RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-12-03 16:49:29Թուրքիայի ԱԳՆ. Համաձայնագիրը կարող է դրականորեն ազդել Հայաստանի հետ հարաբերությունների վրա
2020-12-03 14:20:12«Ազգային օրակարգը» պահանջում է քրեական գործ հարուցել Փաշինյանի նկատմամբ
2020-12-02 00:14:47Բաքուն հաստատեց իր մտադրությունը՝ փոխանակել գերիներին «բոլորին բոլորով» սկզբունքով
2020-11-29 13:32:04Այն մարդիկ, ովքեր հույս ունեն, որ այս մարդասպան վիժվածքը զբաղվելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացեք այս փաստաթուղթը. Մ. Մինասյան
2020-11-29 13:01:33Որոշել էիր, որ իբրև եթե անխուսափելի է, ապա կարելի է ձրի վերցվելիքը մի քանի միլիարդով վաճառել թշնամուն
#021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014



Տեղադրվել է` 2014-08-09 21:17:36 (GMT +04:00)


Ընթերցված է` 1554, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 14

ԻՄ ԸՆԿԵՐ ԳԵՎՈՐԳԸ ՉԻՆԱՐԻ ԳՅՈՒՂԻՑ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սահմանամերձ Չինարի գյուղում մի ընկեր ունեմ` անունը Գեւորգ է. իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Հաճախ չենք տեսնվում, բայց ամսական գոնե երկու-երեք անգամ հեռախոսով զրուցում ենք: Նրա զանգերից արդեն հասկանում եմ` թշնամին կրկին կրակել է: Գեւորգը զանգում է ոչ այնքան նրա համար, որ հակառակորդի կրակոցների մասին տեղեկացնի, այլ, որ ասեմ` ամեն ինչ լավ է լինելու, որ այստեղ` Երեւանում, իրենց կողքին են եւ ի վերջո խաղաղություն է լինելու: Ասում է` դրսից ասված խոսքը ավելի է հանգստացնում եւ որոշ չափով սփոփիչ է եւ ուժ է տալիս:

Ինչպես ասացի, Գեւորգն իմ տեսած ամենահայրենասեր մարդկանցից մեկն է: Նա եկեղեցի չի կառուցում, բարեգործություն չի անում եւ եթերից չի արտասանում վերամբարձ խոսքեր, բայց ես նրան համարում եմ հայրենասեր անձնավորություն, որովհետեւ մնացել է սահմանապահ այդ գյուղում, ամուսնացել, զավակ ունեցել եւ գյուղից հեռանալու մտադրություն չունի: Ընտանիքը մի կերպ է պահում, ստացած աշխատավարձը քիչ է, իսկ հողագործությամբ զբաղվել չի կարողանում. իր այգին հենց հակառակորդի դիրքերի հարեւանությամբ է, հողագործությամբ զբաղվելն այդ գյուղում նշանակում է ինքնակամ գնալ մահվան դուռը: Այդքանով հանդերձ, երբեք չեմ լսել, որ դժգոհի: «Դե հիմա ո՞վ է լավ ապրում որ, յոլա ենք էլի գնում, կարեւորը խաղաղություն լինի, ուրիշ բան չեմ ուզում»,- միշտ պատասխանում է նա իմ «ոնց ես»-ին:

Ասում է` մի քանի անգամ հարազատներն ու ընկերները կանչել են Ռուսաստան աշխատելու, բայց հրաժարվել է, ամեն անգամ նույն պատասխանն է տվելՙ բա մեր գյուղն ո՞ւմ թողնեմ: Գեւորգը պատմում է, որ մի անգամ մի քանի օրով մեկնել է Ռուսաստան բարեկամներին տեսնելու: Լրատվամիջոցներից իմացել է, որ իրենց գյուղի վրա կրակում են ու արձակուրդը կիսատ թողել նորից գյուղ է վերադարձել: «Ո՞նց հանգիստ ապրեի, երբ կինս ու աղջիկս էստեղ էին, թշնամին էլ կրակում էր»,- հետո պատմում էր նա:

Գեւորգին թվում էր, թե թշնամու կրակոցներն իր համար դարձել են սովորական, տան պատերին հակառակորդի կրակոցների բազմաթիվ հետքեր կան, անգամ հոր հուղարկավորության ժամանակ են կրակել. ինքն այդ իրավիճակը միշտ անվանում է «չհայտարարված պատերազմ», բայց երբեք չի ընկճվում, ասում է` նրանք կրակում են, բայց մեր տղերքն էլ պատասխան են տալիս ու նրանք լռում են:

Գեւորգը պատմում է, որ առաջին անգամ թշնամու հանդեպ իրական ատելություն եւ անզորություն զգաց վերջերս, երբ դստեր աչքերում վախ տեսավ ու կրակոցներից փոքրիկը սկսեց լացել:

Հուլիսի վերջերին սահմանային լարվածությունից Գեւորգը շատ էր ազդվել, կրակել են տան վրա, իսկ աղջիկն ու կինը մի քանի ժամ շարունակ նկուղում են մնացել: «Պապ, բա ե՞րբ ենք խաղաղ քնելու»,- հարցրել է աղջիկը Գեւորգի «բարի գիշեր»-ին ի պատասխան, ու նա չի իմացել ինչ պատասխանի:

«Չգիտեմ ի՞նչ անել, իմ համար չեմ վախենում, երեխուս համար եմ վախենում: Երեխուս աչքերում վախ կա»,- մտահոգված ասում է նա:

Հաջորդ օրերին, երբ հեռախոսով խոսում էինք, նա պատմում էր, որ որոշել է հեռանալ, ընտանիքով մեկնել Ռուսաստան ու այնտեղ ապրել առանց կրակոցների:

«Լա՞վ ես մտածել» հարցին Գեւորգն ասաց, «Չգիտեմ, հենց որոշեմՙ քեզ կասեմ»:

Անցավ երեք օր եւ Գեւորգը զանգեց, ասաց, որ տան դիմացի ծաղիկներն է ջրում եւ թշնամին այնքան ուժեղ չի, որ իրեն ստիպի լքել իր գյուղը: Նույն զրույցի ժամանակ նաեւ ասաց, որ գյուղից երկու ընտանիք մշտական մեկնել են Կալուգա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 01-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ