RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2014-06-06 > #016, 2014-06-13 > #017, 2014-06-20 > #018, 2014-06-27 > #019, 2014-07-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-06-19 23:36:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2696, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ` ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական համակարգը այս տարվա հուլիսի 1-ից, մասնավորը` 2017-ի հուլիսի 1-ից կանցնեն պարտադիր սոցվճարներին

Կուտակային կենսաթոշակային նոր համակարգում ընդգրկվել են մի շարք սոցիալական երաշխքիներ, որոնք չկային նախկինում: Միաժամանակ, այն որոշակի նահանջ է նախկին համակարգից որպես բարեփոխում, քանի որ համակարգի ամբողջական գործարկումը երկարաձգվում է մի քանի տարով, ինչը ենթադրում է, որ դրա արդյունավետությունն ավելի նվազ եւ ավելի ուշ նկատելի կլինի: Անդրադառնանք հիմնական փոփոխություններին, որ կատարվել են մի քանի օրենքներում` նախանշելով նոր համակարգի հիմնական ուղղությունները:

Նախ` վերանում է պարտադիր կուտակային վճար հասկացությունը, ինչը Սահամանադրական դատարանը համարել է հակասահմանադրական: Դրա փոխարեն սահմանվում է պետբյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար:

Գլխավոր փոփոխությունն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին մասնացելու են միայն պետական աշխատողները ` պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, որոնք ծնվել են 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո:

Կառավարությունում սա բացատրում են այն հանգամանքով, որ հուլիսի 1-ից 40-80 տոկոսով բարձրանալու են պետական ամբողջ համակարգի աշխատողների, թվով մոտ 200 հազար մարդու, աշխատավարձերը, հետեւաբար բարձրացված աշխատավարձից 5 տոկոս սոցվճարի վճարումը սոցիալական վիճակի վատթարացում չի առաջացնի: Մոտեցումը թերեւս տրամաբանական կարելի է համարել: Ընդ որում, կուտակային համակարգում ընդգրկված պետական համակարգում աշխատող անձիք, կարող են իրենց սոցիալական վճարները կատարել իրենց տրամադրվող սոցփաթեթի գումարներից (բացառությամբ առողջապահության համար նախատեսված 52 հազար դրամը), ինչը նույնպես սոցիալական լրացուցիչ երաշխիք է:

Պետական համակարգի այն աշխատողները, որոնք հետագայում անցնում են աշխատանքի մասնավոր հատվածում, մնալու են պարտադիր համակարգում: Այսինքն, նրանք այլեւս չեն կարող հրաժարվել պարտադիր սոցիալական վճարներ կատարելուց:

Նախատեսվում է նաեւ, որ պարտադիր կուտակային համակարգում պետք է ընդգրկվեն բոլոր այն անձինք, ովքեր ծնվել են 1996-ի հունվարի 1-ից հետո եւ 2014-ի հուլիսի 1-ից անցնում են աշխատանքի: Խոսքը, աշխատանքի իրավունք նոր ձեռք բերողների` 18 տարեկանների մասին է

Մասնավոր հատվածում աշխատողները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, որոնք ծնվել են 1974-ի հուվարի 1-ից հետո, կուտակային բաղադրիչին մասնակցում եւ սոցիալական վճար են վճարում միայն 2017-ի հուլիսի 1-ից: Այսինքն, նրանց համար պարտադիր սոցիալական վճարի գործարկումը հետաձգվում է երեք տարով: Մինչ այդ, նրանց կողմից կուտակային համակարգին մասնակցությունը կամավորության սկզբունքով է լինելու: Եվս մեկ կարեւոր հանգամանք` այս դեպքում պետական մասնակցությունը պահպանվելու է: Այսինքն, պետությունը այդ անձանց եկամտային հարկից 5 տոկոսի չափով նվազեցնում է եւ այն փոխանցում նրանց կենսաթոշակային հաշիվներին:

Կենսաթոշակի համար կուտակվող վճարի ընդհանուր գումարի չափը կազմելու է եկամտի 10 տոկոսը, որի կեսը տալիս է պետությունը, մյուս կեսըՙ համակարգի մասնակից անձը: Սահմանվում է պետական մասնակցության առավելագույն շեմ` 25 հազար դրամ: Դրանից ավելի գումար պետությունը չի վճարելու: Նույնը նաեւ աշխատողի համար` 500 հազար դրամ եւ ավելի ստացողների սոցիալական վճարը նույնպես չի գերազացնելու 25 հազար դրամը:

Նոր համակարգում առաջարկվող ամենաընդգծված սոցիալական քայլն այն է, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարը պետք է կատարի գործատուն : Այսինքն, սոցիալական վճարների պահումից հետո, աշխատողին մնացող իրական աշխատավարձը չպետք է ցածր լինի օրենքով այդ պահին սահմանված նվազագույն աշխատավարձի չափից, որը հուլիսի 1-ից կազմելու է 50 հազար դրամ:

Նոր համակարգով նաեւ հնարավորություն է նախատեսվում կուտակած միջոցները ստանալ նաեւ 55 տարեկանից, սոցիալական վճար կատարող անձի երեխայի համար մինչեւ նրա 2 տարին լրանալը պետությունը կատարում է կուտակային վճար` յուրաքանչյուրի համար 5 հազար դրամ:

Պահպանվում է 40 տարեկանից բարձր անձանց համար կամավոր կուտակային համակարգը, որի դեպքում սակայն պետությունը իր կողմից գումարներ չի ուղղում նրանց հաշիվներին: Այսինքն, այս տարիքային խմբի մարդկանց համար կուտակային համակարգին միանալու պետական այս կարեւոր խթանը բացակայում է:

Սրանք են այն հիմնական մանրամասները, որոնք առանձնացրեցինք խորհրդարան ներկայացված օրենքների նախագծերից: Սոցիալական ուղղվածության ավելացումը նոր համակարգում նկատելի է: Սակայն, մասնավոր համակարգի ընդգրկման հետաձգումը եւս 3 տարով ենթադրում է ավելի քիչ խնայողությունների կուտակում, այսպես կոչված` երկար եւ ցածր տոկոսով փողերի նվազում, հետեւաբար տնտեսությանը նոր շունչ հաղորդելու ավելի քիչ հնարավորություններ:

Ինչ մնում է երեկ հնչած հարցադրմանը, թե սոցիալական վճարները ինչո՞ւ պետք է պահվեն միայն մինչեւ 1974 թ-ը ծնվածներից, ապա դրա պատասխանը առավել քան պարզ է եւ հասկանալի նրանց համար, ովքեր իսկապես հարցի պատասխանն են ուզում ստանալ: Մինչեւ 1974 թ-ը ծնվածների համար, ինչպես արդեն նշեցինք, գոյություն չունի պարտադիր կուտակային համակարգ եւ պետական մասնակցություն` նրանց կամավոր կուտակումներին, հետեւաբար ո՞ւմ եւ ինչո՞ւ համար նրանք պետք է սոցիալական վճարներ կատարեն: Գուցե ամեն ինչին դեմ արտահայտվողների եսասիրությունն այն աստիճանի է հասել, որ նրանք ցանկանում են, որպեսզի 40 տարեկանից բարձր անձանց համար սոցվճարներ լինեն դրանք ե՞ւս իրենց ապագա կենսաթոշակներին ուղղելու համար: Դա այն դեպքում, երբ պետական բյուջեից մինչեւ 40 տարեկաններին ուղղվող վճարներն արդեն իսկ կատարվում են բոլոր հարկատուների հաշվին, իսկ դրանից օգտվում են միայն մինչեւ 40 տարեկանները:

Մի անգամ առիթ ենք ունեցել գրելու, կրկնում ենք` ինչպես կուտակային համակարգի հին տարբերակով, այնպես էլ նորով, 40 տարեկանից բարձր անձինք վճարում են ե՛ւ ներկայիս թոշակառուների համար, եւ իրենցից ցածր տարիքի ապագա կենսաթոշակառուների բարեկեցիկ թոշակի համար, իսկ իրենք մնում են բաշխողական համակարգի ներկայիս ցածր թոշակների հույսին: Եվ այդքանից հետո, դժգոհողներն ովքեր են:

Այսպես թե այնպես, մնում է, որ այս կառավարությունն, ի տարբերություն նախորդի, ավելի վճռական լինի եւ մինչեւ վերջ իրագործի այս կարեւորագույն բարեփոխումը` թեկուզ ժամանակի մեջ երկարաձգված եւ ավելի նվազ արդյունավետ: Կբավարարի՞ նրան քաղաքական կամքն ու աջից թե ձախից գալիք ճնշումներին դիմակայելու ունակությունն այս հարցում, կերեւա առաջիկայում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 20-06-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ