RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1584, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԱՏ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Եթե քառյակի կարծիքով «երկիրն այս ծանր ճգնաժամից դուրս բերելու համար» պետք է, օրինակ, անցում կատարենք «հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի», ապա իշխանության համար լրիվ տրամաբանական կլինի, որ երկիրը թեկուզ ճգնաժամից դուրս բերելու (իրենք ասում են` զարգացնելու) համար հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցումը ամենեւին էլ միջոց չլինի: Մյուս կողմից, մի տեսակ անտրամաբանական է ստացվում, որ հարյուր տոկոս համամասնականը ցանկանում է ոչ թե ուժեղ ՀՀԿ-ն, այլ` «հասարակության մեջ ոչ այնքան ազդեցիկ» ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը»: Այսինքն, ո՞վ ասաց վերջիններիս, որ հարյուր տոկոս համամասնական ընտրակակարգին անցումը հրաշալի միջոց չի լինելու ՀՀԿ-ի համար` պահպանելու եւ ավելացնելու իր քաղաքական մենաշնորհը երկրի ընդհանուր կառավարման գործում: Հետեւաբար, քառյակը իր` իշխանություններին ներկայացրած տասներկու կետանի պահանջագրում, գուցե` «անցում կատարել հարյուր տոկոս ընտրական համակարգին» կետի փոխարեն առաջարկեր` օրենսդրորեն բացառել քաղաքական մենաշնորհի գոյացո՞ւմը... Աստված գիտի: Տվյալ պարագայում, երեւի, քառյակն Աստծուց ավելի լավ գիտի:

Բայց ի՞նչ է նշանակում առհասարակ «քառյակի առաջարկություն» կամ «պահանջագիր» ասվածը: Ենթադրելի է, որ եթե մի բան կոչվում է «քառյակի», ուրեմն այն համընդհանուր է քառյակում ներառված բոլոր քաղաքական ուժերի համար ու ամբողջացնում է նրանց դիրքորոշումները: Սակայն, գաղափարական, իսկ ավելի ճիշտ` զուտ քաղաքական տարբեր խնդիրներ լուծուղ ու նպատակներ իրագործող քառյակի «համատեղ դիրքորոշում» ասվածը ինքնին վստահություն չի ներշնչում: Օրինակ, նույն քառյակը ներկայացնող «Ժառանգություն» կուսակցությունում ամենեւին էլ ոչ վերջին մարդ Ստյոպա Սաֆարյանը վերջերս կարծիք հայտնեց, թե «Քառյակի շրջանականերում համագործակցությունը չի ենթադրում քաղաքական դաշտում ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիա, այլ քառյակի համագործակցությունը զուտ խորհրդարանական խմբակցությունների մակարդակով է արվում` առանձին հարցերի շուրջ եւ դուրս չի գալիս խորհրդարանի սահմաններից»: Մինչդեռ քառյակը նախատեսում է աշնանը համատեղ հանրահավաք անել, հասկանալի է, «խորհրդարանի սահմաններից» դուրս: Ուրեմն կամ Ստյոպա Սաֆարյանը, լինելով քառյակը ներկայացնող մի ուժի ներկայացուցիչ, այդքան էլ լավ չի պատկերացնում քաղաքական այս ուժերի համագործակցության բնույթն ու սահմանները, կամ էլ Ստյոպա Սաֆարյանը քառյակում այն եզակի անդամներից է, ովքեր անկեղծ են:

Կամ, ինչպե՞ս, ինչի՞ հաշվին քառյակը կարող է ունենալ միասնական դիրքորոշում-կարծիք, երբ նրանում ընդգրկված ուժերից որոշների, օրինակՙ ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներսում միասնական դիրքորոշում չկա, չի ձեւավորվում: Ասենք, ՀԱԿ խմբակցության անունից Լեւոն Զուրաբյանը կարող է հայտարարել, որ իրենք ԱԺ նախագահի ընտրությանը չեն մասնակցում, բայց ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն իր թեկնածությունը դնի այդ ընտրություններում, իսկ մեկ այլ խմբակցական Նիկոլ Փաշինյանը մասնակցի այդ ընտրությանը, դա պայմանավորելով` Հրանտ Բագրատյանին ընտրելու իր «բարոյական պարտքով»:

Այնպես որ, երբ ասում ենք` քառյակի համատեղ... ինչ-որ բան, պետք է նախ հասկանալՙ քառյակ ասելով ո՞ւմ կոնկրետ նկատի ունենք, հասկացանք` ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին ու «Ժառանգությանը», բայց, այդուհանդերձ, կոնկրետ ո՞ւմ: ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանին, Ստեփան Մարգարյանին, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանին, Արծվիկ Մինասյանին (հաճախ նրա փոխարեն` Աղվան Վարդանյանը), ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանին, Արամ Մանուկյանին, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանին, միայն նրան: Այսինքն այս մարդիկ քառյակի անունից համատեղ նիստեր, խորհրդակցություններ են անում, ինչ-որ ընդհանուր օրակարգային կետեր մշակում, դրանք փոխհամաձայնեցնում, իսկ օրերս էլ հանդես եկան համատեղ պահանջագիր-հայտարարությամբ: Իրավաբանական տեսանկյունից, այսպես կոչված` դե յուրե, կամ ժողովրդական լեզվով ասած` «շառից-փորձանքից հեռու», այդ պահանջագիրը ոչ այնքան քառյակի համատեղ հայտարարությունն է, այլ հիշյալ անձանց ընդհանուր փոխհամաձայնության արտացոլանքը:

Բայց անգամ սա չէ կարեւորը: Տասներկու կետանի պահանջագրի առնվազն ինը-տասը կետերում «քառյակը» իշխանություններից պահանջում է հիմնականում օրենսդրական, անգամ սահմանադրական փոփոխություններ ենթադրող գործողությունների իրականացում: Թվում է, նորմալ է, բայց խնդիրն այն է, որ իշխանությունն, ըստ «քառյակի» պետք է այս կետերն իրագործի մինչեւ սեպտեմբերի վերջ, այսինքն ամռան ընթացքում, այսինքն այն ժամանակ, երբ «քառյակն» ինքը հանգստանում է, մեր երկրում օրենքներ ընդունող, օրենսդրական փոփոխություններ կատարող մարմինը` խորհրդարանը` նույնպես:

Չի՞ հասկանում սա քառյակը: Հնարավոր է, զուտ այն պատճառով, որ անհնարին բան չկա: Իսկ եթե հասկանում է, ուրեմն ամբոխահաճությա՞մբ է զբաղված: Չի բացառվում: Համենայն դեպս որեւէ երկրում որեւէ ընդդիմության գործունեություն հաճախ է խառնվում ամբոխահաճությանը: Չի բացառվում, որ քառյակն ուղղակի իր` գալիք աշնանը նախատեսված համատեղ հանրահավաքի օրակարգ-թեման է հստակեցնում, քանի որ արդեն հայտարարվել է, որ այդ հանրահավաքին խոսվելու է տասներկու կետանի պահանջագրի կատարողականից ու ըստ այդմ որոշվելու է քառյակի հետագա անելիքները: Հասկանալի է, որ Մելիք Ադամյան փողոցում չեն էլ պատրաստվում այդ պահանջագիրը կարդալ, ընդ որում` երկու պատճառով. նախ այդ փողոցում այդ փաստաթուղթը ընկալելի է որպես ծիծաղելի, ապա եւ կարդալ այն, կնշանակի` աշխատել, իսկ ինչո՞ւ պետք է Մելիք Ադամյանում աշխատեն, երբ ընդդիմությունը մեկնում է ամառային հանգստի, չնայած` երկիրը, «ինչպես գիտենք», «խորը ճգանաժամի մեջ է», կա վարկած, որ` «ռեժիմի ճիրաններում»:

Իսկ ժողովո՞ւրդը, ժողովուրդը, կարծում ենք, արդեն հասկացել է, որ վատ իշխանությունը պետությանն է վնաս, իսկ վատ ընդդիմությունը` պետության ապագային: Գուցե այդ պատճառով էլ գնում է:

Հ. Գ.- Քառյակի` իշխանությանն ուղղված տասներկու կետանոց պահանջագրի իններորդ կետով, օրինակ, իշխանությունից պահանջվում է` «Տնտեսական մենաշնորհների վերացում եւ ազատ տնտեսական գործունեությունը երաշխավորելու մեխանիզմների ստեղծում»: Սա` մինչեւ սեպտեմբերի վերջ, այսինքն քառյակը հրաշալի հասկանում է, որ իշխանությունը` ոչ այս, ոչ` վաղվա, չի կարող երեք ամսում տնտեսական մենաշնորհները վերացնել եւ «ազատ տնտեսական գործունեության համար երաշխիքներ տալ»: Եթե այդպես լիներ, գուցե քառյակ չլիներ, համենայն դեպս ԲՀԿ-ն հաստատ այնտեղ չէր լինի, եթե առհասարակ ԲՀԿ-ն լիներ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ