RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1803, Տպվել է` 18, Ուղարկվել է էլ.փոստով` 9

«ԱՍՏՎԱԾ ԵՎ ԻՄ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հանգամանքների բերումով, տարիներ առաջ, զուգահեռաբար աշխատում էի «Բրիտանական ավիաուղիների» Երեւանի գրասենյակում որպես հասարակական կապերի պատասխանատու: Քարոզչական տարբեր ձեռնարկների շարքում տարին մեկ անգամ, հունվարի 25-ին, կազմակերպում էինք շոտլանդացի ազատատենչ բանաստեղծ Ռոբերտ Բյորնսին նվիրված բարեգործական ճաշկերույթ: Այդ օրը Լոնդոնից ժամանած ինքնաթիռի կապիտանը պարկապզուկ նվագող շոտլանդացի կարճափեշ երաժշտի սուր նվագի տակՙ հանդիսավոր բերում-հանձնում էր շոտլանդական ավանդական հագգիսը , որը քիչ հետո մատուցվում էր ճաշկերույթի մասնակիցներին: Բյորնսի ծննդյան տարեդարձին նվիրված այդ ձեռնարկների կազմակերպմանը մեծ ոգեւորությամբ մասնակցում էին այդ օրերին Երեւանի օտարերկրյա գրասենյակներում աշխատող այն մի քանի շոտլանդացիները, որոնք կազմում էին շոտլանդական խիստ փոքրաթիվ համայնքը Հայաստանում: Հատկապես նրանց համայնքապետի համար (որի անունը դժբախտաբար չեմ հիշում) այդ օրը մեծ առիթ էր ոգեւորության. հագնում էր ազգային իրենց տարազը, կախում 12-ր՞դ, թե՞ 13-րդ դարից մնացած իրենց տոհմի զինանշանները եւ անցնում հանգանակության դժվարին գործին:

Այդ ձեռնարկները հաջողությամբ էին ավարտվում. ապացույցՙ հանգանակված կարեւոր գումարները: Սակայն կուլիսներում ամեն ինչ խաղաղ չէր անցնում: Հրահրողը միշտ շոտլանդացին էր: Նա առիթ բաց չէր թողնում մեր գրասենյակի պետինՙ Դագի Դուգլասին մատով ցույց տալով հայտարարելու. «Էս արյունարբու (bloody բառն էր օգտագործում) անգլիացիներին մենք միշտ էլ հաղթել ենք, չարաչար պարտության մատնել: Ընդամենը մեկ անգամ ենք ճակատամարտը տանուլ տվել, վերջինը, եւ մեր երկիրը ընկել է սրանց լծի տակ»: Մինչդեռ Դագին, փափկասուն, ինքնագոհ ու սառնարյուն մարդ, տիպիկ անգլիական պատասխան էր տալիս շոտլանդացուն. «Շոտլանդիան Միացյալ Թագավորության կարեւորագույն մասն է կազմում»:

Հիմա, ընդամենը մի քանի օրից, շոտլանդացիները հանրաքվեի միջոցով վիճարկելու են իրենց «կարեւորագույն մասը» Միացյալ Թագավորությունից պոկել-չպոկելու հարցը: Երեկվա հարցախույզի արդյունքները (53-ի դիմաց 47) քաջալերական են անկախությանը «Այո» ասողների առաջնորդ, Շոտլանդիայի Առաջին նախարար Ալեքս Սալմոնդի համար, որի կարծիքով վարչապետ Քեմերոնի եւ պետական այլ պատասխանատուների այցը Էդինբուրգ եւ Գլազկո վերջին պահի հուսահատական քայլ էՙ տարհամոզելու շոտլանդացիներին: Նա վստահ է, որ մետասաներորդ ժամին հարկերը թեթեւացնելու եւ այլ զիջումներ կատարելու նրանց խոստումները հակառակ ազդեցություն են գործելու շոտլանդացիների վրա, եւ, ի վերջո, 307 տարուց ի վեր «անգլիացիների լծի տակ գտնվող» երկիրը անկախանալու է սեպտեմբերի 18-ից սկսած եւ այնուհետեւ ինքն է լուծելու իր խնդիրները:

Սպասենք եւ տեսնենք, թե ինչպես է քվեարկելու շոտլանդացիների դեռեւս չկողմնորոշված հատվածը, որի երկմտանքը իրական է եւ հասկանալի- անգլիացիներն ու շոտլանդացիները դարերի ընթացքում ընդհանուր այնքան բան են կերտել միասին, եւ շոտլանդացու կենսամակարդակը բնավ չի զիջում անգլիացիներին:

Այսուհանդերձ, հակառակ դարավոր հակադրությունների եւ անգլիացիներից անկախանալու անզուսպ ձգտման, Շոտլանդիան չի կարող բողոքել, գոնե վերջին հարյուրամյակում, ճնշվածության, հալածանքների, առավել եւս հարստահարությունների, բռնագաղթեցման, լեզվի եւ մշակույթի ոչնչացման, պարբերական ջարդերի համար: Տառապանքներՙ որոնք մինչեւ հանրաքվեի միջոցով ըստ խորհրդային սահմանադրության պահանջների անկախանալը կրեց Արցախն ու արցախցին: Սակայն շոտլանդացին ձգտում է անկախանալ Մեծ Բրիտանիայից, ժողովրդավարականորեն, օգտվելով Միացյալ Թագավորության զինանշանի վրա ֆրանսերեն լեզվով ամրագրված «Dieu et mon droit»- «Աստված եւ իմ իրավունքը» կարգախոսից:

Անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի աստվածատուր իրավունքն է: Թող հասկանան բոլորը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ