RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#026, 2014-09-05 > #027, 2014-09-12 > #028, 2014-09-19 > #029, 2014-09-26 > #030, 2014-10-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014



Հայաստան-Սփյուռք

Տեղադրվել է` 2014-09-18 23:30:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1456, Տպվել է` 19, Ուղարկվել է էլ.փոստով` 10

5-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ` ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԵՎ ՈՉ ՊԱԹԵՏԻԿ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այսօր (թերթի լույս տեսնելու օրը) գումարված Հայաստան-սփյուռք 5-րդ համաժողովի նախօրեին կրկին հնչեցին ձայներ` այս համաժողովների զուտ ցուցափեղկային եւ ոչ առարկայական նշանակության մասին: Օրինակ, հայ լրագրողներին հանդիպած նախկինում սփյուռքահայ լրագրող, այժմ Հայաստանում հաստատված Ռուբիկ Մինասյանը գտնում էր, որ համաժողովներն ընթանում են նախօրոք գծված սցենարներով, դրանց օրակարգերը համաձայնեցված չեն ողջ սփյուռքի հետ, այլ` միայն իշխանությունների հետ աշխատող կազմակերպությունների, իսկ սփյուռքին հիշում են միայն թելեթոնների ժամանակ` դրամահավաքներին, հետո ընդհանրապես մոռանում: Սփյուռքին հիշելու մյուս առիթները համագործակցության շոու ցուցադրելու ժամանակ են միայն:

Մի կողմից` քննադատությունն արդարացի է` հայրենիքում ապրող լրագրողներիս մոտ եւս կա այն զգացումը, որ այս համաժողովները ավելի շատ սփյուռքի համայնքներում հայրենիքի հետ համագործակցության մակարդակի դժգոհությունից գոլորշի բաց թողնելու ձեւ են, ու ասենք համաժողովների ցուցադրական կողմը մեզ եւս նյարդայնացնում է, ավելի շատ անձնական շփումներն են մեր պատկերացումները խորացնում սփյուռքի խնդիրների մասին: Մյուս կողմից` զարմանալի է, որ սփյուռքն ինքն այս հարցում միշտ պահանջողի դերում է, մինչդեռ նրա շատ ճանաչված գործիչներն են հենց ընդունում այն խաղի կանոնները, որ մեր իշխանությունն է առաջարկում եւ տարբեր հավակնությունների կամ կախվածությունների պատճառով նախաձեռնությունը չեն վերցնում իրենց ձեռքը` համակարգող մեծ, վերկուսակցական, բայց միասնական կենտրոններ ստեղծելով եւ օրակարգ թելադրելով. քանի որ սփյուռքի օրակարգերը սփյուռքից, իսկապես, բոլորովին այլ բացվածք ունեն, Հայաստանից` ուրիշ, հենց թեկուզ` պահանջատիրության հարցում: Մյուս կողմից էլ` պետությունն ուրիշ ի՞նչ կերպ պիտի համագործակցի, եթե ոչ սփյուռքի կազմակերպված կառույցների, կամ ամենակազմակերպված երեք ավանդական կուսակցությունների. կամ ՀԲԸՄ-ի եւ նման միավորների հետ, հո չի՞ ընկնի ամեն անհատի հետ առանձին բանակցի սփյուռքի օրակարգ ձեւավորելու համար:

Դրա համար հենց կան համաժողովները` նախաձեռնությունը վերցրեք, տեղում փոխեք օրակարգն ավելի արդիական խոսակցություններով, ավելի արդիական առաջարկներով, որքան էլ նախօրոք գծած օրակարգ գոյություն ունենա: Եթե դա կազմակերպված սփյուռքահայ խմբերն անեն` որոշակի նպատակադրված եւ հստակ առաջարկներով` դա հնարավոր է: Սակայն մենք ինքներս ենք հաճախ այդ համաժողովներում ականատես եղել սփյուռքի ներկայացուցիչների` երկրորդականը գլխավորից չտարբերող բազմաթիվ պարապ զրույցների, որոնք տարել են ոչ մի տեղ եւ բալաստ եղել իշխանական օրակարգի իրագործման համար: Վերջին հաշվով` իշխանական օրակարգն էլ վատ նպատակներով չի կազմվում` ենթատեքստում միշտ դնելով ի նպաստ հայրենիքի սփյուռքի ներուժն արդյունավետ օգտագործելու ուղղվածությունը, ուրիշ բան, որ դրանք կազմողների այս կամ սուբյեկտիվ պատկերացումներն ու զանազան հավակնությունները խանգարում են հաճախ միակ գլխավոր նպատակին:

Ամեն դեպքում այս համաժողովը գոնե թղթի վրա բավական հագեցած օրակարգ եւ ներկայացուցչական (շուրջ 1000 հրավիրյալ) մասնակցություն ունի, եթե այն անցնելու է նախորդների նման, մասնակիցները նախ թող մեղադրեն իրենք իրենց` պասիվ հայեցողի դերում լինելու համար:

Նոր մոտեցումներ ցուցանելու հարթակ են օրակարգով նախատեսված եւ «Հայոց ցեղասպանություն100: Ճանաչումից պահանջատիրություն» խորագիրն ու դրան միտված ֆորումները , լրագրողների յոթերորդ համահայկական համաժողովը: Հայ դատի խնդիրների, Հայոց ցեղասպանության հարյուրամյակին ընդառաջ նախաձեռնությունների մասին թեմաների կողքին այս անգամ նոր թեմա կա` սիրիահայության վիճակը, ընդհանրապես` Մերձավոր Արեւելքի հայության անվտանգության հարցը: Ի՞նչն է խանգարոմ, օրինակ, այս անգամ գոնե Հայոց ցեղասպանության միասնական քաղաքական օրակարգ ձեւավորել, իսկ եթե դա չի ստացվում, գոնե բաժանել պարտականությունները:

Մի խոսքով` հենց սփյուռքի ներկայացուցիչների խնդիրն է այս` հերթական համաժողովը դարձնել ոչ թե անպտուղ ցուցադրանք, այլ ինչ- որ բան փոխելու հարթակ, որքան էլ նրանցից շատերը չուզենան հարաբերություններ փչացնել ոլորտային պաշտոնյաների հետ ու գործնական-առարկայական խոսակցությամբ զսպել նրանց անպտուղ պաթոսը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-09-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ