RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1444, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 11

Ի՞ՆՉՆ Է ՄՏՆՈՒՄ 1,5 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՄԵՋ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

14 տարում Հայաստանից արտահանումն ավելացել է 5 անգամ

90-ականներին Հայաստանից գրեթե ոչինչ չէր արտահանվում, բացառությամբ սեփականաշնորհած ձեռնարկությունների հաստոցների ու սարքավորումների, որոնք այդ տարիների իշխանությունների լուռ համաձայնությամբ կամ գուցե նաեւ աջակցությամբ, դուրս էին բերվում երկրից եւ վաճառվում մետաղի ջարդոնի գնով: Խորհրդային Հայաստանի արդյունաբերական հսկաները, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, դադարեցին գործել: Արդյունաբերական երկրի համբավ ունեցող Հայաստանը, որի արտադրանքը հիմնականում սպառվում էր Խորհրդային Միությունով մեկ, դարձավ ճգնաժամային եւ այսօրվա խոսքերով ասած` հումանիտար աղետի մեջ հայտնված երկիր: Երկիր, որտեղ անգամ միրգն ու բանջարեղենը, կաթնամթերքը եւ սննդամթերքի շատ տեսակներ գրեթե ամբողջությամբ ներմուծվում էին:

Մինչդեռ, ակնհայտ է, որ այնպիսի փոքր շուկա եւ պահանջարկ ունեցող երկիր, ինչպիսին Հայաստանն է, չի կարող զարգանալ առանց արտահանման մեծ ծավալներ ունենալու: 2000-ականներից սկսած Հայաստանի ավերված տնտեսության վերականգմանը զուգահեռ, արտահանման տեմպերը տարեց տարի ավելացան, ինչը փաստում են արձանագրված ցուցանիշները:


Հայաստանյան արտահանման առաջատար քառյակը

Ազգային վիճակագրական ցուցանիշների համաձայն, 2013-ին Հայաստանից արտահանումը կազմել է մոտ 1 մլրդ 480 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2000-ին Հայաստանից արտահանվել էր ընդամենը 300 մլն դոլարի արտադրանք: Այսինքն, անցած 14 տարիների ընթացքում Հայաստանից արտահանումն ավելացել է մոտ 5 անգամ: Փոխվել է նաեւ արտահանման կառուցվածը, ավելացել է պատրաստի արտադրանքի արտահանումը:

Ներկայումս արտահանվող ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը` 407 մլն դոլար: Խոսքը պղնձի, մոլիբդենի եւ այլ մետաղական հանքանյութերի արտահանման մասին է, որոնք վաճառվում են եվրոպական բորսաներում:

Հաջորդը պատրաստի սննդի արտադրանքն էՙ 310 մլն դոլար: Հիշեցնենք, որ 15 տարի առաջ այս ճյուղը գրեթե չկար, քայքայվել էր եւ միայն 90-ականների վերջերից սկսեց գործել, վերագործարկվեցին բազմաթիվ եղած ձեռնարկություններ, ստեղծվեցին նորերը: Շատ կարճ ժամանակահատվածում հայկական սննդարդյունաբերությունը հետ գրավեց ներքին շուկայում` Հայաստանում իր կորցրած դիրքերը, իսկ այսօր դարձել է արտահանման մեջ երկրորդ տեսակարար կշիռն ունեցող ճյուղը :

Մոտ 309 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ եւ դրանցից պատրաստված իրեր (սեւ մետաղներ եւ դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ եւ արտադրանք պղնձից, ալյումին եւ արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա եւ արտադրանք դրանցից) են արտահանվել Հայաստանից: Այստեղ նույնպես սկսել են ավելանալ պատրաստի արտադրանքի ծավալները:

Թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ եւ դրանցից իրերի (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք եւ այլն) արտահանումը 2013-ին կազմել է 187 մլն դոլար: Նշենք, որ ադամանդագործական արտադրանքի արտահանումը 8-10 տարի առաջ շատ ավելի մեծ ծավալներ էր զբաղեցնում եւ երկրորդն էր հանքահումքային արտադրանքից հետո : Սակայն այս ճյուղը անկում ունեցավ միջազգային շուկայում ադամանդի գների նվազման հետեւանքով, ու թեեւ վերջին տարիներին որոշակիորեն վերականգնել է իր դիրքերը, բայց դրանք չեն հասել նախկին ծավալներին: Փոխարենը ավելացել են ոսկերչական արտադրանքի ծավալները, նպաստելով այս ապրանքախմբի արտահանման ծավալների աճին:

Այսպիսով, 1,5 մլրդ դոլար արտահանման ընդհանուր ծավալներից, վերոնշյալ 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար: Իսկ մնացա՞ծը:

Արտահանման երկրորդ «շարասյունը»

Արտահանվող խոշոր ապրանքախմբերին հաջորդում են գյուղմթերքներն ու թեթեւ արդյունաբերական արտադրանքը: Գյուղմթերքների` «բուսական ծագման արտադրանք» կոչվող ապրանքախմբի արտահանումը 2013-ին կազմել է մոտ 42 մլն դոլար ` 45766 տոննա ընդհանուր քաշով: Խոսքն, այստեղ առավելապես թարմ մրգերի եւ բանջարեղենի մասին է:

Թեթեւ արդյունաբերական արտադրանքի կամ, ինչպես նշվում է, մանածագործական իրերի արտահանման ծավալներն անցյալ տարի կազմել են 38,6 մլն դոլար: Դրանք հիմնականում տղամարդու եւ կանացի վերարկուներն են` տաք, կիսաբաճկոն, անձրեւանոց, ինչպես նաեւ բամբակից, տրիկոտաժից, սինթետիկ եւ այլ գործվածքները: Խորհրդային տարիներին թեթեւ արդյունաբերության մաս համարվող կոշիկի արտահանման հսկայական ծավալները մնացել են անցյալում: Այնումենայնիվ, այստեղ որոշ աշխուժացում կա` մոտ 2 մլն դոլարի կոշկեղեն է արտահանվել անցյալ տարի: Այս ճյուղը մեծ հեռանկարներ ունի ինչպես տեղական շուկայում ավելի մեծ ծավալներ զբաղեցնելու, այնպես էլ արտահանման ավելացման առումով: Ընդ որում, այս ոլորտում վերջին տարիների լուրջ ներդրումներ են կատարվել, թողարկելով տեղական արտադրության բրենդային դարձած կոշիկներ:

50240 տոննա` 25 մլն դոլար արժողությամբ արտահանում ունեցել է «իրեր քարից, գիպսից, ցեմենտից» ապրանքախումբը: Այստեղ հիմնական արտահանվող ապրանքը եղել է ապակին եւ ապակուց պատրաստված արտադրանքը` տարաներ, շշեր եւ այլն:

«Մեքենաներ, սարքավորումներ եւ մեխանիզմներ» (հաստոցներ, զոդման, եռակցման սարքեր, շոգեկաթսաներ, գեներատորներ, մարտկոցներ, կուտակիչներ, շարժիչներ, պոմպեր, բեռնիչներ, կենցաղային սարքավորումներ եւ այլն) եւ «սարքեր եւ ապարատներ» (ժամացույցներ ամեն տեսակի եւ դրանց մասեր, օպտիկական, լուսանկարչական, կինեմատոգրաֆիական, չափիչ, վերահսկիչ, ճշգրիտ, բժշկական կամ վիրաբուժական սարքեր) ապրանքախմբերից յուրաքանչյուրում արտահանման ծավալները կազմել են 20,8 մլն-ական դոլար:

Ընդհանուր առմամբ 41-42 մլն դոլարի արտահանումը այս երկու ճյուղերից աննշան ցուցանիշ է, եթե նկատի ունենանք, որ խորհրդային տարիներին մեքենաշինական եւ սարքաշինական արդյունաբերությունը մեր տնտեսության հզորագույն ճյուղն էր: Համաձայն 1985 թվականի տվյալների, Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում մեքենաշինությունն (էլեկտրատեխնիկա, հաստոցաշինություն, գործիքաշինություն, սարքաշինություն, ավտոմոբիլաշինություն) ուներ ամենամեծ բաժինը` 30,3 տոկոս, իսկ արտադրանքն գրեթե ամբողջությամբ արտահանվում էր Հայաստանից: Ցավոք, արդյունաբերական հզորությունը խորհրդանշող հենց այս ճյուղն էլ ամենամեծ կորուստն ունեցավ 90-ականներին, ինչի արդյունքում ճյուղի ավելի քան 150 ձեռնարկություններից, ներկայումս, մասնակի հզորություններով գործում է հազիվ 10-15-ը:

Այս ճյուղի նախկին հզորության հասնելու մասին, բնականաբար, անիմաստ է մտածել: Միաժամանակ ուրախալի է, որ արտահանման որոշակի ծավալներ այստեղ առկա են: Նշենք նաեւ, որ ժամացույցների արտադրությունը եւ ճշգրիտ սարքաշինությունն ընդգրկված են կառավարության «Արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության» մեջ:

10-20 մլն դոլար արտահանում ունեցող ճյուղերը

10-20 մլն դոլար արտահանման ծավալներ ունեցող ապրանքներն են` ձուկ (թարմ կամ սառեցված)` մոտ 17 մլն դոլար, քիմիայի եւ դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք` 16 մլն դոլար, պլաստմասսա եւ դրանցից իրեր, կաուչուկ եւ ռետինե իրեր` 11,6 մլն դոլար:

Հետաքրքրական են ձկան արտահանման տվյալները: Դատելով այս ոլորտի տնտեսվարողների աղմուկ-աղաղակից, որ բարձրացվում է նրանց կողմից արտեզյան ջրերի գիշատչային շահագործման դեմ արվող քայլերի կապակցությամբ, տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանի արտահանման փրկությունը ձկնարդյունաբերության մեջ է: Մինչդեռ, իրականում խոսքն ընդամենը 17 մլն դոլարի` կամ արտահանման մոտ 1 տոկոսի մասին է: Եթե սա համեմատենք թեկուզ 42 մլն դոլար գյուղմթերքների արտահանման ծավալների հետ, ավելացնելով այն վնասը, որ ձկնաբուծարանները պատճառում են գյուղատնտեսությանն ու գյուղացիական տնտեսություններին, ապա պարզ է դառնում, որ ձկնարդյունաբերության զարգացումը հատկապես Արարատյան դաշտում ոչ մի հեռանկար եւ անհրաժշտություն չունի : Ավելին, այն ուղղակի սպառնալիք է մեր ջրային պաշարներին եւ այս առումով` երկրի անվտանգությանը, ինչին առիթ ունեցել ենք անդրադառնալու: («Հայաստանի ստորերկրյա ջրերի վիճակը տագնապալի է», «Ազգ», 25.07.2014):

Քիմիական արդյունաբերության արտադրանքի, պլաստմասսա եւ դրանցից իրեր, կաուչուկ եւ ռետինե իրերի մասին խոսելով նույնպես հարկ է նշել, որ դրանք Հայաստանի երբեմնի զարգացած քիմիական արդյունաբերության փշրանքներն են: Այստեղ նույնպես արտահանման ավելացման լուրջ ներուժ կա: Եթե այս ոլորտի երկու հսկաները` «Նաիրիտն» ու «Վանաձորի քիմիական կոմբինատը» գործարկվեն եւ կայուն շահագործվեն, ապա թե արտահանման, թե աշխատատեղերի ավելացման լուրջ ակնկալիքներ կունենանք: Սակայն, առայժմ անլուծելի է այս ընկերությունների համար լուրջ ներդրողներ գտնելու խնդիրը:

Ամփոփելով հայաստանյան արտահանման պատկերը, նշենք, որ մնացած մի քանի այլ ճյուղեր ունեն արտահանման փոքր ծավալներ եւ նրանցից յուրաքանչյուրն առանձին վերցրած որեւէ ազդեցություն չի թողնում արտահանման ընդհանուր կառուցվածքի եւ ծավալների ցուցանիշների վրա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ