RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-27 21:38:27Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան
2020-10-27 15:15:01Իրանի հատուկ բանագնացը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Անկարա՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված
2020-10-27 15:01:59Բաքուն հայտարարեց հայկական «ռազմական օբյեկտները ոչնչացնելու իր իրավունքի մասին»՝ անկախ դրանց գտնվելու վայրից
2020-10-27 14:12:58Էրդողանի հատուկ նշանակության ջոկատները պատրաստվում են ներխուժել Հայաստան. Wargonzo
2020-10-24 21:55:00Թուրքական անօդաչուները Գյումրիի մոտակայքում
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՀԻՄՆԱՀԱՐՑ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1612, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՄԻ ՇԱՐՔ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՍԿԻ ԽՄԲՈՒՄ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Բաքվում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն սեպտեմբերի իննին ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ գալիք նոյեմբերի վերջին նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում սպասում է նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին: Դեսպան Մոնյեն նշել է, որ Ֆրանսիան` որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` «անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը հասնեն խնդրի խաղաղ լուծմանը եւ ունենան կայուն խաղաղություն»:

Նկատենք, որ եթե այս հանդիպումը կայանա, ինչի վերաբերյալ ոչ Սարգսյանը, ոչ Ալիեւը իրենց պաշտոնական համաձայնությունը դեռ չեն տվել, ապա կստացվի, որ վերջին կարճ ժամանակահատվածում ԼՂ հակամարտության միջնորդական առաքելությունը ստանձնած Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահող երկրները` առանձին-առանձին կազմակերպեցին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներ: Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` Սոչիում Ալիեւին եւ Սարգսյանին ընդունեց Պուտինը, ապա Ուելսում, ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, հակամարտ կողմերի միջեւ հանդիպում կազմակերպեց ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, եւ, ահա, նոյեմբերի վերջին Օլանդը Փարիզում սպասում է Սարգսյանին եւ Ալիեւին: Միջորդների կողմից բարձրաստիճան հանդիպումներ կազմակերպելու նման բարձր տեմպը կարող է նշանակել, որ ներկա փուլում, որքան էլ տարօրինակ հնչի, լարվածություն կա ոչ այնքան հակամարտության կողմերի միջեւ, սահմանում, այլեւ միջնորդ երկրների միջեւ: Այս մասին է վկայում նաեւ Սարգսյանի եւ Ալիեւի` առանձին-առանձին հանդիպումները: Ասենք Պուտինը, Օբաման եւ Օլանդը նախընտրում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ խոսել` ամեն մեկն իր համար, կնշանակի, հակամարտության կարգավորման առումով նրանցից յուրաքանչյուրը իր ասելիքն ունի, իր առաջարկությունները:

Դեսպան Մոնյեն Բաքվում հենց այդպես էլ ասել է, ի դեպ. «Ֆրանսիան հակամարտության կողմերին արել է մի շարք առաջարկություններ (տրամաբանական է, որ այդ առաջարկությունները նոր են), որոնք կողմերը այս պահին քննարկում են»: Նկատենք, որ Մոնյեն չի նշել, թե Մինսկի համանախագահ եռյակն է կողմերին արել մի շարք առաջարկություններ, նա ընդգծել է, որ դրանք հենց Ֆրանսիայի կողմից են ներկայացված:

Ստացվում է, որ այս պահին Մինսկի համանախագահությունը պայքարում է նախաձեռնությունը վերցնելու ուղղությամբ, նախագահներ Սարգսյանին եւ Ալիեւին ամեն մեկն իր մոտ հրավիրելը եւ նրանց ամեն մեկն իր կողմից առաջարկություններ ներկայացնելը հենց այս մասին է վկայում:

Ի դեպ, մինչեւ գալիք նոյեմբերը, արդեն սեպտեմբերի վերջին, համաձայն Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Բաքվում արած հայտարարության, Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է նախարար Նալբանդյանի եւ Մամեդյարովի հանդիպումը, որտեղ, ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի, «Ադրբեջանը պատրաստակամություն կհայտնի սկսել աշխատանքները` խաղաղության մեծ ծրագրի վրա, որը հիմնված կլինի Մադրիդյան սկզբունքների վրա»: Մյուս կողմից, Մամեդյարովը ընդգծել է, որ Ուելսում կայացած Սարգսյան-Քերրի-Ալիեւ հանդիպման ժամանակ, ամերիկյան կողմը, նշելով «խաղաղության մեծ համաձայնագրի շուրջ աշխատանքները արագ սկսելու անհրաժեշտության մասին», նաեւ «ուսումնասիրել է հակամարտության լուծման նոր քայլերի հնարավորությունը»: Այսինքն Մամեդյարովը չի հերքում, որ հակամարտության կարգավորման ներկա փուլում միջորդներն ու կողմերը քննարկում են «նոր քայլեր» կատարելու հնարավորությունը:

Այս կապակցությամբ, նորից դառնալով ֆրանսիական «մի շարք առաջարկություններին» նշենք, որ այս առումով սեպտեմբերի 8-ին, Երեւանում բավականին ուշագրավ հայտարարություն է արել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ֆրանսիացի Ռենե Ռուկեն: Ըստ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի` «Նախագահ Օլանդը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդիպման կազմակերպման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերաբերյալ փոխադարձ համաձայնության ձեռք բերման ուղղությամբ»: Այսինքն, չի բացառվում, որ Փարիզի «մի շարք առաջարկություններից» մեկը բանակցություններին Ստեփանակերտի մասնակցության վերականգնումն է, առանց որի, ինչպես բազմիցս է նշվել, այդ թվում միջնորդների կողմից, անհնար է «սկսել աշխատանքները խաղաղության մեծ պայմանագրի փոխհամաձայնեցման շուրջը»: Այս համատեքստում հետաքրքրական է նախարար Մամեդյարովի հայտնած պատրաստակամությունը` «սկսկելու աշխատանքները խաղաղության մեծ ծրագրի ուղղությամբ», բայց մյուս կողմից, Բաքուն, ըստ տպավորության, համառորեն մերժում է նախագահ Օլանդի նախաձեռնությունը` Փարիզում եռակողմ հանդիպում կազմակերպելու, հետեւաբար, գոնե այս պահին Բաքվի համար ընդունելի չեն թվում ֆրանսիական «մի շարք առաջարկությունները», կամ առնվազն դրանցից մեկը: Նկատենք, որ հայկական կողմը, մասնավորաբար նախարար Նալբանդյանի մակարդակով, նախքան Սոչիի վերջին եռակողմ հանդիպումը արդեն իսկ հայտարարել է, որ Հայաստանը սկզբունքորեն դեմ չէ Փարիզում եռակողմ հանդիպում անցկացնելու նախագահ Օլանդի նախաձեռնությանը, այն պարագայում, երբ Մամեդյարովը ավելի վաղ նշել էր, թե իրենք «լրացուցիչ հստակեցումներ» են ակնկալում ֆրանսիական կողմից` կապված Փարիզում նախատեսվող հանդիպման հետ:

Չի բացառվում, որ Բաքուն հիմա հիշել է մադրիդյան սկզբունքների մասին եւ պատրաստակամություն է հայտնում հենց այդ սկզբունքների հիման վրա սկսել աշխատանքները «խաղաղության մեծ ծրագրի» շուրջը, քանի որ հակառակ պարագայում նրան կպարտադրվեն ֆրանսիական, կամ ռուսական, գուցե նաեւ ամերիկյան «մի շարք առաջարկություններ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ