RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2364, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Ո՞Վ Է ՀԱՎԱԿՆՈՒՄ ԴԱՌՆԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտում չնայած հարաբերական անդորր է` պայմանավորված ամառային հանգստով, ընդդիմադիր քառյակի` հարցերը մինչեւ աշուն տեղափոխելու, ինչպես նաեւ Եվրասիական Միությանը Հայաստանի անդամակցության հարցի առայժմ հետաձգումով, սակայն հատկապես վիզուալ լրատվամիջոցները դիտելիս մարդ կարող է տպավորություն ստանալ, որ մեզ մոտ շուտով նախագահական ընտրություններ են, այնքան որ մի շարք անձինք նախագահական քարոզի շարժեր են անում:

Ոմանց մոտ դա երեւում է աննախադեպ ակտիվությամբ, ինչպես օրինակ վարչապետ Հովիկ Աբրահամյանինն է, որը նախընտրում է ոչ թե աշխատասենյակում նստած մեթոդաբար հարց-հարցի հետեւից լուծել, այլ անընդհատ ուղեւորությունների մեջ է` մեկնում է գյուղեր, սահմաններ, շփվում մարդկանց հետ, ինչը սովորաբար մերոնք անում են ընտրություններին մերձ շրջանի մեջ: Ընդ որում Հովիկ Աբրահամյանի` մարդկանց հետ շփման ծիրում առկա են ինչպես դրական, այնպես ել բացասական երանգներ: Նախ` մարդկանց հետ շփման աբրահամյանական տնավարիությունը գուցե իրենցից մեկը երեւալու խնդիր է փորձում լուծել, սակայն հղի է նրանով, որ բումերանգ որպես կարող է վերադառնալ. երբ քեզ պահում ես ոչ քո ստատուսին համապատասխան կեցվածքով եւ բառուբանով (վերջին հանդիպման ժամանակ Աբրահամյանը գյուղացուն դիմել էր «արայով»), ընդհանրապես մարդկանց կարող է թվալ, որ իրենք քեզանից ավելի լավ կարող են եւ խոսել, եւ խնդիր լուծել, մանավանդ` որ առհասարակ խոստումներին մարդիկ վաղուց այլեւս չեն հավատում: Իսկ ժամանակից շուտ սկսված օլիմպիական մարաթոններին մարզիկների շունչը սովորաբար ինչ-որ պահից չի հերիքում: Ամեն դեպքում ամեն ինչ մատնացույց է անում, որ վարչապետն իրեն ապագա նախագահի թեկնածու է համարում, անկախ նրանից, թե կփոխվի՞ արդյոք սահմանադրությունը եւ ըստ այդմ` կնվազե՞ն նախագահի լիազորությունները: Եւ անկախ նրանից, որ այժմ ամբողջ աշխարհում լիդերների կերպար է փոխվում` բավական խորանում ենք քսանմեկերորդ դարի մեջ ու աշխարհում հետզհետե ընդունելի են դառնում ոչ թե Բեռլուսկոնիի նման փողն ու մաֆիոզ շրջանակներում ազդեցությունը համադրող գործիչները, այլ Անժելա Մերկելի տիպի ուսյալները, ինչը Հայաստանում առայժմ փաստորեն չի աշխատում:

Ապագայում նախագահական մրցավազքին մասնակցելու իր պլանները չի թաքցնում վերջերս ընդդիմացած ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ով խոսում է արդեն այն բանից, որ ներկա թիմը թույլ է` իրագործելու համար Հայաստանի գնալիք ճանապարհին երեւացող խնդիրները, ակնհայտորեն իրեն ու իր թիմին առաջարկելով որպես հարց լուծողներ:

Իհարկե, նրա թեկնածության ճամփին խութերը քիչ չեն լինի` քանի որ մի անգամ հասարակության հույսերը չարդարացնելուց հետո կրկին հույս ներշնչելը շատ է դժվարանում, մեր ժողովուրդն էլ լավ գիտե հայտնի եզրաբանությունը, թե` երբ մի անգամ քեզ խաբում են, խաբողն է մեղավոր, երբ երկրորդ անգամ նույն հանգամանքից ու նույն անձից խաբվում ես` մեղադրիր ինքդ քեզ, այդպիսի ժողովրդին դժվար է տարհամոզելը: Համենայն դեպս մեր ասածի երեւակիչը հենց ՕԵԿ-ի նշանակած հանրահավաքն է լինելու հուլիսի 18-ին, մարդ կհավաքվի` կխոսենք:

Դատելով տարբեր առիթնեերով Դավիթ Հարությունյանի պահվածքից եւ լրատվամիջոցներով ստեպ-ստեպ երեւալու նրա նոր կեցվածքից` չի բացառվում, որ նա եւս նախագահական շարժընթացի մասնակիցներից մեկը դառնա` մանավանդ, որ նրա գիտելիքներն ու պատգամավորական-պաշտոնեական փորձը շատ ուրիշների համեմատ համապատասխանում են բարձր ստատուսի: Ուրիշ բան, որ նրա կամ նրա ազգականի անունը մամուլը կապում է կոռուպցիոն սխեմաների հետ, իսկ երբ ձեւավորվում է լիդերների իմիջը, այս կարգի պատմությունները խորը հետք են թողնում դրա վրա: Այդ կարգի կերպար է նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը , ում նախագահի պաշտոնում տեսնելու որոշակի շրջանակների ցանկության մասին պարբերաբար լուրեր են սպրդում ԶԼՄ-ներ: Եւ լավ կլիներ, որ Հայաստանը քսանմեկերորդ դարի նոր իրողություններով կարողանար ընտրություն կատարել այս կարգի գործիչների միջեւ, սակայն մենք չենք կարող առկա իրողություններից վեր ինչ- որ եթերային տիրույթներում սավառնել` Հայաստանում գործ անողը միայն ու միայն ու կրկին փողն է լինելու: Չնայած Հայաստանի խնդիրներն այնքան են խորացել, որ պետության ղեկի մոտ հարկավոր է ոչ թե հարուստ մարդ, որը չի պատկերացնում, թե ինչպես է հայ մարդը կառավարում իր ընտանիքն, ասենք, հարյուր հազար դրամով, այլ` հենց դա պատկերացնող մարդ, որի դեպքում միայն հույս կլինի լուծել խորքային խնդիրները:

Այս առումով, կարծում ենք, ՀԱԿ-ից համարվող, սակայն ոչ մեկ անգամ ՀԱԿ-ի գործելակերպին հակառակ վարված Նիկոլ Փաշինյանը նույնպես իրեն համարում է նախագահի թեկնածու, համենայնդեպս` սեփական իմիջին ուղղված նրա գրագետ քայլերը ցույց են տալիս, որ դրանք տանում են դեպի նախագահական ընտրություններ, ու նա ուզում է հենվել մարդկանց նվազ ապահովված շերտերի վրա (եթե իհարկե, սահմանադրությունը չհասցնեն այնպես փոխել, որ Հայաստանի նախագահին ընտրեն հայկական «դասական» ընտրությունների կարգով ընտրված խորհրդարանում, մեծամասնության քվեարկությամբ): Նրա խմբակցակից Հրանտ Բագրատյանը , եթե չալարի, մեկ անգամ էլ կարող է թեկնածություն դնել, սակայն կարծում ենք, որ նա այնքան զզված կլինի նախորդ ընտրընթացքից, որ զզվանքն անցած չի լինի մինչեւ հաջորդ ընտրություններ, եւ չի փորձարկի իր իսկ համբերությունը:

Կանգ առնենք ՀԱԿ-ի վրա եւ այն հարցի, թե արդյո՞ք այս անգամ էլ նախագահի թեկնածու է համարվելու Լեւոն Տեր-Պետրոսյանը : Մի թռուցիկ հայացքը ՀԱԿ-ին ասում է այն մասին, որ բուն ՀԱԿ-ականներից այստեղ փաստորեն նախագահի թեկնածու չկա, հո Լեւոն Զուրաբյանը չի առաջադրվելո՞ւ: Ուրեմն կրկին կմնա «Տեր-Պետրոսյանով, թե առանց նրա» հարցերի հարցը:

Մի ուրիշ նախկին նախագահի` Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանի ակտիվությունը հարցազրույցների մակարդակով թերեւս ասում է, որ նա, այո, ցանկություն ունի առաջադրվելու, ու այն հակացուցումը, թե նա մարտի մեկին տեղի ունեցածի մեղավորն է եւ բարոյական իրավունք չունի առաջադրվելու, քննության չի դիմանում: Որովհետեւ մեր կարծիքով մարտի մեկի համար մեղավոր են բոլոր նրանք, ովքեր այդ պահին իշխանության մեջ էին, եւ ընդդիմության ղեկավարները նույնպես: Որովհետեւ ով-ով` ընդդիմության առաջնորդ Տեր-Պետրոսյանն, օրինակ, երկրի նախագահ եղած լինելու բերումով, ամենից լավ կարող էր իմանալ, որ ուժ կիրառվելու է, իսկ եթե ակնարկը նետվեց (Ռոբերտ Քոչարյանի կողմից) իշխանության կողմից չվերահսկվող տարածքում զոհերի մեծամասնության փաստի ուղղությանբ, նույն Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտեր այլ երկրների ազդեցության եւ գործունեության չափը մեր երկրում նման իրավիճակներում, ուրեմն ավելի եւս մարդկանց պետք է չպահեր մինչեւ վտանգի պատահելը: Նույն կերպ` Քոչարյանը խոստովանել է, որ իշխանության կողմից չվերահսկվող հատվածներ կային, այսինքն` մեր ուժայինները լրիվ չէին վերահսկում իրավիճակը. ավելի եւս, ուրեմն, այդ դեպքերից հետո պետք է ներողություն խնդրեին եւ հրաժարական տային մեր կառույցների ղեկավարները: Բայց այդպիսի բան չի եղել: Ուզում եմ ասել` բոլորը, իշխանության եւ ընդդիմության ղեկավարները, որոնք այսօր հրապարակի վրա են, տարբեր ասպեկտներով մեղավոր են մարտի մեկի համար: Չի կարելի հարցին մի քանի ստանդարտներով մոտենալ: Այնպես որ` առաջին եւ երկրորդ նախագահներն, իրենց մեղքերի գիտակցումով կամ առանց դրա` հավակնում են երեւի նոր նախագահական մրցակցությանը:

Վերադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ մամուլային այն հրապարակումներին, թե նախագահական նիստուկաց է սովորում, ասել է, թե նա եւս հավակնում է Հայաստանի նախագահ դառնալ, ապա մեր կարծիքով սրա մեջ հայաստանյան իրողությունների առումով անհավանական բան չկա: Սակայն նախ` հենց նրա ղեկավարած քաղաքական ուժում երկու-երեք ինտելեկտուալներ կան, որոնցից մեկն էլ Վարդան Օսկանյանն է, ու ԲՀԿ առաջնորդը նախ նրանցից պիտի ազատվի, որ մտքում ունենա սեփական առաջադրումը: Եթե, իհարկե, Հովիկ Աբրահամյանը կամ Ռոբերտ Քոչարյանը չեն նրա թեկնածուները: Մյուս կողմից էլ` մենք չպետք է մոռանանք, որ Ծառուկյանը հաջողակ բիզնեսմեն է, ով լավ կառավարել գիտե սեփական նախագծերն ու հնարավորությունները: Ու հենց անցած անգամ Ծառուկյանի գործարար հմտությունները նրան հուշել էին չառաջադրվել, լավ հասկանալով, որ պետության ղեկավար լինելու համար նաեւ այլ որակներ են պետք: Չպետք է կասկածել Ծառուկյանի բիզնես հոտառությանը նաեւ այս անգամ: Իսկ թե կառաջադրվե՞ն Օսկանյանը, ՀՅԴ-ի որեւէ ներկայացուցիչ (ասենքՙ Արծվիկ Մինասյանի գործունեությունը նման բան հուշում է), դա մի շարք հանգամանքներից է կախված լինելու, նաեւ նրանից, թե մինչ այդ քառյակը կամ դրա նման մի այլ համագործակցություն կպահպանվի, թե՞ ոչ:

Վստահ ենք` Րաֆֆի Հովհաննիսյանը չի առաջադրվի, իսկ Զարուհի Փոստանջյանն , առաջադրման իր մտադրությունն իրագործելու դեպքում, միայն ավելի գեղարվեստական կդարձնի մեր կյանքի տվյալ ժամանակահատվածը:

Այս բոլորի մեջ ցավալին այլ բան է` որ նոր կերպար, նախագահի նոր տեսակ մենք չաճեցրեցինք: Այժմ ամեն ինչ կախված է լինելու նախ փողից, զուգահեռ` նրանից, թե կանդամկցի՞ Հայաստանը ԵՏՄ-ին, ըստ այդմ` հարմար թեկնածուներ կդիտարկվեն, բայց միայն վերը նշվածների մեջ հավանաբար: Իսկ ընդհանրապես` նախագահացուների թիվը կախված կլինի նրանից, թե ի՞նչ քանակի ֆինանսներ են ներդրվելու ԶԼՄ-ներում` անցանկալի թեկնածուներին շարքից հանող կոմպրոմատների հեղեղ կազմակերպելու համար: Մի թեկնածուի` Տիգրան Սարգսյանին , հաշվից հանեցին էս գլխից, անկախ նրա ու իր կառավարության սխալներից, ու այդ հարցում պակաս դերակատարում չուներ մամուլը:

Հ.Գ.- Աշխարհում հիմա որոնում են այն գենը, որը ներդրված է մարդկության ընդամենը հինգ տոկոսի մեջ, այն է` իշխանության, իշխողի գենը: Գաղափարն այն է, որ անկախ նրանից, թե ո՞վ է այդ գենը կրողն իր կյանքի առաջին շրջանում, ինչ կրթություն է ստանում կամ ինչ ստատուս ունի հասարակության մեջ, նրա նախնիների մեջ ներդրված եւ հազարամյակներով փոխանցվող այդ գենն ի վերջո ստանձնում է իր դերակատարումը, գենը կրողներին դարձնելով իշխանության առաջին դեմքեր: Այդ վարկածը այժմ հիմնավորում են իբր այդ գենը կրող աշխարհի հայտնի առաջնորդների օրինակով: Հայաստանին այդ կարգի բաները, երեւում է, չեն վերաբերում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ