RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1760, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Ո՞Վ Է ՄԻՋԱՄՏԵԼՈՒ ՀԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԹԵԺԱՑՄԱՆԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն 4-րդ օրն է, որ երկրագնդի ամենախիտ բնակեցված բնակավայրիՙ Գազայի հատվածի վրա շարունակում են տեղալ իսրայելական հրթիռներն ու ռումբերըՙ ցամաքից, օդից ու ծովից: Զոհվածների թիվը, բոլորն էլ պաղեստինցի արաբներ, ըստ պաշտոնական տվյալների, արդեն անցնում է 75-ը, վիրավորներինըՙ 600-ը: Երեկվա ռմբակոծումներից զոհվել է 8 հոգանոց մի ողջ ընտանիք, որից 5-ըՙ երեխաներ: Ցահալը (այդպես են կոչում հրեաներն իրենց բանակին) 40 հազարանոց զորք է կուտակել սահմանին եւ հայտարարել է մասնակի զորահավաք, ինչը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առիթ է տվել դրությունը գնահատելու որպես «դանակի շեղբի» վրա կանգնելու վիճակ:

Պաղեստինեւիսրայելական հակամարտության այս նոր թեժացման պատճառ է համարվում իսրայելցի 3 պատանիների առեւանգումն ու սպանությունը, որի դիմաց 6 իսրայելցիներ ողջակիզել էին, հուլիսի 8-ին, 16-ամյա մի պաղեստինցու, ինչի առթիվ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն զանգահարել էր սպանված պաղեստինցու հորը եւ վստահեցրել, որ մարդասպաններն անպայման կպատժվեն:

Շուտով պարզվեց սակայն, որ Նաթանյահուի աննախադեպ այդ քայլը ընդամենը երեսպաշտություն էր: Ռազմական հուժկու, դաժան, զուտ դիվանագիտական բառովՙ անհավասարաչափ գործողությունները հաջորդեցին այդ հեռախոսազանգին: Ըստ միջազգային գործակալությունների եղել են նաեւ նոր հեռախոսազանգերՙ բոլորովին այլ բնույթի. «Հինգ րոպեի ընթացքում հեռացեք ձեր տնից, ռմբահարելու ենք»: Հինգ րոպե հետո տունը կործանված-փլված է եղել արդեն, հիմնահատակ:

Անշուշտ ճիշտ է, որ Գազայի անկլավից դեպի Իսրայելի հարավային բնակավայրեր նույնպես օրական հարյուրավոր հրթիռներ են արձակվում, որոնցից, ի դեպ, եւ բարեբախտաբար, դեռեւս ոչ մի իսրայելցի չի զոհվել: Քանզի բոլորովին անհամաչափ է ուժերի հարաբերակցությունը Իսրայելի եւ «Համասի» կամ իսլամիստների միջեւ: Փաստըՙ վերոհիշյալ տվյալներն են. 3 զոհի դիմացՙ 75 զոհ: Դա նոր ծավալների է հասցնում Հին կտակարանի հրեական «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» բանաձեւը, վերածելով այն «աչքի դեմ բազմաթիվ աչքեր, ատամի դեմ բազմաթիվ ատամներ» գործողության:

Եվ հիմա, այս սրված վիճակում, գլխավոր հարցն է առաջ գալիս. իսկ ո՞վ պետք է միջամտի ու միջնորդի, որպեսզի թույլ չտրվի ռազմական էսկալացիայի շարունակումը, որն այս անգամ զինյալ կոնֆլիկտի մեջ ներգրավելու է նաեւ, անկասկած, Լիբանանի «Հըզբոլահիներին»: Հակամարտության նախորդՙ 2012-ի ռաունդին, այդ միջամտությունը շատ ազդու էր եղել Եգիպտոսի նախկինՙ իսլամիստ նախագահ Մոհամեդ Մուրսիի կողմից, մինչդեռ այդ երկրի ներկայիս նախագահըՙ Սիսին, լավ հարաբերությունների մեջ չէ, մեղմ ասած, «Համասի» հետ: Հետեւաբար մնում է ակնկալել Վաշինգտոնի միջամտությունը Իսրայելի վրա, որպես գլխավոր պաշտպան ու հովանավոր այդ երկրի: Այնինչ պետքարտուղարության որոշմամբ Իսրայելում Մ. Նահանգների դեսպանության գրեթե ողջ անձնակազմը նախորդ օրը տուն կանչվեց «անվտանգության մտահոգությամբ», իսկ նախագահ Օբամայի խոսնակը Նաթանյահուի կառավարությանը հորդորեց «վարվել պատասխանատվությամբ»:

Իսկապես, դեռ քանի՞ զոհ է պետք, որպեսզի Իսրայելի վարմունքը որակվի «անպատասխանատու»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ