RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



ԻՐԱՎԻՃԱԿ

Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1897, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՄԵՆՔ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Երկու օր Երեւանում էր ռուս ճանաչված քաղաքագետ եւ վերլուծաբան, ԵվրԱզԷՍ-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Նա ասուլիս տվեց հայաստանյան լրատվամիջոցների համար, հանդիպեց քաղաքագետների, վերլուծաբանների, ճանաչված մտավորականների հետ եւ կիսվեց Եվրասիական տարածաշրջանում վերջին զարգացումների իր պատկերացումներով: Վերլուծականը, որը ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը, Վլադիմիր Լեպեխինի հայացքների եւ տեսակետների ամբողջությունն է, որոնք նա ինձ թույլ է տվել ազատորեն շարադրելուՙ չբացառելով նաեւ իմ գնահատականները: Այսպիսով ստորեւ ներկայացվող շարադրանքը ռուս գործընկերոջս եւ իմ համահունչ տեսակետների ամբողջությունն է:

Իրերը կոչել իրենց անուններով

Ավելի քան քսան տարի առաջ, երբ ամերիկացի քաղաքագետ Սեմյուել Հատինգտոնը խոսում էր քաղաքակրթությունների բախման մասինՙ ինբրեւ մերօրյա աշխարհի կարեւորագույն բնութագրի, աշխարհը միաբեւեռ էր, գերիշխում էր ԱՄՆ-ը, եւ գլոբալիզմի տարբեր ազգերի ջատագովները ջանք ու եռանդ չէին խնայում ապացուցելու համար, որ այդ հակամարտությունը կարող է խաղաղ կարգավորվել դեռ չթեժացած: Իսկապես, համարյա երկու տասնամյակ միաբեւեռ աշխարհի պայմաններում Արեւմուտքը թելադրում էր ժամանակակից աշխարհի նիստուկացը, եւ աշխարհը որոշակի իմաստով կանխատեսելի էր ու կառավարելի: Վերջին յոթ-ութ տարիներին միաբեւեռ աշխարհի փոխարեն նոր իրողություններ են ձեւավորվում, ինչն, օրինակ, Ռուսաստանին իրավունք է տալիս խոսելու բազմակենտրոն աշխարհի մասին: Այս բազմակենտրոն աշխարհաքաղաքական սահմանները հիմնականում զարմանալիորեն համընկնում են քաղաքակրթական սահմաններին: Մասնավորապես, Կաթոլիկ կամ Արեւմտյան աշխարհի սահմանները հատվում են Ուղղափառ կամ ռուսական աշխարհի սահմանների հետ: Ռուսաստանը հայտարարել է ժամանակակից բազմաբեւեռ աշխարհի ազդեցության եւ ձգողության կենտրոններից մեկը լինելու մասին, մասնավորապես նախաձեռնելով Մաքսային Միության եւ Եվրասիական Տնտեսական Միության ստեղծումը: Այս միությունը Արեւմուտքում ինչպես ասես անվանում ենՙ խուսափելով տալ նրա իսկական անվանումը: Այն տարբեր վերլուծականներում մեկ անվանում են «գազային միություն», մեկ «հետխորհրդային բլոկ»: Ամեն դեպքում իմաստը մեկն էՙ հետխորհրդային պետությունների մի մասը ցանկություն եւ պատրաստակամություն է հայտնել իր տնտեսական զարգացման հեռանկարը ԵԱՏՄ-ի հետ կապելու: Եվ չնայած նորաստեղծ միությունն իր հիմնադիր փաստաթղթերի համաձայն տարածաշրջանային աշխարհատնտեսական մեգանախագիծ է, հատկապես Ռուսաստանում տարբեր ձայներ են հնչում այդ հենքի վրա քաղաքական եւ ռազմական ինտեգրման գործընթացները օր առաջ սկսելու մասին: Սա, անշուշտ, Ռուսաստանի ներսում եփվող գաղափարների եւ մոտեցումների պայքարի լոկ մի դրսեւորում է եւ իրականություն դառնալու ճանապարհին դեռ պետք է դառնա քաղաքական վերնախավերի սեփականությունը: Թե երբ կպատահի դա, շատ դժվար է կանխատեսելՙ նկատի ունենալով նաեւ Ղազախստանի առարկությունները:

Եվրասիական տարածքը դարձել է իսկական պատերազմի թատերաբեմ: Այդ պատերազմը բռնկվել է Ուկրաինայում եւ հակամարտող կողմները չեն էլ թաքցնում, որ այն քաղաքակրթական հիմք ունի: Այդ պատերազմը արեւմտյան եւ ռուսական քաղաքակթական արժեքների միջեւ է: Սա իսկական պատերազմ է, որտեղ մեռնում են մարդիկ, որտեղ գործվում են պատերազմական հանցագործություններ, որտեղ հակամարտությունը մտել է անտագոնիզմի եւ փոխադարձ ատելության փուլ: Վլադիմիր Լեպեխինը կարծում է, որ այս պատերազմը, ինչպես եւ հակամարտությունները Սիրիայում եւ Իրաքում, սանձազերծել է Արեւմուտքը: Նա կարծում է, որ Արեւմուտքին են անհրաժեշտ պատերազմներ ամենուրեք, որտեղ հնարավոր է:

Շատ դժվար է կանխատեսել, թե ինչքան կտեւի քաղաքակրթությունների միջեւ բախման այս փուլը: «Ռոյթեր» գործակալության մի վերլուծաբանի կարծիքով Ռուսաստանի դեմ Արեւմուտքի կողմից արգելամիջոցների խստացումը կարող է ողջունվել Եվրոպական Միության միայն մի քանի անդամների (Լեհաստան եւ Էստոնիա) կողմից եւ հանդիպել մյուսների դժկամությանը եւ դիմադրությանը: Նրա դիպուկ գնահատմամբ այդ արգելամիջոցների խստացումը կարող է «հետխորհրդային բլոկի» երկրների «սրտով» լինել, որովհետեւ կհանգեցնի նրանց նկատմամբ Ռուսաստանի ուշադրության մեծացմանը եւ եվրասիական տարածքը վերջնականապես կարող է դարձնել ինքնաբավ:

Հնարավոր դիրքորոշումներ քաղաքակրթությունների բախման պայմաններում

Եվրասիական Տնտեսական Միության եւ ՀԱՊԿ-ի անդամ երկրների համար ռուս ճանաչված վերլուծաբանը գծագրում է երկու հնարավոր սցենար: Առաջինը, օրինակ, Հայաստանի կրավորական կեցվածքն է, որը կարող է մեծ պաուզա վերցնել եւ սպասելՙ տեսնելու, թե ինչպես կավարտվեն գլոբալ բախումները: Երկրորդ սցենարըՙ դա եվրասիական տարածքի հավաքական դիմակայությունն է, որը կարող է լինել ավելի ուժեղ, քան վերջերս նկատված ներքին վեճերն ու տարաձայնությունները ԵԱՏՄ հիմնադրման պահին: Նկատի ունենալով, որ Ադրբեջանի կողմից ռազմական հռետորաբանությունն անցել է ամեն տեսակի չափն ու սահմանը, իսկ հակահայկականությունը ստացել է պաթոլոգիկ դրսեւորումներ, կարելի է եզրակացնել, որ մենք մոտ ենք նոր ռազմական բախմանն ավելի մեծ չափով, քան երբեւէ նախկինում: Մինսկի խմբի անդամ երկրները, նախ եւ առաջ համանախագահները, պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն կողմերին կրկին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար եւ դրանով ապացուցեն, որ իրենք, ըստ էության, շահագրգռված չեն քաղաքակրթությունների պատերազմների պայաններում եւս մի պատերազմի օջախ ունենալու մեջ: Մեզանից ոչ միայն զգոնություն եւ տոկունություն, այլեւ զսպվածություն եւ աչալրջություն է պահանջվում:

Հայաստանի քաղաքական էլիտան ցանկանում էր, որ մեր երկիրը լինի Եվրասիական Տնտեսական Միության հիմնադիր անդամների շարքում: Ղազախստանի նախագահը մեջտեղ բերեց Լեռնային Ղարաբաղի սահմանի հարցը եւ դրանով մեկ ամսով (իսկ ըստ էությանՙ անորոշ ժամանակով) հետաձգեց Հայաստանի անդամակցությունը: Լեպեխինը կարծում է, որ Հայաստանն ըստ ամենայնի իր ազգային շահերի պաշտպանության փուլում է եւ այն հանգամանքը, որ քաղաքական հայտարարությունների համաձայն մեր անդամակցությունը տեղի կունենա գալիք ամիսների ընթացքում, մինչեւ 2015թ. հունվարի 1-ը, խոսում է այն մասին, որ նոր բնույթի համաձայնեցումների եւ փոխըմբռնման կարիք կա: Լեպեխինը համոզված է, որ Ղազախստանի եւ Բելառուսի, ըստ ամենայնի համաձայնեցված հարցերը Հայաստանինՙ ուղղված էին նաեւ Ռուսաստանին եւ բանակցային գործընթացում նրանից լրացուցիչ զիջումներ հանուն Հայաստանի կորզելու նպատակ էին հետապնդում: Հետեւաբար հասունացել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների նոր հանդիպումը կամ առնվազն տեւական հեռախոսազրույցը, որտեղ կճշտվեն ԵԱՏՄ-ին մեր անդամակցության նոր, արդիական դիրքորոշումները: Այն, որ Հայաստանի համար Եվրասիական Տնտեսական Միություն մտնելը տնտեսապես շահութաբեր է եւ խոստանում է զարգացման նոր հնարավորություններ, անցած ամիսների ընթացքում հիմնավորապես բացատրվել եւ ապացուցվել է: Բայց քաղաքական որոշումները ԵԱՏՄ-ում ընդունվում են կոնսենսուսով, հետեւաբար անհրաժեշտ է, որ Հայաստանը պայմանավորվի թե՛ երեքի հետ միաժամանակ, ի դեմս Եվրասիական Տնտեսական հանձնաժողովի, թե՛ երեքի հետ առանձին-առանձինՙ ի դեմս ինքնիշխան պետությունների: Այս «ինքնիշխանություն» բառը սկսում է առանձնակի իմաստ ստանալ, որովհետեւ, առաջինըՙ իրական ինքնիշխանության պահպանման եւ զարգացման համար հզոր տնտեսական խթան է անհրաժեշտ եւ երկրորդՙ ինքնիշխանության բնույթը Եվրասիական ինտեգրման գործընթացում կարող է ենթարկվել փոփոխությունների միայն շոշափելի եւ բոլոր հասարակություններին հասկանալի նորամուծությունների արդյունքում: Այլապես կոնսենսուսի հանգամանքը որոշումների ընդունման գործընթացում անդամ-պետությունների ինքնիշխանությունը դարձնում է կարեւորագույն գործոն:

Քաղաքակրթական արժեքներն անցնում են մեր միջով

Հետաքրքրությամբ լսելով Վլադիմիր Լեպեխինի հայացքները եւ երբեմն բանավիճելով նրա հետՙ ինձ համար շատ հետաքրքրական աշխարհաքաղաքական պատկեր ուրվագծեցի: Վրաստանը Արեւմուտքի հետ է, Հայաստանըՙ ԵԱՏՄ-ի, իսկ Ադրբեջանըՙ նավթի գնորդների, չնայած համարում է իրեն չմիացած երկիր: Բայց իրականում Հարավային Կովկասում հատվել են արեւմտյան, ռուս-ուղղափառ եւ մերձավորարեւելյան քաղաքակրթությունները եւ դրանց սահմանները ոչ միայն եւ ոչ այնքան պետութունների սահմաններով են անցնում: Այն բանից հետո, երբ Հայաստանը ստացավ Ռուսաստանից գազի նոր, շատ ավելի շահեկան գին, Եվրասիական ինտեգրման մոտակա սպասելիքի հարցը կարծես լուծվեց: ԵԱՏՄ հիմնադիր գագաթաժողովի տհաճ տպավորությունից հետո Հայաստանում ուժեղացան Եվրասիական ինտեգրման հակառակորդների ձայները, ինչը մի նոր ջրբաժան ստեղծեց Ռուսաստանի եւ Արեւմուտքի կողմնակիցների միջեւ: Քաղաքակրթական տարբերությունների մասին սկսեցին դատողություններ անել նաեւ մեր երկրում, որը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակիցն է եւ ռազմավարական գործընկերը: Կրկին երեւաց, որ մեր հայտարարություններն այն մասին, թե մենք ոչ հյուսիսային կողմնորոշում ունենք, ոչ էլ արեւմտյան, այլ հայաստանցի ենք եւ մեր կողմնորոշումն էլ հայկական է, չի բավարարում ոչ Արեւմուտքին, ոչ էլ Ռուսաստանին: Բայց կողմնորոշումների հետեւորդների շարքերը անցնում են բոլոր կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների միջով, այլ ոչ թե կուսակցական-քաղաքական դիրքորոշումների միջեւ: Վերջին երկու տարիների մեր քաղաքական խելահասությունը դրսեւորվում էր օրինակ նրանում, որ մենք կողմնորոշումների հարցը չդարձրեցինք ներքաղաքական պայքարի եւ առճակատման պատճառ: Տարբեր քաղաքական ճամբարների առաջնորդների կողմից հնչող հորդորները զսպող եւ սթափեցնող ազդեցություն են ունեցել մինչեւ այժմ: Սակայն այս օրերին հնչում են նաեւ կանխատեսումներ, որ նոր քաղաքական առճակատումներն, ի թիվս այլ հարցերի, կարող են հետապնդել Հայաստանը Ռուսաստանից հեռացնելու եւ դրանով մեր ռազմավարական դիրքերը թուլացնելու հեռահար նպատակ: Երբ այս մասին տարբեր միջավայրերում ու տարբեր մակարդակով քննարկումներ են լինում, ուզում ես բոլորին բացատրել, որ ավելի լավ է ավելի երկար, ավելի մանրամասն, ավելի զգացմունքային բանավիճել, բայց գործը չհասցնել քաղաքական բախման եւ առճակատման: Հայաստանը զսպելու եւ խեղճացնելու ամենակարճ ճանապարհը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ճնշում կամ նոր սպառնալիք գործադրելն է, բայց Հայաստանին ուժեղացնողը, ուժ ու համախմբում բերողը նույնպես Լեռնային Ղարաբաղն է: Դրսում բոլորին հասկանալի է, որ ի վնաս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության որեւէ քայլ որեւէ ասպարեզում չի արվելու: Հազարամյակներով քաղաքակրթությունների խաչմերուկում գտնվող Հայաստանը կարող է եւ պետք է դեղատոմսեր ունենա այս նոր քաղաքակրթական բախումից նվազագույն կորուստներով դուրս գալու համար: Դրա համար առնվազն բաց եւ թափանցիկ նոր ջանքեր ու քննարկումներ են պետք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ