RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014



ՎՐԱՍՏԱՆ

Տեղադրվել է` 2014-07-24 22:56:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1693, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՀԱ՞Յ ԵՍ... ԱՓՍՈՍ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Էթնիկ ծագման մեկնաբանությունն ու հայատյացության դրսեւորումները Վրաստանում

Տարիներ առաջ, երբ Վրաստանում ծանոթ պատանիներից մեկը հաղթական ելույթներ էր ունենում իր նախընտրած սպորտաձեւում, ու արդեն ստեղծվել էր մի վիճակ, երբ կարող էր երկրից դուրս մրցույթների մասնակցել, միանգամից հարց դրվեց. կամ ազգանունդ կվրացականացնես, կամ հրաժեշտ սպորտին: Այն ժամանակ հայ պատանին վիրավորական համարեց ազգանվանը դիպչելը հանուն առաջխաղացման, այդ իսկ պատճառով սպորտում այդքան բազմախոստում պատանին արդեն երիտասարդ տարիքում դարձավ հայ բազմաթիվ միգրանտներից մեկը, որ հեռանում են Վրաստանից ու վերադարձի ոչ մի հեռանկար չեն տեսնում:

Այս օրինակը դեռ մեղմ միջադեպերի շարքից է, երբ Վրաստանի դրոշի ներքո հանդես գալու համար ուզում են վրացական ազգանուն կրող լինի: Այդուհանդերձ, դժվար թե բերված օրինակը հայանպաստ մոտեցման մասին է խոսում մի երկրում, որտեղ անգամ պետական արխիվի զգալի մասը փորձել են մաքրել հայկական ներկայությունից, սրբագրելով պատմության որոշ դրվագներ այնպես, կարծես հայերն այդ երկրում հայտնվել են միայն 1990-ականներից հետո` «վայելելու վրացական իրականությունը»:

Վրաստանում հայատյացություն կա, եւ այն բավականին տարածված երեւույթ է: Եթե ինչ-որ բան էլ պատահում է ոչ ազգային հողի վրա կամ դրդապատճառներով, վրացական կողմից առիթը բաց չեն թողնում հայ լինելու հանգամանքը շահարկելու կամ էլ հայկական ծագման համար վիրավորելու: Այդպիսի օրինակներն էլ բազմաթիվ են` մայրաքաղաքի փողոցներից մինչեւ վրաց խորհրդարան, որտեղ միմյանց վիրավորելու համար դիմացինին հիշեցնում են հայկական արմատների մասին: Ավելին, այս ամենն ամենաակտիվ ու չարամիտ կերպով օգտագործվում է ինչպես ադրբեջանական մամուլի ու որոշ անգրագետ «վերլուծաբանների» կողմից, այնպես էլ Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում դիվիդենտներ շահելու նպատակով:

Ի՞նչ էր տեղի ունեցել

Հակահայկական տրամադրվածության հերթական դրսեւորումը տեղի է ունեցել հուլիսի 19-ին, երբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվող մկրտության արարողության ժամանակ, եկեղեցուց դուրս ինչ-որ մի վրացուհու, որը չի կարողացել եկեղեցու պարսպի մոտ կայանած մեքենան տեղից դուրս բերել, փորձել են օգնել հայ հոգեւորականն ու թեմի պաշտոնյաները: Կինը, ըստ Վիրահայոց թեմի մամուլի հաղորդագրության, զանգով օգնության է կանչել ինչ-որ մարդկանց, որոնք տեղ հասնելով թեեւ հեռացրել են մեքենան, բայց հետն էլ «ազգային բնույթի հայհոյանքներ տվել հայ հոգեւորականի եւ Առաջնորդարանի պաշտոնեության հասցեին»: Երբ փորձել են խուլիգաններին կարգի հրավիրել, նրանցից մեկը հարվածել է եկեղեցու պաշտոնյային, որին հետեւել է ծեծկռտուք:

Երեկոյան արդեն, նույն խումբն արդեն 50 հոգով «հարձակվել է եկեղեցու առջեւ կանգնած Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի, թեմի Իրավական հարցերով եւ համագործակցության բաժնի տնօրեն Լեւոն Իսախանյանի եւ տնտեսվար Ռոբերտ Իսախանյանի վրա եւ դաժանորեն ծեծել նրանցՙ մարմնական վնասվածքներ հասցնելով հոգեւորականներին եւ Առաջնորդարանի աշխատակիցներին, հարձակվողները պոկել են հոգեւորականներից մեկի լանջախաչը եւ վերցրել իրենց հետ»:

Հարձակվողներին փորձել են կարգի հրավիրել եկեղեցուց դուրս եկած մկտրության մասնակիցները, բայց հարձակում է եղել նաեւ նրանց վրա, այդ ամենն էլ նկարահանվել է դիտարկող տեսախցիկներով: Մինչեւ ոստիկանների մոտենալը, Առաջնորդարանի վարչատնտեսական բաժնի տնօրեն Կարեն Երիցյանը իրեն ամրակցված օրինական զենքից մի քանի անգամ կրակել է օդ եւ հանդարտեցրել կռվողներին: Լուրջ վնասվածքներ է ստացել Լեւոն Իսախանյանը:

«Ականատեսները պատմում են, թե հարձակվող ամբոխը ինչպիսի ազգային ատելությամբ է լցված եղել հայության հանդեպ: Նրանցից ոմանք եղել են ալկոհոլի եւ թմրադեղերի ազդեցության տակ: Ականատեսները վկայում են, որ եկեղեցու վրա հարձակված 50-հոգանոց ամբոխին ղեկավարում էին թանկարժեք մեքենաներով եւ վայելուչ հագուկապով այրեր: Այս ամենը Վրաստանի շատ եկեղեցիներում, երբեմն նաեւ լրատվությամբ, կենցաղային մակարդակով Հայ եկեղեցու եւ ընդհանրապես հայութան հանդեպ սերմանվող ատելության արդյունք է»:

Արձագանքները

Դատապարտեցին, իհարկե, տեղի ունեցածը, այդ առումով լռություն չպահպանվեց:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը մտահոգություն հայտնեց` դատապարտելով ազգային թշնամանք եւ կրոնական անհանդուրժողականություն հրահրող այս գործողությունը: Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն, այդ սադրիչ ոտնձգությունը վերջին տարիներին Վրաստանում տարբեր կազմակերպությունների ու անհատների` այդ թվում վրաց որոշ հոգեւորականների կողմից տարածվող հակահայկական տրամադրությունների ցավալի հետեւանքն է: Միջադեպը դատապարտեց նաեւ Վրաց ուղղափառ եկեղեցին:

Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը եւս դատապարտեց տեղի ունեցածը, շեշտելով, որ «հարձակումը տեղի է ունեցել կրոնական եւ ազգային ատելության հողի վրա, ինչի սերմերը ցավոք վաղուց արդեն սերմանվում են վրաց հասարակության մեջ»:

Որոշ անհատներ դատապարտեցին` տեղի ունեցածը կապելով կրոնական անհանդուրժողականության ու ազգային ատելության հետ, մյուսներն էլ շտապեցին հավաստիացնել, թե ազգային հարց այս համատեքստում ընդհանրապես չկա, ավելին, թե հարձակվողներն էլ հայեր են եղել, ոչ թե 20, այլ 50 հոգի, հայկական եկեղեցին էլ ազգային տրամադրություններ է փորձում հրահրել: Հեռուն գնացողներն էլ կրկին անգամ հիշեցին Վրաստանի համար խիստ արդիական Ռուսաստանի թեման, թե տեղի ունեցածը հենց ռուսական կողմին է հարմար:

Հնարավոր է ամեն ինչ, բոլոր դրադապատճառներն էլ գոյության իրավունք ունեն, հատկապես երբ նախաքննությունը դեռ առջեւում է: Սակայն երբ կրկին գործ ունենք հայերի կողմից հայերի հասցեին հնչող մեղադրանքների հետ, հայի տեսակի առնչությամբ տարաբնույթ մտորումներ են վեր բարձրանում: Միակարծությունը լավ բան չէ, կարող է ոչնչացնել ամեն ինչ, սակայն երբ բազմակարծությունը խեղկատակության է հասնում` ողջունելու բան չէ:

Ինչո՞ւ է նման բան տեղի ունենում Վրաստանում

Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցին Վրաստանի մայրաքաղաքում ամենակենտրոնական տեղերից մեկում է, որտեղ այլ կրոնների հոգեւոր շինություններ եւս կան: Այդ հրապարակը բազմիցս է վկայություն բերվում` ի շեշտադրումն, թե Թբիլիսիում որքան հանդուրժող են, երբ մահմեդական մզկիթը, հրեական ու հայկական եկեղեցիները նույն տարածքում են: Մի երկու տարի առաջ որոշվեց ու այսօր հայկական եկեղեցու դիմաց մեծ ավտոկայանատեղի է, ու մի քանի կիսատ-պռատ պատերի վեր բարձրանալու պատճառով էլ նախկինում բավականին լավ երեւացող եկեղեցին այսօր չի երեւում առաջին ու ոչ էլ երկրորդ հայացքից:

Սուրբ Էջմիածին եկեղեցին էլ Հավլաբարում է գտնվում, կենտրոնական հրապարակում, բարձրադիր բլրակի մի եզրին: Տեղն էլ է գեղեցիկ, շրջապատն էլ, պատմությունն ու անցյալն էլ` հարուստ: Սուրբ Էջմիածինն էլ առաջնորդանիստից բացի այն միակ ու երկրորդ եկեղեցին է, որը գործում է Թբիլիսիում, թեեւ հայկական եկեղեցիների պակաս վրաց մայրաքաղաքում չի զգացվել ու չի զգացվում, թեեւ դեռեւս չվրացականացված եկեղեցիներն արդեն կանգուն համարել չի լինի:

Այս հանգամանքը գործոններից մեկն է, թե ինչու Վրաստանում հայատյացությունը երբեմն պետական մակարդակով է դրսեւորվում, իսկ ավելի հաճախ`կենցաղային մակարդակում ի հայտ բերում գրեթե թշնամանքի ու ատելության հասնող հակահայ տրամադրություններ: Պարապ թե զբաղված` որեւէ մեկին վարկաբեկելու ամենակարճ ուղին Վրաստանում «հայկական արմատների ու ծագման» մասին հիշեցումներն են: Եվ դա այն դեպքում, երբ ինչպես հայաստանյան, այնպես էլ վրացական պաշտոնական մակարդակներում կենացները քաղցր ու առատ են լինում:

Այսպիսի խուլիգանություն, անգամ եթե մասնակիցներից ոմանք հայեր են եղել (սեփական համոզմունքներս թող մնան ինձ հետ) տեղի է ունենում հենց Վրաստանում, հենց Թբիլիսիում, քանի որ Մանթաշովի, Արամյանցի ու մյուսների ժառանգությունը հայկական կոչելու զորություն հարեւան երկրում չունեն, չեն էլ ցանկանում ունենալ: Հայերին ազգային պատկանելության համատեքստում վիրավորելու միջադեպեր հենց Թբիլիսիում են տեղի ունենում, քանի որ, տարբեր գնահատականներով, հարյուր հազարավոր անդամներով համայնքն այնպիսի մի վիճակում է հայտնել, որ առաջխաղացում ունեցող հայեր գրեթե չկան: Բարձր պաշտոններ զբաղեցնող հայերի մեկ-երկու օրինակների դեպքում էլ լավ կլիներ, որ նրանք վրացական ազգանուններով լինեին:

Նաեւ`գոյություն ունի Ջավախքը, մի տարածք, որը վրացական իշխանությունների մոտ ինչպես վախ, զգուշավորություն, այնպես էլ դժգոհություն է առաջացնում:

Իսկ թե ում է ձեռնտու հայ-վրացական հարաբերություններում խնդիրների առկայությունը` տվյալ դեպքում երկրորդական է, քանի որ առավել կարեւոր է, թե ինչ է ձեռնտու Հայաստանին ու Վրաստանին: Երբ հարեւան պետությունում հանդուրժողականությունից խոսում են, բայց, ասենք, մեկ-մեկ կոտրվում են հայկական թատրոնի պատուհանների ապակիները, հայկական անուններով հուշատախտակներն անհետանում են, հայկական եկեղեցիները` հրդեհի ու անձրեւի միջոցով փուլ գալիս, կանգուններն էլ` վրացի հոգեւորականների ոտնձգությունների առարկա դառնում` անկարեւոր է, թե Ռուսաստանն ինչ է ուզում կամ անում տարածաշրջանում:

Հ.Գ.- Թբիլիսիի Ս. Նշան եկեղեցու բակում, որտեղ վրացի մի ոչ բարեհաճ հոգեւորական ամեն գնով փորձում էր վրացականացնել, վրացական պատմության մեջ տեղավորել հայկական եկեղեցին, առիթ եմ ունեցել տուժող դառնալուց հազիվ պրծնելու, երբ վրացի հոգեւորականն ամենայն հանգստությամբ բռունցքով սպառնաց ինձ` հայ լրագրողիս: Իրադրությունն այնպիսին էր, որ վրացի հոգեւորականին հեռուն գնալ չհաջողեց, բայց դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե մարդկանց բազմությունն այդտեղ չլիներ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 25-07-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ