RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1678, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ի՞ՆՉ Է «ՀԱՍԿԱՑՆՈՒՄ» ԿՐԵՄԼԻ ԽՈՍԱՓՈՂԸ ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ՄԱՍԻՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Մոսկվայում Լեւոն Հայրապետյանի կալանավորմանն անդրադարձել է նաեւ «Ռեգնում»-ը: (http://www.regnum.ru/news/polit/1827448.html) Խոսելով կատարվածի հավանական շարժառիթների մասին, հեղինակը կարծում է, որ «դրանք կարող են լինել ինչպես քաղաքական, այնպես էլ` երկրային»:

Հետաքրքրական է, որ «քաղաքական» շարժառիթների մասին խոսելիս նա նկատել է տալիս Սերժ Սարգսյանի` արգենտինյան մամուլում հնչեցրած` Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու առթիվ, Հայաստանի մտահոգությունը եւ բխեցնում, թե «դրանից անմիջապես հետո Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն Ռուսաստանի այգին բավական ծանր քար նետեց»:

Անրի Ռենոն, ինչպես հայտնի է, ասել էր, որ Ֆրանսիան, իբրեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, «չի կարող զենք վաճառել ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկին», ինչից ռուսաստանցի մեկնաբանը եզրակացնում է. «Ստացվում է, որ այս դեպքում Երեւանի եւ Արեւմուտքի (քանի որ Ֆրանսիան ԱՄՆ-ի հետ գտնվում է խաղաղարար ընկերակցության «արեւմտյան թեւում») մոտեցումները համընկել են, ընդսմին` ոչ այնքան միանշանակ հարցում: Եւ, իհարկե, Մոսկվային այդպիսի համընկնումը դուր գալ չի կարող»:

Եւ` ահա թե ինչու. «Հատկապես հակամարտության կողմերին ռուսաստանյան զենքի մատակարարումն է թույլ տալիս, առաջինը` ապահովել հակամարտության գոտում ուժային պարիտետը, երկրորդ` (ինչը, մեղմ ասած, ավելի անկարեւոր չէ) ամուր ապահովել իր (Ռուսաստանի.- Վ. Ա.) ռազմա-քաղաքական ներկայությունն Անդրկովկասի այդ հատվածում»:

Ասվածը որեւէ արտառոց «մեսիջ» չէր դիտվի, քանի որ վաղուց է հայտնի, թե ԼՂ հարցում որն է Ռուսաստանի պետական շահը, եթե «Ռեգնում»-ի հեղինակը թույլ չտար մի այսպիսի ընդհանրացում անել. «Եւ այդ հարթակում «ոչ համակարգային» որեւէ` Լեւոն Հայրապետյանի նման չվերահսկվող խաղացողի ներկայությունն, անկասկած, չի կարող շարունակվել, քանի որ պատերազմի եւ խաղաղության բանալիները կարող են լինել միայն մեկի ձեռքում: Առավել եւս, որ ռուսաստանյան քաղաքացի Լեւոն Հայրապետյանի զգալի գործարար հետաքրքրությունները երկար տարիներ ուղղակիորեն կապված էին ԱՄՆ-ի հետ, իսկ, հնարավոր է, կապված են նաեւ այսօր»:

Որպես «պատերազմի եւ խաղաղության հարթակի խաղացող»` ինչո՞վ է Ռուսաստանին անհանգստացրել Լեւոն Հայրապետյանը: Միակ «ռազմական» նախագիծը, որի հետ կապվում է գործարարի անունը, Արցախում Սուվորովի- Մադաթովի անվան ուսումնարանի կառուցումն է: Բայց ապագա ուսումնարանի միայն անվանումը մի՞թե չի վկայում, որ այն «ԱՄՆ-ի հետ գործարար հետաքրքրությունների» հետ կապ ունենալ չի կարող:

Հո չե՞ն ասի, թե ԱՄՆ-ը «միջոցներ է ծախսում», որպեսզի Արցախում ռուս զորավարների անվան «ռազմական ուսումնարան կառուցվի»: Բայց եթե «պատերազմի եւ խաղաղության հարթակում չվերահսկվող» Լեւոն Հայրապետյանը «չի կարող մնալ», ուրեմն ի՞նչ: Մի՞թե նրան կալանավորել են, որպեսզի «հավաստիանան, որ կառուցվող ուսումնարանը չի լինելու պատերազմի եւ խաղաղության բանալիները «երկրորդ ձեռքին փոխանցելու«միջոց»:

Կամ, թերեւս, Լեւոն Հայրապետյանի` որպես «անկառավարելի խաղացողի» կերպարը չի՞ տեղավորվում Ադրբեջանի հետ Ռուսաստանի «վերընթաց զարգացող հարաբերությունների» համատեքստում: Այդ դեպքում, հավանաբար, պետք է համաձայնել գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի տեսակետին, ըստ որի` Լեւոն Հայրապետյանին «պատվիրել է» Ադրբեջանը: Մոսկվայում կալավորվելուց մի քանի օր առաջ Լեւոն Հայրապետյանը Տեր-Թադեւոսյանի ուղեկցությամբ Արցախում է գտնվել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ