RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1906, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

«ՄԱԴՐԻԴՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԴԱՐՁԵԼ ԵՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Այն օրերին, երբ հայաստանյան ԶԼՄ-ներից մեկը տեղեկացրեց, թե` «Երեւան քաղաքում, ամռան շոգի պատճառով, հայուհին ամբողջովին մերկացել է փողոցում եւ լոգանք ընդունել» եւ, երբ հայաստանյան քաղաքացիական հասարակության ակտիվը Ֆեյսբուք սոցցանցում քննարկում էր, թե այս տեղեկությամբ որքանո՞վ է տվյալ ԶԼՄ-ն խախտել լրագրողական ու հասարակական էթիկան, կամ խախտե՞լ է արդյոք, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդես եկավ ԼՂ հակամարտության վերաբերյալ հերթական հայտարարությամբ:

Դեսպան Հեֆերնը մասնավորաբար ասել էր.«Պետք է հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղի համար կարեւոր է, որ մյուս 7 շրջանները վերադարձվեն Ադրբեջանին: Եւ եթե հակամարտության կողմերից որեւէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով, ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ երկար կձգվի»:

Եթե հաշվի առնենք, որ Հեֆերնից առաջ գրեթե նույնությամբ այս հայտարարությունն արել էր ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյսմ Ուորլիքը` ներկայացնելով սա որպես «ԼՂ հակամարատության լուծման ԱՄՆ կառավարության պաշտոնական տեսակետ», եւ եթե նկատենք նաեւ, որ ոչ Ուորլիքի, ոչ էլ Հեֆերնի այս ձեւակերպումները «մադրիդյան սկզբունքներից» դուրս չեն, ավելինՙ այդ սկզբունքներով ենթադրելի են, ապա Հեֆերնը` տվյալ պարագայում, ինչպես մեր ԱԳՆ-ն կասեր` «որեւէ նորություն չի ասում»: Խնդիրը նման հայտարարություն անելու համար Հեֆերնի ընտրած ժամանակահատվածն է: Ինչպես գիտենք, այս օրերին տեղի են ունենում ռուս-ադրբեջանական, իսկ ավելի ճիշտ` Եվրասիական տնտեսական միություն-Ադրբեջան բավականին ինտենսիվ, բայց եւ խիստ քողարկված բանակցություններ` Ադրբեջանին այդ միություն մտցնելու նպատակով: Պարզ է, որ եթե Բաքուն ի վերջո մտնի ԵՏՄ, ապա Արեւմուտքն ի դեմս ԱՄՆ-ի կարող է գոնե որոշ ժամանակով մոռանալ մեր տարածշրջանի մասին, ավելին` Մինսկի խմբում Արեւմուտքը ներկայացնող ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պետք է այլեւս համակերպվեն նույն այդ խմբում իրենց անգործության հետ` Ռուսաստանի ակտիվության համապատկերում: Ընդ որում, որպեսզի Ռուսաստանը կարողանա Ադրբեջանին բերել ԵՏՄ, նա պետք է մեր հարեւանին առաջարկի մի բան, որից Ադրբեջանը հրաժարվել չի կարող: Դա կարող է լինել Լեռնային Ղարաբաղը: Իհարկե Ռուսաստանը չի կարող ԼՂ-ն ամբողջությամբ հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը, բայց ընդհանուր Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող է ԼՂ տարածքի վրա Ադրբեջանի համար սահմանել նույնքան իրավունքներ, որքան այդ տարածքի վրա ունի այսօր Հայաստանը: Այսինքն ստեղծել առանց սահմանների տարածք, ինչը ինքնին ԼՂ հակամարտության լուծումը կարող է հանդիսանալ` ըստ Ռուսաստանի: Հենց այս լուծումն էլ, ամենայն հավանականությամբ առաջարկում է Մոսկվան` Բաքվին` վերջինիս կողմից ԵՏՄ-ին միանալու համաձայանության դիմաց:

Այս համատեքստում ամերիկացի դեսպան Ջոն Հեֆերնը Երեւանում հիշեցնում է «մադրիդյան սկզբունքների մասին», ընդ որում դրանց հատկապես այն մասը, որը միանգամայն ձեռնտու է Ադրբեջանի համար, եւ հասկանալիորեն անընդունելի պետք է լինի Հայաստանի համար: Սա վերստին ապացուցում է, որ Արեւմուտք-Ռուսաստան այս խաղը` հանուն Ադրբեջանի է. երկուսն էլ, փաստորեն, փորձում են սիրաշահել Բաքվին:

Միեւնույն ժամանակ Հեֆերնի վերջին հայտարարության մեջ բավականին ակնառու է հետեւյալ ձեւակերպումը` «ԼՂ-ի համար կարեւոր կլինի...»: Սա նշանակում է, որ դեսպան Հեֆերնը, ընդունելով ԼՂ-ի գոյությունը` որպես առանձին միավոր, հստակ տարբերակում է ԼՂ-ն ու նրան շրջակա 7 շրջանները: Տարբերակում է, բայց մի շատ կարեւոր հանգամանք անտեսելով: Բանն այն է, որ ԼՂ-ին շրջակա 7 շրջանները ԼՂՀ վերահսկողության տակ են, ըստ Արցախի Հանրապետության Սահմանադրության` ԼՂՀ մաս: Հետեւաբար, եթե անգամ այդ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին, ապա դա պետք է անի ոչ թե Հայաստանը, այլ բացառապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Իսկ որպեսզի Արցախի իշխանությունը կարողանա թեկուզ նման բան անել, այն պետք է ներկայացված լինի ԼՂ հակամարտության բանակցություններում` որպես դրանց լիիրավ կողմ: Քանի դեռ սա չկա, անգամ 7 շրջանների վերադարձը Ադրբեջանին, տեղի ունենալ չի կարող, քանի որ զուրկ կլինի իրավականությունից: Հետեւաբար` «ԼՂ-ին շրջակա 7 տարածքները Ադրբեջանին վերադարձնելու» մասով Հայաստանը որեւէ պահի կարող է հետ կանգնել` ընդգծելով, որ այդ տարածքները իրեն չեն պատկանում, հետեւաբար դրանք հանձնել ինքը չի կարող:

Այսպիսով, հիշեցնելով «մադրիդյան սկզբունքերի» մասին եւ ընդգծելով, որ «....դա կարեւոր կլինի ԼՂ-ի համար», դեսպան Հեֆերնը փաստորեն ներկայացնում է ԼՂ հակամարտության լուծման` «նոր ռուսական տարբերակին» այլընտրանք, հնարավորություն տալով նաեւ կոնկրետ ԼՂ-ին (առաջին հերթին, իհարկե` ՀՀ-ին), դուրս գալ ռուսական դաշտից, ընտրելով ԼՂ հակամարտության լուծման` հայկակական կողմերի համար «չարյաց փոքրագույնը»:

Կօգտվի՞ Հայաստանը ընտրելու իր այս իրավունքից, դժվարանում ենք ասել. փաստն այն է, որ երկու տարբերակով են Հայաստանին պարտադրում են զիջումներ, ընդ որում` միակողմանի, քանի որ նույն դեսպան Հեֆերնն, օրինակ, իր այս հայտարարության մեջ կարող էր խոսել նաեւ ԼՂ-ի վերջնական կարգավիճակի որոշման առումով «մադրիդյան սկզբունքներով» նախատեսված հայտնի մեխանիզմներից: Չի խոսել:

Ի դեպ, այս համատեքստում բավականին ուշագրավ է, որ ի տարբերություն Հայաստանի կողմից հնչեցված պաշտոնական դրական պատասխանին, Ադրբեջանը չի ընդունում Ֆրանասիայի նախագահ Օլանդի միջնորդությամբ Փարիզում նախագահական մակարդակով հերթական հանդիպումն անցկացնելու հրավերքը` պահանջելով ֆրանսիական կողմից «հստակեցումներ»: Շատ հնարավոր է, որ ռուս-ադրբեջանական ակտիվ բանակցությունների այս օրերին Բաքուն փորձում է պարզել, թե արդյոք իրեն պե՞տք է այդ հանդիպումը, այն պարագայում, երբ ռուսները բոլորովին նոր եւ միանգամայն հարմար տարբերակ են առաջարկում, որից, ինչպես իրենք, այնպես էլ հայերը հրաժարվել չեն կարող:

Սրանք միայն ենթադրություններ են, անշուշտ: Իրականությունն այն է, որ մենք, ավանդաբար, այլ ուշադրության կենտրոններ ունենք, մենք` այդ թվում մեր քաղաքացիական ակտիվը:

Կա՞, անշուշտ, երրորդ տարբերակը ընտրության, անշուշտ կա, ո՞րն է, ես չգիտեմ, իսկ մենք` կարող ենք իմանալ, հաստատ կիմանանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ