RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1336, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԵՎՐՈԻՆՏԵԳՐՄԱՆ ԳԻՆԸ

ԱՐԹՈՒՐ ՎԱՇԵՐՈՎ

Հայաստանին հակամարտության մեջ են ներքաշում Ուկրաինայից Մոսկվայի ռեսուրսները հեռացնելու համար

Պարտադիր չէ գերվերլուծաբան լինել, որպեսզի ամերիկյան առաջատար վերլուծական կենտրոնների մեկ տասնյակ նյութեր ընթերցելով հասկանանք, որ ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը լրջորեն մտահոգված է հետխորհրդային տարածք վերադառնալու եւ այնտեղ ազդեցությունն ուժեղացնելու Ռուսաստանի ակտիվ գործողություններից:

Միանգամայն ակնհայտ է, որ մանավանդ Ուկրաինայի հարցում Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայության պայմաններում տվյալ միտումը բեկելու նպատակով Բ. Օբամայի վարչակազմը մտադիր է գործի դնել Մոսկվայի ճնշման լրացուցիչ լծակներ: Մերձավոր Արեւելքի վերջին իրադարձությունները եւ «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչական ակտիվության աճը ցույց տվեցին, որ նման ճնշման առավել զգայուն գործիքներից մեկը կարող է դառնալ «կովկասյան լծակը»:

Ի հաստատումն այս վարկածի կարելի է նշել, որ Վաշինգտոնի «Ատլանտյան խորհրդում» (Atlantic Council), որը արտաքին քաղաքականության հարցերի առթիվ կանոնավորապես խորհրդակցում է պետդեպարտամենտի, Պենտագոնի եւ Ազգային անվտանգության խորհրդի հետ, ենթադրում են, որ արդեն մոտ ժամանակներս Կովկասի տարածաշրջանը կդառնա նոր աշխարհաքաղաքական գոտեմարտի գոտի: Առաջիկա գոտեմարտի ելքը կա՛մ «կցեմենտի» ՌԴ-իՙ որպես հետխորհրդային տարածքում ազդեցության գլխավոր կենտրոնի դերը, կամ էլ Մոսկվային երկար ժամանակով կզրկի Կովկասի լեռներում իր «նոր կայսերական հավակնությունները» շարունակելու ցանկությունից:

Նման պայմաններում օգոստոսի 9-10-ը Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին ամերիկացի փորձագետների տված գնահատականները վկայում են, որ նրանք հանդիպումը համարում են լոկ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ գլխավոր եւ միակ միջնորդը դառնալու Կրեմլի ցանկություն, ինչը Մոսկվային թույլ կտա ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում:

Վաշինգտոնում ներկայումս հենց Կովկասում ՌԴ նկրտումների զսպման համատեքստում են որոշում սեփական մոտեցումը Լեռնային Ղարաբաղի խնդրին: Միանգամայն ակնհայտ է, որ Օբամայի թիմում կարեւոր են համարում Մոսկվային թույլ չտալ «լիցքաթափելու պայթյունավտանգ իրադրությունը» Ռուսաստանին ձեռնտու պայմաններում: Առկա գնահատականների մեջ ուշագրավ է այն պնդումը, որ այսօր Միացյալ Նահանգները կշարունակի արտաքուստ պաշտպանել հին հակամարտությունը «մադրիդյան սկզբունքների» հիման վրա լուծելու պատրաստակամության երեւութականությունը, բայց իրականում մտադիր չէ գործել այդ ոգով: Ընդհակառակը, ենթադրվում է, որ Կովկասում բախումների առկայությունը արդեն ինքնին խոչընդոտներ է հարուցում հետխորհրդային տարածքում ինտեգրման պրոցեսներն առաջ մղելու Մոսկվայի ջանքերի ճանապարհին: Ամերիկացիների մյուս ելակետն այն է, որ հակամարտության լայնամասշտաբ պատերազմի վերաճելու հեռանկարը (որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր, Ռուսաստանն անպայման կներքաշվի պատերազմի մեջ) Կրեմլի քաղաքական-դիվանագիտական ռեսուրսները կշեղի ուկրաինական ուղղությունից, ինչը թույլ կտա աշխարհաքաղաքական սցենարը ծավալել Վաշինգտոնին ձեռնտու ուղղությամբ:

Ավելին, այժմ ԱՄՆ պետդեպարտամենտը մտադիր է առկա հնարավորությունները գործի դնել Մոսկվա-Երեւան հակասությունների խթանման նպատակով: Ըստ որում, ենթադրվում է հիմնական շեշտը դնել Հայաստանի բնակչության քարոզչական մշակման վրա (թե դա ինչ էՙ մենք լավ գիտենք Ուկրաինայի լրատվական տարածքի իրադրության օրինակով): Այդ սցենարն իրականացնելովՙ ԱՄՆ-ի որոշ ոչ կառավարական կազմակերպություններ (National Democratic Institute, Policy Forum Armenia) արդեն ծրագրում են հայ ընդդիմադիրների հետ իրենց կապերն օգտագործել «առեւտրային նկատառումներով Երեւանի ռազմավարական շահերն անտեսող Մոսկվայի անսկզբունքայնության» թեզիսը տարածելու համար: Իսկ գործնական առումով ծրագրվում է Ս. Սարգսյանի կառավարությանը ընդդիմադիր շարժումների ու կուսակցությունների (մասնավորապես «Հայ ազգային կոնգրեսի», «Բարգավաճ Հայաստանի», «Ժառանգության», ՀՅԴ-ի, «Նախախորհրդարանի», «Քաղաքացիական պայմանագրի» եւ այլն) առաջնորդներին կողմնորոշել դեպի այն թեզիսի տարածումը, թե Կրեմլը 2013 թ. Բաքվի հետ մոտ 1 մլրդ դոլարի սպառազինության մատակարարման պայմանագիր կնքելովՙ փաստորեն դավաճանել է հայերին, իսկ հիմա Երեւանին նույնիսկ դրդում է սահմանազատվել Ղարաբաղից: Մասնավորապես առաջարկվում է այդ ոգով մեկնաբանել Հայաստանին արված առաջարկությունըՙ Եվրասիական տնտեսական միություն մտնելու շրջանակներում մաքսային ռեժիմ հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ:

Սակայն ավելի վաղ ռուսաստանյան «Առավոտ» տեղեկատվական հրատարակությանը տված հարցազրույցում ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը միանշանակ ասել էր հետեւյալը. «Մաքսակետերը չեն ներառվում Մաքսային միության իրավասության մեջ: Ներսում գործող ազգային մաքսատները մնում եւ գործում են մաքսատների գործունեության կառավարման ազգային օրենքների շրջանակներում: Ղարաբաղի հետ գոյություն ունցող ռեժիմը բնավ կապված չէ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հետ»:

Կարեւոր է հասկանալ, որ այսօր Ուկրաինայում պարտություն կրող Արեւմուտքը պատրաստ է հակամարտություններ սանձազերծել շատ ուրիշ տարածաշրջաններումՙ լոկ այն նպատակով, որպեսզի Մոսկվայի ռեսուրսներն ու ուշադրությունը շեղի Կիեւի խորացող պարտությունից:

Այնպես է պատահել, որ աշխարհաքաղաքական ընդդիմամարտության սուր ծայրին այսօր հայտնվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այդ սցենարի իրականացմանը այսօր արդեն մասնակից են դառնում նաեւ «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության» ահաբեկիչները: Եվ այս տեսակետից լիովին հասկանալի են «Իսլամական պետության» ներկայացուցիչների վերջին ռազմաշունչ ելույթները Մոսկվայի եւ Կովկասի իրադրության առնչությամբ:

Նկատի ունենալով ներկայիս աշխարհաքաղաքական իրադրության շիկացածությունը, պետությունների ղեկավարներին եւ նրանց խորհրդականներին կարելի է մաղթել հսկայական զսպվածություն եւ սառը հաշվարկ, որպեսզի չդառնան Վաշինգտոնի եւ Բրյուսելի այսրոպեական նկրտումների զոհեր: Թե դա ինչի կարող է հանգեցնելՙ այսօր ակնբախորեն ցույց են տալիս Ուկրաինայի հարավարեւելքի խաղաղ բնակչության հազարավոր անմեղ զոհերը:

«Երկրամաս», 8 սեպտեմբեր 2014 թ., Թարգմ. Պ. Ք.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ