RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ԵՎ...

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1460, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԿՐԿԻՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10. ԱՅՍ ԱՆԳԱՄ ՄԻՆՍԿՈՒՄ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երբ գրվում էր այս հոդվածը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ ձեռքը չէր դրել թուրքական պետության սրբությունների կամ խորհրդանիշերի վրա ու չէր ստանձնել Թուրքիայի նախագահի պաշտոնը: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Անկարայում տեղի ունեցավ Էրդողանի նախագահական երդմնակալությունը, որին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ղեկավարությամբ մեկնել էր Թուրքիայի մայրաքաղաք:

Այս կապակցությամբ, հստակեցնելով, թե կոնկրետ ո՞ւմ գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունը պետք է մեկնի Էրդողանի երդմնակալությանը, նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 24-ին, մասնակցելով «Միասին-2014» համահայկական երիտասարդական ֆորումի վրանային ճամբարին եւ պատասխանելով մասնակիցների հարցերին, մասնավորաբար ասել էր. «Հայաստանի մասնակցությունը` Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը հավանաբար տեղի կունենա արտգործնախարարի մակարդակով: Անկարայում Հայաստանի ԱԳ նախարարը կտեղականա նաեւ, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին` գալիք ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ եւ սեփական աչքերով տեսնելու մարդկային հոծ երթը դեպի անմար կրակ, որ տասնամյակների ընթացքում միայն ավելանում է»:

Անշուշտ Անկարայում Հայաստանի պատվիրակությունը կարող էր գլխավորել ոչ թե նախարար Նալբանդյանը, այլ, ասենք, նրա տեղակալներից մեկը, ով նաեւ` «կտեղեկանար, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվո՞ւմ է Հայոց ցեղասպանության հարյուրերոդ տարելիցին... այցելել Ծիծեռնակաբերդ», բայց հենց ԱԳ նախարարի մակարդակով պատվիրակության գործուղումը թերեւս վկայում է այն մասին, որ հայ-թուրքական հարաբերությունները Հայաստանի համար չեն դադարել մնալ պակաս կարեւոր, ինչը միանգամային հասկանալի է: Ուշագրավ է նաեւ նախագահ Սարգսյանի ընդգծումը, որ Թուրքիայի նախագահը` գալիք ապրիլի 24-ին կարող է այցելել ոչ թե Հայաստան` ընդհանուր առմամբ, այլ հենց կոնկրետ Ծիծեռնակաբերդ: Այլ կերպ ասած, գալիք ապրիլին Երեւանում Թուրքիայի նախագահին սպասում են ոչ թե Բաղրամյան 26-ում, այլ հենց Ծիծեռնակաբերդում:

Սա, նկատենք, հայ-թուրքական հարաբերությունների նոր եւ բավականին ուշագրավ ուղղություն է. Հայաստանն այլեւս չի պատրաստվում Թուրքիայի նախագահի հետ` անկախ վերջինիս ով լինելուց, պարզապես ֆուտբոլ նայել, առավել եւս` խաղալ:

Բայց մեր երկրի եվրասիական ինտեգրացիոն գործընթացները կարող են հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքի կարգավորմանը մասնակցություն ունենալուց զրկել Հայաստանին: Բոլորովին վերջերս` Մինսկում կայացած խորհրդաժողովի ժամանակ ամենաբարձր մակարդակով հայտարարվեց, որ Հայաստանի, ինչպես նաեւ Ղրղզստանի անդամակցության հարցը` Եվրասիական տնտեսական միությանը կորոշվի այս տարվա հոկտեմբերի 10-ին Մինսկում նախատեսված գագաթաժողովի ընթացքում: Ո՞վ է սա հայտարարել, իհարկե Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, ինչո՞ւ հենց նա, Պուտինը կիմանա...

Մեզ համար, բացի հանգամանքից, որ ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցության վերաբերյալ գրեթե բոլոր հայտարարությունները հնչում են Նազարբաեւից, հատկանշական է նաեւ Մինսկի` ճակատագրական գագաթաժողովի օրը` հոկտեմբերի 10: Հիշեցնենք, հինգ տարի առաջ հենց այդ օրը շվեյցարական Ցհյուրիխում նախաստորագրվեց հայ-թուրքական զույգ արձանագրությունները: Իհարկե քիչ է հավանական, որ Մինսկի գագաթաժողովի կազմակերպիչները ուշադիր զննել են օրացույցը` գագաթաժողովի անցկացման համար ընտրելով մի օր, որի հետ Երեւանում, մեղմ ասած, դառը հուշեր ունեն, բայց մեծ քաղաքականության մեջ պատահականություններ քիչ են լինում:

Օրինակ, հենց հոկտեմբերի 10-ին ստորագրելով ԵՏՄ-ին միանալու, եւ ինչպես Պուտինն ինքն է հայտարարել` «սեփական ինքնավարության մի մասը զիջելու» վերաբերյալ համաձայնագիրը, Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունների, առհասարակ երկու երկրերի հարաբերությունների կարգավորումը դուրս է հանում երկկողմ միջպետական հարաբերությունների տիրույթից` մտցնելով այն ԵՏՄ-Թուրքիա հարաբերությունների տիրույթ: Վտանգավո՞ր է սա, անշուշտ, թեկուզ միայն այն պատճառով, որ հայ-թուրքական կնճռոտ հարաբերությունների բարելավման վերահսկողությունից Երեւանն ամբողջությամբ լվանում է ձեռքերը, այն պարագայում, երբ ԵՏՄ այսօր անդամ բոլոր երեք երկրները լուրջ հույսեր են կապում Թուրքիան եւս իրենց միություն ներառելու, առնվազն այդ միությունով Անկարային հետաքրքրելու առումով:

Ուրեմն կարո՞ղ է արդյոք այս տարվա հոկտեմբերի 10-ը ազդարարել նոր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման (նախ հաստատման, անշուշտ) մեկնարկ, իհարկե կարող է, հատկապես, որ ԵՏՄ-ում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, չգիտես ինչու, դարձել է Նազարբաեւը, ով առաքելություն ունի Միություն բերել հնարավորինս շատ թյուրքախոս երկրների:

Այնուամենայնիվ, եկող ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում մենք Էրդողանին կսպասենք. Օբամայի ամենամյա ուղերձներն այլեւս արդիական չեն դրանց սպասելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ