RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1808, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՔԱՈՍՆ ԷԼ Ո՞ՆՑ Է ԼԻՆՈՒՄ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Քաղաքագիտության մեջ կա մի այսպիսի տեսությունՙ քաոսի քաղաքականություն: Վերջին տարիներին միջազգային մամուլը շատ է գրում այս մասին, առնվազն մեկ անգամ գրել է նաեւ մեր թերթը: Էությունը հետեւյալն էՙ օգտագործելով առկա հակասությունները, աշխարհի որեւէ տարածաշրջանում հրահրում կամ սրում ես հակամարտություններ, դրանք հասցնում շիկացման եւ կողմերի ուժասպառ լինելուց հետո միջամտումՙ նախապես ապահովելուց հետո քո շահաբաժինը: Եվ կամՙ բնավ էլ չես միջամտում, մինչեւ մեկ այլ տեղ մեկ այլ հակամարտության բռնկում: Այլ խոսքովՙ դա վերահսկվող քաոս է, որտեղ սանձերը միշտ պետք է պահել ձեռքիդ:

Իմ տպավորությամբ Վաշինգտոնը վերջին շրջանում կորցրել է սանձերը Միջին եւ Մերձավոր Արեւելքում, որն իր ներքին հակասություններով ու հակադրություններով ամենահարմար վայրն էր քաոսի վերածվելու: «Արաբական գարնան» շղթայական բռնկումից հետո գլխավոր խաղացողներինՙ Մ. Նահանգներին, Թուրքիային, Քաթարին, Իսրայելին, ՆԱՏՕ-ի մյուս ուժերին հաջողվեց սասանել կամ գլխովին ջախջախել «անհնազանդ» երկրների իշխանություններին եւ տեւական հակամարտության մեջ պահել ողջ տարածաշրջանը, հատուկ հոգածության արժանացնելով նավթառատ երկրներն ու նավթուղիները: Մինչ այդ Մ. Նահանգները «խաղաղեցրել» ու «կարգավորել» էր հետսադդամյան Իրաքը եւ զորքերը քաշելու խոստումը հարգելու պահը հասել էր նախագահ Օբամայի համար...

Բայց ISIS-ը կամ խալիֆաթականները խառնեցին բոլորի հաշիվները, անցան իրենց համար նախագծված կարմիր գիծը, այսինքնՙ Սիրիա-Իրաք սահմանը, արշավեցին Մոսուլ եւ այժմ սպառնում են Բաղդադին, հյուսիսային շրջաններին: Մնացյալը հայտնի է...

Այժմ անհրաժեշտ է զսպել սահմանախախտներին: Բայց ինչպե՞ս: Նոր ներխուժումը առայժմ բացառված է: Մնում է նրանց ռմբակոծել օդից: Սակայն դրանով չես կարող ոչնչացնել նրանց (գուցեեւ պետք էլ չէ ոչնչացնել), որոնք խորապես արմատավորված են սուննի ազգաբնակչության մեջ: Քուրդ «փեշմերգաները», որքան էլ լավ ռազմիկներ, չեն կարող նրա հախից գալ մենակ: Ուրեմն պետք է զինել քրդերին, միաժամանակ, ինչպես հրահանգեց նախագահ Օբաման, վերահսկել, առայժմ, խալիֆաթականների շարժումները սիրիական երկնքից, ի հարկին դեմ չլինելով հարվածել նրանց որջերը այդ երկրում: Նման պարագաներում կարող է աշխատել արաբական հին իմաստությունըՙ «Թշնամուս թշնամին բարեկամս է»: Ասադը Վաշինգտոնի բարեկա՞մ: Ինչո՞ւ ոչ: Մեկ է, Սիրիայի նախագահը դեռ երկար տարիների կարիք ունի երկիրը վերականգնելու, պետությունը, թեկուզ երկրի որեւէ մասում, վերակազմակերպելու համար: Նա վնասազերծված է:

Այո, իսկական քաոս է: Ոչ միայն Իրաքում, Սիրիայում, այլեւ Լիբիայում, Գազայի շուրջը, իսկ երեկվանից արդենՙ Իսրայելի սահմանից ընդամենը 200 մետր հեռու սիրիական Ղունեյտրա ավանում, որը «Ան Նուսրայի» ջիհադիստները առավոտյան խլեցին կառավարական զորքերի ձեռքից:

Քաոսը այս պարագայում լայնընդգրկուն է: Վերահսկելը խիստ դժվար:

Միայն քաոս ստեղծողը ի վիճակի է խաղաղեցնելու տարածաշրջանը: Խաղաղասերները դա են ակնկալում Վաշինգտոնից: Չէ՞ որ ամերիկյան ֆիլմերը սովորեցրել են բոլորիս, որ երկրագնդին սպառնացող որեւէ վտանգի դեմն առնում են միայն Մ. Նահանգների նախագահները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ