RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՋՐԱԶՐԿՈՒՄ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1631, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՎԻՃԱԿԸ ՏԱԳՆԱՊԱԼԻ Է

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ձկնաբուծարանները Արարատյան դաշտի ամայացման լրջագույն սպառնալիք

Հայաստանի ստորերկրյա ջրերի պաշարները վերջին տարիներին կտրուկ նվազել են: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արարատյան դաշտի արտեզյան ավազանին, որտեղ է կենտրոնացված մեր երկրի ստորերկրյա ջրերի մոտ կեսը: Թե ինչ սոցիալական, տնտեսական, բնապահպանական եւ այլ հետեւանքներ է ունենում այս կացությունը, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Ասել, թե քայլեր չեն ձեռնարկվում իրավիճակի կարգավորման ուղղությամբ, արդարացի չի լինի:

Վերջին 2-3 տարիներին փակվել են բազմաթիվ հորատանցքեր: Կառավարության վերջին նիստերից մեկում տեղեկացվեց, որ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ լուծարվել է 19 եւ կոնսերվացվել 26 հորատանցք, որոշում ընդունվեց այս տարվա երրորդ եռամսյակում լուծարել կամ կոնսերվացնել 40 ինքնաշատրվանող կամ բացասական մակարդակով հորատանցք, իսկ չորրորդ եռամսյակում շարունակել այդ գործընթացը` մինչեւ բոլոր ապօրինի հորերը փակվեն: Այս հանգամանքը շեշտեց նաեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, բնապահպանության նախարարին հանձնարարելով տարեվերջին զեկուցել այդ մասին: Այդուհանդերձ, իրավիճակը շարունակում է սպառնալից մնալ, քանի որ վերջին տարիներին ստորերկրյա ջրերը պարզապես վայրենաբար են օգտագործվել` սնկի նման բազմացած մոտ 300 ձկնաբուծարանների կողմից:

Ստորերկրյա ջրերի մակարդակը իջել է մետրերով, ջրատվությունը` անգամներով

Կառավարության նախաձեռնությամբ եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցներով անցկացված ուսումնասիրությունների համաձայն, վերջին տարիներին Մեծամոր գետի ավազանում 303 խորքային հորերից 122-ը իսպառ չորացել են, ջրատվությունը նվազել 10 անգամ: Այս գետի ավազանում բոլոր աղբյուրները շատրվանող էին, որոնք համարյա ցամաքել են: Ակնա լճի ջրատվությունը նվազել է 75 տոկոսով: Գրունտային ջրերի մակարդակը 120 հազար հա-ի վրա իջել է 3-9 մետրով, առանձին դեպքերում` 15 մետրով: Խախտվել է հողաջրային ռեժիմը, սկսվել է հողի փոշիացումը, որի հետեւանքով ոռոգման չափաբաժինն ավելացել է 20-25 տոկոսով: Բացի Մեծամորի ատոմակայանի հովացման առաջացած խնդրից, ոռոգման եւ խմելու ջրի լրջագույն պակաս է առաջացել բազմաթիվ գյուղերում: Էջմիածնի տարածաշրջանում 1981 եւ 2013թթ-երի չափագրումների համաձայն, հորատանցքերում ջրի մակարդակը նվազել է 2,5-ից մինչեւ 12 մետրով, իսկ ծախսը` 34-ից մինչեւ 168 լիտր վայրկյանով: Մասիսի տարածաշրջանում ջրերի մակարդակի նվազումը կազմել է 3,9-ից մինչեւ 15 մետր: Ծախսը 44-ից մինչեւ 200 լիտր վայրկյանում: Սեւջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերը 1983թ-ին հաստատվել են 17,8 խմ վայրկյան, սակայն վերջին տարիներին կտրուկ նվազելով, կազմում են ընդամենը 3 խմ/վրկ:

Ընդհանրապես Արարատյան դաշտում 3314 խորքային հոր է գործում, որոնցից 2365-ը կա՛մ անօրինական են, կա՛մ գործում են օրենքի խախտումներով: Ջրերի շահագործման ռեժիմից ավելի օգտագործումը բերել է նրան, որ տեղի է ունեցել գրունտային ջրերի եւ ճնշումային ջրերի մակարդակների կտրուկ անկում, ջրի որակական հատկանիշերի փոփոխություն: 1983թ-ի համեմատությամբ Արարատյան դաշտում ինքնաշատրվանող գոտու տարածքը շուրջ 3 անգամ կրճատվել է: 1983թ-ին այն կազմում էր 32 հազար հա, այսօր այն կազմում է 10 հազար հա: Ժամանակին 44 համայնք ինքնաշատրվանող հորատանցքերով ապահովված էին ջրով, այսօր դրանցից 31-ը լիովին կամ մասսամբ զրկվել են ինքնաշատրվանող հորատանցքերից օգտվելու հնարավորությունից: Միայն Էջմիածնի տարածքում 303 ոռոգման եւ ջրամատակարարման ինքնաշատրվանող հորատանցքերի ջրատվությունը կտրուկ նվազել է 6000 խմ-ից (6 մլն լիտր) հասնելով 600 լիտր վայրկյանի:

Ըստ վերոնշյալ ուսումնասիրությունների, Արարատյան դաշտի գրունտային ջրերի մակարդակն իջել է միջինը 9 մետրով: Այս ամենի հետեւանքով, ստիպված կտրուկ ավելացնում ենք Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվող ջրի քանակը: Այս տարի կառավարության որոշմամբ այն կկազմի 270 մլն խմ:

Վերջին տարիներին ջրօգտագործման թույլտվությունները տրամադրված հորատանցքերի համար չի պահպանվել սահմանված` հորատանցքերի միջեւ 400-1000 մետր հեռավորությունը: Եթե Արարատյան դաշտում շարունակվի այս ձեւով ջրօգտագործումը, չպահպանելով 1984թ-ի պաշարների պետական հանձնաժողովի կողմից սահմանված շահագործման ռեժիմը, ապա փորձագետների կարծիքով, մոտակա 1-2 տարվա ընթացքում կշարունակվի ջրի մակարդակների եւ ջրաքանակների նվազումը, ինքնաշատրվանող գոտու տարածքի փոքրացումը, ինչպես նաեւ կարձանագրվի հիդրոստատիկ դրական ճնշման անկում եւ աղբյուրների խմբի ջրատվության նվազում կամ ընդհանրապես դադարում:

Ամեն ինչ սկսվեց ձկնաբուծարաններից ...

Հայաստանում հողի մակերեւույթից մինչեւ 60 մետր խորության վրա գտնվող ջրերի օգտագործման արգելք չկա: Բազալտի շերտից ներքեւ 100-120 մետր խորության վրա գտնվում է արտեզյան ջուրը, որը մաքուր է եւ քաղցրահամ: Այն հավաքվում է Արարատ-Արագած-Գեղամա-Հայկական պար լեռնաշղթաներից: 1960 ականներից սկսած քաղցրահամ ջրի այս պաշարը ուսումնասիրվել է յուրաքանչյուր 9-րդ տարին` 1966-75-84թթ-երին: Խորհրդային տարիներին ձմռան 5 ամիսներին ոռոգում չկար, եւ այդ ընթացքում ամռան ամիսներին օգտագործված ջուրը վերականգնվում էր: Սակայն ամեն ինչ փոխվեց 2000 թ-ից սկսած, երբ ձկնաբուծական տնտեսությունների գործունեության հետեւանքով տարեկան ավելի քան 1,5 մլրդ ջուր արտեզյան ավազանից դուրս է հանվում եւ լցվում Արաքսը, մինչդեռ ավազանի պահպանման համար առավելագույնը կարելի է վերցնել 300 մլն խմ: Արտեզյան ջրով աշխատող այսօր արդեն մոտ 300 ձկնաբուծարանները հիմնականում գտնվում են Արարատյան դաշտում: Ըստ մասնագետների, արտեզյան ջրերի նման վայրենի շահագործման պարագայում դրանց պաշարը կնվազի այնքան, որ մինչեւ 2017-18թթ-ը կիսաշատրվանող հոր չի լինի, մոտ 10 հազար հա անջրդի հողերը, խմելու եւ ոռոգման ջրի խիստ պրոբլեմ ունեցող ավելի քան 30 գյուղերը անվերահսկելիորեն կավելանան :

Ինչպես փրկել Արարատյան դաշտը

Արարատյան դաշտը, բառիս բուն իմաստով, փրկելու համար մասնագետներն անհրաժեշտ են համարում իրականացնել հետեւյալ միջոցառումները` հորատանցքերի գույքագրում, ջրառի սահմանափակում մինչեւ սահմանված 34,7 խմ վայրկյանում, բոլոր ապօրինի հորերի փակում, նոր հորերի բացման թույլտվության արգելում: Միաժամանակ, հարկ է խստագույն հսկողություն սահմանել ձկնաբուծարանների օգտագործած ջրի հաշվառման առումով, ինչպես նաեւ սրանց գործունեությունը թույլատրել միայն նրանց կողմից ջրի շրջապտույտի «փակ» համակարգի ներդրման դեպքում:

Անկախ նրանից, թե ինչ կասեն ձկնաբույծները, այս միջոցառումները հրատապ են: Հակառակ դեպքում, կառավարությունը ավելի կտրուկ քայլերի պետք է գնա` պարզապես արգելելով այն ձկնաբուծարանների գործունեությունը, որոնք կշարունակեն աշխատել ջրի հանդեպ նույն` բարբարոսական մոտեցմամբ: Չի կարելի ավելի քան 300 հազար գյուղացիական տնտեսություններին, ընդհանրապես Արարատյան դաշտի ապագան եւ մեր սերունդների ջրի պաշարները զոհել հանուն 300 ձկնաբուծական տնտեսությունների շահերի :

2013-ին տնտեսության մեջ ձկնաբուծության համախառն արտադրանքը կազմել է ընդամենը 23 մլրդ 132 մլն դրամ, բուսաբուծության համախառն արտադրանքը` 573 մլրդ դրամ: Լավագույն դեպքում ձկնաբուծությունն ապահովում է առավելագույնը 3-3,5 հազար աշխատատեղ, գյուղատնտեսության մեջ ընդգրկված հարյուր հազարների փոխարեն: Ի վերջո, Հայաստանը ծովային երկիր չէ եւ ձկնաբուծության զարգացումը մեզ համար առաջնահերթություն չի կարող լինել: Այն կարող է գոյություն ունենալ եւ զարգանալ այնքանով, որքանով, որ չի վնասի ստորերկրյա ջրերի պաշարներին, գյուղատնտեսությանը, գյուղերին, գյուղացիական տնտեսություններին եւ երկրի ընդհանրական շահերին:

Ի դեպ, չմոռանանք, որ քաղցրահամ ջուրը ապագայի ամենապահանջված եւ թանկ ռեսուրսն է լինելու, ինչի պատճառով պետություններ են իրար հետ բախվելու: Հիմա ի՞նչ, ինքներս մեզ զրկենք մեր ունեցած այդ թանկարժեք ռեսուրսից եւ դատապարտենք մեր երկիրն ամայացմա՞ն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ