RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1640, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՄՈՍՈՒԼԸ ԴԱՏԱՐԱԿՎԵՑ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻՑ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

ՄԱԿ-ը դատապարտում է, բայց չի միջամտում

Իրաքի տարածքի զգալի մասում եւ Սիրիայի արեւելքում ջիհադիստների հռչակած «Իսլամական պետության» գրոհայինները իրաքյան Մոսուլ քաղաքում հրկիզել են 3-րդ դարում կառուցված ասորական եկեղեցին: Մինչ այդՙ անցյալ շաբաթավերջին, նրանք քաղաքի բոլոր քրիստոնյաներին հրամայել էին իսլամ ընդունել կամ հատուկ հարկ վճարել, այլապես կենթարկվեն մահապատժի: Վերջնաժամկետի ավարտին չսպասելովՙ քրիստոնյաները հեռացել էին հարազատ քաղաքից:

«Իրաքի պատմության մեջ առաջին անգամ Մոսուլում քրիստոնյա չմնաց», հայտարարել է քաղդեական պատրիարք Լուիս Սաքոն ֆրանսիական «Մոնդ» թերթի թղթակցին: Թերթը մանրամասնում է, որ ջիհադիստները քրիստոնյաներին հրամայել էին մեկ օրվա ընթացքում լքել ինքնահռչակ «Իսլամական պետության» կամ խալիֆայության տարածքը: Եկեղեցիների խաչերը հանելով ու ոչնչացնելովՙ ջիհադիստները դրանց տեղերում կանգնեցրել էին «Իսլամական պետության» դրոշներ: Մոսուլի հսկիչ անցակետերում ջիհադիստները կողոպտել էին քաղաքից հեռացող քրիստոնյաներինՙ խլելով նրանց փողը, զարդեղենը եւ որոշ ավտոմեքենաներ:

«Մոնդը» նաեւ տեղեկացնում է, որ շիա մահմեդականների սրբազան քաղաքներ Քերբալայի եւ Նաջաֆի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել ընդունելու քրիստոնյա գաղթականներին: Այդ քաղաքներում արդեն իսկ ապաստանել են սուննի ջիհադիստների հալածանքներից փրկված բազմաթիվ շիաներ:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր 15 պետություններ ընթացիկ շաբաթվա սկզբին դատապարտեցին Իրաքում ազգային եւ կրոնական փոքրամասնությունների դեմ ջիհադիստների «Իսլամական պետության» սանձազերծած հալածանքները: Մահմեդական 57 երկիր միավորող Իսլամական համագործակցության կազմակերպությունը իր հերթին օգնություն առաջարկեց տեղահանված իրաքցիներին:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, որը չի կարողանում դիմագրավել ջիհադիստներին, միջազգային ընկերակցությունից օգնություն է խնդրել ընդդեմ «հանցագործ եւ ահաբեկիչ» խալիֆայության:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը խստիվ դատապարտել է «Իսլամական պետությունում» փոքրամասնությունների «սիստեմատիկ հալածանքները», դրանք անվանելով «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: Այս կապակցությամբ «Ֆիգարո» թերթը հավելում է, որ հուլիսի 21-ին Ֆրանսիան եւս դատապարտել է «Իսլամական պետության» հակաքրիստոնական «անհանդուրժելի սպառնալիքները»: Քաղդեական վերոհիշյալ պատրիարքի տվյալները վկայակոչելովՙ թերթը գրում է, որ ջիհադիստների հարձակումից առաջ Մոսուլում ապրել է 35 հազար քրիստոնյա: Քաղաքը գրավելովՙ սուննի ապստամբները վերջ դրեցին այնտեղ քրիստոնյաների ավելի քան 1600-ամյա ներկայությանը:

Շիա մահմեդականները եւս ենթարկվում են հալածանքների: Այս տարվա հունիսին Մոսուլը գրավելուց հետո «Իսլամական պետության» գրոհայինները առեւանգել են առնվազն 200 թուրքմենների, շաբակների եւ եզդիների: Մինչեւ օրս պատանդներից 11-ը սպանվել են: ՄԱԿ-ի տվյալների համաձայն, Մոսուլից փախած առնվազն 400 ընտանիք ապաստանել է Իրաքի հյուսիսում գտնվող Դոհուկ եւ Էրբիլ քաղաքներում: Քրդական ինքնավարության կազմի մեջ մտնող Էրբիլ քաղաքում պատրաստ են ՄԱԿ-ի օգնությամբ ընդունել եւս 700 ընտանիք: Գաղթականներ կան նաեւ Քաղաքոշում, Ալսքոշում, Թալ Կայֆում եւ այլուր: Սակայն քրիստոնյաները այստեղ եւս իրենց ապահով չեն զգումՙ վախենալով, որ ջիհադիստները կարող են հարձակվել նաեւ քրդաբնակ տարածքների վրա: «Ֆիգարոն» մեջբերում է պատրիարք Լուիս Սաքոյի այն հարցը, թե ինչու միջազգային ընկերակցությունը չի արձագանքում ինքնահռչակ «Իսլամական պետության» վայրագություններին եւ ինչու ՄԱԿ-ի զինվորները չեն գալիս քրիստոնյաներին պաշտպանելու:

«Մոնդ» թերթի տվյալների համաձայն, երկու տասնամյակ առաջՙ Սադդամ Հուսեյնի օրոք, Իրաքում ապահով ապրում էր 1 մլն քրիստոնյա: Ներկայումս երկրում քրիստոնյաների թիվն իջել է 400 հազարի, եւ նվազման միտումը պահպանվում է:

Որեւէ տեղեկություն չկա Մոսուլում հայկական եկեղեցու եւ հայերի մասին, սակայն ենթադրվում է, որ մյուս քրիստոնյաների նման հայերն եւս լքել են այդ քաղաքը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ