RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1132, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԽՑԱՆՈՒՄՆԵՐԸ ՄԵՂՄԵԼ... ՀՆԱՐԱՎՈՐ Է

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Կամ` «Տարոն ջան, իսկապես սիրուն չի»

Երեւանաբնակների ու նրանց հոգսերը թեթեւացնելու կոչված պաշտոնյաների մտահոգությունները բազմաթիվ ու բազմաբնույթ են: Դրանց թվում են երեւանյան առօրյայի բաղկացուցիչ մաս հանդիսացող տրանսպորտային խցանումները, որոնք թերեւս մեծ քաղաքներին բնորոշ երեւույթներ են: Սակայն մեր համաքաղաքացիներից շատերը, որոնք եղել են Երեւանից մի քանի անգամ մեծ քաղաքներում, կվկայեն, որ երեւանյան խցանումները շատ հաճախ արհեստածին են, դրանք նվազագույնս են առնչվում ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների քանակի ավելացման հետ: Եվրոպայի քաղաքներում յուրաքանչյուր ընտանիք 2-3 ավտոմեքենա է պահում, երբ մեր 2-3 ընտանիքին անգամ 1 ավտոմեքենա բաժին չի հասնում: Ուրեմն ինչում է հարցը: Փորձենք խնդիրը ներկայացնել երեւանաբնակիս կողմից առավել հաճախ օգտագործվող երթուղիների օրինակներով, վստահ լինելով, որ դրանք եզակի բացառություններ չեն:

Երեւանի հյուսիսային բազմամարդ հատվածը քաղաքի կենտրոնի հետ կապող տասնյակ երթուղիներ իրենց ընթացքը Սարալանջի փողոցում ավարտելուց հետո հայտնվում են Տերյան փողոցի գլխամասում եւ այն անցնելով մտնում են Աբովյան պուրակ: Այստեղից մինչեւ Չարենցի փողոց հասնելն ուղղակի տանջանք է ու պատիժ նախ ավտոմեքենաների ահռելի քանակի հետ կապված, ապաեւ` տրանսպորտային պատահարների ու որոշ վարորդների ջղագրգռությունների առումով: Փոխարենը տվյալ հատվածին զուգահեռ Տերյան փողոցում, որը հազիվ 30 վայրկյան քայլքի վրա է, զգալիորեն հանգիստ վիճակ է: Ուրեմն ինչու երթուղայիններից մի քանիսի շարժը, Սարալանջի փողոցի ավարտից հետո չկազմակերպել այս հատվածով, որը էապես ձեռնտու է պոլիտեխնիկցիներին եւ նվազագույնս է խնդիր հարուցում բժշկական համալսարան հասնողների համար:

Համանման վիճակ է Այրարատի խաչմերուկում, ուր կուտակվում են Խանջյան, Տիգրան Մեծ, Ագաթանգեղոս փողոցներից ժամանող ավտոմեքենաները: Երեւանցիները հաճախ են նշում, որ ուղեւորներից նրանք, ովքեր Ագաթանգեղոսից հետո Տիգրան Մեծով անցնող երթուղիներից են օգտվում, էապես ոչինչ չեն կորցնի, եթե որոշ համարների երթուղայիններ անցնեն Այրարատի հարավային կողմով, Խորենացու փողոցով: Այս պարագայում տոնավաճառի դիմացի տրանսպորտային խառնաշփոթը մասամբ կպակասի, վարորդներն ու ուղեւորներն իրար ավելի հեշտ կնկատեն, որը հիմա խնդիր է, քանզի մի 15-20 մետրում երբեմն նույնքան մեծ ու փոքր երթուղայիններ ու ավտոբուսներ են կուտակվում: Լինում են դեպքեր, երբ վարորդները տեղեկանալով, որ իջնող չունեն, ուղղակի կանգառ չեն մտնում, որից տուժում են սպասող ուղեւորները:

Փոքր-ինչ այլ է վիճակը Թբիլիսյան խճուղու Ներսիսյան-Մամիկոնյան խաչմերուկում, ուր հայտնվում են Ավանից, Մասիվներից, Զեյթունից, Քանաքեռից եւ այլ ուղղություններից ժամանող երթուղայինները: Դրանք խառնաշփոթ են ստեղծում ինչպես «ռայկոմ» որակվող կանգառում, այնպես էլ մոտակա «Լամբադա» անվանվող տրանսպորտային հանգույցի 2-րդ հարկում: Մինչեւ Կոմիտասի փողոցի սկզբնամաս հասնող այս հատվածը որեւէ հետաքրքրություն չներկայացնող նեղ մի ուղեմաս է, մինչդեռ զուգահեռաբար գտնվող Շիրվանզադե փողոցի երկու կողմերում տասնյակ բազմաբնակարան շենքեր են, որոնց բնակիչները կանգառներ հասնելու խնդիրներ ունեն: Նրանք բազմիցս են բարձրաձայնել որոշ համարների երթուղայիններ Թբիլիսյան խճուղուց հետո Կոմիտասի հիշյալ կանգառ հասցնել զուգահեռ ընթացող Շիրվանզադե փողոցով կազմակերպելու հարցը, բայց լսող կարծես չկա:

Իդեպ, լսելու մասին: Հայտնի է, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմը ուշադրության չի արժանացնում մամուլի հրապարակումները, այնպես որ մեր համաքաղաքացիների որոշակի մասի մտահոգություններն արտահայտող սույն փաստագրությունն էլ մի տեսակ անհարկի է ստացվում: Բայց իրավիճակ բացահայտելը մամուլի խնդիրներից մեկն է: Ինչ իմանաս, գուցե այս էապես կուսակցականացված կառույցի առավել բարձր կուսակցական մարմիններում որոշեն ընթացք տալ երեւանաբնակ ուղեւորների այսօրինակ մտահոգություններին, հնչեցնելով հերթական «Տարոն ջան, իսկապես սիրուն չի» խոսքերը: Նման լավատեսության պարագայում ոմանք մի օր թերեւս կանդրադառնան երեւանյան ուղեւորատրանսպորտի նաեւ այլ խնդիրներին, տարբեր երկրների փորձին եւ, ինչ իմանաս, մի օր էլ մենք կվայելենք այն հաճույքը, երբ երեւանյան ուղեւորությունը կորակենք ոչ թե պատիժ, այլ` հաճելի ժամանց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ