RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



ԻՐԱՔՅԱՆ

Տեղադրվել է` 2014-08-22 00:17:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1136, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԻՐԱՔԻ ՆՈՐ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՓՈՐՁԻ ԹՈՒՅԼ ՉՏԱԼ ԵՐԿՐԻ ՄԱՍՆԱՏՈՒՄ

Պ. Ք.

Իրաքում օրերս վարչապետի պաշտոնը զբաղեցրեց Հայդեր ալ Աբադին, որը նախկին ճարտարագետ-էլեկտրատեխնիկ է, վերելակների նորոգման ու սպասարկման ֆիրմայի սեփականատեր, շիաների պահպանողական կուսակցության անդամ: Կառավարության ղեկավարի փոփոխությունը տեղի ունեցավ այսպես կոչված «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինների հերթական հարձակման պահին: Մարտեր են մղվում մայրաքաղաք Բաղդադի մատույցներում:

Արդեն նախկին վարչապետ Նուրի ալ Մալիքիի հնարավոր պաշտոնաթողության մասին «Ազգ»ը գրել է դեռեւս հունիսին: Նա կառավարության ղեկավար էր դարձել պատահականորեն եւ միայն ամերիկացիների շնորհիվ պահպանել էր պաշտոնը 2010 թ. ընտրություններում կրած պարտությունից հետո: Վերջին տարիներին ալ Մալիքիի դիրքերը սասանվել էին կրոնական եւ կլանային հարցերում իր վարած կոշտ քաղաքականության եւ անզիջողականության պատճառով: Այս տարվա մայիսյան խորհրդարանական ընտրություններում նրա «Օրենքի պետություն» դաշինքը հաղթեցՙ ստանալով 328 տեղերից 93-ը, եւ թվում էր, թե նա 3-րդ անգամ կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, բայց «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» գրոհայինների սրընթաց եւ հաջող հարձակումը խառնեց ալ Մալիքիի բոլոր խաղաքարտերը եւ արագացրեց նրա պաշտոնաթողությունը:

Նուրի ալ Մալիքին երկրի փաստորեն միահեծան կառավարիչն էր 2011-ից, երբ ամերիկյան զորքը հեռացավ Իրաքից: Վերջին երեք տարիներին սրված էին նրա հարաբերությունները սուննիների հետ, որոնք կազմում են Իրաքի բնակչության 1/3-ը: Ալ Մալիքին սուննիներին քանիցս անվանել է ահաբեկիչներ եւ դաժանորեն ճնշել է նրանց բողոքի ցույցերը: Դրա հետեւանքով սուննիներից շատերն անցան հակառակորդի ճամբար: Վատ էին ալ Մալիքիի հարաբերությունները նաեւ քրդերի եւ նույնիսկ իր դավանակից շիաների հետ: Բանը հասավ այնտեղ, որ վարչապետի քաղաքականությունը դատապարտեց Իրաքի Մեծ այաթոլլահ Ալի ալ Սիստանին:

Եվ երբ իսլամիստ գրոհայինները հյուսիսից շարժվեցին դեպի Բաղդադՙ ալ Մալիքին այլեւս հենարան չուներ: Սունիններից շատերը հաճույքով օգնում էին եւ այժմ էլ օգնում են գրոհայիններին, իսկ քրդերը, առիթից օգտվելովՙ իրենց վերահսկողության տակ առան նավթառատ Կիրկուկը եւ մի քանի այլ քաղաքներ:

Ամեն կողմից պահանջում էին վարչապետի հրաժարականը: Օգոստոսի 11-ին Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը նոր կառավարության ձեւավորումը հանձնարարեց ոչ թե ալ Մալիքիինՙ «Դավա» խոշորագույն կուսակցության առաջնորդին, այլ նրա կուսակից Հայդեր ալ Աբադիին:

Վերջինս հարմար թեկնածու է Իրաքի արտաքին ու ներքին քաղաքականությանը մասնակից բոլոր ուժերի համար: Մասնավորապես ԱՄՆ-ը վերջերս դժգոհ էր ալ Մալիքիի քաղաքական գծից եւ փոխարինող էր փնտրում: WikiLeaks կայքէջում հրապարակված դիվանագիտական հեռագրերից երեւում է, որ ամերիկացիները վաղուց աչքի առաջ են ունեցել ալ Աբադիին: Դեռ 2010 թ. ընտրություններից առաջ ԱՄՆ դեսպանությունը հաղորդել էր. «Հայդեր ալ Աբադին խորհրդարանում սակավաթիվ պատրաստված տնտեսագետներից մեկն է... Նա վճռականորեն պաշտպանում է տնտեսական բարեփոխումները եւ հակակոռուպցիոն պայքարի ջանքերը»:

Նոր վարչապետ Հայդեր ալ Աբադին ունի այնպիսի կենսագրություն, որը բնորոշում է Իրաքի ներկայիս վերնախավի ներկայացուցիչներից շատերին: Նա բավական բարձր դիրք է զբաղեցրել նախորդ վարչակարգում, տարագրվել Սադդամ Հուսեյնի օրոք, վերադառնալուց հետո աշխատել է նոր վարչակազմում: Ծնվել է բժշկիՙ առողջապահության նախարարության գլխավոր տեսուչի ընտանիքում: 15 տարեկանում անդամակցել է «Դավա» կուսակցությանըՙ որպես շիա պահպանողական: 1975 թ. ավարտել է Իրաքի Տեխնոլոգիական համալսարանը եւ ապա ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում: 1980-ին ավարտել է Մանչեստրի համալսարանըՙ էլեկտրոնային ճարտարագիտության գծով: Իսկ Իրաքում բաասականները հակակառավարական գործունեության համար մահապատժի ենթարկեցին նրա երկու եղբայրներին, երրորդին էլ տասը տարով բանտարկեցին: Ալ Աբադիի իրաքյան անձնագիրը ճանաչվեց անվավեր, եւ նա մնաց Մեծ Բրիտանիայում, զբաղվեց տրանսպորտային նախագծմամբ եւ ապա հիմնեց վերելակների նորոգման ու սպասարկման սեփական ֆիրմա: Ալ Աբադիի նախկին դասախոսներից մեկի խոսքերովՙ նա օժտված է ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու զարմանալի ձիրքով:

Հուսեյնի վարչակարգի տապալումից հետո Իրաք վերադարձած ալ Աբադին բրիտանացի բարեկամների օգնությամբ դարձավ կապի եւ հաղորդակցությունների նախարար, իսկ 2005-ին զբաղեցրեց վարչապետի խորհրդականի պաշտոնը: Նույն թվականին սկսեց գլխավորել տնտեսության, ներդրումների եւ վերակառուցման հանձնախումբը: Արեւմուտքցի գործընկերների հետ բանակցելիս ալ Աբադին իրեն դրսեւորել է որպես անզիջում հայրենասեր. մասնավորապես նա մերժում էր պետական ընկերությունների սեփականաշնորհումը, պահանջում էր բջջային օպերատորների արտոնագրերի հանձնման վերահսկողություն: 2010 թվականին նա մեկն էր իրաքցի սակավաթիվ քաղաքական գործիչներից, որոնք դատական հայցով ամերիկյան «Բլեքուոթեր» ռազմական ընկերությանը մեղադրեցին 17 խաղաղ իրաքցիների սպանության մեջ:

Ալ Աբադիի նշանակումը դրականորեն գնահատեցին ԱՄՆ-ը, Եվրոմիությունը, ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան, Իրանը, Սաուդյան Արաբիան եւ Թուրքիան, որոնք բոլորն էլ մեծ դերակատարություն ունեն Մերձավոր Արեւելքում: Նորանշանակ վարչապետը պարտավոր է կառավարություն կազմել մինչեւ սեպտեմբերի կեսը: Ալ Աբադիի դրական կողմերից մեկը հանդուրժողական վերաբերմունքն է սուննիների հանդեպ: Դրա շնորհիվ նա կարող է ստանալ սուննի կրոնական գործիչների եւ ցեղապետերի աջակցությունը: Սակայն վարչապետի առջեւ ծառացած գլխավոր խնդիրը Իրաքի մասնատման կասեցումն է եւ երկրի հյուսիսում արմատական իսլամիստների ջախջախումը: Նոր վարչապետի խոսքերովՙ դա հնարավոր է անել Արեւմուտքի եւ Իրանի օգնությամբ: Անչափ կարեւոր է նաեւ ներքին աջակցությունը: Հայդեր ալ Աբադին հաջողության կհասնի, եթե կարողանա միավորել Իրաքի հասարակությունը, ստանալ քրդերի եւ սուննիների աջակցությունը, եթե ԱՄՆ-ին եւ Եվրոմիությանը համոզի, որ ինքը պատրաստ է վարել արեւմտամետ գիծ, Թեհրանին էլ համոզի, թե պատրաստ է հարգել Իրանի շահերը, իսկ սեփական երկրի քաղաքացիներինՙ թե բոլոր միջոցներով կպաշտպանի պետության շահերը: Հակառակ դեպքում ալ Աբադին կարող է պատմության մեջ մտնել որպես Իրաքի Հանրապետության վերջին վարչապետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ