RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#025, 2014-08-29 > #026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014



Տեղադրվել է` 2014-09-11 23:37:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 9

ԲԱՅԿԱԼԸ ՍԿՍԵԼ Է ՃԱՀՃԱՆԱԼ

Պ. Ք.

Պատճառը թափոններից առաջացող ջրիմուռներն են

Սիբիրի բնական հրաշալիքներից մեկըՙ Բայկալ լիճը, վերջերս լրջորեն մտահոգում է բնապահպաններին: Ամեն շաբաթ կամավորները աշխարհի ամենախոր լճի ափերից տոննաներով աղբ են հավաքում, իսկ չինովնիկները փորձում են հաղթահարել ափամերձ ցելյուլոզի-թղթի կոմբինատի փակման հետեւանքները: Սակայն տագնապահարույց նորագույն վտանգն այն է, որ լիճը սկսել է ճահճանալ:

Պատճառը լճին ոչ բնորոշ ջրիմուռներն են, որոնք հայտնվել են լիճը լցվող կենցաղային հեղուկ թափոնների հետեւանքով: Այդ մասին օրերս Իրկուտսկում հայտարարեցին Բայկալի աղտոտմանը նվիրված «կլոր սեղանի» մասնակիցները:

Վերջերս գիտնականների եւ հասարակական գործիչների կազմակերպած գիտարշավի անդամները պարզեցին, որ մեկ տարեշրջանի ընթացքում Չիվիրկուի ծոցում կուտակվում են մոտ 160 տոննա կենցաղային հեղուկ թափոններ: Դրանց հետեւանքով լճում սկսել են տարածվել օտար ջրիմուռներ, օրինակՙ կանադական էլոդեա եւ սպիրոգիրա: SIA կայքէջը մեջբերում է «Բայկալի բնապահպանական ալիք» հասարակական կազմակերպության համանախագահ Մարինա Ռիխվանովայի կարծիքը, ըստ որի սկսվել է տեղանքի ճահճացում:

Կանաչ ջրիմուռների եւ լճակային մեռած խեցիների նշանակալի կուտակումներ են հայտնաբերել նաեւ «Ռոսպրիրոդնադզորի» Բուրյաթիայի վարչության տեսուչները Բայկալի հյուսիսային ափերի մոտ: Նրանք հետազոտել են լճափը Տիայի գետաբերանից մինչեւ Սենոգդա լճախորշը: Ափին 12 կիլոմետր երկարությամբ նկատվել են նեխող ջրիմուռների առաջացրած աղտոտումներ: Նույնպիսի վիճակ է նաեւ Լիստվեննիչնի ծոցում, որտեղ անհնար է գտնել առողջ սպունգներ:

Տեղաբնակները գանգատվում են, որ լճամերձ ավանների զբոսաշրջային հանգրվանները կենցաղային հեղուկ թափոնները հանձնում են հատուկ կազմակերպությունների, որոնց ավտոմեքենաները վերամշակման կետեր հասնելու փոխարենՙ թափոնները պարզապես լցնում են Բայկալի կամ այնտեղ թափվող գետերի մեջ:

Ջրային տրանսպորտը իր հերթին բարդացնում է վիճակը: «Բայկալի բնապահպանական ալիքի» տվյալներով, ամեն տարի ջերմանավերի, մոտորանավակների, զբոսանավերի եւ մյուս փոխադրամիջոցների երթեւեկության ընթացքում գոյանում է 25 հազար տոննա հեղուկ թափոն, բայց վերամշակման հանձնվում է միայն 1600 տոննա:

Բնապահպանները որպես Բայկալի ճահճացման դեմ պայքարի միջոց առաջարկում են կենցաղային հեղուկ թափոնները դուրս տանող տրանսպորտը հանդերձավորել արբանյակային վերահսկողության սարքերով, որպեսզի հնարավոր լինի հետեւել, թե թափոնները հանձնո՞ւմ են արդյոք վերամշակման: Բացի դրանից, հարկավոր է կրճատել թափոնների ծավալը, ըստ որում դա պետք է արվի երկու եղանակովՙ լուսավորությամբ եւ նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: «Կլոր սեղանի» մասնակիցները նաեւ հանձնարարել են պաշտպանել տեղաբնակների բնապահպանական բիզնես-նախագծերը եւ նախաձեռնությունները: Ինչ վերաբերում է ջրի որակի ապահովմանը եւ մաքրման նոր կառույցների ստեղծմանը, այստեղ անհրաժեշտ է պետական օժանդակություն:

Որպես առաջին քայլ, համապատասխան գրություններով Ենիսեյի ավազանի ջրային վարչությանը եւ Բուրյաթիայի ջրային ռեսուրսների տարածքային բաժնին պահանջ է ներկայացվելՙ Սեւերոբայկալսկի շրջանում հետեւել Բայկալի հատակի, ափերի եւ ջրապահպանական գոտու վիճակին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #27, 12-09-2014

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ