RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1769, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԿԵՂՏՈՏ ՊԱՏԵՐԱԶՄ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Պուտինը սպանեց իմ որդուն», «Պուտինի զոհերը», «Պուտինի հրթիռները»- սրանք անգլիական թերթերի վերնագրերից ենՙ առաջին էջի ողջ ծավալով փռված, եւ լույս են տեսել հուլիսի 18-ին, մալայզիական «Բոինգի» կործանման հաջորդ իսկ օրը, երբ դեռ ոչ մի հետաքննություն չէր կատարվել, ոչ ոք դեռ հայտարարություն չէր արել, բացի Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյից:

Անգլերեն լեզվում գոյություն ունի միջնադարից մնացած demonisation բառը, որի հայերեն ոչ համարժեք թարգմանությունը կլինիՙ «դիվայնացում» կամ «սատանայացում»: Այդ բառն այժմ օգտագործվում է հայտնի որեւէ մեկին անընդհատ պարսավելովՙ նրանից սատանայի կերպար ստեղծելու միտումով: Ոչ վաղ անցյալում արեւմտյան մամուլը այդպիսի կերպարի էր վերածել, օրինակ, Սադդամ Հուսեյնին, Մուամմար Քադդաֆիին: Հիմաՙ Ռուսաստանի նախագահի հերթն է: Ղրիմյան կցումից հետո Արեւմուտքին պետք է նրան սատանա ցույց տալ ու պատժել. նա անգլո-սաքսոնական խաղի կանոնները չի հարգում, դեմ է ՆԱՏՕ-ի ծավալմանը, պաշտպանում է Իրանին, Սիրիային...

Արեւմտյան տպագիր մամուլից բնավ հետ չի մնում հեռուստատեսությունը, ընդհակառակը. գոնե այն նշանավոր հեռուստաընկերություններըՙ CNN, BBC, Euronews, որոնք մատչելի են նաեւ մեզ: Դրանց լրագրողները, այլապես հայտնի պրոֆեսիոնալներ իրենց գործի, այս օրերին դարձել են մեկական մասնագետներ հրթիռազենիթային ռազմագիտության, ձգտում են ամեն գնով ապացուցել իրե՛նց ճշմարտությունը, չխորշելով անգամ կրկնելուց ակնհայտորեն հերքվածն ու հերքվողը, նույնիսկ եթե այդ հերքումը գա Մ. Նահանգների հետախուզական ծառայությունից, թե Ռուսաստանը ուղղակի պատասխանատվություն չի կրում խփված ինքնաթիռի համար եւ/կամ Ուկրաինայի ռուսամետ ապստամբները հավանաբար սխալմամբ են հրթիռահարել «Բոինգը»: Իրենց համար կարեւորը եւ անհրաժեշտը նախագահ Օբամայի ամբաստանությունն է, թե «նախագահ Պուտինը ուղղակի պատասխանատվություն է կրում պատահածի համար»:

Ոչ, չեմ կարծում, որ նրանք պատվեր են կատարում: Ինչպես պատվեր չէին կատարում, երբ պնդում էին, թե Բոսնիայում սերբերը կես միլիոն մահմեդական են սպանել, թե Սադդամ Հուսեյնը զանգվածային ոչնչացման զենք ունի, թե Քադդաֆին 2009-ին 100 հազար քաղաքացի է սպանել, թե Բաշար Ասադը քիմիական զենք է օգտագործում ապստամբ ժողովրդի դեմ- այդ բոլորը ապացուցված ստեր դուրս եկան: Սակայն նրանք շարունակում են նույն ձեւով հասարակական կարծիք ստեղծել, այլապես գիտեն, որ իրենց աշխատանքային պայմանագրերը չեն նորոգվի ու կհայտնվեն այս կամ այն ուժի, այս կամ այն կորպորացիայի սեւ ցուցակներում:

Ի՞նչ պետք է անենք մենքՙ հայաստանյան լրատվամիջոցների աշխատողներս ի տես այս կացության: Մենքՙ որ սովորել ենք, թե ի հակադրություն ռուսական եւ ընդհանրապես խորհրդային մամուլի սկզբունքների, արեւմտյան մամուլը ոչ միայն պրոֆեսիոնալ է, ինչը իրոք է՛, այլեւ բազմակարծության, ստուգության, եզրակացությունը փաստերից հետո դնելու, մարդասիրության եւ հանդուրժողության չափանիշներն է սրբությամբ կրում: Շահան Շահնուրը մի տեղ ասում է, որ ճանապարհային նշանները ճիշտ ուղղություն են ցույց տալիս, բայց իրենք երբեք չեն շարժվում այդ ուղղությամբ: Ուրեմն պետք է պահպանենք ուղղությունը, չափանիշներն ու սկզբունքներըՙ ձեռքից բաց չթողնելով երբեք համեմատելու, վերստուգելու եւ վերջում ճշմարտությունը ասելու մեր արթնամտությունը: Մանավանդ որ ատելավառ քարոզչության ալիեւյան մեքենան էլ հետապնդում է մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ