RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1541, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՍԱՐԳՍՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՁԳՁԳՎՈՒՄ Է

ՎԱՐՈՒԺԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկված Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն այդպես էլ մնում է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այնպես էլ կողմերի օրակարգում, սակայն հանդիպումն այդպես էլ չի կայանում: Ու մինչ քննարկվում էր Ֆրանսիայում նման մի հանդիպման կազմակերպման հնարավորությունը, հիմա էլ պարզվում է, հանդիպումը հնարավոր է կայանա Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի նստաշրջանի շրջանակներում:

Այդ մասին հուլիսի 23-ին հրապարակված մամուլի հաղորդագրությամբ տեղեկացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ամերիկյան կողմը ներկայացնող Ջեյմս Ուորլիքը եւ Ֆրանսիան ներկայացնող Պիեռ Անդրյուն, որոնք հուլիսի 22-ին Բրյուսելում առանձին-առանձին հանդիպել են ինչպես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, այնպես էլ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Հաղորդագրության մեջ ուղղակի անդրադարձ չկա վերջին շրջանի ադրբեջանական դիվերսիոն խմբին ու դրան առնչվող հանգամանքներին, սակայն համանախագահները «լուրջ մտահոգություն են հայտնել լարվածության ու բռնությունների աճի առնչությամբ, ներառյալ քաղաքացիական անձանց թիրախավորված սպանությունները»: Համանախագահները կողմերին կոչ են արել կատարել մարդկային կորուստներից խուսափելու իրենց պարտավորությունները, միեւնույն ժամանակ դատապարտել են գյուղերի ու քաղաքացիական բնակչության դիտավորությամբ թիրախավորումը:

Համանախագահները արտգործնախարարների հետ քննարկել են նաեւ «նախագահների հանդիպման հնարավոր օրակարգի տարրերը», նաեւ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի շրջանակներում հնարավոր հանդիպումները: Այս պարագայում է, որ հնարավոր է նաեւ երկու նախագահների հանդիպում, հատկապես որ ամերիկյան կողմը վերջին շրջանում ջանքեր է գործադրում ակտիվանալու եւ նախագահների հանդիպման նախաձեռնությունն առաջ տանելու համար:

Թերեւս այս համատեքստում պետք է դիտարկել ամերիկացի համանախագահի թվիթերյան ակտիվությունը, որով նա մեկ տեղեկացնում է արտգործնախարարների հետ սպասվող հանդիպման մասին, մեկ շեշտադրում, թե համանախագահներն իրենց հայտարարությամբ անդրադառնալու են զինադադարի նոր խախտումներին:

Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը եւս մեկ կարեւոր թեմա է քննարկվել, որ վերաբերում է մարդկային շփումներին: Խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմում այդպիսի շփումները, այսինքն` հանրային դիվանագիտություն ասվածը չի խրախուսվում, ավելին, դրանում ներգրավված մարդկանց նկատմամբ ճնշումներ ու ձերբակալություններ են կիրառվում: Հետաքրքրական է, որ համանախագահները այս հարցը եւս քննարկել են, շեշտադրմամբ, թե «հավատում են, որ այդպիսի ծրագրերը վստահություն են ստեղծում, ինչն անհրաժեշտ է տեւական խաղաղության համար»:

Հատկանշական է, որ այս մասին նշվում է կրկին անհասցե, սակայն ակնհայտորեն խոսքերն ուղղված են Ադրբեջանին, որտեղից էլ գալիս են նման շփումների խոչընդոտները: Մյուս կողմից, կրկին անհասցե շեշտադրումները մարդկային կորուստների ու քաղաքացիական բնակիչներին թիրախավորելու առնչությամբ ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ այս պարագայում կոնկրետությունն առավել ազդեցիկ կարող է լինել:

Ամեն դեպքում, ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, համանախագահների հետ հանդիպմանը Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել վերջին շաբաթներին Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին եւ Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների եւ դիվերսիոն գործունեության ակտիվացման վրա: Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր սադրիչ քայլերով ավելի է սրում իրավիճակըՙ ակնհայտորեն հակառակվելով ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելու վերաբերյալ միջնորդ երկրների ղեկավարների բազմաթիվ հորդորներին:

Նալբանդյանը նաեւ նշել է, որ «ադրբեջանական իշխանությունները փորձում են երկրի ներսում կուտակած կոռուպցիոն փորձն ու հմտությունները տեղափոխել միջպետական հարաբերությունների մակարդակ, սեփական հանրային կարծիքը մոլորության մեջ պահելու նպատակով ջանում են որոշ երկրներից կորզել հայտարարություններ, որոնք, գլխիվայր շուռ տալով բանակցային գործընթացի բովանդակությունը, վնասում են դրանց առաջընթացին»:

Ինչեւէ, նախագահների հանդիպում կազմակերպելուն շատ ժամանակ չի մնացել, եթե, իհարկե, ցանկանում են այդ հանդիպումն իրագործել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, քանի որ վերջինիս հերթական նստաշրջանը ներկա դրությամբ նախատեսված է անցկացնել սեպտեմբերի 16-ին: Մինչ այդ հնարավոր է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի նկատմամբ տարվող քննությունը կոնկրետ արդյունքներ ունենա, իսկ դա նշանակում է, որ եթե անգամ նախագահները հանդիպեն` քննարկումը հեռու կլինի կառուցողականությունից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ