RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1274, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ

Պ. Ք.

Վարչապետ Սալմոնդը լավատես է

Շոտլանդիայում այս տարվա գարնանը սկսված անկախության հանրաքվեի նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին. սեպտեմբերի 18-ին կայանալիք հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Վարչապետ Ալեքս Սալմոնդը օրերս Աբերդինում շոտլանդացի ձախամետ ընտրազանգվածին եւ մասնավորապես անկախացման հարցում հոռետեսորեն տրամադրված կանանց կոչ արեց միավորվել «Շոտլանդիանՙ շոտլանդացիներին» կարգախոսի շուրջը:

Ֆրանսիական «Մոնդ» օրաթերթը գրում է, որ Եվրոպայի նավթային մայրաքաղաք Աբերդինում Շոտլանդիայի ազգային կուսակցության համագումարի առիթով հավաքված հազարավոր մարդկանց առջեւ ելույթ ունենալովՙ կուսակցապետ Սալմոնդը հորդորել է քվեարկել անկախության օգտին:

«Այս հանրաքվեն չի վերաբերում որեւէ կուսակցության կամ վարչապետի... Խոսքը Շոտլանդիայի ապագան շոտլանդացիներին հանձնելու մասին է», ընդգծել է Ալեքս Սալմոնդը:

Վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ի հայտ են եկել անկախության կողմնակիցների հնարավոր հաղթանակի նախանշաններ, արձանագրում է «Մոնդը»: Այսպես, հանրային հարցումների վերջին տվյալների համաձայն, անկախության կողմնակիցները կազմում են 40 տոկոս, հակառակորդներըՙ 45 տոկոս, մինչ ընտրազանգվածի 15 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Հենց այդ 15 տոկոսի քվեների համար է պայքարում վարչապետ Սալմոնդը:

Անկախական Սալմոնդը խոստանում է ձեւավորել «Շոտլանդական թիմ», որը վեր կլինի քաղաքական նեղ շահերից եւ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում մինչեւ 2016 թ. մարտի 24-ը կբանակցի անկախության պայմանների շուրջը, մասնավորապեսՙ նավթային եկամուտների, ազգային արժույթի, ատոմային զենքի դուրսբերման եւ ԵՄ անդամության առնչությամբ:

59-ամյա Սալմոնդը եւ իր հետեւորդները ձգտում են իրենց կողմը գրավել Շոտլանդիայի աշխատավորական կուսակցության կողմնակից ընտրողներին: Իր ելույթում Սալմոնդը խոստացել է, որ «անկախ Շոտլանդիայում վերջ կգտնի շոտլանդացիների չընտրած պահպանական կառավարությունների ժամանակաշրջանը»:

2011 թ. ընտրություններից ի վեր Շոտլանդիայի ինքնավար խորհրդարանում Ազգային կուսակցությունը 65 տեղ ունի Աշխատավորական կուսակցության 38 եւ պահպանողական 15 պատգամավորների դիմաց: Մնացյալ տեղերը զբաղեցնում են լիբերալ-դեմոկրատները, «կանաչները» եւ անկախ թեկնածուները:

Իր ելույթում Սալմոնդը նաեւ խոստացել է, որ անկախ եւ հարուստ Շոտլանդիան կազատվի լոնդոնցի պահպանողականների սահմանած հարկերից, կունենա լավ վարձատրվող բուժքույրեր եւ հանրային առողջապահության կայուն համակարգ: Վարչապետը կին ընտրողների կասկածները փարատելու համար նրանց խոստացել է երկու սեռերի աշխատավարձերի հավասարություն եւ ձեռնարկությունների վարչական խորհուրդներում կանանց առնվազն 40 տոկոսանոց ներկայացուցչություն:

Օգոստոսի 25-ին Ալեք Սալմոնդը հեռուստատեսային բանավեճ անցկացրեց անկախության հակառակորդների առաջնորդիՙ Աշխատավորական կուսակցության նախկին նախարար Ալիստեր Դառլինգի հետ: «Գարդիան» թերթի տվյալներով, հեռուստադիտողների 71 տոկոսը դրական է գնահատել Սալմոնդի դիրքորոշումն ու պատասխանները: Սալմոնդը մասնավորապես վստահ է, որ ԵՄ անդամակցության հարցում Շոտլանդիային չեն մերժի, քանի որ երկիրը վաղուց կատարում է գործող կանոնները: Ինչ վերաբերում է արժույթին, եթե Լոնդոնը հրաժարվի կիսել ֆունտստեռլինգը Շոտլանդիայի հետ, ապա վերջինս չի ստանձնի Միացյալ Թագավորության պետական պարտքի իր բաժինը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ