RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-08-05 15:04:13Լիբանանի նախկին վարչապետի օգնության կոչ Բեյրութում տուժածների համար
2020-08-05 14:42:23Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:57:51Պայթյունի հնարավոր պատճառներ Բեյրութում
2020-08-05 13:02:00Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 6 հայ. ԱԳՆ
2020-08-05 13:01:32Կորոնավիրուսի 288 նոր դեպք, 478 առողջացած, 2 մահ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՄԻՋԵՎ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1947, Տպվել է` 32, Ուղարկվել է էլ.փոստով` 21

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՅԱՆՈՒ՞Ս, ԹԵ՞...

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Մորնինգսթարը կարտաքսվի Ադրբեջանից» սենսացիոն վերնագրով հրապարակում է արել virtualaz.org-ը եւ ավելացրել, որ «դա տեղի կունենա օգոստոսին, դեսպանը Վաշինգտոն կվերադառնա առաջադրանքը չկատարած»: Ի՞նչ «առաջադրանքի» մասին է խոսքը` լրատվամիջոցը հստակ չի ձեւակերպել, միայն ակնարկել է, որ «Մորնինգսթարը նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հովանավորյալն էր»:

Այդուհանդերձ, դատելով Բաքվի գրեթե բոլոր լրատվամիջոցներում շրջանառվող «Ադրբեջանի դեմ դավադրության» թեմայով նյութերից, խոսքն այն մասին է, որ Մ. Նահանգների «կառավարությունն իր կողմից ֆինանսավորվող ՀԿ-ների միջոցով Ադրբեջանում ստեղծել էր հակաալիեւյան տրամադրություններ սերմանող գործակալական լայն ցանց, որը որեւէ պահի կարող էր ապակայունացման փորձ անել»:

Ադրբեջանական իշխանություններն, այսպիսով, ԱՄՆ կառավարությանը փաստացի մեղադրում են Ադրբեջանում «գունավոր հեղափոխություն նախապատրաստելու» մեջ եւ «գործակալական ցանցի ռեզիդենտ» են անվանում Բաքվում Մ. Նահանգների դեսպանին: Այս իմաստով սենսացիոն էր նաեւ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հարցազրույցը, որ տարածել է «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը:

Դա «արեւմտյան արժեհամակարգի փլուզման» մասին մտավարժանքների մի խառնաշփոթ է, որը, սակայն, «համեմված է» Մ. Նահանգների դեսպանի հասցեին տարրական բարեկրթության սահմաններից դուրս, դիվանագիտական պատշաճությունը մի կողմ թողած, կոպիտ վերագրումներով, նույնիսկ` անձնական վիրավորանքներով: Փաստորեն Մեհթիեւը խոսել է Իլհամ Ալիեւի անունից, որովհետեւ նրա բոլոր պնդումներն ամրագրված են «պարոն նախագահ Իլհամ Ալիեւի անկախ արտաքին քաղաքական ուղեգծի» մասին դատողություններով:

Ի՞նչն է Ադրբեջանին մղել ԱՄՆ-ի դեմ քարոզչական «պատերազմի»: Մի՞թե անցած տարիներին Բաքվում ոչ ոք տեղյակ չէր, որ «Մ. Նահանգների կողմից ֆինանսավորվող ՀԿ-ները հակաալիեւյան խարդավանքներ են հյուսում»: Եթե «տեղյակ չէին եւ նոր են իմացել», նշանակում է` փուչ են հավաստիացումներն առ այն, որ «իշխանությունները վստահաբար վերահսկում են իրավիճակը»: Եթե գիտեին, բայց լռում էին, ապա պետք է ընդունեն, որ «անկախ քաղաքականություն վարելու» մասին հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում:

Բայց ավելի ճիշտ կլիներ եզրակացնել, որ Ադրբեջանում ԱՄՆ կողմից ֆինանսավորվող եւ «հակաալիեւյան դավադրություն նյութող» ՀԿ-ներ իրականում գոյություն չեն ունեցել, եղել են կառույցներ, որոնք խոսել են մարդու իրավունքների եւ ազատությունների կոպիտ ոտնահարման, Ադրբեջանում պետականորեն կազմակերպված կոռուպցիայի եւ այլնի մասին: Իշխանությունները նրանց դեմ պայքարել են միշտ: Այսօր այդ ներքին խնդրին հետեւողականորեն տրվում է արտաքին քաղաքական երանգ, ամեն ինչ ներկայացվում է իբրեւ «հակաիմպերիալիստական պայքար»: Եւ հիմնական թիրախն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն է:

Վերջինս, կարելի է ասել, «մարտահրավերն ընդունել է». Ռամիզ Մեհթիեւի աղմկահարույց հարցազրույցից հետո Ադրբեջանում Մ. Նահանգների դիվանագիտական ներկայացուցչությունը կարճ հաղորդագրություն է տարածել, որտեղ ասված է, թե «յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում` Ռամիզ Մեհթիեւը, տեսակետ արտահայտելու իրավունք ունի»: Դեսպանատունը միաժամանակ Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավարին խորհուրդ է տվել «ուշադիր վերընթերցել դեսպան Մորնինգսթարի հարցազրույցը` համոզվելու համար, որ նրանում Ադրբեջանի ներքին գործերին միջանտելու միտում չկա»:

Ընդ որում, դեսպանատան հաղորդագրության մեջ ԱՄՆ- Ադրբեջան «ավանդական բարեկամության», երկու երկրների միջեւ «համագործակցությունը խորացնելու» եւ այլ դիվանագիտական նրբասացություններ տեղ չեն գտել, ինչը վկայում է, որ Մ. Նահանգներն իրականում Ադրբեջանի վերջին շրջանի պահվածքն ավելի ուշադիր եւ բծախնդիր են գնահատում, քան ակնկալում էին Բաքվում կամ կարող է թվալ առաջին հայացքից:

Ըստ երեւույթին, Իլհամ Ալիեւի վարչախումբը գիտակցում է, որ «կրակի հետ է խաղում»` բարդացնելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Թերեւս այդ պատճառով է, որ ադրբեջանական մամուլին տրվել է «մեղմացուցիչ դեպք հանցանաց» գտնելու հրահանգ: Haqqin.az-ը ծավալուն հարցազրույց է անցկացրել Իսրայելի հատուկ ծառայություններից մեկի նախկին տնօրեն Յակով Կեդմիի հետ, որի առանցքային հարցադրումը, թերեւս, այն է, թե «ուկրաինական հարցում չեզոքություն որդեգրելով Իսրայելը չի՞ զգուշանում, որ ԱՄՆ-ը կարող է նրան պարզապես ստիպել` պաշտպանելու իր դիրքորոշումը»:

Հետեւել է այսպիսի պատասխան. «Իսրայելը գրեթե լիովին կախված է ԱՄՆ-ից, բայց Ուկրաինայի հարցում հրապարակային ամերիկամետ դիրքորոշում որդեգրելը հակասում է Իսրայելի շահերին` կապված Ռուսաստանի հետ հարաբերությունների հնարավոր վատթարացման հետ, քանի որ վերջինս կարող է քիչ հաշվի առնել մեր պետության շահերը հատկապես Մերձավոր Արեւելք ռազմավարական զինատեսակների մատակարարման հարցում»:

Ադրբեջանական քարոզչությունն, ինչպես տեսնում ենք, ընտրել է «կուժ, քեզ ասեմ, կուլա դու լսիր» սկզբունքը` պարզորոշ ակնարկելով, որ եթե Ուկրաինայի հարցում Իսրայելն անգամ ստիպված է հաշվի նստել Ռուսաստանի հետ հարաբերությունների «հնարավոր վատթարացման հեռանկարի» հետ, ապա ի՞նչ ասել Ադրբեջանի մասին: Ավելին, հայտնի է դարձել, որ Ադրբեջանի հյուսիսային մի քանի շրջաններում, որոնք Ռուսաստանին սահմանակից են, ռուս-ադրբեջանական համատեղ հատուկ ռազմագործողություն է իրականացվում` «սահման` արգելափակոց» անվանմամբ: Նպատակը «ահաբեկչական խմբավորումների, զենքի եւ զինամթերքի, թմրանյութերի ապօրինի տարանցման կանխումն է»:

Չեչենական երկրորդ պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունները համատեղ «հակաահաբեկչական ռազմագործողություն» են իրականացնում, որին երկու կողմերից ներգրավվել են հազարավոր զինվորականներ, զրահատեխնիկա եւ այլ միջոցներ: Բաքվում մոլեգնած «հակաիմպերիալիստական» քարոզչության խորապատկերին, կարծես, ավելի են ընդգծվում տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը մինչեւ տարեվերջ Ռուսաստանից ձեռք կբերի եւս 100 T-90 տանկ, մարտական ուղղաթիռներ եւ առափնյա հրետանային համակարգեր, ինչպես նաեւ` ռեակտիվ կրականետի 18 կայանք:

Պաշտոնական աղբյուրները, սակայն, արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության կամ առաջնահերթությունների վերանայման մասին ոչինչ չեն ասում: Փոխարենը գործ են դրվել այլ հնարավորություններ: Մոսկվայում, մասնավորապես, ադրբեջանական համայնքի ղեկավար Աբաս Աբասովը, որ Հեյդար Ալիեւի կառավարությունում տարիներ շարունակ զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը, անցկացրել է «Ադրբեջանցիների դերն Ռուսաստանի պատմության մեջ» թեմայով «գիտաժողով»:

Ուշագրավն այստեղ ոչ թե ինքնին երեւույթն է, այլ` Աբաս Աբասովի ելույթը, որը տրամագծորեն դեմ է Ադրբեջանի պատմության պաշտոնական, ընդ որում` նաեւ այդ երկրի սահմանադրությամբ ամրագրված, վարկածին: Այսպես, մինչ սահմանադրության նախաբանում գրված է, որ «Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերով միասնական Ադրբեջանը մասնատվել է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ», նախկին առաջին փոխվարչապետը Մոսկվայի «գիտաժողովի» ամիբիոնից հայտարարել է, որ «Ադրբեջանը կամավոր է մտել Ռուսական կայսրության կազմ»:

Դատելով այն բանից, որ Բաքվի լրատվամիջոներից եւ ոչ մեկն Աբասովի ելույթը «պետական դավաճանություն» չի որակել, վստահաբար կարելի է ասել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վերագնահատումը լիովին տեղավորվում է Իլհամ Ալիեւի վարչախմբի արտաքին քաղաքականության ուղեծրում: Մոսկվայում հազիվ թե որեւէ մեկն ուշադրություն է դարձնում «Ռուսաստանի կողմից Ադրբեջանն օկուպացնելու» մասին Ադրբեջանի սահմանադրության նախաբանի ձեւակերպմանը:

Կարեւորն, ըստ երեւույթին, այն է, որ Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետն իր ելույթում ռուս-ադրբեջանական «դարավոր բարեկամության» մասին խոսելիս ընդգծել է Խ. Միության պատմության մեջ Հեյդար Ալիեւի «չափազանց նշանակալի ներդրումը, որը կարեւորում է նաեւ հարգելի պարոն նախագահ Իլհամ Ալիեւը»: Աբասովը հայտարարել է, որ «Ղրիմի իրադարձությունների ժամանակ Ռուսաստանի ադրբեջանական համայնքը լիովին պաշտպանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի քայլերը` ի տարբերություն այլ ազգային համայնքների»:

Խոստովանենք, որ Աբասովի ելույթը նույնիսկ ավանդական ադրբեջանական «քաղցրախոսության» չափանիշներով գնահատվելու դեպքում էլ խիստ կոնյունկտուրային է: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ «գիտաժողովին» մասնակցել է նաեւ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին: Մենք այս հանգամանքին սրված ուշադրություն ենք դարձնում, քանի որ անցյալ տարվա այս ժամանակահատվածում, երբ Ադրբեջանը ներքաղաքական լրջագույն խնդիրներ ուներ, Բաքվի իշխանամետ լրատվամիջոցները հեղեղված էին Մոսկվայում «միլիարդատերերի ակումբի կողմից Իլհամ Ալիեւի դեմ նախապատրաստվող դավադրության մասին» հրապարակումներով, եւ թիրախում էր գտնվում նաեւ նույն Աբաս Աբասովը:

Մեկ տարի առաջ «պետական հեղաշրջում կազմակերպելու» մեջ բացահայտորեն մեղադրվում էր Կրեմլը, տրվում էին ՌԴ նախագահի մերձավորագույն շրջապատից մարդկանց անուններ, ովքեր «միլիարդատերերի ակումբի միջոցով պատրաստվում էին ֆինանասավորելու» ընդդիմության հավանական միասնական թեկնածու Ռուստամ Իբրահիմբեկովի նախընտրական քարոզարշավը: Այդ ամենն, ըստ երեւույթին, քաղտեխնոլոգիական հնարանք էր, որպեսզի Իլհամ Ալիեւի մրցակցին վերագրվի «Կրեմլի դրածոյի» վարկանիշ` նրանից վանելու արեւմտյան ուժերին:

Դա միայն Իլհամ Ալիեւի՞ տեխնոլոգիան էր, թե՞ նրան օգնել էին` այժմ արդեն կարեւոր չէ: Փաստն այն է, որ ՌԴ նախագահ Պուտինը, չնայած Իբրահիմբեկովի բազմիցս արված դիմումներին, նրան չզրկեց Ռուսաստանի քաղաքացիությունից, ինչն էլ ֆորմալ առումով պատճառ հանդիսացավ, որ Իբրահիմբեկովի թեկնածությունը Ադրբեջանի ԿԸՀ-ն մերժի: Հետեւեց Պուտինի «անսպասելի» այցը Բաքու, որից հետո իլհամալիեւյան վարչախումբն ազատ շունչ քաշեց:

Նախագահական «ընտրություններից» անմիջապես հետո Իլհամ Ալիեւը ձեռնամուխ եղավ արեւմտյան ուղղության ՀԿ-ների եւ այլ կառույցների դեմ պատժիչ գործողությունների, որոնք շարունակվում են առայսօր: Արեւմուտքը դրան հակազդելու որեւէ գործուն միջոց դեռեւս չի ցուցադրել կամ, թերեւս, չունի էլ: Ցանկացած արեւմտամետ գործիչ Բաքվում այսօր համարվում է «պետական դավաճան», «դավադրության կազմակերպիչ» կամ առնվազն` «մասնակից»:

Այդ հալածանքներին ինչ-որ «արդարացում» գտնելու համար իշխանություններն օգտագործում են «հայկական հետքի» առասպելը: Հետեւողականորեն քարոզվում է, որ արեւմտյան գրեթե բոլոր իրավապաշտպան կազմակերպություններում «կան էթնիկ հայեր, որոնք գաղտնի կերպով հետապնդում են Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնելու նպատակ»: Փաստացի պետական մակարդակով արգելք է դրված ազգությամբ հայ մարդկանց հետ որեւիցե շփում ունենալու անգամ մտադրության վրա: Այնքան, որ հայտնի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն տարակուսել է. «Իշխանությունները մի կողմից խոսում են խաղաղ գործընթացի մասին, մյուս կողմից` քաղաքացիական հասարակությանը վախեցնում, որպեսզի ոչ ոք հայերի հետ չհանդիպի: Բայց այդ դեպքում թող նրանք պատասխանեն գոնե մի տարրական հարցի. ինչպե՞ս են նրանք ուզում հայերի հետ խաղաղության հասնել, եթե բոլոր շփումներն արգելվում են»:

Պատասխանն ակնհայտ է` Ադրբեջանի իշխանությունները կարգավորում եւ խաղաղություն չեն ուզում: Նրանց նպատակը բոլորովին այլ է: «Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման մասնակցության դիմաց` Լեռնային Ղարաբաղ» սկզբունքը, որ գրեթե մեկ տասնամյակ որդեգրել էր Իլհամ Ալիեւը, ակնհայտորեն չաշխատեց: Դեսպան Ջեյմս Ուորլիքի մակարդակով Մ. Նահանգները ներկայացրին ԼՂ կարգավորման իրենց տեսլականը:

Ըստ երեւույթին, Բաքվում սկսել են աշխատել նոր «բանաձեւ սահմանելու» ուղղությամբ` շեշտը դնելով «ռուս-ադրբեջանական դարավոր բարեկամության վրա»: Գուցե այդ հանգամա՞նքը նկատի ուներ Ահմետ Դավութօղլուն, երբ օրերս Մոսկվայում հայտարարում էր, որ «ԼՂ կարգավորման համար ստեղծվել են նոր պայմաններ»: Դժվար է ասել: Փաստ է միայն, որ մայիսի 28-ի օրվա երկրորդ կեսի դրությամբ Իլհամ Ալիեւը դեռեւս չէր շնորհավորել Ուկրաինայի ընտրված նախագահ Պետրո Պորոշենկոյին: Մինչդեռ Ուկրաինան եւ Ադրբեջանը որպես «ռուսական նախագիծ» ԱՊՀ-ին արեւմտյան այլընտրանք ստեղծված` ՎՈՒԱՄ կառույցի առանցքային երկրներ էին դիտվում...

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ