RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#023, 2014-08-01 > #024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014



Տեղադրվել է` 2014-08-28 23:22:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 1425, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ՎԱՆԱՆԴ. ԵՐԱԶԵԼՈՎ ԱՍՖԱԼՏԻ ՄԱՍԻՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Վանանդ-Երեւան

Թեպետ գրեթե ամեն օր հեռուստատեսությամբ հնչում ու ամենատարբեր միջոցառումների ժամանակ կարեւորվում է սահմանամերձ գյուղերում կենսամակարդակի բարձրացումը, պայմանների ապահովումն ու կառավարությունը պատեհ-անպատեհ խոսում է սահմանամերձ բնակավայրերի կայացման եւ համաչափ զարգացման մասին, այնուամենայնիվ, խոսքը գործի այդպես էլ չի վերածվում: Հանրապետության բոլոր սահմանամերձ գյուղերն էլ գտնվում են սարսափելի վիճակում ու զրկված անգամ տարրական պայմաններից: Այդ գյուղերից մեկն էլ Վանանդն է:

Էջմիածնից մեքենայով շուրջ մեկ ժամ ճանապարհ եւ հայտնվում ես սահմանամերձ Վանանդ գյուղում: Եթե հասել ես Վանանդ, ու մեքենան սարքին է, կոշիկներդ էլ մաշված չեն` նշանակում է, դու իսկական հաջողակ ես: Գյուղի փողոցներն այնքան փոշոտ են ու քարքարոտ, որ մի անզգույշ քայլ եւ կհայտնվես կա՛մ գետնին, կա՛մ ոտքդ կոլորես: Գյուղի փողոցները երբեք ասֆալտապատ չեն եղել: Վանանդում կատակով ասում են, որ Երեւանում մարդիկ զզվել են ասֆալտից, իսկ իրենք երազանքով են սպասում, թե երբ է շինտեխնիկան իրենց գյուղն էլ մտնելու, որ իրենք էլ քայլեն մաքուր ու ասֆալտապատ փողոցներով:

Մի քանի տարի առաջ գյուղապետը գյուղամիջյան ճանապարհներին գրունտային հող է լցրել: Ասում են` դա փրկել է գյուղացիներին աշնան անձրեւներին կամ ձյան տեղումներին գոնե չցեխոտվելուց, սակայն դա էլ մեղմ ասած լուծում չէ: Եթե վանանդցիները մի կերպ հարմարվում են այս իրավիճակին, ու իրենց խոսքերով, պայուսակում խոզանակ պահում, որ գյուղից դուրս գալիս հագուստի եւ կոշիկների վրայի փոշին սրբեն, դեպի Վանանդ գյուղ կենտրոնական ճանապարհի անհարմարություններին դիմակայելն ուղղակի անհնար է:

Սարդարապատի հուշակերտից դեպի Վանանդ գյուղ տանող ճանապարհի ութ կիլոմետր հատվածը քարուքանդ է, քարքարոտ ու դժվար երթեւեկելի: Փոսերը հսկայական են ու անհնար է մեքենան առանց ջարդելու տեղ հասնել:

Գյուղապետարանի բյուջեով ճանապարհի վերանորոգումն անհնար է: Համայնքային բյուջեն չի գերազանցում տասնյոթ միլիոն դրամն ու ըստ գյուղապետ Ջիվան Մանուկյանի այդ գումարը ծախսելու բազմաթիվ տեղեր կան: Նրա խոսքերով, մարզպետարանն ու կառավարությունն էլ մինչ օրս հարցը չեն լուծել, քանի կան առավել առաջնահերթ ու կենսական հարցեր: Թե որն է կենսական հարցը, գյուղապետը պատասխան չի գտնում: Նրա փոխարեն գյուղացիներն իրար հերթ չտալով պատմում են, թե ճանապարհների պատճառով քանի անգամ է վթար եղել ու քանի մեքենա է ջարդուխուրդ վիճակում հայտնվել ավտոտնակում:

«Ազգ»-ի հետ զրույցում վանանդցի Գեւորգ Մանուկյանը պատմում է, որ վատ ճանապարհների պատճառով երկրորդ մեքենան է փոխում: Ասում է` առաջին մեքենան այնպես էր վնասվել, որ անգամ հնարավոր չէր նորոգել եւ վաճառել: Մանուկյանը վստահ է` եթե ճանապարհները չվերանորոգվեն, երկրորդն էլ նույն ճակատագրին կարժանա: Մինչդեռ առանց մեքենայի, հողագործությամբ զբաղվող գյուղացին չի կարողանում բերքը հասցնել շուկա, մանավանդ, որ գյուղ մտնող ավտոբուս էլ չկա:

Քարուքանդ ուղին, որի մի հատվածը հանրապետական, մյուսը միջպետական նշանակության ճանապարհ է, նաեւ ազգային անվտանգության լուրջ խնդրի պատճառ է դառնում: Մի քանի տարի առաջ, երբ համագյուղացի տիկին Շողիկի առողջական վիճակը կտրուկ վատացել էր, շտապ օգնության մեքենան ուշացումով էր եկել. պատճառը քարուքանդ ճանապարհն էր: Ու թեպետ տիկնոջ կյանքը հաջողվել էր փրկել, սակայն հավանականությունը մեծ է, որ հաջորդ անգամ շտապ օգնության ուշացումը կարող է հանգեցնել ողբերգության: Գյուղացիները չեն բացառում, որ ծննադաբերության կամ սրտանոթային լուրջ սրացումների ժամանակ էլ, եթե անգամ շտապ օգնության մեքենան հասնի ճիշտ ժամանակին, ապա ութ կիլոմետր ճանապարհի խորդուբորդությունները հաղթահարելիս հիվանդի վիճակը կտրուկ կվատանա: Գյուղացիները պատմում են, որ շատ ժամանակ, շտապ օգնություն չեն էլ կանչում, վարորդներն անընդհատ դժգոհում են, բժիշկները` նույնպես: Հենց այդ պատճառով, հաճախ գյուղացիների մեքենաներով են հիվանդներին հասցնում մարզկենտրոն Արմավիր:

Գյուղացիները մտավախություն ունեն, որ գյուղում հրդեհ բռնկվելու պարագայում էլ Վանանդը կհայտնվի անօգնական փոքրիկի դերում: Վարորդները պատմում են, որ այլընտրանքային ճանապարհն էլ երկու անգամ ավելի երկար է, սակայն նրա վիճակն էլ է անմխիթար եւ վարորդներն անգամ վատի ու վատագույնի միջեւ ընտրություն կատարելու հնարավորություն չունեն:

«Էդ ճանապարհներին հրշեջ մեքենան դժվար կարողանա հասնել: Քսան րոպեի ճանապարհը արտասահմանյան մեքենաները քառասուն-հիսուն րոպեում են անցնում: Դուք պատկերացնո՞ւմ եքՙ էդ մեծ մեքենաները ոնց կգան: Մինչեւ ուշացումով տեղ հասնեն, գյուղը կրակի մեջ կկորի»,- մտավախություն է հայտնում տիկին Զեմֆիրան ` հավելելով, որ պատկան բոլոր մարմինները տեղյակ են խնդրից: Նրանց խոսքերով, խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ժամանակ իրենց գյուղ է այցելել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու խոստացել, որ ճանապարհը կկառուցվի: Նախագահի խոստումից անցել է մի քանի տարի, սակայն գյուղի ճանապարհների հարցում փոփոխություն չկա: Փոփոխություն չկա նաեւ մարզպետարանի դիրքորոշման մեջ: «Փող չկա» մեր հարցին հակիրճ պատասխանեցին Արմավիրի մարզպետարանում` հավելելով, որ մարզպետը տեղյակ է, կառավարությունում` նույնպես, սակայն անհրաժեշտ ֆինանսը գտնել չեն կարողանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 29-08-2014

AZG Daily #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ