RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 2341, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՄՈՍՈՒԼԸ ԵՎ ՆԻՆՎԵԻ ՆԱՀԱՆԳԸՙ ՋԻՀԱԴԻՍՏՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ

Պ. Ք.

Նրանց օգնում են սուննիները

Իրաքի հյուսիսում գտնվող նավթառատ Մոսուլ քաղաքը եւ ամբողջ Նինվեի նահանգը հունիսի 10-ից ապստամբ իսլամիստների ձեռքին են, որոնք արդեն գործողություններ են սկսել սահմանային Սալահեդդինի նահանգի գրավման նպատակով եւ առաջանում են դեպի Բաղդադ: Այդ մասին հայտարարել է Իրաքի խորհրդարանի նախագահ Ուսամա ալ Նուջայֆին: Նա Ֆրանսպրեսի թղթակցին պատմել է, որ Քրդստանի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին, ինչպես նաեւ իրաքցի զինվորական եւ քաղաքական որոշ գործիչներ «անհրաժեշտ են համարում Իրաքի բոլոր ուժերը միավորել եւ աշխարհի ղեկավարներին ահազանգել ահաբեկիչների հարձակումը կասեցնելու նպատակով»:

Մոսուլը մայրաքաղաք Բաղդադից 400 կմ հեռավորության վրա է եւ անցյալում եղել է «Ալ Ղաիդայի» հենակետերից մեկը: Քաղաքը հեռու չէ Քրդական ինքնավար շրջանից: Քրդերը կազմում են Մոսուլի բնակչության զգալի մասը: Նինվեի նահանգը սահմանակից է Սիրիային, որի տարածքում են գտնվում իսլամիստ գրոհայինների հենակետերը:

«Ֆիգարո» թերթը հավելում է, որ առաջին անգամ է, որ սուննի ապստամբները Իրաքում մի ամբողջ նահանգ են գրավում, որի գլխավոր քաղաք Մոսուլը մեծությամբ Իրաքի երկրորդ քաղաքն է: Սուննի ապստամբների մեջ մեծամասնություն են կազմում «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները, ուստի կարելի է խոսել Իրաքում ջիհադիստների խոշոր հաջողության մասին: Իսլամիստների գլխավոր թիրախը Իրաքի շիա վարչապետ Նուրի ալ Մալիքին է: Նրա հանդեպ թշնամաբար տրամադրված իրաքյան ցեղախմբերն օգնում են սուննի ապստամբներին, որոնք արդեն իսկ վերահսկում են Բաղդադից 60 կմ արեւմուտք գտնվող Ֆալլուջա քաղաքը եւ Բաղդադից 80 կմ հյուսիս ընկած Ռամադի քաղաքի որոշ թաղամասեր: Վերջին ամիսներին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորումը փորձում է իր վերահսկողության տակ առնել Իրաքի սուննիաբնակ բոլոր տարածքները, որպեսզի արեւմուտքում միավորվի Սիրիայում արդեն գործող ջիհադիստների հետ: Արեւմտյան աղբյուրները վերջիններին կոչում են ահաբեկիչներ, իսկ Սիրիայում կռվող նրանց զինակիցներինՙ ապստամբներ եւ ազատամարտիկներ...

Իրաքում ապստամբ ջիհադիստներին օգնում է բնակչության այն մասը, որին զզվեցրել է վարչապետ Նուրի ալ Մալիքիի հակասուննի քաղաքականությունը, ընդգծում է «Ֆիգարոն»: Իրաքի բանակը եւ անվտանգության ծառայությունները անկարող են դիմագրավել իսլամիստներին: Վերջին ամիսներին բանակում շատացել են դասալքության դեպքերը, եւ վարչապետ Մալիքին ստիպված օգնություն է խնդրում աշխարհազորային ջոկատներից, նաեւ Արեւմուտքից: Սուննիաբնակ շրջաններում ապստամբները վերահսկում են մայրուղիների հատվածներ ու դրանով իսկ խոչընդոտում են կամավոր բանակի տեղաշարժերը:

Արաբական մամուլի տվյալներով, կենտրոնական կառավարությունը ներկայումս վերահսկում է Իրաքի տարածքի հազիվ կեսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ