RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՄԵՆՔ ՈՒ «ՄԵՐՈՆՔ»

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1688, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԱՅՍՊԵՍ ԱՍԵԼ Է ՊՈՒՏԻՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երեքշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում հանդես եկավ, ըստ էության սենսացիոն հայտարարությամբ: Նախագահ Պուտինը, համաձայն «ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության, հայտարարել է. «Ցանկացած երկիր, որը մտնում է ինչ-որ դաշինքի մեջ, իր ինքնավարության ինչ-որ մասը հանձնում է, ինչը հաճախ չի բխում տվյալ երկրների ազգային շահերից: Ռուսաստանը, փառք Աստծո, որեւէ դաշինքի կազմում չէ եւ դա Ռուսաստանի ինքնիշխանության գրավականն է»:

Նկատենք, որ այսկերպ Պուտինը խոսել է ՆԱՏՕ-ի եւ դրա անդամ երկրների մասին, սակայն, այդուհանդերձ, մեզ այլ բան չի մնում, քան Պուտինի այս հայտարարությունը բնորոշել` որպես տարօրինակ, եւ ահա, թե ինչու:

Եթե Ռուսաստանի նախագահը «դաշինք» ասելով նկատի ունի` երկրների քաղաքական-տնտեսական միություն, ապա պետք է նկատենք, որ Ռուսաստանը այսօր հանդիսանում է Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն, ավելին` այդ միությունում ցանկանում է տեսնել այլ գործընկերների եւս, օրինակ` Հայաստանին: Ըստ Պուտինի տրամաբանության կամ խոստովանության, դա նշանակում է, որ կա՛մ Ռուսաստանի նախագահը «դաշինք» ասելով նկատի չունի քաղաքական-տնտեսական միությունները (ի դեպ, ՆԱՏՕ-ն ոչ միայն ռազմական, այլեւ քաղաքական միություն է), կա՛մ մոռացել է, որ իր երկիրը Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամ է, կա՛մ էլ Պուտինը խոստովանում է, որ Ռուսաստանի գլխավորությամբ բոլոր այն երկրները, ովքեր կան եւ կմտնեն ԵՏՄ, կհանձնեն իրենց ինքնավարության մի մասը ու կզրկվեն սեփական ինքնավարության գրավականից:

Իսկ, եթե Ռուսաստանի նախագահը «դաշինք» ասելով նկատի ունի բացառապես ռազմական միությունները, ապա այս համատեքստում եւս նրա վերոհիշյալ հայտարարությունը տարօրինակ է: Բանն այն է, որ գոյություն ունի այսպես կոչված` ՀԱՊԿ պետությունների միավորում, ռազմաքաղաքական դաշինք, որի կազմում բացի Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից ու Տաջիկստանից, մտնում է նաեւ ինքը` Ռուսաստանը: Հետեւաբար, ասելով, թե «Ռուսաստանը, փառք Աստծո, այսօր որեւէ դաշինքի անդամ չէ...», Պուտինը կամ մոռացել է ՀԱՊԿ-ի մասին, կամ ՀԱՊԿ-ը չի դիտարկում որպես արժանահիշատակ դաշինք, կամ էլ ՀԱՊԿ-ն այլեւս գոյություն չունի:

Թերեւս վերջին հանգամանքն առավել ճշմարտամոտ է, քանի որ իր գոյության տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը բազմիցս խախտել է իր իսկ կանոնադրությունը: Օրինակ, դաշինքի կողմից անտեսվել են իր անդամ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման բազմաթիվ դեպքեր: Շեշտենք` հենց Հայաստանի Հանրապետության: ՀԱՊԿ-ը որեւէ կերպ չի արձագանքել Ադրբեջանի, Նախիջեւանի կողմից, կոնկրետ ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի (Վարդենիսի շրջան), Արարատի, Սյունիքի ուղղություններով սովորական գնդակոծություններին, դիվերսիոն խմբավորումների ներթափանցմանը, արդյունքում` խաղաղ բնակիչների մահվան դեպքերին, այն պարագայում, երբ, համաձայն ՀԱՊԿ կանոնադրության` «Կազմակերպության անդամ պետության վրա հարձակումը, կամ նրա տարածքային ամբողջականության հանդեպ սպառնալիքը դիտարկվում է որպես հարձակում կազմակերպության վրա, եւ ենթակա է կոլեկտիվ դիմագրավման»: Հայաստանի մասով գոնե արձանագրենք, որ այդ «կոլեկտիվ դիմագրավումը» մենք չենք տեսել:

Մնում է արձանագրել` Հայաստանն այսօր ՀԱՊԿ անդամ է ու հավակնում է անդամակցել նաեւ Եվրասիական տնտեսական միությանը: Սա նշանակում է, որ մեր երկիրը պետք է հանձնի իր ինքնավարության մի մասը, դրա գրավականը: Այս մասին հայտարարել է անձամբ Պուտինը, իսկ դա հաստատ մի բան նշանակում է:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ