RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1597, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔԻ» ԿԱՍԵՑՈՒՄԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑ Է

Պ. Ք.

Ի վերջո կհաղթեն գործարարների շահերը

Ռուսաստանի պաշտոնական անձինք հայտարարում են, որ Բուլղարիայում օրերս «Հարավային հոսք» գազամուղի ցամաքային մասի շինարարության կասեցումը փաստորեն նշանակում է Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների ձեռնարկում:

Հունիսի 8-ին հայտնի դարձավ, որ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին կարգադրել է «Հարավային հոսքի» շինարարությունը կասեցնելՙ մինչեւ Եվրոհանձնաժողովի դիտողությունների վերացումը:

Եվրոմիությունում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ բուլղարական կողմը նման որոշում է ընդունել արտաքին քաղաքական ուժգին ճնշման հետեւանքով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵՄ իշխանությունների դիրքորոշումն անվանել է ապակառուցողական:

Բուլղար վարչապետի հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Սոֆիա այցելեցին ամերիկացի մի խումբ սենատորներ Ջոն Մակքեյնի գլխավորությամբ: Չիժովի կարծիքովՙ տվյալ դեպքում խոսքը Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված «զուտ քաղաքական որոշման» մասին է:

BBC-ն հիշեցնում է, որ վերջերս ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատար Գյունտեր Էթինգերը իր հարցազրույցներից մեկում «Հարավային հոսքի» կառուցումը ուղղակիորեն շաղկապել էր Ուկրաինայի իրադրության հետ: Այս կապակցությամբ Չիժովը ընդգծում է, որ «Հարավային հոսքի» շինարարության մրցույթում հաղթած «Ստրոյտրանսգազ» ընկերությունը չի մտել ԵՄ¬ում պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկի մեջ, սակայն հայտնվել է ԱՄՆ¬ի կազմած «սեւ ցուցակում»:

Ռոյթեր գործակալության տվյալներով, պաշտոնական Վաշինգտոնը Սոֆիային նախազգուշացրել է, որ «Ստրոյտրանսգազի» հետ համագործակցող բուլղարական ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների:

Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ «Հարավային հոսքի» նպատակն է նվազեցնել կախվածությունը Ուկրաինայիցՙ որպես գազի տարանցման երկրից:

«Գազպրոմը» եւ «Բուլղարիայի էներգետիկ հոլդինգը» նոր գազամուղի կառուցման համաձայնագիրը ստորագրել են 2009 թվականին նախագծի համաձայն, Բուլղարիայում պետք է ստեղծվի երկու խողովակաշար (դեպի Հունաստան եւ Սերբիա), որոնցով Կենտրոնական եւ Հարավային Եվրոպային ռուսական գազի մատակարարումների տարեկան ծավալը պետք է հասնի մինչեւ 63 մլրդ խորոմետրի: Ըստ որում, գազը սպառողներին պետք է հասնիՙ շրջանցելով Ուկրաինան:

2009-ի մայիսին հայտարարված մրցույթում հաղթեց «Ստրոյտրանսգազ կոնսորցիումը», որի մեջ մտնում են ռուսական «Ստրոյտրանսգազը» եւ բուլղարական «Gasproekt Jug AD»-ն: Եվրոհանձնաժողովի գլխավոր առարկությունն այն է, որ աճուրդի անցկացման ժամանակ կարող էին խախտված լինել ԵՄ նորմերը, քանի որ շինարարական աշխատանքների կապալառուներ են դարձել բուլղարական եւ ռուսական ընկերություններ: 2014 թ. հունիսի սկզբին Եվրոհանձնաժողովը հատուկ նամակով Սոֆիայից խնդրեց նախագծի հետ կապված աշխատանքները սառեցնել, քանի դեռ չի ստուգվել մրցույթի համապատասխանությունը եվրոպական օրենքներին:

Անկախ փորձագետ Ալեքսեյ Մակուշկինի կարծիքովՙ «Հարավային հոսքի» շինարարությունը կասեցնելու Բուլղարիայի որոշումն ունի քաղաքական ենթատեքստ, քանի որ տվյալ նախագիծը սահմանում է Ռուսաստանից կախվածության աստիճանը: «Հարցը միայն Եվրոհանձնաժողովի դիրքորոշումը չէ: Վերջնական որոշումը կընդունվի ըստ այն բանի, թե գործարարների ազդեցության խմբերը որքանով են շահագրգռված խողովակաշարի ստեղծմամբ», կարծում է Մակուշկինը:

Բուլղարիայի էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնեւը հունիսի 9-ին հայտարարեց, որ իր երկիրը մտադիր չէ հրաժարվել «Հարավային հոսքից» եւ հույս ունի շարունակել շինարարական աշխատանքները այն բանից հետո, երբ Բրյուսելը կստանա իր բոլոր հարցերի պատասխանները:

Եվրոհանձնաժողովի նախագահ Սագինա Բերգերը հրաժարվել է մեկնաբանել Ստոյնեւի հայտարարությունը եւ միայն ողջունել է նախագիծը սառեցնելու Սոֆիայի որոշումը:

Բուլղարիան Եվրոմիության ամենաաղքատ երկիրն է եւ գրեթե ամբողջապես կախման մեջ է ռուսական գազից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ