RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1466, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՆՈՒՅՆԸ, ԲԱՅՑ ՀՈՒՄՈՐՈՎ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Միակ հիշարժան բանը, որը մնաց ՕԵԿ-ի հանրահավաքից, բացի իհարկե Արթուր Բաղդասարյանին` Ազատության հրապարակի ընդդիմադիր ամբիոնում տեսնելուց, հրապարակի տարբեր կողմերից այնտեղ` հանրահավաքի հայտարարված ժամից բավականին ուշ մտնող երիտասարդ` «ՕԵԿ-ականներից», եւ հանգամանքից, որ ՕԵԿ-ը «դեմ է», մնաց նաեւ «ԱԽՔ» գրությունը, որը մի երիտասարդ փակցրեց Բաղդասարյանի ամբիոնին, եւ, որը անմիջապես հեռացվեց, երիտասարդն էլ` ոստիկանների կողմից: Ուրիշ բան, քաղաքական առումով, անգամ հասարակական-սոցիալական, ՕԵԿ հանրահավաքը չտվեց:

Օրինակ, մենք չիմացանքՙ Բաղդասարյանը ի՞նչ է մտածում քառյակին միանալու վերաբերյալ, Եվրասիական տնտեսական միություն մտնելու մեր երկրի խնդիրների վերաբերյալ, ձախողված եվրաինտեգրման վերաբերյալ` լինելով Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ քաղաքական ուժի ղեկավար, ԼՂ հակամարտության` այս վտանգավոր փուլի վերաբերյալ...

Այսինքն, եթե մեկ խոսքով ասենք, ապա ՕԵԿ-ը «բազմահազար» մարդկանց Ազատության հրապարակ էր կանչել, որպեսզի ասեր, որ ինքը դեմ է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր թանկացմանը, եւ ամեն ինչ պետք է արվի այն թույլ չտալու համար, քանի որ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումը իր հետ բերելու է շղթայական թանկացումներ:

Զարմանալի է, որ ՕԵԿ-ի նման փորձառու ու քաղաքականապես թրծված քաղաքական կուսակցությունը, որի համար, ինչպես գիտենք, վստահ ենք, պատվախնդրությունը ամենեւին էլ վերջին կատեգորիա չէ, այս ասելիքը տեղ հասցնելու համար օգտագործել է հենց հանրահավաքի ձեւաչափը: Կարող էին, անշուշտ, միայն դա ասելու համար մի մամուլի հաղորդագրություն տարածել. ով-ով, բայց Replik.am-ն ու «Երեւան» հեռուսատաընկերությունը հասարակությանը կիրազեկեին այդ հաղորդագրությունների բովանդակությունը: Սակայն Բաղդասարյանը հենց հանրահավաք անելու որոշում էր կայացրել, ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ նրանց ուզածը ոչ այնքան հոսանքի գնի թանկացման բացառումն է, այլ Ազատության հրապարակում ներկայանալու հայտի ձեւակերպումը, սրանք միանգամայն տարբեր բաներ են, սակայն դա ամենեւին չի նշանակում, որ ՕԵԿ-ը ընդդիմություն դառնալու, անգամ այդիպիսինը խաղալու իրավունք չունի:

Խնդիրն այլ է, այն անգամ ՕԵԿ-ի հանրահավաքին գնացածների թիվը չէ, նույնիսկ եթե այդ մարդիկ իրոք հավատում են այս կուսակցությանը: Խնդիրը հումորի ու սրամտության բացակայությունն է Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբՙ գրեթե բոլոր ՕԵԿ-ականների մոտ:

Օրինակ, եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, կամ ինչպես կանցներ ՕԵԿ-ի հանրահավաքը, եթե ՕԵԿ անդամները լինեին բավարար չափով հումորով ու սրամիտ:

Նախ, ի սկզբանե հայտարարվել էր, որ հանրահավաքը պետք է մեկնարկի ժամը 18-ին: Այդ ժամին, սակայն, հրապարակում` որպես հանրահավաքի մասնակից, նշմարելի էին մի քանի հոգի միայն: Իրականությունն այն է, որ ՕԵԿ-ն այդ պայմաններում չսկսեց հանրահավաքը, բայց, եթե հումուրով լիներ, ապա կսկսեր, օրինակ հայտարարելով. «Այսօր Երեւանում ամենաշոգ օրն է տարվա, ու Հայաստանում քիչ կան կուսակցություններ, որոնք կարող են նման պայմաններում ստանալ իրենց իրական համակիրների աջակցությունը: Հասկանալի է, որ օրինաց երկրի ստեղծումը հրապուրիչ գործ չի համարվում մեզանում, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է այդ գործը սկսենք»:

Եթե ՕԵԿ-ը հենց այսպես վարվեր, ապա ժամը 19-ին մոտ հրապարակ մտած ՕԵԿ երիտասարդները` իրենց պաստառներով ավելի աննկատ կլինեին ու հիմք չէին տա տարբեր չկամեցող լրատվամիջոցների` արձանագրելու, որ, «տեսնելով հրապարակի սակավամարդությունը, ՕԵԿ-ը արագ տեմպերով «բերման ենթարկեց» իր երիտթեւին»:

Եւ, իհարկե, հանրահավաքիՙ կարելի է ասել «մեխը». երիտասարդ հայ տղան «ԱԽՔ» գրությամբ պաստառ է փակցնում Արթուր Բաղդասարյանի ամբիոնին, երբ վերջինս լարված կարդում էր իր ելույթի տեքստը: Իրականությունն այն է, որ Բաղդասարյանը չի էլ նկատել, իբր, այս իրադարձությունը, եւ նրա օգնականները արագ հեռացրել են` չգիտես ինչու ամոթալի համարվող այդ պաստառը, իբր Բաղդասարյանը կյանքում երբեք Անվտանգության խորհրդի քարտուղար չի եղել, ապա այս պաստառը փակցրած երիտասարդին ոստիկանները բերման են ենթարկել համապատասխան բաժին:

Իսկ, եթե Բաղդասարյանը հումորով լիներ, ապա, տեսնելով, թե ինչպես է «ԱԽՔ» գրությամբ պաստառը երիտասարդ հայ տղան փակցնում իր ամբիոնին, կարող էր բավականին հանգիստ վերցնել այդ պաստառը, ու հայտարարեր. «Այո, ես եղել եմ Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչի հապավումը, որքան էլ զավեշտալի հնչի` ԱԽՔ է, սակայն, այս պաստառը ժամանակավրեպ է, քանի որ ես այլեւս ԱԽՔ չեմ` թողնելով այդ պաշտոնը ուրիշներին: Այսօր ես հրապարակում եմ»:

Եթե Բաղդասարյանը իրեն պահեր հենց այսպես, ընդ որումՙ օդային ողջույն ուղարկելով այս գրությամբ պաստառը իր ամբիոնին փակցրած, իրենից ոչ պակաս հայրենասեր երիտասարդին, ապա կարող էր ոչ միայն հաճելի պահեր պարգեւել հավաքված «բազմահազար» ժողովրդին, այլեւ թույլ չտալ ոստիկաններին բաժին տանել երիտասարդ հայ տղային միայն այն բանի համար, որ վերջինս հիշեցրել է, թե ով է եղել Արթուր Բաղդասարյանը մինչեւ «հեղափոխությունը»:

Ոստիկանները կգտնեին, որ տեղի ունեցած միջադեպը լուրջ չէ ու հարթված է, անելիք չէին ունենա, մենք էլ կհասկանայինք, որ Բաղդասարյանը չի խորշում իր` «ԱԽՔ» անցյալից, հետեւաբար հույս կա, որ նրա ղեկավարած ուժի ապագան «ԱԽՔ» չի լինի: Բայց ամեն ինչ եղավ այնպես, ինչպես եղավ: ՕԵԿ-ն էլ իր հաջորդ հանրահավաքի ոչ օրը, ոչ էլ ժամը չհայտնեց: Ամեն դեպքում, լավ է, որ այդ ժամանակ հումորով ու սրամիտ երիտասարդը ազատության մեջ կլինի, եւ Արթուր Բաղդասարյանին հերթական հնարավորություն կտա` հումորով ու սրամիտ գործելակերպի, կամ գոնե այդպիսինը երեւալու:

Ընդ որում ոչ միայն Բաղդասարյանին կամ ՕԵԿ-ին է վերաբերում այս ամենը, ամեն ինչ նորից, բայց հումորով կրկնելու անհրաժեշտություն ունեն Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը, գուցե այդ ժամանակ ինչ-որ բան ստացվի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ