RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ԽՆԴԻՐՆԵՐ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1805, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ԵՎ ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Լեւոն Հայրապետյանի ձերբակալության մասին առաջին իսկ տողերն արդեն, եթե չասենքՙ առաջին իսկ բառերը, բացարձակ կեղծիքով են պատված. «...ձերբակալվել է Դոմոդեդովո օդանավակայանում, որտեղ նա (Լեւոնը - Զ.Բ.) թռել էր Մոնակոյից»: Բայց սա նույնիսկ չափից ավելի կարեւոր բան է այնպիսի լուրջ հաստատության տեղեկացվածության որակի առումով, ինչպիսին է Անվտանգության Դաշնային Ծառայությունը (ՖՍԲ): Որովհետեւ չես կարող չհարցնել. որտե՞ղ Մոնակոն, որտե՞ղՙ Ղարաբաղը: Քանզի Լեւոն Հայրապետյանը Դոմոդեդովո էր թռել... Ղարաբաղից:

Ահա նմանատիպ, մեղմ արտահայտվածՙանհեթեթությունները շատ են այն տեղեկատվության մեջ, թե «ՖՍԲ-ն ձերբակալել է ամենահարուստ հայերից մեկին» (ընդգծումն իմն է - Զ.Բ.): Ահա միայն մեկ օրինակ: Տեքստում սեւով սպիտակի վրա գրված է. «Հանցախմբի գործունեությանը Հայրապետյանի հնարավոր (!? - Զ.Բ.) առնչվածության մասին քննիչներին հայտնել է նախկին սենատոր Իգոր Իզմեստեւը, որը հիմա գտնվում է ցմահ բանտարկության մեջ»: Ես եւս մեկ անգամ ցանկանում ես ընդգծել «հնարավոր» բառը, որը հաստատում է, թե կասկածներ կան: Սաՙ մի կողմից: Սակայն մյուս կողմից էլ ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են այդ նույն «կինգիսեպյան» խմբավորման գործունեության հրեշավոր, սարսափազդու պատմությունը: Թվում է, թե խոսքն ընդամենը այն մասին է, թե «ինչպես են իրագործել սպանություններՙ ի շահ խոշոր գործարարների»: Այստեղ ցանկանում եմ կրկնել բառերը «Հայրապետյանի հնարավոր առնչության» մասին: Քանզի ակնհայտ տպավորություն է ստեղծվում, թե նա այնուամենայնիվ մեղավոր է: Բայց ո՞ւր մնաց իրավագիտության սրբություն սրբոցըՙ անմեղության կանխավարկածը, որն անվերապահորեն համարվում է դատավարման հիմնական դեմոկրատական, իրավական սկզբունքներից մեկը: Իսկ դա նշանակում է, որ մեղադրյալը անմեղ է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով: Բայց չէ՞ որ այդ սրբազան սկզբունքն է օրինականության լուրջ երաշխիք հանդիսանում քրեական գործերի լուծման ժամանակ:

Նախնական տեղեկատվության մեջ չգիտես ինչու ընդգծված է Լեւոն Հայրապետյանի ազգային պատկանելության փաստը, նկատի ունենալով, թե «նա աշխարհի ամենահարուստ հայերից մեկն է»: Այո, նա հայ է: Հայրական գծով սերում է Մելիք-Ջալալյանների հայտնի տոհմից, մայրական գծովՙ հայ ականավոր զորահրամանատար եւ փիլիսոփա Գարեգին Նժդեհի: Լեւոնի կենսագրությունը ինձ լավ հայտնի է: Ես առաջինն էի, որ դեռեւս նախորդ դարում նրա մասին ծավալուն ակնարկ էի գրել, որը տպագրվել էր «Ուրարտու» շաբաթաթերթում: Եվ զարմանալի չէ, որ լավ գիտեմ նրա կյանքի բոլոր մանրամասները: Թերեւս, իրավաբանական տեսակետից նա Ռուսաստանի քաղաքացի է, հետեւաբար նաեւ ռուսաստանյան գործարար:

Համարյա կես դար առաջ նա տեղափոխվել է Մոսկվա, եղել է կոմերիտական ակտիվ առաջնորդներից մեկը (խոսքը ՀամԼԿԵՄ Կենտկոմի մասին է): Եվ լիովին բնական է, որ Ղարաբաղյան խառնակ տարիներին Լեւոնն առաջիններից մեկը ձեռք զարկեց հայկական տաճարների ու եկեղեցիների վերականգնմանը: Նա վերականգնեց ադրբեջանական ռմբակոծություններից եւ «Գրադ» կայանքի հրթիռակոծություններից տուժած Գանձասար աննման տաճարը, որը ութ դար առաջ կառուցել էր նրա նախապապը: Մեկ այլ փլատակների տեղում կառուցեց ժամանակակից տեսակի մի դպրոց, որը կրում է նրա հորՙ Գուրգեն Հայրապետյանի անունը: Սակայն դա չի նշանակում, թե Լեւոնը դադարում է լինել Ռուսաստանի քաղաքացի: Այդ մարդու մեջ ամփոփված է մի ինչ-որ անսպառ գթասրտություն: Եվ հաստատ, Լեւոնի նմաններին չեն վերաբերվում հայ անվան գործարար եւ բարեգործ Ալեք Մանուկյանի բառերը, թե «Բոլոր հարուստներից ոչ միայն ամենադժբախտը, այլեւ ամենաաղքատն է նա, ում մեջ ոչ մի կաթիլ գթություն չկա»:

Իհարկե, Լեւոն Հայրապետյանը միայնակ չէր: Ղարաբաղյան ավերիչ պատերազմից անմիջապես հետո մեզ մոտ շատ բարեգործներ հայտնվեցին: Հենց այդ ողբերգական շրջանում մենք շոշափելիորեն գիտակցեցինք, որ վրա են հասնում դժվարին ժամանակներ, երբ շատ ավելի օգտակար կարող են լինել բարերարները, քան բարեմիտները: Բնականաբար, Լեւոնը հանդիսանում է այդպիսին: Այնպես որ կարելի է գիտակցված կերպով հասկանալ Հայաստանում եւ Արցախում սկիզբ առած հասարակական արձագանքըՙ Հայրապետյանի ձերբակալությունից անմիջապես հետո: Ես չեմ կարող ինձ թույլ տալ տրամաբանությունից ու սթափությունից զուրկ վեճերի մեջ մտնել նախքան դատավարությունը: Սակայն չեմ կարող լռել որպես բժիշկ, առավելեւս, որ շատ լավ գիտեմ Լեւոնի հիվանդության ողջ, այսպես ասած, հարուստ պատմությունը, մի մարդու, որի կյանքը հենց այս օրերին գտնվում է անդունդի եզրին: Վերջին տասնհինգ տարիներին Լեւոնը, ինչպես ասում են, հիվանդանոցներից դուրս չէր գալիս: Նա տառապում է զարգացող խրոնիկական հիվանդությամբ, կապված լյարդի բոլոր կառուցվածքային տարրերի ախտահարման հետ: Բուժում է անցել Գերմանիայում: Եվ դա բարդագույն շաքարային դիաբետի խորապատկերին, աղետալի «20» նիշով: Հավելած երկու ինսուլտ, ուղեղի արյունազեղություն, բազմաթիվ վիրահատություններՙ ոչ պակաս վտանգավոր ախտորոշումների առիթով:

Գերազանց իմանալով հիվանդ Լեւոն Հայրապետյանի առողջական ծանր վիճակը եւ հիշելով տխրահռչակ «Մագնիցկու գործը», ես համոզված եմ, որ ստեղծված իրավիճակում չի կարելի բանտախցում կամ բանտային հիվանդանոցում պահել ծանր հիվանդին: Նրան անհրաժեշտ է տեղափոխել մասնագիտացված կլինիկա:

Կա նաեւ ծայր անհրաժեշտություն ներգրավելու Գերմանիայում հիվանդին բուժած բժիշկներին, Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի գլխավոր ուրոլոգ, նրան վիրահատած պրոֆեսոր Արամայիս Կամալովին, ինչպես նաեւ «Նաիրի» կլինիկական հիվանդանոցի անգիոնեւրոլոգիայի կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Հենրիխ Բակունցին:

Ցանկանում եմ հիշեցնել Ռուսաստանի ֆեդերացիայի քաղաքացի Ռոման Սելեզնյովի (հաքերի) դրամատիկական ճակատագրի մասին, որին ձերբակալել են ԱՄՆ-ում: Ես չեմ ուզում այստեղ զուգահեռներ անցկացնել, անդրադառնալ բուն ձերբակալության հիմքի եւ փաստարկման վիճելիության թեմային: Նմանությունը նրանում է, որ նա էլ ծանր հիվանդ է: Եվ ամեն անգամ, երբ կարդում կամ լսում եմ հերթական տեղեկատվությունը Ռոման Սելեզնյովի խնդրի մասին, ուշադրություն եմ դարձնում, որ պաշտոնական, ըստ էությանՙ կառավարական տեքստն ավարտվում է ցայտուն զարմանքով. «...հենվելով միջազգային իրավունքի սկզբունքների, բարոյականության, փաստերի վրա, ինչպե՞ս կարելի է ծանր հիվանդ մարդուն պահել 3x3 մետրանոց բանտախցում, այլ ոչ թե կլինիկայում»...

Ես հասկանում եմ, որ Սելեզնյովի պարագայում խոսքը Ռուսաստանի քաղաքացու ճակատագրի մասին է: Բայց չէ՞ որ Լեւոն Գուրգենի Հայրապետյանը նույնպես Ռուսաստանի քաղաքացի է: Ստացվում է երկակի չափանիշ: Մենք լավ գիտենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը պատերազմ է հայտարարել այնպիսի վտանգավոր պատուհասի դեմ, ինչպիսին է «Երկակի չափանիշը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ