RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1858, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 9

Ո՞Վ Է ՍՏՈՐԱԳՐԵԼ ՆԱՏՕ-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԵՎ Ի՞ՆՉ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Մեծ Բրիտանիայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովը, ինչպես գիտենք, հռչակագիր ընդունեց, որտեղ մի քանի բառ կա մեր Ղարաբաղի մասով: Հռչակագրի մեզ հետաքրքրող մասում մասնավորաբար կարդում ենք. «ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը: Մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին` հենվելով հիշատակված սկզբունքների եւ միջազգային իրավական նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա: Այդ հակամարտությունների գոյությունը հատուկ մտահոգության առիթ է, քանի որ խոչընդոտում է տարածաշրջանի բնակչության ողջ ներուժը բացահայտելուն` որպես եվրաատլանտյան համայնքի անդամներ: Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»:

Հայաստանում հռչակագրի այս մասը տարբեր կերպ ընդունվեց. մի մասը (մեծ մասը) ավանդույթին հավատարիմ սկսեց քննադատել ոչ այնքան այս հռչակագիրը, որքան մեր իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը` «ինչի հետեւանքով ստացել ենք նման խայտառակ եւ, փաստորեն, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանող հռչակագիր», մի մասն էլ, այդ թվում ՀՀ ԱԳ նախարարը քննադատեցին ՆԱՏՕ-ին` նման ընդգրկուն հռչակագիր ընդունելու կապակցությամբ, շեշտելով, որ Հարավային Կովկասի եւ Մոլդովայի հակամարտությունները նույնականացնելը, մեղմ ասած, կոռեկտ չէ:

Բայց ի՞նչ է իրականում ՆԱՏՕ-ի հռչակագիրը, ընդգծում ենք` ՆԱՏՕ-ի հռչակագիրը: Հասկանալի է, որ եթե մի բան կոչվում է ՆԱՏՕ-ի, ուրեմն այն ընդունել են, հետեւաբար այն համաձայնեցված է հենց ՆԱՏՕ-ի բոլոր ներկայացուցիչների կողմից: Այսինքն ՆԱՏՕ-ի հռչակագիրը ոչ թե ՆԱՏՕ-ի եւ, օրինակ, Հայաստանի հռչակագիրն է, այլ միայն ՆԱՏՕ-ի: Հայաստանը, չլինելով ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող այդ հռչակագրի տակ ստորագրել, հետեւաբար, երիցս իրավացի է այն դիրքորոշումը, թե Հայաստանի նախագահի ստորագրությունը ՆԱՏՕ-ի հռչակագրի տակ փնտրող փորձագետները ծիծաղելի գործունեությամբ են զբաղված: Այսինքն միայն այս մասով, ստացվում է, որ Հայաստանի նախագահը չի ստորագրել մի փաստաթուղթ, որով պաշտպանված էՙ այլոց թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Բացի սրանից, հռչակագրում շեշտված է, որ հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով, սա արդյոք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը չէ՞ ԼՂ հակամարտության վերաբերյալ, ինչը, փաստորեն, համաձայնեցված է միջազգային շահագրգիռ ուժերի կողմից: Հռչակագրում շեշտված է նաեւ Հելսինկյան եզրափակիչ ակտը` որպես այդ թվում ԼՂ հակամարտության լուծման հիմքերից մեկը: Իսկ այդ Ակտը սահմանում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, այսինքն, եթե կարելի է ուղղակի գրել` «համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի», այլեւս անհրաժեշտություն չկա` վերստին գրել, թե` «պետք է հարգվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:

Եւ ամենակարեւորը, ի՞նչ է նշանակում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, արդյոք այն ներառո՞ւմ է Լեռնային Ղարաբաղը: Հատուկ նրանց համար, ովքեր գտնում են, թե «ստորագրելով» ՆԱՏՕ-ի հռչակագիրը` Հայաստանը «փաստորեն պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը չի եղել եւ չէ Ադրբեջանի Հանրապետության մաս, եւ անկախություն է ձեռք բերել ԽՍՀՄ-ից, ճիշտ այնպես, ինչպես Ադրբեջանը: Հետեւաբար, երբ Հայաստանը, եթե անգամ պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղը դիտարկում է որպես ադրբեջանական տարածք, քանի որ այն ուղղակի երբեք չի եղել այդպիսինը:

Ու վերջինը, ՆԱՏՕ-ի հռչակագրում շեշտվում է, թե «Բոլոր կողմերին կոչ ենք անում կառուցողաբար եւ հզոր քաղաքական կամք դրսեւորելով` մասնակցել խաղաղ կարգավորմանը` գոյություն ունեցող բանակցային ձեւաչափերի մեջ»: Սա նշանակում է, որ հակառակ թուրքական ձգտումների ՆԱՏՕ-ն ոչ միայն չի հավակնում դառնալ բանակցային ձեւաչափ` կոնկրետ ԼՂ հակամարտության մասով, այլեւ ընդունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առկա միջնորդական առաքելության մանդատը` որպես ղարաբաղյան հակամարտության բանակցային գործող ձեւաչափ` կոչ անելով, որ կողմերը հենց այս ձեւաչափի մեջ շարունակեն, կամ սկսեն դրսեւորել կառուցողականություն եւ հզոր քաղաքական կամք:

Իրականում գուցե Հայաստանը ՆԱՏՕ-ի հռչակագրով չի հաղթել, բայց նա նաեւ պարտություն չի կրել:

Մի բան, սակայն անհասկանալի է մնում, ինչո՞ւ է Հյուսիսատլանտյան դաշինքին թվում, թե Հարավային Կովկասի երկրները եւ Մոլդովան «եվրաատլանտյան համայնքի ներկայացուցիչներ են», ինչպես ընդգծված է ՆԱՏՕ-ի ընդունած հռչակագրի տեքստում: Սա հավանաբար այն դեպքն է, երբ ցանկալին ներկայացվում է որպես իրականություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ