RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1661, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՏԵՆԴՆ ՍԿՍՎԵՑ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Աղքատների բողոքըՙ նույնպես

Մինչ այս տողերը հանձնվում են թղթին, Սան Պաուլոյի «Արենա Կորինթիանս» մարզադաշտում արդեն ավարտվում է Մունդիալի հանդիսավոր բացումը եւ շուտով կսկսվի Բրազիլիա-Խորվաթիա խաղը: Պատմական պահ էՙ 64 տարվա ընդհատումից հետո Բրազիլիան նորից է հյուրընկալում աշխարհի լավագույն ֆուտբոլային հավաքականներին, այս անգամՙ 32 թիմերի, վիճարկելու համար Աշխարհի գավաթը: Դեղին-կանաչ տարազներով տասնյակ հազարավոր բրազիլացի ֆուտբոլասերներ գրավել են մարզադաշտի մեծ մասը ու նրանց մեջ աչքի է զարնում մանավանդ ավանդական թմբկահարը, որի հսկա թմբուկի զարկը մենքՙ աշխարհի միլիարդավոր ֆուտբոլասերների հետ դեռ կլսենք մեկ ամիս շարունակ, մինչեւ հուլիսի 13-ը: Կլսենք ու մեկընդմեջ կմտորենք, թե ֆուտբոլն այդ ի՞նչ կախարդական խաղ է, որին ակնդետ հետեւում է աշխարհի բնակչության առնվազն կեսը, իրեն զրկելով քնից, հանգստից, երբեմն անգամ ուտելիքից, հաճույքներից...

Սակայն այս անգամ բրազիլական թմբուկի ձայնը չի կարողանա խլացնել դրսումՙ երկրի 12 մարզադաշտերից հեռու թաղամասերում մոլեգնող բողոքի ձայնը միլիոնավոր այն բրազիլացիների, որոնք արդեն մեկ տարուց ավել ցույցերով, երթերով ու հանրահավաքներով պահանջում են կառավարությունից բարելավել իրենց կենսապայմանները, բարձրացնել աշխատավարձը, դեմն առնել ազգային եկամտի անհավասարաչափ բաշխմանը, ավելացնել բնակֆոնդերը, առավել մատչելի դարձնել կրթությունը, բարեփոխել հանրային առողջապահության ու տրանսպորտի վիճակը, նվազեցնել գործազրկությունը: Եվ սա այն երկրում, որը գտնվում է աշխարհի ամենահարուստ 20 երկրների ցանկում:

Բողոքի ցույցերի կազմակերպիչներըՙ ամեն տեսակի արհեստակցական միություններ ու տարբեր կուսակցություններ, երկրի նախագահ տիկին Դիլմա Ռուսեֆի կառավարությանը իրենց պահանջները պարտադրելու համար, ահա, բարձրակետ են ընտրել ներկա պահըՙ Մունդիալը, որի հաջող անցկացումը, բնականաբար, կառավարության պատվի գործն է: Իսկապես հարմար պահՙ 600 հազարից ավելի օտարերկրյա ֆուտբոլասերների ներկայություն, շուրջ 7000 արտասահմանյան լրագրողներ, համաշխարհային հեռուստատեսային մեծագույն դիտելիություն... Նրանք մեղադրում են կառավարությանը, ՖԻՖԱ-ին եւ տեղի ֆուտբոլի ֆեդերացիային Մունդիալի համար 11 մլրդ ծախսելու մեջ, ամբաստանելով նրանց ճգնաժամային պայմաններում կոռուպցիայի, մսխումների եւ չարաշահումների համար:

Երկրի նախագահը այդ բոլորին պատասխանում է շատ հակիրճՙ «Դրսից ժամանած ֆուտբոլասերները հո իրենց ճամպրուկներում չեն դնել-տանելու նորակառույց կամ վերակառույց մարզադաշտերն ու մյուս ինֆրակառույցները: Դրանք մնալու են մեզ: Եվ այդ ամենից սպասվող եկամուտները կրկնակի ու եռակի գերազանցելու են ծախսերը»:

Սակայն դժբախտությունն այն է, որ տիկին նախագահի այդ հստակ արդարացմանը ուղեկցում են Սան Պաուլոյի, Ռիոյի եւ մյուս քաղաքների փողոցներում հատուկ այս առթիվՙ այլմոլորակային զինվորների նման համազգեստներով հանդերձավորված ոստիկանների, ձիավոր թե հետիոտն, արցունքաբեր գազերն ու ռետինե փամփուշտներըՙ ցուցարարների ու գործադուլավորների դեմ:

Անշուշտ, մեկ ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինելու բազմաթիվ գոլերի: Բայց նաեւՙ սեփական ժողովրդի դեմ անվտանգության ուժերի արձակած գնդակների...

Մունդիալն սկսվեց: Չեմ կարող ընթերցողներիս անխառն բարի վայելում մաղթել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ