RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1409, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 11

ԵՐԵՐՈՒՆ ԵՎՐՈՊԱՆ: ՆՈՐ ԲՆԱԿԱՆՈՆ ԵՐԵՎՈ՞ՒՅԹ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Նոր սառը պատերազմի եւ տարբեր պատժամիջոցների կիրառման հետեւանքով տուժում են Եվրոպայի երկրները: Stratfor աշխարհաքաղաքական էլեկտրոնային հանդեսի հիմնադիր Ֆրիդմանի հոդվածը անդրադառնում է Եվրոպայի երերուն տնտեսությանը:

Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են հակամարտել: Իրաքը մասնատված է, ներքին խռովությունները չեն նվազում: Իսկ Գազայում կացությունը մնում է խիստ ծանր: Այս բոլորը կարծես բավական պիտի լինեին համաշխարհային ճգնաժամ առաջացնելու համար: Բայց ոչ, դրանց ավելացավ նաեւ Գերմանիայի տնտեսության ցուցանիշի 0.2 տոկոսի անկումը անցյալ եռամսյակում: Գուցե շատերն ուշադրություն չդարձնեն դրան, բայց փաստը, որ աշխարհի չորրորդ եւ Եվրոպայի մեծագույն տնտեսության ցուցանիշը նվազել է, թեկուզ փոքր չափսերով, համաշխարհային նշանակության խնդիր է:

Եվրոպան արդեն կես տասնամյակ է, ինչ խրված է տնտեսական ճգնաժամի մեջ: Գերմանիան Եվրոպայի տնտեսության շարժիչ մեքենան է, եւ ակնկալվում է, որ ինչ-որ մի ժամանակահատվածում նա կկարողանա Եվրոպային դուրս բերել այդ ճգնաժամից: Կանխագուշակումներ կան, որ ի վերջո Եվրոպան կկարողանա շրջադարձ կատարել, բայց եթե Գերմանիայի տնտեսությունը անկում է ապրում (Բեռլինը պնդում է, որ ետաթռիչք կկատարի մինչեւ տարեվերջ), ապա դժվար է հավատալ, որ որեւէ շրջադարձ ընդհանրապես տեղի կունենա: Առավել տրամաբանական է դառնում հավատալ, որ բարեկեցիկ ապրելակերպի ժամանակավոր ընդմիջման փոխարեն Եվրոպայում բնականոն երեւույթի նոր դրսեւորում է իրականում նկատվում: Գլխավորն այստեղ այն չէ, որ Գերմանիայի տնտեսության ցուցանիշը մի փոք նվազել է, այլ այն, որ ժամանակը եկել է հաշտվելու այն մտքի հետ, որ Եվրոպան հնարավոր է դեռ երկար ժամանակ չի վերագտնի իր նախա-2008 թվականի բարգավաճ իրավիճակը, եւ որ մենք պարտավոր ենք հաշվի առնել, թե դա ինչ կարող է նշանակել:

Երերուն Եվրոպան

Գերմանիայի տնտեսության ցուցանիշը նվազեց հակառակ այն կանխատեսումների, որ զրոյական աճ էր արձանագրվելու: Բայց Եվրոպայի մյուս երկրներն էլ երերուն վիճակում են: Ֆրանսիայում զրոյական աճ է արձանագրվել: Իտալիայի տնտեսության ցուցանիշը նվազել է 0.2 տոկոսով: Եվրոպական միակ տնտեսությունը, որը աճ է արձանագրելՙ Միացյալ Թագավորության տնտեսությունն է: Մեծ Բրիտանիան, ինչպես գիտենք, Եվրոմիության անդամակցության ամենաթերահավատ երկիրն է: Իռլանդիայից բացի, որի տնտեսությունը ներկա ժամանակների համար բավականին խիզախՙ 2.1 տոկոսի աճ արձանագրեց, ուրիշ ոչ մի եվրոպական երկրի տնտեսությունը մեկ տոկոսից ավելի աճ չարձանագրեց:

Ակներեւ է, որ աճի մակարդակը առողջ տնտեսության միակ գրավականը չէ, եւ վիճակագրական տվյալները միշտ չէ, որ ամբողջական պատկեր են տալիս: Աճը չի չափում սոցիալական իրականությունը: Ուրեմն անհրաժեշտ է դիտարկել գործազրկության ցուցանիշները: Չնայած Եվրոպան ընդհանուր առմամբ զուրկ է խոշոր վերիվայրումներից, այդուհանդերձ գործազրկության վիճակը իրոք չափազանց մտահոգիչ է: Իսպանիայում եւ Հունաստանում այն կազմում է մոտ 25 տոկոս, այսինքն այնքան, որքան Մ. Նահանգներում էր Մեծ ճգնաժամի տարիներին: Դա ցնցող է անշուշտ, բայց նշենք, որ Եվրոմիության 28 երկրներից 15-ում գործազրկության ցուցանիշը գերազանցում է 10 տոկոսը: Այդ ցուցանիշը երկրներից մեծամասնությունում պահպանվում է արդեն մի քանի տարի, եւ մտահոգիչն այն է, որ այն չի նվազում:

Եվրոմիության բնակչության կեսը ապրում է հիմնականում չորս երկրներումՙ Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում եւ Իտալիայում: Աճի միջին ցուցանիշը այս երկրներում մոտ 1.25 տոկոս է: Անգլիայից բացի, մյուս երկրների տնտեսության ցուցանիշները 0.1 տոկոսով անկում են արձանագրել: Գործազրկության ցուցանիշը բոլոր չորս երկրներում մոտ 8.5 տոկոս է: Բայց եթե Անգլիային դուրս թողնենք, ապա այդ ցուցանիշը կդառնա 9.2 տոկոս: Անգլիային դուրս թողնելը քմահաճ վերաբերմունք չէ: Այն չորս երկրներից միակն է, որ եվրոգոտու մեջ չի ներգրավված եւ Եվրոմիությունից անջատվելու ամենահավանական թեկնածուն է: Մյուսները ոչ մի տեղ «չեն գնում»: Միացյալ Թագավորությունն էլ գուցե «ոչ մի տեղ չի գնում», բայց դա դեռ մենք կտեսնենք: Գերմանիան, Ֆրանսիան եւ Իտալիան, առնվազն բնակչությամբ, եթե ոչ այլ առումներով, կազմում են Եվրոմիության կորիզը: Եթե նրանք աճ չեն արձանագրում, եւ գործազրկության ցուցանիշն էլ բարձր է, ապա նշանակում է, որ Եվրոպան, ընդհանուր առմամբ, չի աճում եւ գործազրկության ցուցանիշն էլ այնտեղ բարձր է:

Գլոբալ ֆինանսական ճգնաժամից հինգ թե վեց տարիներ անց, համատարած եւ անփոփոխ մնացած այս ցուցանիշները այլեւս չեն կարող պարբերական կամ ցիկլային համարվել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Գերմանիայում սպառվում են գազի պաշարները: Հետաքրքրական է իմանալ, թե ինչպես Գերմանիան հասավ այս վիճակին: Արտահանումը, նաեւ դեպի Եվրոպայի այլ երկրներ, շարունակում է աճ արձանագրել: (Այդ պատճառով է, որ եվրոպական մյուս երկրները դժվարանում են վերականգնել իրենց տնտեսությունը: Կորցնելով վերահսկողությունը իրենց համապատասխան շուկաների հանդեպ, նրանք չեն կարողանում մրցել գերմանական ապրանքների ներկրման դեմ:) Գերմանիայի ֆինանսական համակարգը թեեւ մնում է մրցունակ, սակայն սպառողական եւ կորպորատիվ վստահությունն անկում է ապրում: Զբաղվածությունը հիմնականում արտահանման հնարավորությունների հետ է կապված, բայց քանի որ այլ երկրներում պահանջարկը դեռեւս չի բարձրացելՙ սոցիալական պայմանների հետեւանքում, ապա սպառումը նվազել է, արգելք հանդիսանալով պահպանելու Գերմանիայի տնտեսության կայունությունը:

Գերմանացիների համար մտահոգության առարկա պետք է դառնա նաեւ երկրի բանկային համակարգը: Եվրոպայի ֆինանսական էլիտար շրջանակներում այն մտասեւեռումը կա, որ հակառակ գործազրկության զանգվածային բնույթին, ֆինանսական համակարգը առողջ է եւ հուսալի: Սակայն ինձ համար գաղտնիք է մնում այն հանգամանքը, թե ինչպե՞ս է, որ գործազրկության բարձր ցուցանիշը, սպառողական պարտքի ճգնաժամը, հիպոթեքային վարկերի չվճարումները եւ վարկային բարձր տոկոսադրույքների առկայությունը չեն հարվածում բանկերին: Տրամաբանական պիտի լիներ, որ բանկերը հայտնվեին ուժեղ ճնշման տակ: Չորս երկրներում վարկերի տոկոսային դրույքաչափերը գերազանցում են 20 տոկոսը: Վեց երկրներում դրանք տատանվում են 10-20 տոկոսի միջեւ: Վերջինների թվում է նաեւ Իտալիան, որտեղ այն կազմում է 15.1 տոկոս: Իսպանիայում, որտեղ 24 տոկոսի է հասնում գործազրկությունը, այն 8.2 տոկոս է: Պորտուգալիայում, որտեղ գործազրկությունն ավելի նվազ է, 11 տոկոս: Ֆրանսիայում (ավելի քան 10 տոկոսի գործազրկության պայմաններում)ՙ 4.3 տոկոս: Սատանան մանրամասնությունների մեջ է եւ գուցե կա որոշակի բացատրություն այս անոմալիաներում:

Սակայն հարցը մնում է այժմեական. ինչպե՞ս է, որ նման իրավիճակը լուրջ խնդիրներ չի առաջացնում: Պարզ չէ, թե ինչպես է Եվրոպան բացում այդ Գորդյան հանգույցը: Հաշվի առնելով Եվրոպայի երկարաժամկետ տնտեսական «հիվանդությունը», ուժեղ պատճառաբանություն է անհրաժեշտ գտնել այդ ամենը «անցողիկ փուլ» բնորոշելու համար:

Եվրոպայում տիրող գործազրկության, Գերմանիայի արտահանման կարիքների եւ այնտեղ տնտեսության աճի տեմպերի նվազման պայմաններում, պարզապես հստակ չի երեւում, թե ինչ ուժ է կարողանալու շրջել այս գործընթացը: Հավանական է, որ այն շարունակվի դեռ որոշ ժամանակ, քանի որ դժվար է կանխատեսել առայժմ մի բան, որ կվերադարձնի Եվրոպային իր նախկին կենսունակությունը:

Քաղաքական հարց

Այստեղ բնականաբար քաղաքական մի հարց է ծագում: Եթե Եվրոմիության տնտեսական նախադրյալըՙ բարգավաճումը հարցական տակ է, ապա ի՞նչն է, որ միավորում է Եվրոպային: Հարցը տեղին է, եթե հաշվի առնենք Ռուսաստանի եւ եվրոպական թերակղզու միջեւ գոյություն ունեցող տարանջատիչ գիծը եւ այն, որ Եվրոպան կշռադատված ներկայություն է ապահովում իրեն Ուկրաինայում: Լեհաստանի եւ Ռումինիայի շահերը Ուկրաինայում հստակ են: Իսպանիայինըՙ ոչ այնքան: Եվրոմիության բարգավաճմանը եւ դրա պահպանմանը միտված համընդհանուր նպատակները չեն կարող գործել, իրականություն դառնալ, երբ ակնհայտ տարաձայնություններ կան երկրների միջեւ եւ երբ տնտեսությունը կառույցի ներսում խեղված է: Սրանում ներառված են Մեծ Բրիտանիայի սպառնալիքներըՙ դուրս գալու Եվրոմիությունից եւ կորուստը այն համընդհանուր հետաքրքրությունների եւ շահերի, որ ժամանակին միավորում էր երկրներին:

Տարաձայնությունների բնագավառի ամենացայտուն նշանը հակակառույց եւ եվրոսկեպտիկ կուսակցությունների կամ կառույցների առաջացումն է: Նրանք իրենց լավ դրսեւորեցին Եվրոխորհրդարանի վերջերս կայացած ընտրություններում: Քաղաքական նման փոփոխումը շատերի կողմից անտեսվում է որպես սոսկ բողոքի արտահայտություն: Մինչդեռ այն կարելի է դիտարկել որպես ապագայի կանխագուշակում: Իմ կարծիքով այդ չափսերի եւ ընդգրկումի բողոքի արտահայտության քվեները հենց իրենցով էլ նշանակալի են: Նրանք մեզ հիշեցնում են, որ սոցիալական խլրտումների ամենավտանգավոր աղբյուրը ոչ թե երիտասարդ գործազուրկների բանակն է, այլ միջին տարիքի տղամարդիկ եւ կանայք, որոնք կորցրել են իրենց աշխատանքը եւ ներդրումները: Նրանք ապրում են խորտակված հույսերի աշխարհում եւ հավատացած են, որ ուրիշներն են առաջ բերել իրենց դժբախտությունը: Երիտասարդները կարող են քարեր գցել զայրույթից ելնելով, բայց նրանք ի վերջո տուն են գնում, վերադառնում: Միջին խավի եւ միջին տարիքի մարդիկ, կորցնելով իրենց երազանքները եւ հույս չունենալով վերականգնել որեւէ բան, ֆաշիզմի տարրեր են ձեռք բերում եւ դառնում իրական սպառնալիք եվրոպական նոր իրականության համար:

Ռուսաստանը կարեւոր է: Կարեւոր է նաեւ արմատական մահմեդականությունը: Բայց Եվրոպայի ճակատագիրը կենսական այն ուժն է, որը ձեւավորելու է աշխարհը: Ռուսաստանի կարեւորությունը մեծանում է, մինչդեռ Եվրոպան մասնատվում է: Եվրոպան իր սեփական, ներքին խնդիրներն ունի մահմեդականության հետ: Տնտեսության երկարաժամկետ կարծրախտի (սկլերոզ) եւ շարունակական գործազրկության պայմաններում ինչպե՞ս են եվրոպացիները վարվում իրենց շրջապատում ապրող ներգաղթյալների հետ: Ինչպե՞ս է մայրցամաքը ընդունում բաց սահմանների քաղաքականությունը: Հետագա ազդեցությունները կարող են շատ խորը լինել: Ժամանակն է հաշտվել այն մտքի հետ, որ տնտեսության աճ չարձանագրող Եվրոպայի, որն ունի գործազրկության բարձր ցուցանիշ եւ ոչ մի հեռանկար դուրս գալու ճգնաժամից, ներկա իրավիճակը դեռ երկար կարող է շարունակվել: Երերունը կհամարվի նոր բնականոն երեւույթ կամ բնականոնի նոր դրսեւորում:

Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ