RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#014, 2014-05-30 > #015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014



ՕՐԱԽՆԴԻՐ

Տեղադրվել է` 2014-06-14 17:24:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 1732, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՐԿՐՈՐԴ ԹԱՆԿԱՑՈ՞ՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հանձնաժողովում նո՞ր իմացան վաղօրոք հայտնի ծախսերի մասին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 4-ի հայտարարությունը էլեկտրաէներգիայի գործող սակագների 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) բարձրացման մասին, նման էր խաղաղ երկնքում ճայթած կայծակի: Դեռ մեկ տարի առաջ էր հանձնաժողովը վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը եւ նախկին 30 դրամի փոխարեն սահմանել 38 դրամ 1 կՎտժ-ի համար: Եվ ընդամենը մեկ տարի անց հայտարարվում է սակագների նոր բարձրացման անհրաժեշտության մասին, որի դեպքում, ըստ հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, ցերեկային սակագինը կլինի 41,85 դրամ, գիշերայինը` 31,85 դրամ:

Հիշեցնենք, որ ըստ վերոնշյալ հայտարարության, հանձնաժողովը, շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ծախսերի եւ պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները եւ պարզել, որ «սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ»: Դրանից ելնելով էլ, հանձնաժողովն իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, նշելով, որ նախնական գնահատմամբՙ «էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար»:

Հանձնաժողովի կայքում տեղադրված են նաեւ այն ծախսերի մեծությունները, որոնք անհրաժեշտ են էներգետիկ համակարգի ընկերություններին ֆինանսական ճեղքվածքը ծածկելու համար եւ նշված են, թե որո՞նք են եղել նման իրավիճակի պատճառները յուրաքանչյուր պարագայում:

Վերոնշյալ 20 մլրդ դրամից ամենամեծ պակասորդն ունեն երկու ընկերություն` «Հայաստանի էլեկտրական ցանցերը»` 6,8 մլրդ դրամ եւ «Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնը»` 7,2 մլրդ դրամ, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայանը»` 2 մլրդ դրամ: Մնացածների պակասորդը ավելի փոքր գումարներ են: Այսինքն, հիմնական խնդիրն առնչվում է այս երեք ընկերություններին:

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» ֆինանսական ճեղքվածքի հիմնական պատճառ է նշվում ատոմակայանի տուրբիններից մեկում վթարային կանգառը եւ դրա պատճառով 300 մլն կՎտ/ժ-ով, ինչպես նաեւ ջրասակավության պատճառով Որոտանի ՀԷԿ-երի կողմից 200 մլն կՎտ/ժ-ով ավելի քիչ էլեկտրական էներգիայի արտադրությունը: Սրանց փոխարեն արտադրվել է Հրազդանի ՋԷԿ-ի ավելի թանկ էլեկտրաէներգիան:

Երեւանի ՋԷԿ-ի դեպքում ավարտվել է կառուցված նոր, ժամանակակից եւ ավելի խնայողական էներգաբլոկի համար տրված վարկի արտոնյալ ժամանակահատվածը եւ այս տարվանից պետք է սկսվի վարկի մարումը, ինչպես նաեւ նախատեսվում է իրականացնել 3 կապիտալ նորոգումներ:

Մնացած ընկերությունների պարագայում անհրաժեշտ են կապիտալ ներդրումների, մաշվածության, անվտանգության ապահովման, շահագործման եւ պահպանման ծախսեր, գնաճով եւ արտարժույթի փոփոխություններով լրացուցիչ գումարներ:

Այս ամենը իմի բերելով, հանձնաժողովում եկել են այն նախնական եզրակացության, որ էլեկտրաէներգիայի 10-11 տոկոսով հավելյալ թանկացման անհրաժեշտություն է առաջացել:

Որքանո՞վ են հիմնավոր հանձնաժողովի հաշվարկները, արդյո՞ք էլեկտրաէներգետիկ ոլորտի ընկերությունները ուռճացված չեն ներկայացնում իրենց գործունեության համար պակասող գումարի չափը, որքանո՞վ են արդյունավետ կառավարվում այդ ընկերությունները, ի՞նչ ռեսուրսներ կան դրանց կառավարումը բարելավելու եւ ծախսերը նվազեցնելու համար, անշուշտ, մասնագիտական քննարկումներ եւ հաշվարկներ պահանջող հարցեր են: Այնտեղ, որտեղ խոսքը գումարային մեծությունների, թվերի մասին է, միտինգային եւ պոպուլիստական հայտարարությունները, ինչպիսին օրինակ` «սակագները 20-30 տոկոսով նվազեցնելու հնարավորություններ կան», բացի հայտարարության հեղինակի համար լրացուցիչ քաղաքական միավորներ բերելուց, ոչ էներգետիկ ոլորտին, ոչ բնակչությանը ոչինչ չեն տալիս: Խնդիրն այն է, որ մասնագիտորեն փաստարկված եւ հիմնավորված հաշվարկներ անողները չկան: Հաշվարկներ, որոնք կպատասխանեն վերեւում բարձրացված հարցերին:

Միեւնույն ժամանակ, անկախ ամեն ինչից, տարօրինակ եւ անտրամաբանական է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ու նաեւ էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների դիրքորոշումը: Անցյալ տարի, երբ փոփոխվում էր էլեկտրաէներգիայի սակագինը, նրանք չգիտե՞ին, որ հաջորդ տարի սկսվելու է Երեւանի ՋԷԿ-ի վարկի մարումը, կամ մնացած ընկերությունների հավելյալ ծախսերը հանկարծ վերջին ամիսների՞ն առաջացան: Լավ, տուրբինի վթարը կամ ջրի սակավությունը հնարավոր չէր կանխատեսել, բայց բնական մենաշնորհներ ունեցող ընկերությունների կապիտալ ծախսերը, շահագործման, պահպանման ծախսերը, ներդրումները հաստատվում են հանձնաժողովի կողմից չէ՞: Դրանք հաստատելուց հանձնաժողովը չէ՞ր տեսնում, որ հնարավոր է 38 դրամ սակագնի մեջ այդ ամենը չտեղավորվի: Եթե չէր տեսնում, ապա գործ ունենք պրոֆեսիոնալիզմի պակասի հետ, իսկ եթե տեսնում էր եւ չէր բարձրաձայնում, ապա դժվար է անգամ բնորոշելը, թե ի՞նչն էր լռության պատճառը: Երկու դեպքում էլ տուժողը սպառողն էր լինելու: Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ: Եթե գազի գինը թաքուն պահելն, ի վերջո, բացասական ազդեցություն չունեցավ սպառողի վրա եւ արդյունքում մենք ունենք ավելի էժան գազի սակագին, ապա այս դեպքում տեղի է ունենալու հակառակը:

Կամ եթե այս տարի տուրբինի վթար է եղել եւ ջրի սակավություն, ինչի հետեւանքով էլ չնախատեսված կորուստներ են եղել, ապա եկող տարիների՞ն էլ են դրանք անպայման լինելու եւ հավելյալ ծախսեր առաջացնելու: Այսինքն, այս տարվա կորուստների հիման վրա նաեւ առաջիկա տարիներին արտադրվող էլեկտրական էներգիա՞ն է թանկանում:

Հաջորդը: Կառավարության կողմից էլեկտաէներգիայի սակագնի հնարավոր թանկացման վերաբերյալ որեւէ առարկայական արձագանք չկա: Ավելորդ է ասել, որ այն սոցիալական բացասական հետեւանքներ կունենա եւ առավելապես ոչ թե ամենաանապահովների վրա, այլ բնակչության այն հատվածի վրա, որն ընդգրկված չէ «Փարոս» համակարգում, բայց դժվարությամբ է հոգում իր առօրյա ծախսերը: Սոցիալապես անապահովները էլեկտրական էներգիան հիմնականում օգտագործում են լուսավորության համար, իսկ ջրի տաքացման եւ ջերմություն ստանալու համար օգտվում են կառավարության կողմից սուբսիդավորվող էժան գազից: Հետեւաբար, իրենց ապրուստը դժվարությամբ վաստակող ոչ նպաստառուների ծախսերի ավելացումը էական կլինի, քանի որ նրանց համար թե գազը, թե էլեկտրական էներգիան արդեն իսկ թանկ արժեն եւ հատկապես ձմռան ժամանակաշրջանում լուրջ գումարներ են տանում:

Վերջին հանգամանքը` էլեկտաէներգիայի թանկացումը հավելյալ ծախսեր կառաջացնի բիզնեսի բազմաթիվ տեսակներում: Կտուժի հատկապես արտադրությունը եւ մասնավորապես փոքր արտադրությունները: Կբարձրանա արտադրանքի ինքնարժեքը, երկու կարեւոր բացասական հետեւանքներ առաջացնելով` արտադրանքը կդառնա պակաս մրցունակ, կբարձրանա նրա վաճառքի գինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #16, 13-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ