RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-11-27 12:16:23ՀՀ-ն պարտավոր է դադարեցնել եռակողմ հայտարարության իրականացումը մինչև․․․
2020-11-27 11:56:10Արցախի պարետի և Արայիկ Հարությունյանի հրամանով առևանգվել է նաև Ալեքսանդր Քանանեանը․ քաղաքագետ
2020-11-25 21:43:50Ռուս խաղաղապահների համազգեստով ադրբեջանցներ են մտել հայկական գյուղեր(տեսանյութ)
2020-11-25 12:31:45Հայաստանն ինքն էր հրաժարվել անօդաչուների դեմ ռուսական համակարգերից
2020-11-24 16:11:51Թուրքիան զինյալներով է վերաբնակեցնում Արցախը
#012, 2014-05-16 > #013, 2014-05-23 > #014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014



Տեղադրվել է` 2014-05-30 00:51:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 2374, Տպվել է` 31, Ուղարկվել է էլ.փոստով` 19

ԾԱՌԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ...

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Հայոց անկախության վերահաստատումը ծանր ու դժվարին եղավ: 88-ի ավերիչ երկրաշարժն ու Ղարաբաղյան հարցի աննախադեպ պոռթկումը, երկրում հանգեցրին յուրատեսակ քաոսի: Ստեղծվել էր անկառավարելի վիճակ:

Թուրք-ազերիների վայրագություններն ու անզիջում դիրքորոշումը հանգեցրեց անկախության ուղին նոր-նոր ոտք դրած Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի: Պատերազմ, որի ընթացքում, փաստորեն, հերթական անգամ լուծվում էր հայության լինելիության խնդիրը: Կիսավեր տնտեսության պայմաններում մեր ժողովուրդը լարեց վերջին ուժերը սեփական երկրին, հայրենի տարածքներին ու արժանապատվությանը տեր կանգնելու համար:

Սպիտակի ավերիչ երկրաշարժից կիսավեր դարձած ու ընթացող պատերազմից ուժասպառ եղած հանրապետությունն ունեցավ նաեւ դժվարություններ. մթերքը չէր բավարարում, իր սեփականը չունեցող երկրում, բնականաբար, էներգակիրների զգալի պակաս կար, շրջափակումների հետեւանքով մատակարարումների խափանումներ էին լինում, թալանվում էր ՀՀ առաքվող բեռների մեծ մասը: Բնությունն էլ իր չար կատակն էր խաղում. այդ տարիներին աննախադեպ ցրտեր էին...

Ազգովին մրսում էինք, մի կերպ դիմանում: Սակայն փոքրերը չէին հասկանում, սնունդ ու ջերմություն էին պահանջում: Չգիտեմ առաջին անգամ որտեղ եւ ով, բայց ինչ-որ մեկը սղոց ու կացին վերցրեց, գիշերը, գաղտագողի կտրեց առաջին ծառը, հետո երկրորդը, երրորդը: Ծառերն աճող էին, թաց ու չէին էլ այրվում, այլ ծխում էին շարունակ, կուրացնում վառարանների շուրջ տաքանալու հույսով կուտակված հարեւան-բարեկամներին: Մարդիկ ավելի շատ ներշնչում, իրար շնչով էին ջերմանում, քան թե հավերժական ծխացող ծառերի այդպես էլ չայրված կտորներից:

Մեկը տասը դարձավ, տասը հարյուր: Հետո անտառ գնացին, հատեցին, քաղաք բերեցին ու սկսեցին վաճառել: Ժամանակին ամենաշահավետ գործառույթներից մեկը փայտահատությունն ու վառելափայտի վաճառքը դարձավ: Երեւանում հատուկ տարածքներում միշտ փայտով բարձված մեքենաներ էին կանգնած: Վաճառքում առկա էր կտրված, ջարդված, վառարանի չափերին հարմար պատրաստի վառելափայտ:

Պատերազմը դադարեց: Հաղթեցինք: Հետո հասկացանք, որ ծառի ու անտառի մեծ կորուստներ ենք ունեցել, իսկ առանց դրանց` ապրել չի լինի: Ծառերը բնության թոքերն են, մեզ թթվածին մատակարարողները: Ու սկսվե՜ց: Սկսվեց մի գործընթաց, որը շարունակվում մինչ օրս, սակայն...:

Մի ժամանակ զուտ մարդկային հետաքրքրությունից դրդված հավաքում էի ամեն գարնանն ու աշնանը տարբեր ԶԼՄ-ներում, տպագիր ու էլեկտրոնային մամուլում հրապարակվող հաշվետվություններում տեղ գտած թվական տվյալները, բաղդատում դրանք, մաքրում կրկնություններից ու, չեք պատկերացնի, անչափ ուրախանում էի, հրճվում, քանի որ այդ թվերի հանրագումարի նույնիսկ կեսի իրականանալու դեպքում, Հայաստանս մեծ մասամբ անտառածածկ էր լինելու: Բայց ավա՜ղ:

Ամեն տարի, հատկապես գարնանը, համատարած ծառատունկ է կատարվում: Հողի բարեհոգությանն են հանձնվում հազարավոր տնկիներ: Մարդիկ`մոռացած դիրք ու պաշտոն, տարիք ու սեռ, դուրս են գալիս ծառատունկի: Տնկում են, կիսատ-պռատ ջրում, նկարվում, հարցազրույցներ տալիս ու իրենց առաքելությունն ավարտված համարում: Հարցի ամենացավոտ մասն էլ հենց սա է` ավարտված համարում: Իսկ նորատնկիները մի քիչ շնչում են, կառչում հողին, սակայն ամառվա տապին չեն դիմանում, շնչահեղձ են լինում ու չորանում:

Կարծում եմ, որ թվերն ու անունները ոչինչ չեն փոխի, եթե հրապարակվեն: Պարզապես հարկավոր է տնկել թեկուզ շատ քիչ թվով ծառեր, սակայն տեր կանգնել է պետք, որ նրանք ապրեն: Այս դեպքում ավելի արդյունավետ ծառատունկ կունենանք, իսկ վերջում նաեւ կանաչ ծառեր եւ ոչ թե չորացած ցողուններ: Իսկապես, եկեք սրտացավ լինենք, իզուր քամուն չտանք այն գումարները, որոնք ծախսվում են նոր տնկիներ աճեցնելու համար, այլ այդ գումարների կեսը թեկուզ տրամադրենք, ջրենք ժամանակին եւ, հավատացնում եմ, իսկապես անտառներ կունենանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 30-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ