RSS | FACEBOOK | NLA
ԼՐԱՀՈՍ | ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ


«ԱԶԳ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻՆ: Մայիսի 28-ի տոնի առիթով արձակուրդի մեջ գտնվելու պատճառով «Տիգրան Մեծ» տպագրատունը հինգշաբթի օրը չաշխատեց։ Հետեւաբար թերթի հերթական համարը բացառաբար լույս կտեսնի շաբաթ առավոտյան։ Ընթերցողներին սպասում է բովանդակալից համար, որտեղ հաճելի ընթերցանության համար իրենց նյութերը կառաջարկեն Երվանդ Ազատյանը, Անահիտ Հովսեփյանը, Նաիր Յանը, Արեւիկ Քեշիշյանը, Հակոբ Ծուլիկյանը, Արծվի Բախչինյանը, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը, Մանուկ Արամյանը, Ռաֆիկ Հովհաննիսյանը, Հակոբ Միքայելյանը, Գեւորգ Գյուլումյանը, Հակոբ Ավետիքյանը եւ ուրիշներ՝ գլխավորությամբ Սուքիաս Թորոսյան-Toto-ի։

ԼՐԱՀՈՍ    |    «ԱԶԳ»-Ի ՎԵՐՋԻՆ ՀԱՄԱՐԸ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1686, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ի՞ՆՉ «ՍԵՎ ԿԱՏՈՒ» Է ԱՆՑԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Թուրքիայի նախագահի երդմնակալությանն Ադրբեջանը մասնակցեց Միլլի մեջլիսի խոսնակի մակարդակով: Դա անսպասելի, երկու երկրների «եղբայրական հարաբերություններին» անհարիր որոշում էր, եթե, մանավանդ, նկատի առնվի, որ Ադրբեջանի սահմանադրությամբ նախագահից հետո պետական հիերարխիայի երկրորդ դեմքը վարչապետն է: Բայց, կրկնենք` հաշվի առնելով Բաքու-Անկարա ավանդական բարեկամության հանգամանքը, սպասելի էր, որ Էրդողանի պաշտոնամուտն իր ներկայությամբ պետք է պատվեր Իլհամ Ալիեւը:

Դա, ինչպես ասացինք, տեղի չունեցավ: Ավելին, խորհրդարանի խոսնակին Անկարա գործուղելով` Իլհամ Ալիեւն Էրդողանին դրեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ նույն հարթության վրա, քանի որ վերջինիս երդմնակալությանը նույնպես ներկա էր գտնվել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահը: Բայց եթե Ուկրաինայի դեպքում դա բացատրելի էր Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու անհրաժեշտությամբ, ապա Էրդողանի պարագայում, կարծես, արտաքին քաղաքական խոչընդոտներ չպետք է որոնել:

Ոչ ոք Իլհամ Ալիեւին չէր կշտամբի, թե ինչու է անձամբ ներկայանում Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, քանի որ աշխարհում բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «մեկ ազգ, երկու պետություն են»: Խնդիրն, ուրեմն, գտնվում է Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների տիրույթում, որտեղ, կարելի է վստահաբար ասել, ամեն ինչ այնքան հարթ ու կանխատեսելի չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար:

Մենք մի քանի անգամ անդրադարձել ենք Ադրբեջանում «նուրսիական աղանդի» հովանավորներին իշխանությունից հեռացնելու Էրդողանի պահանջի եւ այն Իլհամ Ալիեւի կողմից բացահայտորեն անտեսելու թեմային: Ըստ երեւույթին, նախագահի պաշտոնի համար ծանր ընտրապայքարում դա Էրդողանի համար ուներ չափազանց սկզբունքային նշանակություն: Եւ Իլհամ Ալիեւի վերաբերմունքն, անկասկած, Թուրքիայում Էրդողանի մրցակիցներին հնարավորություն էր ընձեռել որոշակիորեն սրելու թուրք-ադրբեջանական «եղբայրության» հարցը` ի վնաս Էրդողանի:

Թուրքիայի նորընտիր նախագահի դիվանագիտական պատասխանն իրեն երկար սպասեցնել չտվեց: Դեռեւս մինչ նախագահի պաշտոնն ստանձնելն Էրդողանը հայտարարեց, որ առաջին ուղեւորությունը կկատարի Հյուսիսային Կիպրոս, այլ ոչ թե` Ադրբեջան: Իսկ Բաքվում սպասում էին, որ Էրդողանը նախապատվությունը կտա Իլհամ Ալիեւին: Ի՞նչն է Էրդողանին ստիպել, որպեսզի նախագահի պաշտոնում առաջին արտասահմանյան ուղեւորության մեկնի Հյուսիսային Կիպրոս, որտեղ, կարծես թե, իրավիճակն այնքան սուր չէ, որպեսզի ինքնահռչակ հանրապետությունն այդքան կարեւորվեր:

Ի տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, Ադրբեջանը ներքին եւ արտաքին բավական լուրջ խնդիրներ է հասցրել կուտակել: Իսկ նման պայմաններում նրա առաջին խորհրդատուն միայն Թուրքիան կարող է լինել, երկիր, որին Ադրբեջանը պարտական է անկախությամբ եւ վերջին տասնամյակի տնտեսական որոշակի հաջողություններով: Էլ չենք խոսում այն մասին, որ Թուրքիան միջազգային բոլոր ատյաններում հանդես է գալիս բացահայտ ադրբեջանամետ կեցվածքով: Այնքան, որ հարեւան երկների հետ սեփական հարաբերությունները կառուցելիս պարտադիր հաշվի է առնում պաշտոնական Բաքվի տեսակետները:

Ադրբեջանը, սակայն, միշտ չէ, որ հետեւում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսին: Վերջին շրջանում դա հատկապես դրսեւորվում է Իսրայել- Ադրբեջան հարաբերություններում: Չնայած Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունների լարվածությանը, պաշտոնական Բաքուն շարունակում է հետեւողականորեն խորացնել բազմակողմ կապերը հրեական պետության հետ, ինչը, բնականաբար, չի կարող աննկատ մնալ Անկարայի համար:

Ամենայն հավանականությամբ, Էրդողան- Իլհամ Ալիեւ անձնական հարաբերությունները նույնպես փոխվստահության մակարդակի վրա չեն: Էրդողանի նախագահ ընտրվելու կապակցությամբ Բաքվից միայն «հերթապահ» շնորհավորանքի խոսքեր հնչեցին: Ադրբեջանական մամուլն ու քաղաքական շրջանակները, կարծես, չեն կարեւորում «դարի մեծագույն իրադարձությունը», այն, որ Էրդողանին հաջողվել է քվեարկության առաջին փուլում հաղթել եւ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ դառնալ համաժողովրդական ընտրված նախագահ:

Կա՞, որդյոք, ներքին մրցակցություն Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ` «բոլոր թուրքերի հայր» կոչվելու հարցում: Իլհամ Ալիեւը հազիվ թե չի հասկանում, որ Թուրքիայի միջազգային կշիռն անհամեմատ բարձր է, եւ այդ երկրի առաջնորդի հետ մրցակցությունն իր համար կարող է անցանկալի հետեւանքներ ունենալ: Այդպես է պատկերվում, սակայն, տեսականորեն: Գործնականում Ադրբեջանի քաղաքական վերնախավը, թվում է, կորցրել է իրականությունն ընկալելու ընդունակությունը եւ քարոզչական դաշտ է ձեւավորում, թե, ընդհակառակը, այդ «Թուրքիան է, որ ունի Ադրբեջանի կարիքը եւ չի կարող անտեսել ադրբեջանական գործոնի ազդեցությունն իր ներքին կյանքում»:

Սա ակնհայտորեն իշխանություններից հրահանգավորված «քաղաքագիտական վերլուծություն» է, որի առանցքի շուրջ համախմբվում են նաեւ Էրդողանի քաղաքական մրցակիցների շահերն սպասարկող` թուրք մեկնաբաններն ու քաղտեխնոլոգները: Նրանք շարունակում են պնդել, որ «թուրք հասարակությունը չի հասկանա եւ չի պաշտպանի Էրդողանին, եթե վերջինս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլեր ձեռնարկի»:

Ըստ ամենայնի, հենց այստեղ էլ պետք է տեսնել թուրք-ադրբեջանական հարաբերությունների «սեւ կատուն»: Բաքվում զգուշացած են, որ Էրդողանը կարող է ենթարկվել միջազգային հորդորներին եւ 2015-ի ապրիլին ընդառաջ` ինչ-որ քայլեր ձեռնարկել` թուլացնելու հայ-թուրքական հարաբերությունների լարվածությունը: Այդ են վկայում ադրբեջանական մամուլի բազմաթիվ հրապարակումներ, որոնք փորձում են կանխատեսումներ անել Էրդողանի երդմնակալությանն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության «ենթատեքստի» շուրջ:

Չափազանց ուշագրավ է, որ երդմնակալությունից առաջ Էրդողանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ նույնիսկ հեռախոսազրույց տեղի չի ունեցել: Մինչդեռ պաշտոնից հեռացող Գյուլը հարկ էր համարել սեփական նախաձեռնությամբ կապվել Իլհամ Ալիեւի հետ եւ նրան շնորհակալություն հայտնել «տարիների համագործակցության եւ եղբայրական վերաբերմունքի համար»: Գյուլն, ինչպես հայտնի է, Թուրքիայի քաղաքական կյանքում առայժմ ոչ մի դերակատարություն չի ունենալու:

Էրդողանը, մինչդեռ, վերելքի ճանապարհին է: Եւ առաջիկա տարիներին նա է Թուրքիայի համար կարեւորագույն որոշումներ ընդունելու: Իհարկե, չափազանցություն կլիներ ասել, որ թուրք-ադրբեջանական հարաբերություններում լինելու է ինչ-որ տեղապտույտ: Ոչ, Էրդողանը պատրաստվում է առաջիկայում լինել Բաքվում: Այդուհանդերձ, Իլհամ Ալիեւի մոտ կմնա տհաճ նստվածք, որ Թուրքիայի նորընտիր նախագահն իրեն ստորադասել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ առաջնորդին:

Ադրբեջանի «նորին բռնապետական մեծությունը» չափազանց հավակնոտ եւ հիշաչար է, անգամ եթե խոսքը վերաբերում է «ավագ եղբորը»: Այդ հանգամանքն, անկասկած, իր հետքը կթողնի թուրք-ադրբեջանական հարաբերությունների վրա: Բայց Բաքվում եւ Անկարայում, ինչպես վերջին մի քանի տարիներին, ամեն ինչ կքողարկեն արեւելյան հաճոյախոսություններով: Մինչեւ որ Թուրքիայի համար կմոտենա վճռական քայլ կատարելու պահը:

Ինչի՞ն նախապատվությունը կտա Անկարան, Ադրբեջանի հետ հաճոյախոսություններ փոխանակելո՞ւն, թե՞ հարեւանների հետ հարաբերությունների կարգավորման հրամայականին: Ենթադրությունների չարժե տրվել: Քանի որ Թուրքիան եւ Ադրբեջանը շատ ավելի ընդհանրություններ, քան տարակարծություններ ունեն: Եւ այսօրվա «սեւ կատուն» վաղը կարող է նոր ընդհանրությունների սկիզբ դնել Բաքու-Անկարա առանցքի վրա: Պատահական չէ, որ օգոստոսի սկզբին հենց Թուրքիան էր Ադրբեջանին ցավակցություն հայտնել` շփման գծում կրած կորուստների համար:

Ստեփանակերտ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ