RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



Տեղադրվել է` 2014-08-22 00:17:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1582, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՏԱՆԿԵՐ ԵՎ ԳՐԻՉՆԵՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի ընթացքում տեղի ունեցան աննախադեպ` իրենց հաճախականությամբ ու, թերեւս, մասշտաբով սադրիչ-դիվերսիոն գործողություններ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արձակուրդի մեջ էր: Համենայն դեպս, երբ այդ միջադեպերի հետ կապված, իսկ ավելի կոնկրետՙ ադրբեջանական բանակի մի քանի տասնյակ մարդկային զոհերի հետ առնչությամբ ադրբեջանական լրատվամիջոցներից որոշները դիմել էին նախագահի աշխատակազմ բացատրություն ու պարզաբանում ստանալու ցանկությամբ, այնտեղից ոչ քիչ հայտնի Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, թե «Նախագահ Իլհամ Ալիեւը անցկացնում է իր կարճատեւ արձակուրդը»:

Պարզ չէ, թե սրանով ի՞նչ էր հասկացնում Ալիեւը: Մյուս կողմից, դա հասկանալն այնքան էլ բարդ չէ. օրինակՙ արձակուրդում գտնվող գերագույն գլխավոր հրամանատարը չի կարող հրաման տալ, կամ առնվազն ուղղորդել դիվերսիոն գործողություններ, հետեւաբարՙ կա՛մ այդ գործողություններն ամենեւին էլ ադրբեջանական բանակի կողմից չեն իրագործվում, կա՛մ էլ այդ գործողությունների իրականացման հետ Ալիեւը կապ չունի, քանի որ վերջինս այլեւս ի վիճակի չէ զսպել զիլ ադրբեջանցի «ազատամարտիկ-ռեվանշիստներին»` հետ բերելու «ադրբեջանական հողը»: Երկու պարագայում էլ Ալիեւի` «արձակորդում գտնվելու» տեղեկատվությունը հստակ մեսիջ էր առաջին հերթին միջազգային հանրությանը:

Բայց խնդիրն այն է, որ այդ մեսիջը անմիջապես տապալվեց Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո: Ինչպես գիտենք արդեն, այդ հանդիպման արդյունքների հիման վրա նախագահներ Սարգսյանն ու Ալիեւը պատրաստակամություն են հայտնել «շարունակել ԼՂ հակամարտության լուծման բացառապես խաղաղ ճանապարհների որոնման աշխատանքները», հետեւաբար, երկու նախագահներն էլ ընդունում են, որ այդ ճանապարհները սպառված չեն, եւ որ ԼՂ հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Սրանից անմիջապես հետո սահմանում լարվածությունը թուլացավ, ինչը փաստում է, որ Իլհամ Ալիեւը անմիջականորեն ազդում է այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա, օրինակ հրամայելով` դիվերսիոն գործողությունների գնով սահմանում լարված մթնոլորտ ապահովել, կամ հակառակը` թոթափել լարվածությունը: Կնշանակի, եթե անգամ Ադրբեջանում իրապես կան զիլ տղերք, ովքեր ոչ քնում, ոչ ուտում, այլ միայն մտածում են «Խանքենդիում» խորոված անելու մասին, ապա այդ տղերքն անգամ անմիջականորեն հետեւում են Իլհամ Ալիեւի բոլոր հրամաններին:

Հետեւաբար, սահմանում իրավիճակի լարվածության թոթափմամբ Իլհամ Ալիեւն ուղղակի ապացուցեց, որ ավելի վաղ նույն սահմանային գծում լարումը եւս իր գործունեության արդյունքն էր:

Սաՙ ինչ վերաբերում է Ադրբեջանին ու նրա նախագահին:

Մենք, սակայն, պակաս անելիք չունենք: Ընդ որում, այս կապակցությամբ բանակի հարցով մեր անելիքը ոչ այնքան բանակի կյանքի լուսաբանումն է, որքան բանակի մասին հաճախ լռելը, ոչ թե որպեսզի թաքցնենք նրա թերություններն ու այնտեղ տեղի ունեցող, օրինակ, հանցագործությունները, այլ` բանակի գործոնը, ոչ պատերազմական ժամանակաշրջան ապրող մեր խաղաղ երկրի համար աստիճանաբար գոնե երկրորդ, երրորդ պլան նետելու նպատակով: Ղարաբաղյան հակամարտությունը` բանակի միջոցով մենք այլեւս լուծել ենք, հետեւաբար բանակն այս հակամարտության մեջ այլեւս ասելիք չունի: Սա ամենեւեին չի նշանակում, որ այն պետք է ցրվի, կամ թուլացնի իր զգոնությունը, կամ վերածվի Երեւանի Կրկեսի պես մի բանի, այսինքն` մոռացվի: Սա ընդամենը նշանակում է, որ մեր լրահոսում, հետեւաբար մեր խոսակցություններում բանակի թեման պետք է իր տեղը զիջի դիվանագիտության, քաղաքականության, խաղաղության (չխառնել` թուլության հետ) թեմաներին:

Այսօր, սակայն, ԼՂ հակամարտության բոլոր կողմերում էլ գործող թիվ մեկ «անձը» երկրների բանակներն են: Արցախի հիմնահարցի, ինչպես ասում են` «բացառախպես խաղաղ լուծման ճանապարհները որոնելու ընթացքում», այս կողմից մենք լսում ենք, թե ինչպես է մեր զինվորներին հաջողվել կանխել հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը, այն կողմից էլ` նույնը` մեր մասին: Մինչդեռ հակամարտության մասին տեղեկությունների բացառապես զինվորական, ռազմական լինելը ենթադրում է պատերազմի շարունակականություն, դրա լայնածավալ վերսկսման հավանականություն: Երկու հասարակություններին պարբերաբար նման իրադարձությունների ականատեսն ու ականջալուրը դարձնելը չավարտված պատերազմի խոստովանություն է...

Իսկ, եթե պատերազմը չի ավարտվել, ուրեմն բոլոր կողմերում էլ դիվանագիտություն չկա: Հետեւաբար` դիվանագիտություն եւ դիվանագետ, ծանր պատերազմ հաղթած զինվոր եւ աշխարհի տասը երկրների ներառմամբ տանկային բիաթլոնում միայն ռուսներին առաջ թողած բանակ մենք արդեն եւ վաղուց ունենք: Մենք մեր տանկերին ու տանկիստներին արժանի գրիչներ ու գրող-ստորագրողներ չունենք:

Իսկ մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնավարժական զորավարժարանում կայացած «Տանկային բիաթլոնում» Ադրբեջանը չի էլ մասնակցել, հետեւաբար նրանք տանկիստներ էլ չունեն, եթե, իհարկե, սա գոհացնում է մեզ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ