RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#024, 2014-08-22 > #025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014



ՄԻՋԻՆ ԱՐԵՎԵԼՔ

Տեղադրվել է` 2014-09-05 16:57:28 (GMT +04:00)


Ընթերցված է` 3044, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 10

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ ԼԻԲԱՆԱՆԻ ՕՐԻՆԱԿԻՆ

ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ

Լիբանանն ստեղծվեց Սայքս-Պիկոյի համաձայնագրի հետեւանքում: Բրիտանիայի եւ Ֆրանսիայի միջեւ կնքված համաձայնագիրը վերաձեւավորեց փլուզված Օսմանյան կայսրության մաս կազմող Հարավային Թուրքիայի հատկապես արաբական տիրույթները եւ առաջ բերեց պետություններ, որոնց մենք այսօր անվանում ենք Լիբանան, Սիրիա եւ Իրաք, որոշ առումով նաեւ Արաբական թերակղզի: Մոտ հարյուր տարի գործելուց հետո այդ ազգային պետություններն (nation-states) այժմ մահացած են, եւ այն, ինչ կատարվում է Սիրիայում եւ Իրաքում կարելի է որակել հետ բրիտանա-ֆրանսիական «քարտեզագրության» նոր իրավիճակ, որը գալու է փոխարինելու այն «քարտեզագրությանը», որը Մ. Նահանգները փորձում է պահպանել բրիտանա-ֆրանսիական տիրապետության անկումից հետո:

Ֆրանսիացի դիվանագետ Ֆրանսուա Ժորժ Պիկոյի եւ բրիտանացի դիվանագետ Սըր Մարկ Սայքսի անունը կրող համաձայնագիրը երկու բան արեց: Նախ ստեղծեց Իրաքըՙ Անգլիայի տիրապետության տակ եւ ապա բաժանեց Սիրիայի Օսմանյան նահանգը երկու մասիՙ Հյուսիսային մասը դարձավ Ֆրանսիայի ազդեցության ոլորտ, իսկ հարավային մասըՙ Անգլիայի: Ֆրանսիացիները, որոնք 19-րդ դարից սկսած Լեվանտի կազմում էին, դաշնակիցներ ունեին տարածաշրջանի քրիստոնյաների շարքերում, ուստի կարողացան Սիրիայի մի մասից իրենց համար երկիր ստեղծել եւ մոտակա լեռան անունով կոչել այն Լիբանան:

Հորդանան գետից արեւմուտք գտնվող տարածքը բրիտանացիները անվանեցին Պաղեստինՙ Օսմանյան վարչական շրջան Ֆիլիստինայի տարբերակով: Բայց նրանք մի խնդիր ունեին: Առաջին համաշխարհայինի ժամանակ, մինչ կռվում էին օսմանյան թուրքերի դեմ, նրանք բարեկամացել էին արաբական մի քանի ցեղերի հետ, որոնք փորձում էին ազատվել թուրքերից: Երկու իրար թշնամի ցեղեր դարձան բրիտանացիների գլխավոր դաշնակիցները: Նրանց բրիտանացիները հետպատերազմյան իշխանություն էին խոստացել: Հաղթանակած սաուդցիներին նրանք նվիրեցին Արաբիան (այսօրվա Սաուդյան Արաբիան), իսկ հաշեմականներինՙ Հորդանան գետից արեւելք գտնվող տարածքը, որ անվանեցին Անդրհորդանան, այսինքն Հորդանանից այն կողմ: Ժամանակի ընթացքում «անդր» նախածանցը դուրս թողնվեց, եւ երկիրը կոչվեց պարզապես Հորդանան (Jordan):

Այսպիսով հինգ տիրույթներ ստեղծվեցին Միջերկրականի եւ Տիգրիսի միջեւ, կամ Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ: Հետագայում այդ հինգը դարձավ վեց, երբ 1947-ին ՄԱԿ-ը քվեարկեց հօգուտ Իսրայելի պետություն գոյառմանը: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը համապատասխանում էր եվրոպական ձեւաչափերին եւ եվրոպացիներին հնարավորություն էր տալիս ղեկավարելու այդ տարածաշրջանը եվրոպական վարչական սկզբունքներին համաձայն: Ամենակարեւոր շահութաբեր գործոնըՙ նավթը, Իրաքում եւ Արաբական թերակղզում, պաշտպանված էր Թուրքիայում եւ Պարսկաստանում տեղի ունեցող խորը սոցիալական փոփոխություններից: Դա այն էր, ինչ եվրոպացիները ցանկանում էին:

Սակայն եվրոպացիները չկարողացան ստեղծել մի համախմբող կառույց, որն արաբների համար շատ կարեւոր էր: Արաբների համար ընտանիքը, ոչ թե անհատը, հասարակության հիմնական միավորն է: Անհատական իրավունքների եվրոպական ձեւաչափը բոլորովին չէր համապատասխանում արաբների մշակութային ձեւաչափին: Նրանց համար ընտանիքը կլաններին էր պատկանում, կլաններն էլՙ ցեղախմբերին, ոչ թե ազգություններին: Եվրոպացիները օգտագործեցին «ազգային պետություն» հասկացությունը բացատրելու համար տարբերությունը «մենք»ի եւ «նրանք»ի միջեւ: Սա խորթ էր արաբների համար, եւ մինչեւ օրս նրանք չեն կարողանում ընտելանալ այդ հասկացության հետ:

Պետությունները, որ եվրոպացիները ստեղծեցին, հիմնված էին կամայական սկզբունքի վրա: Բնակիչները չէին մասնակցել դրանց: Ոչ էլ իրենց հավատարմությունն էին խոստացել: Դրա համար էլ լարվածություններն անպակաս էին (եւ են) հարեւան պետությունների միջեւ: Բրիտանացիներն ու ֆրանսիացիները իրենց իշխանությունը պարտադրել էին արաբներին նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը: Պատերազմից հետո մի շարք հեղաշրջումներ «գահընկեց» արեցին նրանց: Սիրիան եւ Իրաքը դարձան խորհրդամետ պետություններ, մինչդեռ Իսրայելը, Հորդանանը եւ Արաբիանՙ ամերիկամետ: Միապետներն ու բռնապետները իշխեցին արաբական երկրների մեծամասնության վրա: Այդ ամբողջատիրական վարչաձեւերն էլ կարողացան երկրները միասնական պահել:

Իրականությունն ընդդեմ քարտեզագրության

Առաջինը Լիբանանը մասնատվեց. Լիբանանը, ինչպես նշեցինք, զուտ «հնարովի» տարածք էր, Սիրիայից վերցված: Այնքան ժամանակ, որ քրիստոնյաները (որոնց համար Փարիզը ստեղծել էր Լիբանանը) գերակշռող մասն էին կազմում բնակչության, ստեղծված «կառույցն» աշխատում էր, չնայած քրիստոնյաներն էլ իրենց հերթին այնքան էլ համերաշխ չէին, եւ բաժանված էին թշնամական խմբավորումների:

Բայց Երկրորդ աշխարհամարտից հետո ժողվրդագրական տվյալները փոխվեցին, եւ շիա դավանողների թիվն ավելացավ: Դրան գումարվեց 1948-ին պաղեստինցիների տեղաշարժը (փախուստը) դեպի Լիբանան: Երկիրը մրցակից կլանների տարածք դարձավ: Տարբեր կրոնական դավանանքի կլանները ոչ միայն իրար դեմ էին կռվում, այլեւ միեւնույն խմբավորման անդամներն էին միմյանց դեմ ըմբոստանում:

Բայց Լիբանանի խնդիրները միայն Լիբանանին չէին պատկանում: Լիբանանը Սիրիայից բաժանող սահմանը ֆրանսիացիներն էին գծել: Սիրիան եւ Լիբանանը մեկ երկիր չէին, բայց նորաստեղծ Լիբանանն էլ մեկ երկիր չէր: 1976-ին Սիրիան, կամ ավելի ճիշտ Դամասկոսի ալեւիների բռնապետությունը, գրավեց Լիբանանըՙ նպատակ ունենալով ջախջախել պաղեստինցիներին: Նրանց գլխավոր դաշնակիցը քրիստոնյա մի խմբավորում էր: Սիրիական ներխուժումը քաղաքացիական պատերազմի սկիզբ դարձավ եւ շարունակվեց մինչեւ 1990 թվականը:

Լիբանանի իրավիճակը շատ ավելի բարդ է, քան այս տողերում ներկայացվածը, իսկ Իսրայելի, Սիրիայի եւ Ամերիկայի կողմից արտաքին միջամտությունների հարցը անհամեմատ ավելի խրթին է: Խնդիրն այն է, որ կլանները դարձան իրականություն, իսկ լիբանանյան կառավարությունըՙ անտեղի մի կառույց: 1989-ին խմբավորումների միջեւ համաձայնություն կնքվեց, որը մասամբ վերջ դրեց ներքին կռիվներին: Բայց պետությունը մնաց կլանների համբերատար ինքնազսպվածության ձեռքերում: Քարտեզի վրա պետությունն էր պատկերված, բայց իրականում այն փոքրիկ խմբավորումների մի երկիր էր, որտեղ այդ խմբավորումները մեկը մյուսի դեմ էր կռվում անվտանգության եւ իշխանության համար: Լիբանանը դեռեւս մնում է այն երկիրը, որտեղ հակամարտող խմբավորումների առաջնորդներն են դարձել ազգային քաղաքագետներ եւ որեւէ ժամանակ, ճնշումների տակ, նրանք կարող են իրենց ռազմական դիրքերին վերադառնալՙ վերահաստատելով կլանների գոյությունը:

Կրկնօրինակումներ Սիրիայում եւ Իրաքում

Նույն գործընթացը տեղի է ունենում Սիրիայում: Կամայական ազգային պետությունը դարձել է մրցակցող խմբավորումների կամ կլանների մի տարածաշրջան:

Ալավիներըՙ Բաշար էլ Ասադի գլխավորությամբ (ով խմբավորման առաջնորդի եւ նախագահի դերն է կատարում) իշխում էին երկրին: Տարբեր երկրների աջակցությամբ տեղի ունեցած ապստամբությունը ստիպեց ալավիներին նահանջել: Ապստամբներն իրենք էլ միասնական չէին, բաժանված էին տարբեր խմբավորումների: Այժմ Սիրիան Լիբանանի օրինակին է հետեւում: Գոյություն ունի մեկ մեծ կլան, որը սակայն ի վիճակի չէ խորտակելու մյուս բոլոր փոքր կլաններին: Վերջիններս էլ ի վիճակի չեն խորտակելու մեծ կլանին: Փակուղային իրավիճակ է, եվ եթե նույնիսկ ալավիները պարտվեն, թշնամական խմբավորումները այնքան են պառակտված, որ դժվար է պատկերացնել, թե ինչպես է Սիրիան դարձյալ «երկիր» դառնալու: Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Իսրայելը եւ Մ. Նահանգները պաշտպանում են տարբեր կլանների, բայց վերջին հաշվով կլաններն իրենց գոյությունն են ամրապնդում:

Իրաքում էլ դրությունը նույնն է: Ամերիկացիների դուրս գալուց հետո ստեղծված կառավարությունը հիմնականում շիաներից էր բաղկացած, որոնք միասնական չէին: Սուննիները մեծ մասամբ դուրս էին մնացել եւ իրենց զգում էին մեկուսացված, մարգինացված: Տարբեր ցեղերից եւ կլաններից, ինչպես նաեւ իսլամական պետության նման քաղաքա-կրոնական շարժումներից բաղկացած սուննի խմբավորումը կարողացավ միավորվել եւ առաջ գնալ: Բաղդադն այսօր անկայուն, շփոթ իրավիճակում է: Բանակը փորձում է պահպանել հավասարակշռությունը, մինչ քուրդերը պայքարում են իրենց տարածք ապահովելու համար:

Եռակողմ պատերազմ է, որտեղ ավելի քան 20 կլաններ են ներառված: Նրանցից ոմանք ժամանակավոր դաշնակիցներ են դարձել: Բայց ոչ մի խմբավորում այնքան ուժեղ չէ խորտակելու համար մյուսներին: Սուննիները, շիաներն ու քուրդերն իրենց տարածքներն ունեն: Ճիշտ է, որոշ ցեղեր եւ կլաններ կարող են կործանվել, բայց հավանական ելքն այն է, ինչ կատարվեց Լիբանանում. ենթա-ազգային խմբավորումների մշտական իշխանությունը, որոշակի համաձայնության հետեւանքում, հավանական է ստեղծի մի պետություն, որտեղ փոքրիկ խմբավորումները կունենան կամ կպահպանեն իրենց իշխանությունները, որովհետեւ հավատարմությունն է թելադրում ամեն ինչ: Սահմանը Լիբանանի եւ Սիրիայի միջեւ միշտ էլ անորոշ է եղել: Այժմ նույնքան անորոշ է նաեւ սահմանը Սիրիայի եւ Իրաքի միջեւ: Սակայն այդ սահմանները երբեք էլ հարազատ չէին տարածաշրջանի համար: Դրանք պարադրված էին եվրոպացիների կողմից, նրանց իսկ շահերից ելնելով: Այնպես որ, միասնական Իրաք ստեղծելու եւ պահպանելու գաղափարը իրականությանը չի համապատասխանում: Երբեք էլ չի եղել միասնական Իրաք: Եղել է սոսկ հորինված թագավորների եւ ինքնակոչ բռնապետերի պատրանքային միասնություն: Պատերազմը հնարավոր է չշարունակվի այնտեղ, բայց ինչպես Լիբանանում, այն այնքան է հյուծելու խմբավորումներին եւ կլանների անդամներին, որ ի վերջո բանակցելու են միմյանց հետ:

Շիաների, սուննիների եւ քուրդերի միասին ապրելու գաղափարը բնավ էլ երեւակայության արդյունք չէ: Երեւակայության արդյունք է սակայն այն, որ Մ. Նահանգները, իր շահերից ելնելով, փորձում է Օսմանյան կայսրության բեկորներից վերստեղծել ֆրանս-բրիտանական մի նոր կառույց: Բայց Մ. Նահանգները չունի այն լծակները, որ խաղաղեցնի իրաքցիներին եւ սիրիացիներին: Ժամանակին նա չկարողացավ խաղաղեցնել լիբանանցիներին: Իսկ իսլամական պետության հառնումը լուրջ սպառնալիք է Մ. Նահանգների համար: Նաեւ շիաների, քուրդերի եւ մյուս սուննիների համար: Ինչպես Լիբանանում, խմբավորումների բազմաքանակությունը ստեղծում է փոխադարձ ազդեցության մի ուժ, որն ընդունակ է խեղելու շատ հեռուն գնացողների ջանքերը:

Այստեղ երկու հարց է առաջ գալիս: Ինչքա՞ն առաջ է գնալու արաբական աշխարհի ազգային պետությունների մասնատումը: Կարծես այն սկզբնավորվել է Լիբիայում, բայց դեռ այլ տարածքներում չի արմատավորվել: Սայքս-Պիկո տարածքներում այն կարող է քաղաքական կազմավորում լինել: Հետաքրքրական է լինելու դիտել իրադրությունը Սաուդյան թերակղզում:

Երկրորդ հարցն այն է, թե ի՞նչ են անելու տարածաշրջանային տերությունները այդ գործընթացի կապակցությամբ: Թուրքիան, Իրանը, Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան չեն կարող հանգիստ լինել ոչ այս աստիճանի մասնատումներից, ոչ էլ առավել էկզոտիկ խմբավորումների առաջխաղացումներից: Իրաքում քուրդական կլանի առաջացումն անպայման ցնցումներ է պատճառելու Թուրքիայում եւ Իրանում:

Ըստ պատմական նախադեպի, Թուրքիայում օսմանյան մտածելակերպի նոր դրսեւորումը կարող է ներշնչել թուրքերին շարժվելու դեպի հարավ եւ տարածաշրջանին պարտադրելու ընդունելի մի կարգ ու կանոն: Դժվար է պատկերացնել այս, բայց եթե նույնիսկ Թուրքիան կարողանա միավորել արաբներին, դա տեղի է ունենալու այն պատճառով, որ վերջիններիս ուղեղներում դեռեւս թարմ են թուրքական օկուպացիայի հիշողությունները: Այս բոլորից անկախ, ժամանակն է չմտածել Սիրիան եւ Իրաքը կայունացնելու մասին, այլ սկսել մտածել այլեւս չգործող արհեստական պետություններից դուրս մի նոր դինամիկայի մասին: Դրա համար մենք պետք է վերադառնանք Լիբանան, առաջին երկիրը, որ մասնատվեց, եւ որտեղ կլաններն իրենց ճակատագրի տերը դարձան, որովհետեւ պարտավորված էին: Այժմ մենք տեսնում ենք լիբանանյան մոդելի տեղաշարժը դեպի արեւելք: Հետաքրքրական է լինելու տեսնել, թե էլ որտե՞ղ է այն տարածվելու:

Geopolitical weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #26, 05-09-2014

AZG Daily #34, 13-09-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ