RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#018, 2014-06-27 > #019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014



Տեղադրվել է` 2014-07-11 00:59:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 1821, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱՅՐԻԿԻՆ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ ՀԱՎԵՐԺ ՓԱԿՎԵՑԱՎ...

ՌՈՄԵՆ ԿՈԶՄՈՅԱՆ

Նախ ասեմ, որ ես պաշտոնապես, ոչ մեկ կապ չեմ ունեցել ներգաղթի հետ: Իմ առաքելությունը եղել է ժամանողների անձնագրային տվյալների ճշտում, որը վերաբերում էր ինչպես մշտական, այնպես էլ ժամանակավոր եկողներին: (*

Ներգաղթող հայերը ընդունվում էին Բաթումիի նավահանգստում, Հայաստանից ժամանած մի հանձնախմբի կողմից, որի հիմնական կազմը, այն ժամանակ գործող, «Ներգաղթի կոմիտեի» աշխատակիցներն էին: Ժամանողները տեղավորվում էին մի հսկա արտադրամասում (անգար), որտեղ տեղադրված էին հարյուրավոր մահճակալներ, գործում էր ճաշարան, ինչպես նաեւ բուֆետ:

Ժամանողներին մեկ շաբաթ չէր կարելի դուրս գալ քաղաք ու շփվել որեւէ մեկի հետ:

Նրանք անցնում էին բժշկական քննություն, հաշվառում էին մասնագիտությունները, որպեսզի համապատասխան աշխատանք ապահովվեր նոր բնակավայրերում: Մինչ ժամանելը, դեսպանատներից նույն նպատակով ստացվում էին նախնական ցանկեր: Անձնագրային տվյալները լրացվում էին մի առանձին սենյակում, ուր անվտանգության մի քանի աշխատակիցներ հարցարաններ (անկետա) էին լրացնում, որոնց հիման վրա տեղում տրվում էին սովետական անձնագրեր:

1964-65թթ. ներգաղթի ժամանակ, երբ հիմնականում Սիրիայից, Եգիպտոսից եւ Կիպրոսից ժամանած հայեր էին, որեւէ մեկին Հայաստանում նշանավոր անձ դարձած ես չեմ հիշում, առավել եւս, երբ նրանց հետ հանդիպումը լինում էր րոպեների ընթացքում, միայն հարցարանների տվյալները լրացնելիս:

Կազմակերպչական հարցեր, գնացք, ապրանք տեղափոխել, տուն, աշխատանքՙ կատարվում էր «Ներգաղթ կոմիտեի» աշխատակիցների կողմից:

Նշված թվականներին ժամանած հայերին տեղավորում էին հիմնականում Լենինականում, Կիրովականում, Աբովյանում, մասամբՙ Սպիտակում:

Երկու տարին էլ համընկնում էր նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, եղանակները անձրեւային էին, ժամանողների համար ցուրտ:

Մինչեւ նախատեսված բնակավայրերը ներգաղթողները հասնում էին գնացքով, որը բնականաբար գրաֆիկից դուրս էր, եւ հասնում էր Հայաստան, հաճախ առանց կանգառի, երբեմն ամեն կայարանում ու կիսակայարանում ժամերով կանգնելով:

Տեղերում ժամանողներին ընդունում էին միտինգներով, փողային նվագախմբով, աղ ու հացով, ճառերով:

Այս տեղեկություններն ինձ հայտնի են ոչ որպես մասնակցի, այլ որպես ներկայի եւ դիտորդի:

Ճակատագիր

Մեկ անգամ չէ, որ փորձել եմ գրի առնել այս պատմությունը, բայց միշտ այն մնացել է թերի, քանզի չի ստացվել բառային տեսք տալ այն զգացումներիս, որոնց ուզում եմ բառ «հագցնել» այսօր:

Օհան հայրիկը Բաթումի էր ժամանել Սիրիայից: Նա չէր ժամանել, նրան բերել էին: Բերել էին 5 թոռները, մեծ Օհանը, փոքր Օհանը, Րաֆֆին, Օսաննան ու Սալբին: Մի հանգչող էակ էր Օհան հայրիկը, վտիտ, սառը, փոքրիկ մորուքով, որի թույլ տատանումներն էին կյանքի միակ նշանը: Նա չէր ուտում, չէր խմում, չէր խոսում, պառկած էր պատգարակին, վերջինս էլ դրված էր 350 տեղանոց մի շինությունում տեղադրված մահճակալներից մեկի վրա, ուր մի շաբաթ պետք է «կարանտին» անցնէին Սիրիայից հայրենիք ժամանած հայերը:

- Քսան օրե ավելի այս վիճակի մեջ է, չէինք ուզեր բերել, բայց փափագն էր: Ըսավՙ մեռնիմ ալ նե, ինձի Հայաստան տարեք:

Աշխատանքային առօրյայի մեջ, ես չէի կարողանում կտրվել Օհան հայրիկից, եւ կարծես թե ամեն վայրկյան, ամեն իրարանցման մեջ (որը հաճախ էր լինում Հայաստանից ժամանած որեւէ մեկի ազգականի դարպասից այն կողմ երեւալիս) սպասում էի, որ կգուժեն նրա մահը: Իսկ ինչո՞ւ գուժեն, կհայտնեն, կասեն, լուր կտան: Ո՛չ, կգուժե՛ն, օր օրի այդ ծերունու կերպարը դառնում էր թանկ ու սիրելի մի սիմվոլ, որի կորուստը կարծես անձի կորուստ չէր, այլ հուշարձանի կամ խորհրդանիշի...

Արդյոք ի՞նչ պայմաններում էր մեռել իմ պապը, որին անգամ մայրս չէր հիշում: Նա իր մահկանացուն կնքել էր Բաթումիում ռուսական բանակում եղած ժամանակ, ուր հայտնվել էր Սարդարապատի ճակատամարտից հետո, ու թաղվել հայկական եկեղեցու բակում:

Քարավան գնացքը դանդաղ պոկվեց կառամատույցից, ու երկու օր քարշ գալով գնում էր դեպի Հայաստան: Քարավանը հասավ Ալավերդի:

- Հայրիկ, հասանք, հայրենիք հասանք:

Օհան հայրիկը բացում է աչքերը, ժպտում: Նրան իջեցնում են ցած, առանց պատգարակի, նա փլվում է հողին, համբուրում հողը ու քարշ գալով բարձրանում գնացք:

Կիրովականում հայրենադարձներին դիմավորում են ծաղիկներով, տրանսպարանտներով, փողային նվագախմբով:

Երբ կառամատույցում կանգնած Օսաննային ասացի, թե հայրիկին թող մոտեցնեն պատուհանին, որ նա այս ընդունելությունը տեսնի: Օսաննան գլուխը հակեց ու լացակումած ասաց.

- Հայրիկին լուսամուտը Ալավերդիի մեջ հավերժ փակվեցավ...

Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թեթեւացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի: Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա...

7.05.2011

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #20, 11-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ