RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


Լոքդաուն լինելու համար քնելուց առաջ հաշվեք պացիենտներին

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2149, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 20

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԽՈՍՔԻՑ ԱՆՑՆԵՆՔ ԳՈՐԾԻ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՄՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 4-րդ նիստում

Ընդամենը 10 ամիս է մեզ բաժանում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից: Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. ստեղծված պետական հանձնաժողովը անցած 3 տարիների ընթացքում զգալի աշխատանք է կատարել Ցեղասպանության հանցագործության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացների ակտիվացման ուղղությամբ:

Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը, դեռեւս 2011թ. մշակել եւ պետական հանձնաժողովին են ներկայացրել իրենց մոտեցումները Ցեղասպանության 100-ամյակի առթիվ, որոնք իրենց արտացոլումն են գտել նաեւ հանձնաժողովի գործունեության հայեցակարգում: Կարծում ենք, որ այսօր մենք առաջին հերթին պետք է քննարկենք այն հարցը, թե տարելիցին ընդառաջ եւ դրանից հետո պետք է փոխե՞նք մեր մարտավարությունը, թե՞ ոչ: Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ ժամանակը հրամայաբար պահանջում է մեզանից վերանայել Ցեղասպանության հետ առնչվող խնդիրների թե՛ առաջադրման, եւ թե՛ լուծման մարտավարությունը:

Այստեղ ես ավելորդ չեմ համարում նշել, որ նախորդ դարի ընթացքում աշխարհն այդպես էլ դասեր չքաղեց այդ մեծ ողբերգությունից, որի արդյունքում մարդկության դեմ ուղղված հանցագործության այդ տեսակն այսօր էլ շարունակում է երբեմն հանդես գալ որպես ագրեսիվ քաղաքականության գործիք:

Ցեղասպանության հետեւանքների վերացումըՙ միջազգային նորմերի հիման վրա շարունակում է մնալ հայության եւ առաջադեմ մարդկության կարեւորագույն առաջնահերթությունը:

Հայոց ցեղասպանության 100-ամյակը մի կարեւոր պատմական իրողություն է, ինչը հնարավորություն է ընձեռում հայությանը համախմբվել, դրսեւորել միասնականություն եւ ձեւավորել մարդկային այդ մեծ աղետի հետեւանքների վերացման համալիր համակարգ, այսինքիՙ ինչ ենք մենք այսօր պահանջում Թուրքիայից եւ ինչ ենք ակնկալում միջազգային հանրությունից: Թուրքիան այսօր էլ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը: Ավելին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետի հայտնի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես թուրքական դիվանագիտության խորամանկ քաղաքականության հերթական քայլՙ պատմական իրողությունը կեղծելու, միջազգային հանրությանը ապակողմնորոշելու, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հաղթարշավը կասեցնելու համար: Մյուս կողմից, Ցեղասպանության 100-ամյակը պետք է խթանի համաշխարհային հանրության ջանքերն ուղղված այդ հանցագործության դատապարտմանը եւ Ցեղասպանության մեղավորի նկատմամբ միջազգային պատժամիջոցների կիրառմանը:

Այնուհանդերձ, վարչապետի հայտարարությունը չի կարելի չդիտել որպես Թուրքիայի ղեկավարության քաղաքական մոտեցումների որոշակի տեղաշարժ:

Սակայն մարդկության պատմության առաջին Ցեղասպանության 100-ամյա տարելիցը պետք է առաջադեմ մարդկությանը մղի ջանքերի համախմբմանըՙ այդ հանցագործության ոչ միայն ճանաչմանն ու դատապարտմանը, այլեւ դրա հետեւանքների վերացման շուրջ:

Այդ տեսանկյունից հետաքրքրական է, որ օրեր առաջ Իսրայելի պարլամենտը անցկացրեց հատուկ լիագումար նիստ, որտեղ քննարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը: Կարծում եմ մենք նույնպես պետք է աջակցենք այդ գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու գործում:

Հայտնի փաստ է, որ Ցեղասպանությունը ողջ հայ ժողովրդին հասցրեց լուրջ նյութական, հոգեբանական, բարոյական, մշակութային եւ քաղաքական վնաս: 1919 թվականին Վերսալում հայոց պատվիրակության նախաձեռնությամբ, միջազգային հանձնաժողովի կողմից իրականացրած նախնական հաշվարկների համաձայն, այդ ողբերգության ընթացքում հայերին հասցված նյութական վնասը կազմել է մոտ 4 մլրդ. ԱՄՆ դոլար: Այդ փաստը հաստատեց նաեւ ԱՄՆ Կոնգրեսըՙ Ջեֆրի Ջերարդի գլխավորած հանձաժողովի ներկայացրած նյութերի հիման վրա: Եվ չնայած այդ ամենին թուրքերը 1919 թվականից հետո եւս շարունակում էին Օսմանյան կայսրության եւ Հարավային Կովկասի տարածքում գտնվող հայության զանգվածային կոտորածները եւ կողոպուտը:

Ցեղասպանությունը խախտեց հայության նաեւ բնականոն աճի ընթացքը: 19-րդ դարի վերջերից սկսած Թուրքիայում կազմակերպված հայության ջարդերի հետեւանքով զոհվել է ավելի քան 2 մլն. մարդ: Եթե չլինեին այդ զանգվածային կոտորածները, բռնագաղթը, ապա անցած 5 սերունդների ընթացքում հայության թիվն այսօր կարող էր հասնել մի քանի տասնյակ միլիոնի:

Այս ամենի հաշվառմամբ, կարծում եմ, որ Հայաստանի պետական հանձնաժողովի խնդրո առարկան չպետք է սահմանափակվի միայն Ցեղասպանության 100-րդ տարելիցին ուղղված միջոցառումների համակարգմամբ: Բնականաբար գործունեության տվյալ ուղղությունը Ցեղասպանության հետեւանքների վերացման առնչությամբ համայն աշխարհի հայության առաջնահերթությունների հայեցակարգում պարտադիր է, բայց ոչՙ հիմնական:

Ենթադրում եմ, որ մենք պետք է խոսքից անցնենք գործի, եւ հաշվի առնելով միջազգային իրավունքի նորմերը, նախաձեռնենք հիմնարար գործողությունների մի ծրագիրՙ Ցեղասպանության եւ նրա հետեւանքների վերացման, հայկական կողմի ամբողջական եւ հայեցակարգային դիրքորոշման վերաբերյալ:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ անցկացվող բոլոր միջոցառումները կարծում եմ պետք է ներկայացվեն համամարդկային արժեքների համատեքստում: Եվ դրանք, իրենց առանձնահատկություններով, պետք է կարողանան հարստացնել հայոց արդարացի պայքարի նորօրյա էջըՙ նոր բովանդակությամբ, ուստի եւ նոր մարտավարությամբ: Նոր մարտավարության հիմքում այսուհետ պետք է դրվեն Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման, հայ դատի միջազգային ճանաչման, դատապարտման ու հատուցման իրավաքաղաքական խնդիրները: Սա արդեն պայքարի նոր հարթություն է, նոր փուլ, որը թելադրված է նաեւ Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի ժխտողական վերաբերմունքով:

Այս ամենից ելնելով առաջարկում ենք.

Պետական հանձնաժողովի նախագահին կից ձեւավորել մասնագիտական հանձնաժողով կամ խորհուրդ, որը կզբաղվի Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման ուղղությամբ հայ ժողովրդի պահանջատիրության միասնական հայեցակարգի մշակմամբ: Այն իր գործունեության ընթացքում կարող է ստեղծել միջազգային իրավունքի, պատմության, քաղաքագիտության եւ անվտանգության ասպարեզներում որակավորված փորձագետներից բաղկացած հանձնախմբեր:

Երեւանում կազմակերպել «Ցեղասպանություն վերապրած ժողովուրդների միջազգային ֆորում»ՙ այդ ժողովուրդների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ֆորումին անհրաժեշտ կլինի հրավիրել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների խորհրդարանների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Քննարկման կդրվեն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման եւ դատապարտման հարցերը, ցեղասպանության իրավական պատասխանատվության խնդիրը, միջազգային դատական ատյանների ունեցած դերակատարումն այս հարցում: Անհրաժեշտ կլինի ընդունել Հռչակագիր, որում կարտահայտվի ցեղասպանություն վերապրած ժողովուրդների դիրքորոշումը այդ հանցագործության նկատմամբ: Ֆորումն առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական հանձնաժողովի ծրագրովՙ ՀՀ սփյուռքի, արտաքին գործերի, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների, ՀՀ ԳԱԱ եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ: Ֆորումի նախապատրաստմանն ու կազմակերպանն իրենց նպաստը կբերեն նաեւ Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը:

Վստահ ենք, որ Հայոց ցեղասպանության 100ամյակին ուղղված միջոցառումներում ընդգրկված կլինի Պետական հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ուղերձը Հայոց ցեղասպանությունը ճանաչած եւ դատապարտած բոլոր պետություններին, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին:

Առաջարկվում է 2015թ. գարնանը կազմակերպել Պետական հանձնաժողովի անդամների այց հայերով բնակեցված երկրներ, համայնքներում կազմակերպված եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:

2015թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնը տրամադրել ՀՀ նախագահին հնչեցնելու իր ելույթը, որտեղ կարտացոլվի հայկական դիվանագիտության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հետեւանքների վերացման խնդրի վերաբերյալ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ