RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1411, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԹԵ ԻՆՉՊԵՍ day.az-Ը ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ «ԵՐԿՈՒ ԷՇԻ ԳԱՐԻՆ ՋՈԿԵԼ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Սույն իշխանական կայքը մի խմբագրական հոդված է տպագրել` «1918թ. Հայաստան պետությունը` Ադրբեջանի գթասրտության արդյունք» վերտառությամբ: Դրանում «վերլուծված են» 1918թ. ապրիլ-մայիս ամիսների իրադարձությունները: Առանձնահատուկ «քնքշությամբ» ընդգծված է, որ «1918թ. մարտին Էրզրումի տակ Հայկական կորպուսի պարտությունից հետո Թուրքիային հաջողվեց Անատոլիայում լուծել «հայկական հարցը» (չակերտները` բնագրում.- Վ.Ա.) եւ հայերին մնում էր ազգային օջախ հիմնելու հույսը կապել Անդրկովկասի սահմաններում»: (http://news.day.az/politics/508166.html)

Իլհամալիեւյան քարոզչամիջոցի «խմբագրականն» այնուհետեւ անթաքույց հաճույքով մեջբերել է Բաթումի խորհրդաժողովում թուրքական պատվիրակության ղեկավար Վեհիբ փաշային հղված` Թուրքիայի ռազմական նախարար Էնվերի հեռագրի այս հատվածը. «Եթե այսօր Կովկասում ստեղծվի փոքրիկ Հայաստան` հինգ-վեց հարյուր հազար բնակչությամբ եւ բավարար փոքր տարածքով, ապա ապագայում այդ կառավարությունն Ամերիկայի հրամանով իր թեւերի տակ կհավաքի միլիոնների: Եւ մեր արեւելքում կառաջանա եւս մի Բուլղարիա, որն ավելի թշնամի կլինի, քան Ռուսաստանը»: (նույն տեղում)

«Այդ իսկ պատճառով,- գրել է day.az-ը,- Էնվերը նախապատվությունը տալիս էր հայերի տեղահանմանը (Արեւելյան Հայաստանից- Վ. Ա.), իսկ եթե այդ ծրագիրը չիրականանար, ապա Էնվեր փաշան հնարավոր էր համարում ապագայում հայերին տալ նրանց գոյության համար ինչ-որ բան, բայց այնպիսի թուլացած ձեւով, որպեսզի նրանք չարմատավորվեն (ստիպված լինեն կամովին հեռանալ հայրենիքից- Վ. Ա.) եւ Թուրքիայի ու կովկասյան մուսուլմանների համար վտանգ չներկայացնեն»: (նույն տեղում)

Ըստ այդմ, Բաթումի խորհրդաժողովի բանակցությունների մասին «1918թ. մայիսի 27-ին ադրբեջանական Ազգային խորհրդին (իրականում` Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությանը- Վ. Ա.) տեղեկացրել է խորհրդաժողովի ադրբեջանական (մուսուլմանական- Վ. Ա.) պատվիրակության անդամ Նասիբբեկ Ուսուբբեկովը: Նա ընդգծել է, որ Թուրքիան... պատրաստ է աջակցել Ադրբեջանի երիտասարդ պետության ամրապնդման, հզորացման եւ ծաղկման գործին (1918թ. մայիսի 27-ին Անդրկովկասյան Սեյմի մուսուլմանական խմբակցությունը դեռեւս չէր հայտարարել, որ «Ադրբեջան» անունով պետություն է հռչակում- Վ. Ա.), որին հասնելու համար հարկ է Ադրբեջանի կողմից որոշ տարածքային զիջումներ անել հայերին»:

Թե ինչպե՞ս կարող էր դեռեւս գոյություն չունեցող պետությունը «տարածքային զիջումներ անել», day.az-ն այդ մասին, իհարկե, ոչինչ չի ասում, բայց պնդում է, որ Հայաստանն «իր նոր պետական կազմավորման մայրաքաղաքը` Իրեւան քաղաքը, ստացել է Ադրբեջանական Հանրապետության կառավարությունից»: Ստացվում է, որ դեռեւս չհռչակված` «Ադրբեջանական Հանրապետությունը Երեւան քաղաքը զիջել է հայերին», ինչպես որ ամենատարբեր ամբիոններից հայտարարում է Իլհամ Ալիեւը:

Մինչեւ այստեղ day.az-ը որոշակի «տրամաբանություն» պահպանում է: Շարունակությունը, սակայն, խառնում է ադրբեջանական կողմի բոլոր հաշիվները: Որքան էլ կանխատրամադրված, իլհամալիեւյան քարոզչամեքենան ստիպված է խոստովանել, որ Բաթումի պայմանագրով «հարավկովկասյան երիտասարդ հանրապետությունների միայն Թուրքիայի հետ սահմաններն են որոշվել», իսկ ներքին սահմանների հարցը մնացել է բաց: «Բաթումի պայմանագրի 3-րդ հոդվածով նախատեսված էր, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանները պետք է ամրագրվեին կողմերի միջեւ կնքվելիք արձանագրությունների միջոցով, որոնք պետք է կազմեին պայմանագրի մասը»,- գրել է day.az-ը:

«Բայց Բաթումում փոխադարձ սահմանների մասին որեւէ արձանագրություն չի կնքվել,- շարունակել է ադրբեջանական լրատվամիջոցը,- իսկ Բաթումի պայմանագրի վերջին հոդվածով հատուկ ասված էր, որ պայմանագիրը կվավերացվի, եւ վավերագրերի փոխանակումը տեղի կունենա Կոստանդնուպոլսում` մեկ ամսվա ընթացքում կամ ավելի վաղ, եթե դա հնարավոր լինի եւ ուժի մեջ կմտնեն այդ փոխանակման օրվանից: Սակայն Ստամբուլում նախատեսված այդ խորհրդաժողովն այդպես էլ չկայացավ»:

Ահա եւ քեզ` կատարյալ խայտառակություն: Ըստ էության, 1918-20 թ.թ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհամաձայնեցված եւ, մանավանդ, երկու պետությունների կողմից վավերացմամբ ճանաչված, արձանագրությունների փոխանակմամբ ուժի մեջ մտած սահմանազատում տեղի չի ունեցել: Չկա իրավական մի փաստաթուղթ, որի համաձայն «Ադրբեջանը Երեւան քաղաքը զիջել է Հայաստանին» կամ` որ «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի իրավազորության ներքո է»: Կամ` Նախիջեւանը եւ մյուս հայկական տարածքները:

Այսպես կարող է լինել միայն Ադրբեջանում, որի նախագահը մի բան է ասում, իսկ պաշտոնական քարոզչությունը` դա հերքում` գտնվելով պատմական անհերքելի փաստերի ճնշման տակ: Հարց է առաջանում` կարի՞ք կա ահռելի միջոցներ ծախսել, նախագահական մրցանակներ շնորհել մի լրատվամիջոցի, որն, ինչպես արցախցին է ասում, «երկու էշի գարին ջոկել» չի կարող:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ