RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



ՍՓՅՈՒՌՔ

Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1321, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

«Քաղաքակրթության իսկական ցուցանիշը կարելի է պարզել ոչ թե մարդահամարի, ոչ թե քաղաքների մեծության, կամ բերքի առատության, այլՙ տվյալ երկրի դաստիարակած մարդու կերպարի միջոցով»: Մեջբերումը ամերիկացի փիլիսոփա եւ բանաստեղծ Ռալֆ Ուոլդո Էմերսոնից (1803-1882) է, ով այդ խոսքերն ուղղեց բոլոր երկրներ, կազմակերպություններ կամ համայնքներ կառավարողներին:

Մեր հայրենիքից հիմնովին տեղահանված լինելու մի ամբողջ դարաշրջանի ընթացքում երբեւէ մենք մեզ հարց տվե՞լ ենք, թե ինչպիսի կանանց ու տղամարդկանց կերպար են ստեղծել մեր համայնքները: Գուցե նման հարցը որոշ առաջնորդների ուղեղներում ծագել է, բայց կարծես այն մեր հավաքական մտահոգության առարկան չի դարձել, մինչ մենք հոսանքն ի վար թավալել ենք առանց մտածելու մեր վերջնանպատակի մասին: Մեր առաջնահերթությունները գրեթե միշտ հետընթաց բնույթ են կրել, չնայած միշտ այն հույսն ենք փայփայել, որ արդյունքը դրական է լինելու:

Ամերիկայում բնակություն հաստատած առաջին հայերի համար նպատակահարմար էր կառուցել եկեղեցիներ, որոնք մեծ դեր են կատարել մեր հավատն ու ինքնությունը պահպանելու գործում: Պետք է նշել, սակայն, որ եկեղեցաշինությունը այժմ էլ մեծ թափով առաջ է գնում, հակառակ որ ծխի անդամների թիվը գնալով նվազում է:

Շարունակում ենք եկեղեցիներ կառուցել, որոնցում նստարանները դատարկ են մնում կիրակի օրերին, մինչեւ այդ պաշտամունքի տների համար նոր դերակատարություն գտնելը: Դրանց մեծամասնությունը արդեն իսկ դարձել են հավատի հետ կապ չունեցող քաղաքացիական միջոցառումների կենտրոններ: (Չհաշված որոշ օրերի Bingo եւ նմանատիպ խաղերի համար վարձով կամ այլապես տրամադրվող մեր եկեղեցական սրահները (Ծ. Խ.)

Հայկական եկեղեցին Ամերիկայում ընդհանուր առմամբ հրաժարվել է դպրոցներ պահելու իր ավանդական պարտականությունից Կալիֆոռնիայում եւ Մասաչուսեթսում: (Հայ կաթոլիկական եկեղեցին դեռեւս շարունակում է այդ ավանդույթը եւ դպրոցներ է պահում Մասաչուսեթսում, Պենսիլվանիայում եւ Կալիֆոռնիայում): Ամենօրյա դպրոցներ պահելու շարժումը համեմատաբար ավելի ուշ է ձեւավորվել Ամերիկայում եւ արդեն կորցրել է իր թափը մի շարք պատճառներով: Դպրոցների գործունեության վրա ազդող գործոններից մի քանիսը համայնքի հասկացողությունից վեր են, մինչդեռ ուրիշներՙ հասկանալի են եւ դարմանելի, կարեւորը սահմանը ճիշտ գծելն է. հասկանալի գործոնները խելամտորեն կառավարել եւ պնդել, որ մեր լավագույնը կատարել ենք դպրոցները բաց պահելու համար, եւ թողնել անհասկանալիները, որ իրենց հունով ընթանան: Իհարկե գլոբալացված հասարակությունում հեշտ չէ հայկական դպրոց բաց պահելը, բայց որոշակի մարտահրավերների առկայության պատճառով ոչինչ չանելն էլ արդարացված չէ:

Հայոց լեզուն մեր ինքնության էական բաղկացուցիչ տարրն է: Գործարար շրջանակների անհատներ վիրտուալ գրքերի կամ վիրտուալ քոլեջների օգնությանն են դիմում լեզու սովորելու համար, բայց մյուսները կարիքն ունեն հայկական դպրոցների, որտեղ լեզու, պատմություն եւ մշակույթ են ուսուցանում, եւ ամենակարեւորըՙ ստեղծում միջավայր, որը կարող է վառ պահել եւ ուժեղացնել հայկական ոգին: Այս իմաստով հայկական դպրոցներին այլընտրանք չկա: Այլընտրանքըՙ ինքնախաբեություն է:

Ամենօրյա հայկական դպրոց բացելը տեսլականի խնդիր է: Կրթության նյութական գործոնների վրա ինչքան էլ ծախսվի, հայկական դպրոցները չեն կարող հավասարվել միեւնույն շրջակայքում գործող մասնավոր կամ հանրային դպրոցներին: Մ. Նահանգների հայկական համայնքը բավականաչափ հարուստ է դիմակայելու համար մարտահրավերները, եթե անշուշտ կարողանա իր առաջնահերթությունները ճիշտ դասավորել:

Տեսլական ունեցող մարդկանցից մեկը Գաբրիել Ինֆեֆիկյանն էր, ով առաջին հայկական դպրոցը բացեց Ամերիկայում, ի զարմանս հայերի մեծամասնության: Բազմաթիվ կազմակերպություններ հետեւեցին նրա օրինակին, եւ այսօր դպրոցների մի ամբողջ համակարգ է գործում երկրի ողջ տարածքում:

Իրենց հետագա գործարար հաջողությունների առումով այդ դպրոցների շջրանավարտների մեծամասնությունը հետ չի մնում տեղական մասնավոր կամ հանրային դպրոցների շրջանավարտներից, հակառակ որ նյութատեխնիկական միջոցները հայկական դպրոցներում անհամեմատ նվազ են:

Հայկական դպրոցների մեծամասնությունը ծանր կացության մեջ է: Որոշ դպրոցներում ընդունելությունը կտրուկ նվազել է, ուրիշներում ուսման մակարդակն է հարցականի տակ նյութական միջոցների պակասի հետեւանքում: Դրանցից մեկը ԹՄՄ-ի Արշակ Տիգրանյանի անվան դպրոցն է Հոլիվուդում (Կալիֆոռնիա), որն այս ամիս իր 34-րդ ուսումնական տարին է սկսում:

Տիգրանյան վարժարանը առանցքային դերակատարություն է ունեցել հայ ներգաղթյալների սերունդներ դաստիարակելու եւ նրանց Մ. Նահանգների հաջողակ քաղաքացիների շարքերում ինտեգրելու գործում: Վարժարանը շարունակում է էական դեր կատարել Արեւմտյան ափի հետզհետե աճող համայնքում: Հանգուցյալ բարերարը, որի անունով կոչվում է վարժարանը, եւ նրա ընտանիքը, առատաձեռնորեն ֆինանսավորել են ուսումնական հաստատությունը, սակայն նոր դիմորդների ընդունելության աճող տեմպերը նյութական առավել մեծ գումարների պահանջ են ներկայացնում: Քըրք Քըրքորյանի «Dream Fund» հիմնադրամը առայժմ գլխավոր հովանավորն է Կալիֆոռնիայում գործող հայկական դպրոցների: Քըրքորյանը, որ հայկական դպրոց հաճախելու բախտին չի արժանացել, հավատացած է, որ այդ հաստատությունները կարող են մեծ դեր կատարել մեր ժառանգության պահպանման գործում: Մի քանի այլ բարերարներ հետեւում են նրա օրինակին:

Տիգրանյան վարժարանը Թեքեյան Մշակութային միության սեփականությունն է եւ գործում է նրա հովանու ներքո: Հիմնադրման օրվանից կրթական ոլորտի նվիրյալ ղեկավարներ եւ նորարարներ հմտորեն կառավարում են հաստատությունը: Բայց ժամանակը պահանջում է, որ համանքն էլ զգա իր պարտականությունները դպրոցի կարիքների նկատմամբ: Առաջին հերթին ԹՄՄ-ի անդամներին եւ բարեկամներին պետք է «զորակոչի» ենթարկել, որպեսզի ճանապարհ հարթեն մյուսներին օգնության հասնելու դպրոցի գոյատեւմանը: Համայնքի ժողովրդագրական կազմի փոփոխություններն ու կրթական մեթոդների ու մեխանիզմների արդիականացումը եւ թանկացումը նոր մարտահրավերներ են, որ հայեցի կրթության կողմնակիցները պարտավոր են դիմակայել: Հանձնվելու փոխարեն նրանք պետք է նոր, այլընտրանքային տարբերակներ որոնեն: Դրանցից մեկը համայնքի ավելի մեծ ընդգրկվածությունը ապահովելն է հանրային դպրոցներում, որտեղ մեծ թվով հայ ուսանողներ են հաճախում: Դա նպաստելու է հայերեն լեզվի ուսուցմանըՙ պետության հաշվին: Մյուսը չարտերային դպրոցներ ունենալու գաղափարն է: Թուրքերն առաջ անցնելով հայերից արդեն օգտվում են ամերիկյան կրթական համակարգի այդ հնարավորությունից: Նրանք մի շարք նահանգներում արդեն ունեն չարտերային դպրոցների մի ամբողջ ցանց, ստեղծված Ֆաթուլլահ Գյուլենի կողմից: Բայց նրանք չարաշահել են համակարգի կանոնները եւ Կալիֆոռնիայում, Իլինոյսում, Արիզոնայում եւ այլ նահանգներում գործող շատ չարտերային դպրոցներում հետաքննություն է կատարվում այժմ դժվարացնելով այլ համայնքների գործըՙ նոր չարտերային դպրոցներ բանեցնելու իրավունք ձեռք բերելու գործում:

Մեկ օրինակելի դպրոց կարելի է համարել Արարատ չարտերային վարժարանը: Դժվար է ընդունել, որ մենք թուրքերից պետք է սովորենք ինչպես օգտվել երկրի ընձեռած հնարավորություններից:

Եթե մենք շրջահայեցորեն դասակարգենք մեր առաջնահերթությունները, կտեսնենք, որ դպրոցն ու լեզուն այդ ցուցակի առաջին հորիզոնականում կլինեն, սակայն ոչ ի հաշիվ մյուս առաջնահերթություների, որոնք իրենց կարեւոր դերն ունեն ամրապնդելու մեր հայկական ինքնությունը օտար ափերում:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #47, 13-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ