RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-08-22 00:17:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1549, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 12

ԼՐԱԳՐՈՂԻ ԵՎ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՏՈՒՄԸ

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

Ժամանակին, արաբական որոշ երկրներ այցելելիս, սահմանում մուտքի արտոնագրի դիմում գրելիս խուսափում էի մասնագիտությունս նշելուց, փոխարենը գրում էի «ուսուցիչ» կամ «համալսարանի դասախոս»: Դառը փորձառությունը սովորեցրել էր ինձ, որ նման երկրներում լրագրողը համարվում էր լրտես, կամ նման մի բան: Ոչ միայն պետական հիմնարկներում, այլեւ առհասարակ, ընդունակ չէին ըմբռնելու, որ լրագրողը կարող է լինել անկողմնակալ վկա, արդարամիտ ու ճշմարտախոս վկայող: Ու հետապնդում, լրտեսում էին նրանցՙ լրագրողներին:

Հիմա, 25-30 տարի անց, որպես «բարի» ժամանակներ պետք է ընդունել այդ տարիները: Ինչպեսՙ 80-ական թվականները, երբ, օրինակ, «գլխավոր ահաբեկիչ» ճանաչված Յասիր Արաֆաթը, բեյրության իր բունկերում, իսրայելական «Քֆիրների» ռումբերի տակ, զրուցում ու շախմատ էր խաղում օտարերկրյա լրագրողների հետ: Հիմա, որպես «բարի» ժամանակ պետք է ընդունել նույնիսկ Բեն Լադենի մոլեգնության տարիները, երբ նաՙ «Աշխարհի թիվ 1 ահաբեկիչը», կարող էր, օրինակ, երկու անգամ ընդունել Ռոբերտ Ֆիսկի նման լրագրողին ու երկար զրուցել եւ հարցազրույց տալ նրան: Դրանով, համենայնդեպս, արժեւորվում էր լրագրողի ու լրագրության դերը: Հիմա լրագրողներին առեւանգում են ու կտտանքների ենթարկում, պատանդ պահում փողի կամ փոխանակման համար, օգտագործում որպես քաղաքական մանրադրամ եւ քաղաքականության զոհ: Հիմա պարզապես գլխատում են լրագրողներին, նույնիկ անգլիացի ջիհադիստի ձեռքով, եւ ամենայն մանրամասնությամբ այդ վայրագ գործողությունը ցուցադրում սոցիալական ցանցերում որպես փոխվրեժ հյուսիսային Իրաքում ամերիկյան ռազմօդանավերի ռմբակոծման դեմ եւ որպես նախազգուշացումՙ ռմբակոծությունները չդադարեցնելու պարագայում պատանդ պահվող մյուս 19 լրագրողներին եւս գլխատելու սպառնալիքով...

Ամերիկացի Ջեյմս Ֆոլին ազատ լրագրող էր, որի պատրաստած նյութերն ու լուսանկարները հրապարակվում էին Global Post-ում: Եվ ինչպես նրա մայրն է վկայում, նա գնացել էր Սիրիաՙ «հասարակ ժողովրդի տառապանքները նկարագրելու»: Գործընկերների բնորոշմամբ նա փորձառու, հավասարակշռված, ճշմարտախոս պրոֆեսիոնալ էր: 2012-ին էին ջիհադիստները նրան առեւանգել հյուսիս-արեւմտյան Սիրիայում մասնագիտական պարտականությունը կատարելիս: Այսինքն հենց այն վայրում, Ռաքքայում, որը Թուրքիայի, Քաթարի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի ու Մ. Նահանգների ֆինանսավորմամբ ու զինմամբ ծայրահեղ ու մոլեռանդ իսլամների որջն էր եւ է: Այնքան ժամանակ, որ այդ ջիհադիստները եւ վերջերս նրանց հետ միավորված «Ջաբհատ ան Նուսրայի» մարդիկ կռվում էին նախագահ Ասադի վարչակարգի դեմ, վերոհիշյալ երկրների համար նրանք «լավ» մոլեռանդներ էին, «ազատատենչ մարտիկներ», որոնց թույլատրված էր սիրիական բանակի գերի ընկած հրամանատարի սիրտը ողջ-ողջ հանել կրծքից ու հռհռալ: Նրանց թույլատրված էր առեւանգել արեւմտյան լրագրողներին, այդ թվումՙ ամերիկացի Ջեյմս Ֆոլիին, ու ամենօրյա կտտանքների ենթարկել նրանՙ եվրոպացի ջիհադիստների իսկ ձեռքով, որոնք այժմ 3000-ից ավել են հաշվվում Սիրիայում եւ Իրաքում: Բայց հիմա, երբ ISIS-ականները սրընթաց արշավում են Իրաքով մեկ, մորթոտում խաղաղ բնակիչներին, ըստ երեւույթին անցել են նախագծված բոլոր կարմիր գծերը: Ուրեմն ժամն է հարվածելու նրանց:

Այնինչ ռազմօդանավերով չես կարող արմատախիլ անել մոլեռանդությունը, մարդատյացությունը, վայրագությունն ու գազանությունը, որոնց առաջին զոհերը խաղաղ բնակիչներն են, եւ նրանց տառապանքը նկարագրող լրագրողներըՙ նույնպես: Դրանք արմատախիլ անելու համար պետք է համակարգված ու միաժամանակյա արդարամիտ աշխատանքՙ կարգավորելու արյունալի հակամարտությունները Գազայում, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում եւ ողջ տարածաշրջանում:

Այլապես կշարունակվի նաեւ լրագրողների գլխատումը: Լրագրությանըՙ նույնպես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ