RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ

Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1540, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՓԱԿ ԼԱՐՍԻ ԲԱՑԱԾ «ՏԱՆՏԱԼՈՍԸ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստանից Ռուսաստան տանող ցամաքային միակ ուղին անցնում է Վրաստանով` Վերին Լարսի անցակետով, որի գոյությունը Ռուսաստանում ապաստան գտած կամ բնակություն հաստատած հայերի, նաեւ հայաստանյան գործարար աշխարհի համար բացառիկ նշանակություն ունի: Այդ բացառիկության պատճառով էլ ամեն անգամ, երբ ինչ-որ բան է տեղի ունենում ռազմա-վրացական ճանապարհին կամ թեկուզ Վրաստանում, որ կարող է վտանգել երթեւեկությունն այդ ուղղությամբ, մարդկանց գրեթե հուսահատության է հասցնում:

Օգոստոսի 20-ին Դարյալի կիրճում, որտեղով անցնում է Լարսի ճանապարհը, փլուզում տեղի ունեցավ անցակետից մեկ կիլոմետր հեռավորության վրա` սողանքի հետեւանքով: Մի սողանք էլ տեղի էր ունեցել դեռեւս մայիսին, ու դրանից հետո նոր սողանքի հավանականության մասին հայտարարվեց օգոստոսի 15-ին, երբ Լարսի ճանապարհը ժամանակավորապես փակվեց` զուտ անվտանգության նկատառումներից ելնելով:

Հիմա այդ ճանապարհը փակ է: Վնասվել էր նաեւ դեպի Հայաստան գազատարը, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ մայիսին, սակայն վերականգնվեց արդեն օգոստոսի 23-ին:

Դեռեւս օգոտսոսի 21-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելեց Դարյալի կիրճ ու հայտարարեց, թե ճանապարհը կվերականգնվի երկու շաբաթվա ընթացքում: Վերջին օրերի դրությամբ, այդ երկու շաբաթը դեռ ուժի մեջ է, ընդ որում` հաշված արդեն օգոստոսի 28-ից:

Ամեն դեպքում, արվում է հնարավորը, որպեսզի ճանապարհը դառնա երթեւեկելի, եւ վերջին տեղեկություններով` դեռեւս երկու կիլոմետր ճանապարհ է անհրաժեշտ մաքրել փլուզման հետեւանքներից: Այսինքն` իրատեսական չէ անգամ երկշաբաթյա ժամկետը:

Գործարար մտադրությունների, արտահանման ու ընդհանրապես գործնական երթեւեկի համատեքստում Լարսի փակ լինելը ռուսաստանյան շուկայի հետ գնալով ավելի մեծ հույս կապող հայ գործարարների համար ուղղակի անլուծելի խնդիր է. այլ կերպ, քան Լարսի ճանապարհով, գյուղմթերք ու այլ ապրանքներ Ռուսաստան չես արտահանի, քանի որ թանկ ճանապարհն այդ ապրանքներն անիրացվելի կդարձնի: Մի խոսքով` վնասներ, վնասներ, վնասներ...

Ուղեւորաշրջանառության առումով էլ վնասները թեեւ մեկտեղված չեն, բայց խփում են բոլորի գրպանին: Լարսով երթեւեկելու մտադրություն ունեցող բոլոր երկրների քաղաքացիներին կամաց-կամաց առաջարկում են այլ տարբերակներով հասնել ուր ցանկանում են, այսինքն`Հայաստանի բնակիչներն ու հյուրերը, որոնք ժամանել են ցամաքային ճանապարհով, պետք է իրենց գլխի ճարը տեսնելու ուղիներ փնտրեն:

Կոնկրետՙ հայերի համար, որոնք նախապես պետք է օգտվեին Դարյալի կիրճով անցնող ռազմա-վրացական ճանապարհից, առանձնակի շատ տարբերակներ էլ չկան:

Եթե մեկնելու համար պետք է օգտվեին էժան ցամաքային տրանսպորտից, ապա ներկա դրությամբ կա՛մ պետք է սպասեն անորոշ ժամանակով, կա՛մ ինքնաթիռի տոմս գնեն: Այս տարբերակը բնավ էլ հարմար ելք չէ, քանի որ անգամ փոքր-ինչ էժանացած ավիատոմսերի պարագայում ցամաքային տրանսպորտի գների համեմատությամբ դեռեւս ինքնաթիռը մնում է թանկ հաճույք: Հատկապես, երբ մեկնելու անհրաժեշտություն ունի, ասենք, որեւէ ընտանիք, երբ անհրաժեշտ է ոչ թե մեկ, այլ 4-5 տոմս գնել ինքնաթիռով տեղ հասնելու համար:

Նրանք, ովքեր Հայաստանում են հայտնվել իրենց սեփական մեքենաներով, իսկ այդպիսիք մեծաթիվ են, դժվար թե կարող են ավտոմեքենաներն էլ տանել ինքնաթիռով: Կրկին մնում է կամ նստել թախտին, սպասել Լարսին, կամ գրեթե շուրջերկրյա ճանապարհորդություն իրականացնել` Հայաստանից Ռուսաստան հասնելու համար:

Նախ մնում է հասնել Վրաստանի սեւծովյան ափ ու այնտեղ փորձել անցնել ռուսաստանյան կողմը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանի Փոթիի նավահանգստից ռուսաստանյան սեւծովյան ափ հասնող լաստանավը մի երկար ժամանակով արդեն իսկ հասանելի չէ. ազատ տեղեր չկան: Այսինքն` այս հնարավորությունը, որը եւս էժան հաճույքների շարքից չէ, գրեթե բացառվում է:

Մեկ այլ տարբերակ էլ, որ, օրինակ, ծանոթ երեք ընտանիք ընտրել է ու արդեն իրականացնելու փուլում հայտնվել, Վրաստանի տարածքով հասնելն է Թուրքիայի Տրապիզոն քաղաք, որտեղից էլ լաստանավ նստել ու Իլյիչեւսկ հասնելն է: Մինչեւ Տրապիզոն արդեն իսկ հարյուրավոր կիլոմետրեր պետք է հաղթահարել, երկու սահման անցնել, վրաց-թուրքական սահմանին էլ դեռ մուտքի արտոնագրեր ու մեքենայի ապահովագրություն անել, այդքան վառելիք վատնել, հասնել Տրապիզոն, լաստանավում տեղավորվել ու երկար նավարկությունից հետո հասնել Իլյիչեւսկ:

Եվ այս ամենը ընտանիքով, երեխաների հետ, Հայաստան այցելությունից հետո, երբ անհրաժեշտ է վերադառնալ օրվա հացի խնդիրները լուծելու անհրաժեշտության թելադրանքին: Այս ուղին, որ ֆանտաստիկ ու անիրական է թվում, գործնականում ընտրել են մարդիկ, ովքեր չեն կարող նստել թախտին ու սպասել, թե երբ բախտը կամ մեկ ուրիշ ուժ կմաքրի Լարսի ճանապարհը: Ընտրել են, ու մի քանի օր ճանապարհ են գնալու. այլընտրանք չկա:

Մի խոսքով` հերթական անգամ Հայաստանը փակ Լարսի պատճառով հայտնվել է տանտալոսում, տառապանքներն են հայաստանցիներին: Իսկ թե ինչու այս իրավիճակն այդպես էլ չի փոխվում, կարելի է բացատրել հայ-վրացական հարաբերությունների այն երկնագույն-եթերային վիճակով, որի պարագայում կողմերը ջան ասում, ջան լսում են` պաշտոնական հանդիպումներում, իսկ սովորական իրավիճակներում Վրաստանում հայատյացությունը կարծես մարելու ոչ մի միտում չունի:

Դարյալի կիրճում փլուզման օրերին ներկայացուցչական պատվիրակությամբ Հայաստանում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրավերով պաշտոնական այցով օգոստոսի 21-22-ը Ղարիբաշվիլին այցելեց Հայաստան, հանդիպեց Հայաստանի նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, եղավ Ծիծեռնակաբերդում եւ Մատենադարանում: Այցի առաջին օրն էլ, արդեն Թբիլիսիում, Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Յուրի Վարդանյանը հավատարմագրերը հանձնեց Վրաստանի նախագահին:

Լարսի ճանապարհի վերականգնման հետ կապված հենց Հայաստանում վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց աջակցել վրացական կողմին, քաղաքավարի մերժեցին: Բայց համաձայնեցին նոր կամուրջ կառուցել բագրատաշենի անցակետում, անունն էլ դնել «Բարեկամության կամուրջ»: Քննարկեցին մի փունջ տնտեսական ու այլ հարցեր:

Լրահոսում այդպես էլ չերեւաց, թե արդյոք կողմերն անդրադարձել են Լարսին այլընտրանքային հնարավոր ճանապարհ ունենալու հեռանկարին, որպիսին կարող է լինել Աբխազիայով անցնող երկաթգիծը, քանի որ կախվածությունը միակ ու բացառիկ ճանապարհից ժամանակ առ ժամանակ կաթվածահար է անում ողջ Հայաստանը:

Այս հարցը կարող է ավելի խորանալ ու խնդրահարույց դառնալ, եթե հաշվի առնենք, որ ներկա դրությամբ Վրաստանն այլ ինտեգրման գործընթացներում է, ընդ որում` առաջանցիկ տեմպերով, Հայաստանն էլ այլ ուղի է բռնել` կարծես թե հոկտեմբերի 10-ին այդ ուղղությամբ փաստաթուղթ ստորագրելու հավանականությամբ: Հաղորդակցության ուղիները կդառնան էլ ավելի ցցուն կարեւորության, երբ Վրաստանում սկսեն գործել նորմատիվ այլ կարգեր, Հայաստանում` այլ:

Ամեն դեպքում, Լարսի խնդիրը մնում է, Վրաստանի ու Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հանդիպում են, հայտարարում, թե բոլորը Կովկասում պետք է ներգրավվեն տարածաշրջանային ծրագրերում, բայց Վրաստանին այդպես էլ ձեռնտու ու հարմար է մնում Հայաստանին պահել միակ ցամաքային ճանապարհից կախվածության մեջ, որն անցնում է Վրաստանով` ինչպես դեպի Ռուսաստան, այնպես էլ դեպի Թուրքիա:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ