RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#022, 2014-07-25 > #023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014



ԵՌՅԱ՞Կ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-08-22 00:17:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 1366, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԹՈՒՐՔԻԱՆ ՆԱՏՕ-Ի ԱՆԴԱՄ ՉԷ՞

Ստեփանակերտ

«Օգոստոսի 19-ին Նախիջեւան քաղաքում համազորային բանակի շտաբում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Ըստ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկատվության, նախարարները դիտարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, մտքեր փոխանակել անվտանգության հիմնախնդիրների շուրջը եւ քննարկել ռազմական ոլորտում համագործակցության հարցերը»,- հաղորդել է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Հայտնի է դարձել նաեւ, որ ձեռք է բերվել առնվազն երկու պայմանավորվածություն` կես տարին մեկ նման հանդիպումներ կազմակերպելու եւ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Ավելի վաղ Նախիջեւանում եւ Բաքվի մերձակայքում անցկացվել էին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ: Ադրբեջանի պաշտպանության նախարարը եռակողմ հանդիպման ավարտին տեղեկացրել է, որ «կողմերը կանցկացնեն նավթա-գազային ենթակառուցվածքների պաշտպանության համատեղ զորավարժություններ»:

Խոսքն ակնհայտորեն Ադրբեջանից Վրաստանի տարածքով Թուրքիա անցնող նավթա-գազային ենթակառուցվածքների մասին է, որոնց «պաշտպանության անհրաժեշտություն» կարող է առաջանալ միայն տարածաշրջանային լայնածավալ պատերազմի դեպքում: Ո՞ւմ կողմից են «նավթա-գազային ենթակառուցվածքներին սպառնացող վտանգ» տեսնում Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը` մնում է միայն ենթադրել:

Բանն այն է, որ, չնայած Թբիլիսիում իշխանության փոփոխությանը, վրաց-ռուսաստանյան հարաբերությունները չափազանց հեռու են բարեկամական լինելուց, Վրաստանը մշտապես կասկածում է, որ Մոսկվան «կարող է դիմել նոր ռազմական միջամտության»: Իսկ ահա ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական հարաբերությունները դժվար է անգամ լարված որակել:

Այս համատեքստում ուշագրավ է, որ Նախիջեւանում Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը եւ ձեռք բերված պայմանավորվածությունները որեւէ կերպ չեն մեկնաբանվում ռուսաստանյան ոչ միայն պաշտոնական, այլեւ` փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում: Ո՞րն է ռուսաատանյան կողմի «բացահայտ անտարբերության» պատճառը:

Եթե խոսքը վերաբերեր միայն թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությանը, ապա Մոսկվայի լռությունը կարելի կլիներ գնահատել վերջերս ՌԴ նախագահի ներկայությամբ Վլադիմիր Ժիրինովսկու հնչեցրած տեսակետի կտրվածքով, երբ կոչ էր անում դաշնակիցներ տեսնել միայն իսլամական աշխարհում: Բայց չէ՞ որ ուրվագծվում է եռակողմ ռազմական համագործակցություն, որտեղ ներգրավվում է նաեւ Վրաստանը, երկիր, որի հետ Ռուսաստանը «առանձնակի հարաբերություններ» ունի:

Չէ՞ որ փաստացի Սեւ եւ Կասպից ծովերի միջակայքում ստեղծվում է երեք երկրների ռազմական դաշինք, որի առանցքային խնդիրը «նավթա-գազային ենթակառուցվածքների պաշտպանությունն է»: Իսկ որ ադրբեջանցի եւ վրացի փորձագետները մեկ անգամ չէ, որ այդ ենթակառուցվածքներին Մոսկվայից «սպառնացող վտանգ» են տեսել, ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Դիտարժան է նաեւ, որ Նախիջեւանի եռակողմ հանդիպումը տեղի ունեցավ Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ բանակցություններից հետո: Իսկ թե ինչ իրավիճակ էր ստեղծվել ադրբեջանա-ղարաբաղյան զորքերի շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում դրան նախորդած օրերին` ոչ մեկի համար գաղտնիք չէ:

Հուլիսի վերջին-օգոստոսի սկզբին Ադրբեջանը փաստորեն անցել էր տարիներ ի վեր մշակված` «կայծակնային պատերազմի» փորձարկմանը: Միայն հայկական զինուժի համարժեք պատասխանը պետք է համարել Սոչիի հանդիպման գրավականը: Հակառակ դեպքում Ադրբեջանը չէր ընդունի ՌԴ նախագահի միջնորդությունը, ինչպես որ տեւական ժամանակ մերժում էր Ֆրանսիայի նախագահին:

Այս իմաստով, գուցե, Նախիջեւանի հանդիպումը փորձ է, որպեսզի Ադրբեջանը «դեմքը փրկի»` կրած ծանր ռազմա-քաղաքական եւ դիվանագիտական պարտությունից հետո: Այս հարցում, անշուշտ, Թուրքիան չափազանց շահագրգռված կողմ է: Չէ՞ որ ադրբեջանական բանակի կորուստներն այդ երկրի արտգործնախարարը համարել էր նաեւ իրենցը: Բայց ո՞րն է այստեղ Վրաստանի «խաղը»:

Վրաստանը նավթա-գազային տարանցիկ երկիր է միայն: Ընդ որում, վրացի որոշ մեկնաբաններ այնքան էլ հիացած չեն իրենց երկրի տնտեսությունում Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացվածությամբ եւ համարում են, որ այդ կերպ վրացական ինքնությունը տուժում է: Բիձինա Իվանիշվիլիի կառավարությունը նույնիսկ մտադիր էր վերանայել որոշ գործարքների օգտակարությունը` նկատել տալով, որ Միխեիլ Սաակաշվիլին շատ դեպքերում տուրք է տվել Իլհամ Ալիեւի հետ «քաղաքական պայմանավորվածությունների, որոնք ունեն ակնյհայտ կոռուպցիոն բաղադրիչներ»:

Ամենակարեւորը, սակայն, այն է, որ եռակողմ պայմանավորվածությունները, եթե ինչ-որ բան գործնականում կյանքի կոչվելու լինի, կարող են գործել միայն Թուրքիայի «բարձր հովանու» ներքո, որովհետեւ ոչ Ադրբեջանը, ոչ, մանավանդ` Վրաստանը, տարածաշրջանի նավթա-գազային ենթակառուցվածքների պաշտպանության հարցն ինքնուրույնուբար լուծել չեն կարող: Իսկ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ պարտավոր է իր քայլերը համաձայնեցնել դաշինքի անդամ մյուս պետությունների հետ:

Այս դեպքում ո՞րն է լինելու Ռուսաստանի պատասխանը: Չէ՞ որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական համագործակցության համար «պատերազմի թատերաբեմ» կարող է դիտվել միայն եւ միայն Հարավային Կովկասը, տարածաշրջան, որն ուղղակիորեն սահմանակից է Ռուսաստանին եւ որն առայսօր ռուսաստանյան կողմն անվանում է «Անդրկովկաս»` ինչպես ավանդաբար ընդունված է Ռուսաստանում:

Եթե Մոսկվայից համարժեք արձագանք չհետեւի, ապա պե՞տք է, արդյոք, ենթադրել, որ Ռուսաստանի ընկալմամբ Թուրքիան «ՆԱՏՕ-ի անդամ չէ», եւ այդ երկրի յուրաքանչյուր նախաձեռնություն չի կարող Ռուսաստանի համար սպառնալիք լինել, եթե անգամ դրանում ներգրավվում է Եվրոմիության հետ ասոցիացման պայմանագիր ստորագրած Վրաստանը:

Հնարավոր է` Մոսկվայում հենց այդ կտրվածքով էլ «անտեսում են» Նախիջեւանի եռակողմ` Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմա-քաղաքական հանդիպումը: Բայց այդ դեպքում էլ ուրիշ հարց է ծագում` իսկ ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այն բանին, որ երեք երկրներ փաստացի փորձում են համախմբվել տարածաշրջանում իր միակ դաշնակցի` Հայաստանի դեմ: Թեեւ, ըստ ակնհայտի, այդ հարցը պետք է իրեն առաջադրի արդեն Հայաստանը...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #24, 22-08-2014

AZG Daily #3, 24-01-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ