RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1812, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՌԱՆՑ ՋՐԻ, ԳԱԶԻ ՈՒ ԴՊՐՈՑԻ. ԿՈՂԲԱՎԱՆ ԳՅՈՒՂԸ ԶՐԿՎԱԾ Է ԱՄԵՆԱՏԱՐՐԱԿԱՆ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Իրավական առումով Կողբավանը գյուղ է, սակայն գործնականում այն դժվար է գյուղ անվանել: Համայնքը ոչ միայն աշխարհից, քաղաքակրթությունից է կտրված, այլեւ կենցաղային ամենատարրական պայմաններից: Այն տպավորությունն է, որ համայնքին բոլորն են մոռացել ու գյուղը վերածվել է բոլորից հեռվացած մի հատվածի եւ ինքնուրույն ջանքեր է գործադրում որպեսզի գոյատեւի:

Իրականում Կողբավանը մարզկենտրոնից այնքան էլ հեռու չէ` ընդամենը 30-35 կմ հեռավորեւության վրա, սակայն տարածությունը չի խանգարել, որ տարիների ընթացքում կուտակվեն հսկայական խնդիրներ: Գյուղի ճանապարհները սարսափելի են, խմելու ջուր չկա, գազ` նույնպես, դպրոց ու մանկապարտեզ անգամ խորհրդային տարիներին չեն եղել, իսկ անկախության տարիներից Կողբավանը մթերային խանութի երես չի տեսել:

Շաբաթը կամ տասը օրը մեկ անգամ գյուղացիները գնում են Արմավիր քաղաք գնումների: Ամբողջ շաբաթվա ընթացքում գյուղի` մեքենա ունեցող ընտանիքները հարեւաններից գնումների ցուցակներ են վերցնում, որպեսզի քաղաքից նրանց համար էլ մթերք գնեն:

Գյուղի ամենամեծ խնդիրը խմելու ջրի բացակայությունն է: Յուրաքանչյուր ընտանիքի շաբաթական 200 լիտր ջուր է հասնում: Գումարը վճարում է գյուղապետարանը, ջուրը հարեւան համայքներից են բերում: Թե ընտանիքդ քանի հոգուց է բաղկացած եւ այդ շաբաթ ինչ գործ ես ձեռնարկել` նշանակություն չունի, պետք է 200 լիտր ջրի սահմաններում տեղավորվես:

Գյուղում գազ չեն քաշել եւ հույս էլ չկա, որ առաջիկայում կապույտ վառելիքը Կողբավանում էլ հասանելի կլինի: Էլեկտրաէներգիայով տուն ջեռուցելը ձեռնտու չէ: Սակագինը գնալով բարձրանում է, իսկ Կողբավանում աշխատատեղ չկա, որպեսզի բնակիչները կարողանան կոմունալ ծախսերը հոգալ: Փայտ, ծառի ճյուղ եւ գոմաղբ: Սրանք այն հիմնական վառելիքն են, որ ապահովում են կողբավանցիների տան ջերմությունը ձմռանը: Գյուղում ոչ միայն աշխատանք չկա, այլեւ հնարավորություն հողերը մշակելու: Խորքային հորեր չկան, ոռոգման ջուրՙ նույնպես, ու գյուղի դաշտերը վերածվել են անապատի, ծառերը չորացել են, իսկ մշակաբույսեր ընդհանրապես չկան: Հենց դա է պատճառը, որ տղամարդ գյուղում գրեթե չես գտնի: Մնացողները կամ Ռուսաստանում աշխատանք չեն գտել կամ էլ Ռուսաստանի վարած միգրացիոն քաղաքականության հետեւանքով չեն կարողանում կրկին մեկնել: Կողբավանում կյանքը դժվար է նաեւ երեխաների համար: Գյուղի փոքրիկները զրկված են բացարձակապես ամեն ինչից: Չկա դպրոց ու մանկապարտեզ, իսկ խաղահրապարակի մասին խոսելը զավեշտի ժանրից է:

Գյուղի առաջանահերթ խնդիրներից է դպրոցի կառուցումը: Գյուղի երեխաները դպրոց չեն գնում.մոտակա դպրոցը Վանանդ գյուղում է, հեռու է` ահագին ճանապարհ պետք է կտրել-անցնել: Լավագույն դեպքում գյուղի երեխաները 5-րդ դասարանի կրթություն ունեն: Դրանից հետո դպրոցից դուրս են գալիս եւ ծնողներին օգնում տան ու հողամասի հարցում: Այս տարի գյուղից ընդամենը 4 երեխա է դպրոց հաճախում` հիմնականում առաջին կամ երկրորդ դասարանցիներ: Վանանդ հասնելու համար տրանսպորտը գյուղապետարանն է տրամադրում: Տարիքով մեծերը հրաժարվում են դպրոց գնալ: Մի քանի տարի բաց են թողել եւ հիմա ամաչում են փոքրերի հետ նույն նստարանին նստել: Ծնողներից շատերն էլ չեն ստիպում. պատճառը ոչ միայն դպրոցի հեռավորությունն է, այլեւ կրթության հետ կապված ֆինանսական խնդիրները: Կողբավանում աշխատանք չկա, մի կերպ յոլա են գնում ու այդ «յոլա»-ի մեջ կրթությունը չի տեղավորվում:

Կողբավանի խնդիրների մասին քաջատեղյակ են թե մարզպետարանում, թե կառավարությունում: Գյուղապետը մի քանի տարի առաջ խմելու ջրի հարցով դիմել է մարզպետարանին, հետո նաեւ կառավարությանը: Կառավարությունից պատասխանը չի ուշացել. խոստացել են ֆինանսներ գտնել, ինչը մինչեւ օրս չեն գտնում, գեթ խմելու ջրով գյուղը ապահովելու համար: Մնացյալ հարցերի վերաբերյալ էլ թե վերաբերմունքը թե պատասխանը նույնն էՙ գումար լինի, դպրոց էլ կկառուցենք, գազ էլ քաշենք: Իսկ թե երբ կլին գումար, կառավարությունում չգիտեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ