասկան պետության տարածք է...», մնացյալն էլ` ըստ սրա: Ինքը Պորոշենկոն Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական խզման տանելուն կողմնակից չէ: Հետընտրական ասուլիսներից մեկում նա հայտարարեց, թե «Ռուսաստանը Ուկրաինայի համար կարեւոր գործընկեր է»:

Այս պահին գոնե դժվար է կանխատեսել ռուս-ուկրաինական հարաբերությունների ապագան: Բայց միանշանակ է, որ Ուկրաինայում ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացնում էին ռուսները: Նախ, եթե Մայդանի հիմնական նպատակն էր` դուրս բերել Ուկրաինան ռուսական ազդեցութայն գոտուց եւ երկրի ներսում հիմնավորել, հաստատել ծայրահեղ ազգայնամոլների իշխանություն, որը փաստացի սպառնալիք է Ուկրաինայում ապրող ռուս եւ ռուսախոս բնակչության համար, ինչպես ներկայացնում էր Մոսկվան, ապա Պորոշենկոն չէր կարեւորի` Ռուսաստանի հետ կարեւոր գործընկերային հարաբերությունների պահպանման (կամ վերականգնման) անհրաժեշտությունը, եւ ամենակարեւորը` ուկրաինացի ծայրահեղ ազգայնամոլների ոչ պաշտոնական թեկնածու Օլեգ Լյաշկոն` նախագահական կայացած ընտրություններում կհաղթեր, ոչ թե կհավաքեր ընդհանուր ձայների միայն 8,49 տոկոսը, ինչը Ուկրաինայի պես երկրում բնական է, արմատական, ազգայնամոլական թեկնածուի համար:

Հետեւաբար, կամ Մայդանի նպատակն ամենեւին էլ այն չէր, ինչի մասին վկայում էր Մոսկվան, կամ Մայդանի բուն նպատակը սեփական ֆինանսավորողի կողմից արագորեն փոխվեց:

Հեղափոխություն` ընդդեմ օլիգարխիայի

Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայրենական ընդդիմության համար հռչակեց իր նոր քաղաքագիտական-քաղաքական պայքարի ձեւը` «բուրժուադեմոկրատական հեղափոխություն», հավանաբար նկատի ուներ այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում: Իսկ Ուկրաինայում տեղի ունեցավ հետեւյալը: Ընդդիմությունը` այդ թվում անհամատեղելի համարվող աջ-լիբերալները, այդ թվում` ձախ սոցիալիստները, այդ թվումՙ ծայրահեղական ազգայնամոլները, ժողովրդին հանեցին հրապարակ` պայքարելու կոռուպցիայի, նույն է` օլիգարխիայի դեմ: Ու քանի որ այդ պայքարը շարունակակական դարձնելու, հիմնավորելու, ուժեղացնելու եւ արդյունքի հասնելու համար ընդդիմությունն ըստ էության գումար չուներ (ընդդիմությունն առհասարակ իշխանության գալու գումար չի ունենում` ոչ միայն Ուկրաինայում), անհրաժեշտ էր գտնել հովանավոր: Պյոտր Պորոշենկոն հրաշալի տարբերակ էր. նախ նրա ղեկավարած` բավականին ուշագրավ անվանումով`«Հանդուրժողականություն» կուսակցությունը 2001-ին մտավ Ուկրաինայի նախկին` «արեւմտյան» նախագահ Վիկտոր Յուշչենկոյի ղեկավարած` «Մեր Ուկրաինան» դաշինքի մեջ, ապա ինքը` Պորոշենկոն դարձավ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավարը (ունեցած ֆինանսական ու տնտեսական լուրջ ռեսուրսների շնորհիվ): Այդ դաշինքի կազմում Պորոշենկոն ընտրվեց Ռադայի պատգամավոր, գլխավորեց Ուկրաինայի խորհրդարանի մի շարք հանձնաժողովներ, կարճ ժամանակում դարձավ Ուկրաինայի ԱԳ նախարար, իսկ հեղափոխական Մայդանի ժամանակներում նա Ռադայում ընդդիմադիր պատգամավոր էր: Հասկանալի է, որ Մայդանին անհրաժեշտ էր պետական, քաղաքական լուրջ փորձ ունեցող մեկը, ով ամենակարեւորը կունենա ֆինանսական մեծ հնարավորություններ, ընդունելի կլինի Արեւմուտքի համար: Ի դեմս` Պորոշենկո-Մայդան գործակցության վերաբերյալ համաձայնության, երկրորդը ստացավ արդյունավետ պայքար տանելու միջոցներ ու հնարավորություն, առաջինն էլ` սեփական քաղաքական բարձր ամբիցիաները բավարարելու լծակ: Ստացվեց, որ ուկրաինացի ժողովուրդը Մայդանում պայքարում էր օլիգարխիայի դեմ` օլիգարխի ֆինանսավորմամբ:

Տեր-Պետրոսյանն իր` «բուրժուադեմոկրատակ հեղափոխության» կոչով նույն բանն է ուզում` Հայաստանի պարագայում, ըստ էության:

Ո՞վ հաղթեց, կամ արդյոք հաղթե՞ց ուկրաինացի ժողովուրդը` Մայդանով, դժվարանում ենք ասել: Բայց, որ ուկրաինական հեղափոխությունն` ընդդեմ օլիգարխիայի ավարտվեց միլիարդատեր, ըստ Forbes-ի` «ուկրաինացի 7-րդ մեծահարուստ» օլիգարխի հաղթանակով, միանշանակ է:

Չնայած, ավարտվե՞լ է արդյոք ուկրաինական հեղափոխությունը. օրինակ նախագահական ընտրություններում երկրորդ տեղ զբաղեցրած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ընտրություններից հետո չի բացառել, որ հենց ինքն է լինելու «նոր Մայդանի» կազմակերպիչն ու կենտրոնը:

Այնպես որ, խելահեղները ճանապարհներ են բացում, որոնցով, նրանց հետեւից, կամ նրանց փոխարեն, գնում են խելացիները:

Խելահեղն էլ միշտ ժողովուրդն է, ոչ միայն ուկրաինացի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ