RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2106, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 19

«ԿՈՄՈՒՆԻՍՏ ՀԱՅԵՐԻ» ԵՎ «ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

ՎԱԼԵՐԻ ՄԱԿԱՐՅԱՆ

Մայիսի 23-ին «ԱԶԳ» օրաթերթը հրապարակեց Հակոբ Ավետիքյանի «Կոմունիստ հայը» խմբագրականը: Անկեղծ խոստովանեմ, որ ես շատ տպավորված եմ այդ նյութով եւ համարում եմ դա լրագրողական գլուխգործոցՙ սեփական եւ ոչ սեփական ասած-չասածով այդքան շերտեր մերկացնել եւ ստիպել մտածել... Զարմանալի է: Շնորհակալություն հեղինակին:

Քանի որ հրապարակվեց Կառլեն Դալլաքյանի բանաձեւըՙ «հայ կոմունիստներ» եւ «կոմունիստ հայեր» հասկացությունները, ապա փորձենք հասկանալ, թե այդ ամենը ինչի կբերի:

Երեւի թե «կոմունիստ հայ» հասկացության տակ խմբագիրը ի նկատի ունի այն հայերին, որոնք փաստորեն ապազգային են իրենց գաղափարներով եւ գործերով: Արդեն հասկացանք, որ դրանց ցուցակում է նա եւ Անաստաս Միկոյանը:

Համապատասխանաբար, «հայ կոմունիստները» նրանք են, որոնք բոլոր պայմաններում մնում էին հայրենասեր եւ ամեն ինչ անում էին, որ Հայաստանը զարգանա եւ հայ ժողովուրդը լինի պաշտպանված եւ բարեկեցիկ: Երեւի թե անհրաժեշտ է այս դեպքում եւս անուն հրապարակելՙ Կարեն Դեմիրճյան:

«Ազգ»ը նույն համարում հրապարակում է Միկոյանի «Կովկասի հարցի շուրջ» հայտնի նամակը Լենինին: Տպավորություն է ստեղծվում, որ այդ նամակի հրապարակմամբ վերջնականապես մերկացվում է «կոմունիստ հայ»-ի անբարոյական, ապազգային եւ օտարամոլ էությունը: Կարելի է ասել, որ դա վերջին մեխն է «կոմունիստ հայ»-ի դագաղին: Միգուցե Պատմությունը հենց այդպես էլ գրանցի:

Սակայն ես ընթերցողին առաջարկում եմ չշտապել եւ փորձել ավելի խորն ուսումնասիրել այս ամենը:

«Կոմունիստ հայ»-երի մոտեցումները հետեւյալն էր ՙ

ա. Մեր ժողովրդին անկախ պետականությունը անհրաժեշտ չէ եւ ավելի կարեւոր է ապահովել ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը եւ տալ աշխատանքի եւ բարեկեցության հնարավորություն:

բ. Լինելով գերպետության հովանավորության ներքոՙ նպաստել միջազգային կոմունիզմի հաղթանակին եւ այդ ճանապարհով օգնել թուրք ժողովրդին ազատվելու իր հանցավոր կառավարման համակարգից եւ հասնել նրան, որ մեր տարածաշրջանի բոլոր հարեւան ժողովուրդները ունենան միմյանց հետ բարեկամական հարաբերություններ: Դրանով կարելի է հասնել նաեւ նրան, որ Արեւմտյան Հայաստանից մեր փախստականների գոնե մի մասը կարողանա վերադառնալ սեփական տները: Դա առավելագույն ցանկալի նպատակն է այդ հարցում:

գ. Քանի որ Թուրքիայում ցեղասպանության հետեւանքով ոչնչացված է հայությունը, ապա ուժի ճանապարհով գրավելով այդ տարածքներըՙ անկախ Հայաստանի ղեկավարները անպայման «ցեղասպանություն» կգործեն այդ նույն տարածքներում բնակվող թուրքերի եւ քրդերի հանդեպ եւ դա անթույլատրելի է :

դ. Հայ ժողովուրդը ապրելով ռուս ժողովրդի հետ մեկ ընտանիքում (պետությունում)ՙ կունենա աննախադեպ զարգացման հնարավորություն եւ փայլուն ապագա:

«Հայ կոմունիստ»-երի մոտեցումները հետեւյալն էին ՙ

ա. Կլինի՞, թե՞ չի լինի կոմունիզմը, դա իհարկե հետաքրքրական է, սակայն քանի որ Հայաստանը չունի անկախություն եւ մտնում է կոմունիստական Ռուսաստանի կազմը, ապա ոչ մի վատ բան չկա, եթե մենք եւս Հայաստանում կառուցենք այդ կոմունիզմը եւ ամեն ինչ անենք, որ հայ ժողովուրդը վերածնվի եւ ապրի անվտանգ ու երջանիկ:

բ. Ամեն ինչ անենք, որ կոմունիստական Ռուսաստանից բերենք Հայաստան այն ամենը, ինչը հնարավոր է բերելՙ ֆինանսներ, ռեսուրսներ, գործարաններ, դպրոցներ, ԲՈՒՀ-եր, գիտություն, քաղաքակրթություն, գրքեր, ցեմենտ, հաստոցներ, հաց, կարագ, երշիկ, պահածոներ, ծանոթություններ, լավ հարաբերություններ, բարձր կենսամակարդակ... եւ ինչո՞ւ ոչՙ կաշառակերություն (առանց դրա ո՞նց բերել այդ ամենը):

գ. Զուգահեռ այդ ամենին, նպաստել հայրենասիրական դաստիարակությանը, հայրենասիրական մտավորականության ձեւավորմանը, մշակույթի, սպորտի, գիտության զարգացմանը...

Իսկ հիմա եկեք փորձենք հասկանալ, թե ինչի հասան «կոմունիստ հայեր»-ը եւ ինչի հասան «հայ կոմունիստներ»-ը:

«Կոմունիստ հայեր»-ը միանգամից հրաժարվեցին անկախությունից , հրաժարվեցին «Սեւրի պայմանագրից», ստորագրեցին Կարսի պայմանագիրը եւ հավանություն տվեցին 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին, հալածեցին անկախ Հայաստանի կողմնակիցներին եւ ապահովեցին խաղաղ կյանք: Հայաստանում հայ մշակը իսկապես կարող էր աշխատել դաշտում եւ չվախենալ նրանից, որ թշնամին (թուրքը) կգա : «Կոմունիստ հայեր»-ը ստիպում են, որ բոլոր երեխաները սովորեն դպրոցներում: Եվ խնդրում եմ ուշադրութչյունՙ ոչ միայն սովորել մարքսիզմ-լենինիզմ, այլ նաեւ ֆիզիկա, քիմիա, մաթեմատիկա, հայոց լեզու, գրականություն, պատմություն... «Կոմունիստ հայեր»-ը ստիպում են, որ բոլոր տղամարդիկ աշխատեն գործարաններում, երկաթգծի համակարգում, դաշտերում... «Կոմունիստ հայեր»-ը ստիպում են, որ բոլոր կանայք եւս լինեն գրագետ, լինեն առողջ, լինեն հանգիստ:

Սակայն դրա համար անհրաժեշտ էր վճարել:

Եթե Թուրքիայում հայ լինելու համար վճարվում էր սեփական անվտանգությունով, վիրավորանքներով եւ սեփական կյանքի կորստով, ապա Սովետական Միությունում մեր ժողովուրդը վճարում էր նրանով, որ չպիտի հիշեր եւ հարգեր իր սեփական հերոսներին, պիտի «ազգի դավաճաններ» հայթայթեր, որ միջազգային կոմունիզմի համար զոհաբերություն կատարեր... (Կասե՞քՙ բարբարոսություն է: Իհարկե բարբարոսություն է:) Եվ կատարեց: Տասնյակ հազարավոր հայրենասեր եւ առաջադեմ մեր հայրենակիցներ հալածվեցին եւ սպանվեցին եւ կամ ստիպված լքեցին Հայաստանը:

Մե՞ծ ցավ է: Իհարկե, մե՛ծ:

Բայց չմոռանանք, որ լինել հայ սեփական հայրենիքում միաժամանակ լինելով Թուրքիայի հպատակ, մեզ արժեցավ առնվազն 1.5 միլիոն զոհ, զանգվածային բռնագաղթ եւ հայրենազրկում:

Իսկ ապրել ռուսական տիրակալության տակ եւ ներգրավվել կոմունիստական շինարարության մեջ մեզանից պահանջվեց միայն (այո՛, ցավոք, այլ հարմար բառ չկա) մի քանի տասնյակ հազարավոր մարդու զոհաբերություն: Եվ դրա դիմաց մենք ունենք իրական Հայաստան, ունենք սեփական դպրոց , ունենք իրավունք Հայաստանում խոսելու հայերեն , ունենք իրավունք սովորելու մեր իսկ պատմությունը, ունենք իրավունք կերտելու մեր պետականությունը: Երեւանից ռադիոհաղորդումը համայն հայության համար սկսվում էր հետեւյալ խոսքերովՙ «Երեւանն է խոսում» ... Եվ ամբողջ աշխարհի հայությունը լսելով չէր հավատում, որ դա իրականություն է: Երջանկության արցունքները չէր թաքցնում ոչ ոք... Մեր մշակույթի գործիչները արտասահմանում շրջապատվում էին սիրով եւ հարգանքով... Եվ այդ ամենի համար պահանջվում էր միայն չունենալ անկախ պետականություն : Այսինքն այնՙ ինչ ասում էին «կոմունիստ հայերը» :

Սակայն ժամանակները փոխվում էին: Այլեւս զանգվածային սպանություններ եւ հալածանքներ չկային: Ավարտվեց 1945 թվականի մեծ եւ դաժան պարերազմը: Մեր ժողովուրդը սկսեց ապրել:

Եվ եկան այն տարիները, երբ Կարեն Դեմիրճյանը իր ընկերների հետ կառուցում էր Հայաստանը: Այդ ընկերների մեջ կար եւ Կառլեն Դալլաքյանը:

Արդեն նոր ժամանակներ էին: Ղեկավարների նոր սերունդը կարող էր ունենալ սեփական (առանց բարձրաձայնելու իրավունքի իհարկե) կարծիք, որը նախօրոք չէր համաձայնեցված Ռուսաստանի հետ: Արդեն կարելի էր մտցնել «կոմունիստ հայեր» եւ «հայ կոմունիստներ» հասկացությունները: Ի՞նչ կա որ: Ստալինը մահացել էր եւ իրեն արդեն դագաղից հանել ու նորից թաղել էին: Ումի՞ց վախենալ:

Եվ դա իրականում շատ լավ էրՙ ունենալ սեփական կարծիք, ինչը մեծ հարստություն է:

Իհարկե կարելի է ձեռքի հետ աղավաղել «կոմունիստ հայերի» դիրքորոշումները եւ երազանքները: Կարելի է նրանց անվանել ապազգային, ինչպես իրենք էլ իրենց հերթին ուրիշներին էին անվանումՙ «ազգի դավաճան»:

Հայաստանում կաշառակերությունը նոր վերելք ապրեց... Բայց դրա մասին եկեք չխոսենք: Կարեւոր է, որ «հայ կոմունիստներ» եկան իշխանության: Եվ կարեոր չէ, որ 1988 թվականին երկրաշարժի ժամանակ Լենինականի բարձրահարկ շենքերը փլվեցին. այդ շենքերը կառուցվել էին «հայ կոմունիստների» ժամանակ: Դա կարեւոր չէ: Զոհ է եղե՞լ: Դե դա ի՞նչ խնդիր է որ: Մեր ժողովուրդը զոհ տալու հարցում սովոր է եւ չի զարմանում:

Ավելի կարեւոր է, որ «հայ կոմունիստներ» եկան իշխանության եւ ապահովեցին պետականության վերածնունդը: Նրանք լավագույնս «քամեցին» Խ. Միության ռեսուրսները ի շահ մեր ժողովրդի: Հետո իրենք առանց արյունի իշխանությունը տվեցին հայ քաղաքական եւ ժողովրդական նոր առաջնորդներին, քանի որ իրենք իրենց պատմական առաքելությունը կատարեցին եւ հարգված մնացին մեր ժողովրդի կողմից:

Եվ նորից կարեւոր չէ, որ այդ «հայ կոմունիստները» օգտվում էին հայ ժողովրդի հարգանքից ավելի շատ այն պատճառով, որ, ի դեմս իրենց, ժողովուրդը հարգում եւ հիշում էր «կոմունիստ հայերին»:

Կարեւոր չէ նաեւ այն, որ 1988 թվականին հայկական ազգային վերածնունդի պահին մեկ մարդու նման մեր ժողովուրդը ընտրեց ազգային շահը օտարամոլության փոխարեն, իսկ այսօր այդ նույն ժողովուրդը մտածում է փախչել Ռուսաստան եւ ստանալ ռուսական քաղաքացիություն:

Կարեւոր չէ նաեւ, որ 1988 թվականին մենք մեկ մարդու պես ասացինք, որ ընդունակ ենք պետականություն կերտել առանց ռուսական խորհուրդների եւ դրածոների, իսկ 2014 թվականին աջ ու ձախ գոռալՙ որ մենք ընդունակ չենք սեփական պետականություն ունենալ եւ հայրենասիրության վառ օրինակ է պետական մարմինների ցանկացած օրինական որոշումը արժեքազրկել եւ չընդունել :

Կարեւոր չէ նաեւ, որ մի կողմից մեր քաղաքական վերնախավը իշխանությունը օգտագործում է որպես սեփական բարեկեցության աղբյուր , իսկ մյուս կողմից իրենց հետ պայքարող ընդդիմությունը նույնն է ուզում եւ միայն ինչ-ինչ բառերի միջոցով փորձում է դա թաքցնել եւ արժեքազրկել պետական կառույցների գործունեությունը ու լինել ամեն ինչի դեմ:

Բայց ես շեղվեցի: Կներեք: Ես ուրիշ բանի մասին էի խոսում: Եկեք ամեն մեկս «կոմունիստ հայ»-ի դագաղի վերջին մեխին վերջին հարվածը տանք, հետո գնանք ռուսական դեսպանություն եւ ստանանք քաղաքացիություն, հետո գնանք «Զվարթնոց» օդանավակայան (քանի չեն քանդել) եւ անջատենք լույսը Հայաստանի եւ օտարության մեջ մեծ հիասթափությամբ ռադիոյով ապարդյուն որոնել «Երեւանն է խոսումը» :

Իսկ ավելի լավ կլինի, որ մեր հանրությունը հասկանա մի շատ պարզ ճշմարտությունՙ եւ «կոմունիստ հայերը», եւ «հայ կոմունիստները», եւ «ոչ կոմունիստ հայերը», եւ «երիտհայերը», եւ մենք բոլորս հայրենասեր ենք, բոլորս ուզում ենք, որ Հայաստանը լինի զարգացած եւ առաջադեմ երկիր, որ հայ ժողովուրդը օտարության չձգտի... Եվ դրա համար անհրաժեշտ է հասկանալ, որ մենք չունենք իրավունք ամաչելու մեր նախկին առաջնորդների համար եւ պարտավոր ենք իրենց հիշել եւ հարգել: Այդ թվումՙ արձաններ տեղադրել ...

Իհարկե, եթե ինքնահաստատման բարդույթ եւ թշնամիների անհրաժեշտություն չունենք:

Խմբագրի կողմից.- Սա միակ անդրադարձը չէ նախորդ շաբաթ տպված իմ սյունակի: Դրանցից ընտրեցինք մեր թերթի ինտերնետային ծառայության պատասխանատուի հոդվածը, որն ավելի հանգամանալից է:

Կարելի է այդ հոդվածին պատասխանել (եւ կարծում եմՙ թեման ամենեւին չի սպառվել) ավելի մանրամասն: Սակայն տեղի սղությունը ստիպում է ինձ բավարարվել մեկ դիտարկմամբ:

Իմ հոդվածում ուղիղ գծային եւ ժամանակագրական սահմանազատման փորձ չեմ կատարել «հայ կոմունիստների» ու «կոմունիստ հայերի» միջեւ: Այդ երկու «տեսակի» հայերը, եթե կարելի է այսպես արտահայտվել, սովետական 70 տարիների ընթացքում ապրել ու գործել են կողք¬կողքի, իրար մեջ, հաճախ ընդելուզված միեւնույն պաշտոններում: Փաստելու համար իմ ասածը, բավական է նշել Ս. Հայաստանի Կենտկոմի մեր երկու քարտուղարներինՙ Ալեքսանդր Մյասնիկյանին եւ Աղասի Խանջյանին, որոնց ճակատագիրը հայտնի է բոլորիս: Մյուսներից կարելի է նշել նրանց ժամանակ ու նրանց կողքին գործող տխրահռչակ Մուղդուսուն:

Երկրրոդՙ ուզում եմ վերհիշեցնել հիշյալ սյունակում ընդգծածս. եթե Անաստաս Միկոյանը արժանի լիներ Երեւանում արձան կամ հուշարձան ունենալու պատվին, հայ կոմունիստները կանեին դա...

Հ. Ա.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ