RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1145, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԱՄՆ ԱՄԲԻՑԻԱՆԵՐԻՑ ՄԻՆՉԵՎ «ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ»

ԱՐԵԳ ՄԱՆԱՍՅԱՆ

2014 թվականի հուլիսի 10-ին «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական խալիֆայության» (ISIS) կողմից հարձակման ենթարկվեց եւ այնուհետեւ նրանց ենթակայության տակ անցավ Իրաքի մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը: Բավական կարճ ժամանակահատվածում իսլամական ջիհադիստներին հաջողվեց վերահսկողություն հաստատել Իրաքի հյուսիսային շրջանների մեծ մասի նկատմամբ: Փոքր ինչ դժվար է պատկերացնել, թե ինչպես ԱՄՆ կողմից զինված եւ պատրաստություն անցած իրաքյան բանակին չհաջողվեց անգամ համարժեք դիմադրություն ցույց տալ ջիհադիստական զորամիավորումներին: Հետադարձ հայացք գցելով փորձենք հասկանալ, թե ինչու եւ ինչպես հանգամանքները դասավորվեցին հենց նման կերպ:

էթնիկ եւ կրոնական չափանիշների հիման վրա Մերձավոր Արեւելքի մասնատման, այդ թվում Իրաքիՙ երեք մասի բաժանման ծրագիրը (քրդերի, սուննիների եւ շիաների միջեւ) առաջնային է եղել նախեւառաջ Իսրայելի համար: Ծրագրի առաջին փուլով նախատեսվում էր տարածաշրջանի երկրների ռազմական պոտենցիալի չեզոքացում («Սիոնիստական համաշխարհային կազմակերպության» կողմից հրապարակված Kivounim հանդես, n14, 1982 թվականի փետրվար): Այն արաբական երկրների մասնատման ծրագիր էր, որը մի գուցե կարող էր կողմնորոշիչ հանդիսանալ Բուշի վարչակազմի «Մերձավոր Արեւելքի վերաձեւման» ծրագրի համար: Վերջինիս հիմնական նպատակներից մեկն էլ Իսրայելի շուրջն անվտանգության գոտու ստեղծումն էր:

Այս համատեքստում բնավ պատահական չէր, որ «Իրաքի եւ Լեւանտի Իսլամական խալիֆայությանը հաջողվեց մեկ շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում գրավել այն տարածքը, որը նախատեսված էր սուննիների համար: Միեւնույն ժամանակ պեշմերգաներն (իրաքյան քրդերի զինված խմբավորում) իրենց ենթակայության տակ վերցրեցին այն տարածքը, որը որոշված էր Քուրդիստան պետության համար, իսկ Բաղդադն էլ, սահմանափակ կենտրոնական իշխանությամբ, մնաց շիաներին:

Այս օրերին միջազգային մամուլը հիմնականում կենտրոնացել է ISIS-ի հարձակման փաստի վրա, որը սակայն ընթացող լայնամասշտաբ օպերացիայի մի մասն է միայն: «Ընդլայնված Մերձավոր Արեւելքի» քարտեզը հրապարակվել էր դեռեւս 2006 թվականի հուլիսին Armed Forces Journal-ում: Եվ Իրաքում ընթացող իրադարձությունները պետք է դիտարկել այս տեսանկյունից:

ISIS-ը արմատական սուննի զինված խմբավորում է, որում հիմնականում ներգրավված են Իրաքի Ալ-Ղաիդայի զինյալները: 2010 թվականի մայիսի 16-ին Իրաքում Ալ-Ղաիդայի պատասխանատու Աբու Բաքր էլ-Բաղդադին, դեռեւս չպարզված հանգամանքներում, բանտից ազատ էր արձակվել եւ վերջերս էլ էմիր հռչակվել:

Նախքան Իրաքի հյուսիսային շրջանների վրա հարձակումը, ըստ որոշ տեղեկությունների, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արտաքին գործերի նախարարի եղբայր Աբդուլ Ռահման ալ-Ֆեյսալը Ուկրաինայում զենքի գործարան էր գնել: Սպառազինությունն ինքնաթիռով տեղափոխվել է թուրքական ռազմական օդանավակայան, որտեղից էլ թուրքական գաղտնի ծառայությունները (MIT) այն փոխանցել են զինյալներին:

Ներկայումս տեղի է ունենում Ալ-Ղաիդայի մուտացիոն գործընթաց, որի արդյունքում միջազգային ահաբեկչական ցանցից այն ձեռք է բերում չճանաչված պետության կարգավիճակ:

Ուշագրավ են Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) կողմից 2014 թվականի հունիսի 1-ին հրապարակված մանրամասները, համաձայն որոնց Ամմանում ժողով է տեղի ունեցել ISIS-ի եւ իրաքյան Քուրդիստանի ինքնավար կառավարության միջեւ, որի ընթացքում որոշում է կայացվել համատեղ հարձակում կազմակերպել Իրաքի վրա: Ըստ zgur Gndem թերթի, ժողովը տեղի է ունեցել մայիսի 27-ին Մասուդ Բարզանիի Ամման կատարած ուղեւորության ժամանակ եւ կազմակերպվել Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Իսրայելի եւ Թուրքիայի կողմից: Քրդական աշխատավորական կուսակցությունն այդ «Քուրդիստանը» համարում է իմպերիալիզմի կողմից ստեղծված պետություն եւ իր անդամներին զենք վերցնելու կոչ է անում: Այսինքն, Իրաքում ընթացող պատերազմը չպետք է մեկնաբանել պարզապես ISIS-ի կողմից իրականացվող օպերացիա, այլ Իրաքի վերաձեւման ծրագրի իրականացման նպատակով ջիհադիստների եւ տեղական քրդական կառավարության փոխհամաձայնեցված հարձակում:

Չնայած, որ Բաղդադն ու Վաշինգտոնն անվտանգության համաձայնագիր էին կնքել, միանգամայն հասկանալի է, թե ինչու էր Վաշինգտոնը հապաղում ջիհադիստներին օդային հարվածներ հասցնելու եւ նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքիի ամերիկյան F-16 կործանիչներն անհապաղ առաքելու գործում, որի պատճառով իրաքյան կառավարությունը ստիպված էր Ռուսաստանից եւ Բելառուսից Su-25 կործանիչներ եւ Mi-35 ուղղաթիռներ գնել:

ISIS-ի ներխուժումն Իրաք դեռեւս 1990 թվականին Վաշինգտոնի մեկնարկած պատերազմի շարունակությունն է: 24 տարի շարունակ Վաշինգտոնը փորձում է «խաղաղություն» հաստատել Իրաքում:

Պետք չէ մոռանալ նաեւ, որ ISIS-ի հրամանատարները ժամանակին կռվում էին Լիբիայում: Եվ կրկին, հանգամանքների բերումով, ընդդեմ այն ռեժիմի (այս դեպքումՙ Մուամար Քադդաֆիի), որի դեմ պայքարում էր ՆԱՏՕ-ն: Այնուհետեւ, երբ սկսվեց Սիրիայի հակամարտությունը, ISIS-ի բազմաթիվ զինյալներ Լիբիայից տեղափոխվեցին Սիրիա: Այս խմբավորման ներուժի մեծ մասը ձեւավորվել է Սիրիայում, ուր ապստամբներին զենքեր էին մատակարարվում ԿՀՎ-ի կողմից ստեղծված ցանցերի միջոցով, որի առկայության մասին հետաքննություն էր իրականացրել New York Times-ը ("Arms Airlift to Syria Rebels Expands, With Aid From CIA", C.J. Chivers and Eric Schmitt, New York Times, մարտի 26, 2013):

Արդյոք հնարավոր է, որ ԿՀՎ եւ ամերիկյան այլ գործակալություններ, որոնք տիրապետում են լրտեսական խիտ ցանցերի, արդյունավետ անօդաչու սարքերի եւ ռազմական արբանյակների, իրազեկված չեն եղել ISIS-ի կողմից Բաղդադի դեմ ծրագրված լայնամասշտաբ օպերացիայի մասին: Անկասկած ոչ: Քանզի նպատակը ոչ թե Իրաքի պաշտպանությունն է, այլ մասնատումն ու երկրի նկատմամբ վերահսկողության հաստատումը:

Իրաքյան երկրորդ պատերազմում ռազմական գործողությունների վրա ավելի քան 800 մլրդ դոլար ծախսելով, որը շարունակում է աճելՙ հասնելով 3 000 մլրդ դոլարի, ԱՄՆ չէր կարող չտեսնել, որ Չինաստանը գնալով ավելի ու ավելի է մեծացնում իր ներկայությունն Իրաքում. Չինաստանը գնում է իրաքյան նավթի գրեթե կեսը եւ ահռելի ներդրումներ է կատարում նավթի արդյունահանման բնագավառում: Բացի այդ, 2014 թվականի փետրվարին Չինաստանի արտգործնախարարի Բաղդադ կատարած այցի ժամանակ երկու կառավարությունները մի շարք համաձայնագրեր էին ստորագրել, այդ թվում Չինաստանի կողմից սպառազինության մատակարարման վերաբերյալ: Մայիսին Իրաքի վարչապետ ալ-Մալիքին, ինչպես նաեւ Իրանի նախագահ շեյխ Հասան Ռոհանին Շանհայում մասնակցել են «Ասիայում փոխգործակցության եւ վստահության ամրապնդման» կոնֆերանսին:

2013 թվականի նոյեմբերին ալ-Մալիքիի կառավարությունը 195 միլիոն դոլար արժողությամբ իրանական արտադրության զենքի գնման պայմանագիր էր ստորագրել:

2006 թվականին, այն ժամանակ դեռեւս սենատոր Ջո Բայդենը եւ Council of Foreign Relations-ի նախագահ Լեսլի Գելբն առաջարկել էին Իրաքի դաշնակցայնացումից հետո դուրս բերել ամերիկյան զորքերը («Unity Through Autonomy in Iraq», Joe Biden and Lesli h. Gelb, The New York Times, մայիսի 1, 2006): Այս տրամաբանության մեջ լիովին տեղավորվում է ISIS-ի հարձակումը, ինչը կրկին անկայուն իրավիճակ է ստեղծելու Իրաքումՙ ավերջ մրցակցություն ապահովվելով սուննիների եւ շիաների, ինչու չէՙ նաեւ քրդերի միջեւ: Այսպիսով, իրականություն է դառնում ԱՄՆ փոխնախագահի կողմից Սենատում ներկայացված ծրագիրը, որը նախատեսում էր «Իրաքի ապակենտրոնացում եւ բաժանում երեք ՙ քրդերից, սուննիներից եւ շիաներից կազմված էթնիկապես միատարր ինքնավար շրջանների»:

Հիշենք նաեւ, որ Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումը Բարաք Օբամայի նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկն էր: 2011 թվականին Gallup-ի կողմից անցկացրած հարցման համաձայն ԱՄՆ բնակչության 75%-ն աջակցում էր Օբամայիՙ Իրաքից զորքերի դուրս բերման որոշմանը:

Իսկ ինչպես են գրեթե միշտ սկսվում պատերազմները կամ ռազմական ներխուժումները: Իհարկե սադրանքների կամ կեղծիքների միջոցով: Այս անգամ էլ կարծես բացառություն չի լինելու: Երկու տարուց ավելի ISIS-ի կողմից գերության մեջ պահվող ամերիկացի երկու լրագրողներին գլխատեցին: Արեւմտյան լրատվամիջոցների համար Սիրիայում ընթացող պատերազմը լուսաբանող լրագրողները ջիհադիստների հետ փաստացի անարգել եւ աննկատ տեղափոխվել էին Իրաքի տարածք: Հետաքրքրական կլինի իմանալՙ ինչպե՞ս եւ ինչո՞ւ: Արդեն իսկ արեւմտյան հասարակություններում վրդովմունքի ալիք է բարձրանում Իրաքում ISIS-ի կողմից իրականացվող վայրագությունների պատճառով, ինչը լայնորեն լուսաբանվեց արեւմտյան լրատվամիջոցներում: Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարեց հետեւյալը. «Երբ ամերիկացիներին ցավ են պատճառում, այդ ժամանակ մենք չենք նահանջում եւ չենք մոռանում: Հանցագործները պետք է հիշեն, որ երբ ժամանակը գա, մենք նրանց դժոխքի դռներից ներս կնետենք»: Բայդենի հայտարարությանը հետեւեց Մեծ Բրիտանիայի վարչապետի նմանօրինակ հայտարարությունը` Մերձավոր Արեւելքում ծայրահեղականության դեմ կոալիցիա ստեղծելու առաջարկությամբ:

Նման հնարավորություն նրանք ունեին մայիսի 7-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, երբ Սիրիայի Հոմս քաղաքից զինյալներին թույլատրվել էր մգեցված ապակիներով եւ վարագույրներով քողարկված ավտոբուսներով լքել քաղաքը: Շարասյունը պետք է ուղեւորվեր Թուրքիա: Այդպես էլ պարզ չեղավ, թե ինչպես դասավորվեց նրանց հետագա ճակատագիրը: Մի գուցե զինյալների համար նոր «օգտակար» գործ էին գտել: Մի գուցե նրանք այնուհետեւ Իրաք են մեկնել:

Ո՞վ կլինի ջիհադիստների հաջորդ թիրախը: 2014 թվականի հունվարի 27-ին Reuters գործակալության տարածած հաղորդագրության համաձայն (որը գրեթե աննկատ է մնացել) ԱՄՆ Կոնգրեսը, խախտելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1267 եւ 1373 բանաձեւերը, քվեարկել էր սիրիական «չափավոր ընդդիմության» զինված խմբավորումներին ֆինանսավորելու եւ զինելու օգտին (by Mark HOSENBALL, Reuters, Jan 27, 2014): Այն ուժի մեջ է մինչեւ 2014 թվականի սեպտեմբերի 30-ը: Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաեւ Իրաքում ջիհադիստների տրամադրության տակ գտնվող մեծաքանակ զինտեխնիկան, չի բացառվում, որ նրանց մի մասը տեղափոխվի Սիրիաՙ եռամյա պատերազմին նոր լիցք հաղորդելու համար: Սակայն, վերջերս տարածված լուրերի համաձայն, հավանական թիրախներից մեկն էլ Ռուսաստանն է լինելու:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ